Եթէ ես լինէի մշակոյթի նախարար…

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

dzovinarlok@gmail.com

Մխոյեան Հայկին յաճախ կարելի է տեսնել Մամուլի շէնքի հինգերորդ յարկում, որտեղ գտնւում է բանաստեղծ Յակոբ Սրապեանի աշխատասենեակը։ Յակոբից էլ իմացայ Հայկի յաղթանակի մասին եւ ապշեցի, որ ոչ մի լրատուական միջոց չանդրադարձաւ այդ փաստին, կարծես թէ այն վերաբերւում է ոչ թէ երկրին, այլ՝ անհատին։ Սակայն դա շատ բնորոշ երեւոյթ է մեր ժամանակներում։ Հասարակութեան մէջ որոշ անունների շուրջ ստեղծւում են առասպելներ, իսկ մնացածները մնում են ուշադրութիւնից եւ պետական աջակցութիւնից դուրս։ Բազմաթիւ ռեժիսորների եմ ճանաչում, երգիչների, որոնք ինքնուրոյն են հարթում իրենց քարքարոտ ճանապարհը, բայց երբ յաղթանակների են հասնում, ապա նրանց կողքին ոչ ոք չի լինում, որպէսզի նա կիսի խլացուցիչ յաղթանակը իր հայրենակցի հետ։ Իսկ յաղթանակը իրօք որ պետական մաշտաբի է։

Առաջին մրցոյթ։ Վարնա

2014-ին Պուլղարիայի Վարնա քաղաքում կայացաւ «Ծով եւ յիշողութիւն» մրցոյթ-փառատօնը, որին մասնակցեցին 60 մասնակիցներ 6 երկրներից։ Հայկ Մխոյեանը հանդէս եկաւ այդ մրցոյթում «Մուսա Լեռ» երգով եւ դարձաւ առաջին կարգի դափնեկիր։ Դահլիճում միայն 3 հայ կար, որոնցից 1-ը հայերէն չգիտէր։ Հայաստանի արձագանգը լռութիւնն էր։ Հայկը ստացաւ հրաւէրներ Իսպանիայից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Քանարեան կղզիներից… Երգիչը միս մինակ երկիր է ներկայացնում, բայց երկիրը ի վիճակի չէ նոյնիսկ արձագանգել իր յաջողութիւններին։ Ցեղասպանութեան 100-ամեակին Հայկը կրկին բռնեց Պուլաղարիայի ճամբան։ Հայաստանի Հանրապետութեան դրօշն ուսերին անցաւ Թուրքիայից Պուլղարիա, քաղաք Վելիկօ Տիռնովօ։

Երկրորդ եւ երրորդ մրցոյթներ։ Վելիկօ Տիռնովօ

Այս անգամ նա երգեց երկու մրցոյթներին. մէկը Euro folk-2015-ն էր, որին մասնակցում էին 450 մրցակիցներ, իսկ երկրորդը՝ «Ժամանակի ձայներ»։ 3 օր ու 3 գիշեր էր տեւում մրցոյթը, որի ընթացքում նա վազքով հասնում էր միւս մրցոյթին։ Գիշերուայ 12-ն է, որից յետոյ երգել չի կարելի… Այստեղ էլ 12 պետութիւններից ժամանած 175 երգիչներ էին մասնակցում։ Յիշեցնեմ, որ Պուլղարիան այն երկրներից է, որը դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը։ Եւ Հայկը պատմում է մեր երկրի մասին Կոմիտասի դիմանկարի ֆոնին, այնուհետեւ երգում Կոմիտասի երգերից «Կռունկ», «Տլէ Եաման», «Հորովել», ինչպէս նաեւ Մուրադ Մշեցու՝ «Դէ Զարկէք» եւ «Ազատութեան Գինը»։ Երկու մրցոյթների արդիւնքում Հայկ Մխոյեանը արժանանում է երկու ոսկէ մետալների, գումարած Գրան-Փրի…

Ինքնակերտում

Արուեստագէտները միշտ նշում են, որ տաղանդը բաւարար չէ բեմ դուրս գալու համար։ Տաղանդից աւելի կարեւոր է կամքը, իսկ Հայաստանի պէս երկրում ինքնակերտման կամքը, քանզի ոչ ոք քո տաղանդով, քո ձայնով եւ երգացանկով չի զբաղւում։ Նոյնիսկ քո բեմական տեսքով…

Հայկը ծնուել է Տաշիր շրջանի Մեծաւան գիւղում 1987-ին։ Երկու տարեկանից սկսեց երգել, լսելով հօրը, որն աշուղական երգիչ էր։ Գրել-կարդալ սովորեց նախ որպէսզի «Ալագեազ» երգը կատարի.

Ժողովուրդը տառապանքդ մոռացած

Մէկ լալիս էր, մէկ ծիծաղում, Ալագեազ…

14 տարեկանում Հայկը եկաւ Երեւան եւ ընդունուեց Ջիվանու անուան աշուղական դպրոց։ Իսկ երբ ընդունուեց Կոմիտասի անուան երաժշտանոց, ապա դասախօսներին դիմադրեց. ինչո՞ւ ենք մենք երաժշտութեան պատմութիւնը սկսում ոչ թէ հայոց, այլ արտասահմանեան երկրներից։ Հայոց պատմութիւնը, որը նրա պատմաբան պապը 58 տարի դպրոցում է դասաւանդել, Հայկը կենդանացնում է իր երգերում, նախապատուութիւնը տալով բառերին, գաղափարին. «Այսօր արուեստը լոկ արուեստ չէ, այլ՝ կռիւ է, պատերազմ»։ Պատրաստւում է երգել Հալէպում։ «Ուզում ես մեռնե՞լ», -զգուշացնում են նրան, ինչին նա առարկում է. «Բայց այնտեղ մարդիկ են ապրում, դեռ մի քանի հազար հայեր կան»։

Մուսալերան հերոսամարտի 100-եակին Հայկը մեկնեց Այնճար եւ երգեց Այնճարի հիմնադրութեան 75-ամեակի նուիրուած համերգներին։ Հայկի երգացանկում ներկայացուած է ողջ ազգային երգարուեստը իր հարուստ ներկապնակով։

-Ի՞նչ տարբերութիւն կայ, աշուղական, գուսանական, ազատագրական եւ ժողովրդական երգերի միջեւ, հարցնում եմ ես Հայկին։

-Երեք յատկանիշներով են տարբերւում։ Նախ դարի տարբերութիւն կայ։ Գուսանականը գոյութիւն ունէր դեռեւս մեր թուարկութիւնից առաջ եւ հասել է մեզ Խորէնացու միջոցով։ Գուսանակը գրուել է 10 վանկից, իսկ աշուղականը՝ 11։ Աշուղականը աւելի շատ հեղինակային է։ Գուսանները փառաբանել են թագաւորներին, իսկ աշուղները՝ սէրը։ Եթէ ես լինէի մշակոյթի նախարար…

Այստեղ Հայկի խօսքն ընդհատուեց, որովհետեւ մենք զրուցում էինք ֆիլհարմոնիկի Պապաճանեանի անուան փոքր դահլիճում, որտեղ տեղի էր ունենում համերգ, նուիրուած խաղաղութեանը։ Բեմ դուրս եկաւ պուլղարական ազգագրական մի խումբ։ 4 տղամարդ եւ 7 կին գդալներով պար էին կատարում։ Ղեկավարը Զլատան Ստոյանովն էր։ Մի պահ հանդիսականներն անդրադարձան, որ դէմքերնին անխնայ ճեղքեց երջանիկ ժպիտը։