Յայտնի է, որ մարդը հետաքրքրասէր էակ է։ Նրա պրպտուն միտքը անընդմէջ հարցեր է բարձրացնում եւ պատասխաններ որոնում։ Այդ հարցերից, թերեւս, մարդուն ամէնից շատ յուզողը իր իսկ ծագմանն է վերաբերում՝ որտեղի՞ց ենք գալիս, ինչպէ՞ս ենք արարուել, ո՞վ է եղել եւ ինչպէ՞ս է ծնուել այն առաջին Մարդը, եւ, վերջապէս, ինչո՞ւ, ի՞նչ առաքելութեամբ է ծնուել Մարդը։
Յայտնի է, որ մարդը հետաքրքրասէր էակ է։ Նրա պրպտուն միտքը անընդմէջ հարցեր է բարձրացնում եւ պատասխաններ որոնում։ Այդ հարցերից, թերեւս, մարդուն ամէնից շատ յուզողը իր իսկ ծագմանն է վերաբերում՝ որտեղի՞ց ենք գալիս, ինչպէ՞ս ենք արարուել, ո՞վ է եղել եւ ինչպէ՞ս է ծնուել այն առաջին Մարդը, եւ, վերջապէս, ինչո՞ւ, ի՞նչ առաքելութեամբ է ծնուել Մարդը։
Տարբեր ժամանակներում եւ տարբեր մշակոյթներում մարդիկ տարբեր կերպ են պատասխանել այս հարցերին, եւ կախուած այդ պատասխաններից, կախուած այդ պատասխաններում սահմանուած արարումից եւ առաքելութիւնից, ձեւաւորուել է համապատասխան մշակոյթ, համապատասխան աշխարհայեացք ու կենսակերպ։ Հեթանոս վիքինկները հաւատում էին, որ առաջին այրն ու կինը՝ Ասքն ու Էմբլան, ծառից են արարուել։ Նրանց կենդանացրել են աստուածները՝ Օտինը կեանք է պարգեւել ու հոգի տուել, Լոդուրը՝ զգացմունքներ է շնորհել, իսկ Խյոնիրը՝ բանականութեամբ օժտել։ Ճափօնացիները հաւատում էին, թէ իրենք սերում են Աստուածներից, եւ իրենց առաջին կայսրն Ամատերասուի՝ արեւի աստուածուհու թոռն էր։ Հին եգիպտացիները համարում էին, որ մարդը Ռա աստուծոյ արցունքներից է առաջացել։ Եգիպտացիների մէկ այլ կարծիքով մարդուն արարել է արհեստների աստուած Խնումը՝ կերտելով նրան կաւից։ Ըստ Հին Կտակարանի, առաջին մարդուն, Ադամին, արարել է Աստուած՝ կաւից, ապա Ադամի կողոսկրից արարուել է առաջին կինը՝ Եւան։
Հին հայերը եւս փորձում էին գտնել այս հարցի պատասխանը։ Ու թէեւ մինչքրիստոնէական ժամանակաշրջանի հաւատալիքներից շատ քիչ բան է պահպանուել, մենք, այնուամենայնիւ, գտնում ենք այդ հաւատալիքների փշրանքները մեր նօսրացած առասպելներում, հեքիաթներում, առօրեայ կեանքում։ Անշուշտ, մարդու ծագման վերաբերեալ տարբեր ժամանակաշրջաններում տարբեր կարծիքներ են գերակշռել հայերիս մօտ։
Դրանցից մէկում պատմւում է, թէ ինչպէս մի օր Մայր Անահիտը իջնում է Երկիր՝ զբօսնելու Արարատեան աշխարհում։ Եւ տեսնում է նա, որ Արեւը թեքուել է սարերի ետեւը եւ իր վերջին ճաճանչներն է հաւաքում, որպէսզի նրանց հետ միասին իջնի Վանայ ծովի յատակը՝ հանգչելու։ Սակայն մի ճաճանչ ծաղիկների հետ խաղով էր տարուել եւ չէր շտապում հեռանալ մարգերից։ Որքան էլ որոնում է նրան Արեւը, այդպէս էլ չի գտնում։ Եւ տխուր ու տարտամ նա գնում է քնելու։ Յաջորդ առաւօտեան Արեւը յուզախառը դուրս է ելնում սարերի ետեւից եւ երկնքում դէս ու դէն վազելով՝ որոնում իր ճաճանչին։ Վերջապէս գտնելով նրան՝ առնում է գիրկը, արագօրէն համբուրում նրան եւ երջանկութեան արցունքներ թափում աչքերից։ Արցունքները ցօղ են դառնում եւ սնում իրենց թարմութեամբ ամէն դաշտ ու ծաղիկ։
Տեսնում է այս ամէնը Անահիտը եւ թախծում։ Եւ հարցնում է նրան Աստուածների հայրը՝ Արան, որ արարիչն էր Աշխարհի, թէ ինչն է նրա տխրութեան պատճառը։ Եւ Անահիտը պատասխանում է, որ թէեւ ինքը երջանիկ է, որ Աստուածների Մայրն է, որ իր զաւակները տիեզերքի տէրն են ու զօրութիւնը, յաւերժ են ու զօրաւոր, որ թէեւ ամէն ինչ կատարեալ է, սակայն իր մայրութիւնը կատարեալ չէ։ «Ինձ պակասում է տառապանքը, - ասում է Անահիտը, - Ես կամենում եմ ցաւով երկնել, երազել, կորցնել, որոնել, ողբալ եւ ապա գտնել։ Ես կամենում եմ երկրային աստուած ծնել, ով պիտի միշտ ապրի Երկրի վրայ ու միշտ իմ մայրական խնամքին կարօտի»։ Այսպէս է ասում Անահիտը, եւ հաճելի է լինում նրա ցանկութիւնը Արային, եւ արարում է Արան առաջին մարդուն։ Նա աշխարհի բոլոր ցաւերից մի փունջ է հաւաքում, բոլոր սէրերից՝ մի հիւսուածք, յուզմունքներից՝ մի բուռ, երազներից՝ սոսկումները լոկ, պատրանքներից՝ մի ծով եւ այդ բոլորով կերտում Անահիտի մայրացումը։
Ու երկնում է Անահիտը եւ Արարատեան դաշտում լոյս աշխարհ բերում առաջին մարդուն՝ արեւատես ու լուսափայլ։ Արան գրկում է մանչին, հիանում նրանով եւ ասում. «Իմ այս զաւակը առաջին արարումն է երկրի վրայ։ Եւ թող իմ անունը միշտ կրի եւ կոչուի Արի՝ որպէս Արորդի։ Թող Արին ապրի Արարատում՝ անմահ աստուածների հետ՝ որպէս երկրային աստուած, բայց աստուածների պէս անմահ չլինի։ Նա իր կեանքով ժամանակ է հաստատելու, եւ ժամանակի ընթացքում Արին ըս-
պառուելու է, ծերանալու, եւ ապա՝ մեռնելու։ Սակայն մահը վերջ չի լինի։ Ես նրա յաւերժութիւնը հաստատում եմ կեանքի եւ մահի միասնութեամբ։ Նա կը մեռնի եւ ապա նորից կը ծնուի իր թոռի թոռան մէջ։ Այդպէս անընդհատ մեռնելով եւ վերածնուելով՝ նա անմահ կը լինի, ինչպէս եւ նրա բոլոր սերունդները»։
Ահա այդպէս ծնուեց Արին՝ առաջին մարդը երկրի վրայ՝ ըստ հին հայերի։ Բոլոր Աստուածները հոգ էին տանում Արիի ու նրա սերունդների մասին, եւ Անահիտն էր ամէնից սիրուած աստուածուհին՝ Մայր Դիցուհին։
Մենք նկարագրեցինք մարդու ծագման մասին հայերի մէջ տարածուած առասպելներից ընդամէնը մէկը։ Իսկ ո՞րն ես յիշում դու։ Ինչպէ՞ս է արարուել մարդը այն հեքիաթներում, որ պատմում էին քեզ քնելուց առաջ, կամ լսում էիր դու բանասացներից կամ էլ, ինչը մեր դարում առաւել իրատեսական է, գտնում էիր հին գրքերի խունացած էջերին, կամ գուցէ դեռ պիտի գտնե՞ս...