Օրինապա՞շտ է արդեօք հայը։ Հայաստանում, անշուշտ ո՛չ, որովհետեւ իշխանութեան գլուխ են գալիս ընտրակեղծիքների շնորհիւ եւ ժողովուրդն ապրում է անիշխանութիւն, անօրինութիւն։ Ասում է, անօրէն նախագահ է, անօրէն կառավարութիւն։ Մենք չենք ընտրել նրանց։ Օտար երկիրներում հայ ժողովուրդն, անշուշտ օրինապաշտ է։ 1915-ին նոյնպէս օրինապաշտ էր։ Հաւաքւում էր պետական մարմինների հրամանով հրապարակներում եւ օրինապաշտ արտահանւում հայրենի օճախից, գիւղից, գաւառից, երկրից, կեանքից։ Մուսալեռցիները օրինապաշտ չեղան։ Բարձրացան հարազատ սարը, ծածկած անտառներով՝ բարձրեալին աւելի մօտիկ լինելու համար։ Եւ Աստուած իրօք գթասրտութիւն դրսեւորեց ֆրանսիական ռազմանաւի տեսքով, որը փրկեց մուսալեռցի հերոսներին։
ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
dzovinarlok@gmail.com
Օրինապա՞շտ է արդեօք հայը։ Հայաստանում, անշուշտ ո՛չ, որովհետեւ իշխանութեան գլուխ են գալիս ընտրակեղծիքների շնորհիւ եւ ժողովուրդն ապրում է անիշխանութիւն, անօրինութիւն։ Ասում է, անօրէն նախագահ է, անօրէն կառավարութիւն։ Մենք չենք ընտրել նրանց։ Օտար երկիրներում հայ ժողովուրդն, անշուշտ օրինապաշտ է։ 1915-ին նոյնպէս օրինապաշտ էր։ Հաւաքւում էր պետական մարմինների հրամանով հրապարակներում եւ օրինապաշտ արտահանւում հայրենի օճախից, գիւղից, գաւառից, երկրից, կեանքից։ Մուսալեռցիները օրինապաշտ չեղան։ Բարձրացան հարազատ սարը, ծածկած անտառներով՝ բարձրեալին աւելի մօտիկ լինելու համար։ Եւ Աստուած իրօք գթասրտութիւն դրսեւորեց ֆրանսիական ռազմանաւի տեսքով, որը փրկեց մուսալեռցի հերոսներին։
Մուսա լեռը կամ Մովսէսի լեռը կամ Սուրբ լեռը իր շրջակայ 6 գիւղերով գտնւում էր Ալեքսանդրէտ (թրքերէն Իսքենտերուն) քաղաքին հարող Ալեքսանդրէկի սանճակում։ 1920-ին այն մտաւ Սիրիայի կազմի մէջ՝ Ֆրանսիայի հսկողութեան ներքոյ, 1937-ին Ֆրանսիայի հետ մէկտեղ Թուրքիան սկսեց իրականացնել այդ նահանգի հսկողութիւնը։ 1938-ին կարճ ժամանակ ինքնավարութիւն ունեցաւ, բայց Ալեքսանդրէկ սանճակ անունը փոխուեց Հաթայի։ Սակայն 1939-ին վերջնականապէս անցաւ Թուրքիայի տիրապետութեան ներքոյ։ Արդիւնքում 40.000 հայ եւ 20.000 արաբ լքեցին այդ հեքիաթային վայրը։
Մուսա Լերան հերոսամարտ
Մուսա լերան 6 գիւղերը հետեւեալն էին. Քեբուսիէ, Վագըֆ, Խդրպեկ, Եողունօլուք, Հաճի Հապիպլի, Պիթիաս, որոնց բնակչութեանը ասում էին սուեդիահայութիւն, քանի որ գիւղերը գտնւում էին Սուեդիա գիւղաքաղաքի մօտակայքում։ Ոչ բոլորը բարձրացան սար, բնակչութեան որոշ մասը հնազանդուեց տեղահանութեան հրամանին, ուստի 6000 բնակիչներից մօտաւորապէս 5000-ը ինքնապաշտպանութեան որոշում կայացրեց։ Միայն 600 ռազմիկներ կային նրանց մէջ։ Կանայք, երախաներ… բոլորն անխտիր զինուոր դարձան, կազմակերպուեցին, զինուորական ճամբար ստեղծեցին անտառապատ լերան վրայ։ Թուրքական յարձակումները յետ մղելիս, վերցնում էին նրանց թողած այդքան անհրաժեշտ զինամթերքը… Հերոսամարտը տեւեց Յուլիսի 21-ից մինչեւ Սեպտեմբերի 12-ը, երբ ֆրանսիական ռազմանաւից տեսան լերան վրայ պարզած դրօշները, որոնց վրայ գրուած էր «քրիստոնեաները վտանգի մէջ են» եւ պատկերուած էին կարմիր խաչեր…
Այստեղ ես պիտի ընդհատեմ իմ պատմա-վաւերագրական ակնարկը, որովհետեւ իմ գրութեան նպատակակն ուրիշ է։
Մարդու մանկութեան զգայարանները
Մուսալեռցիները սկզբից արտագաղթեցին Սուրիա, Լիբանան, Եգիպտոս, այնուհետեւ 1946-ին ներգաղթեցին Սովետական Հայաստան եւ հաստատուեցին Երեւանից 12 քմ. հեռաւորութեան վրայ գտնուող Գինեվետ աւանում, որը 1972-ից կրում է Մուսալեռ անունը։ Սովետական ժամանակ գիւղը Էջմիածնի շրջանի կազմում էր, այժմ Արմաւիրի մարզում է։ Գիւղի Երեւան–Էջմիածին խճողում Մուսա լեռ կոթողն է կանգնեցրած, որի հեղինակներն են ճարտարապետ Ռաֆաէլ Իսրայէլեանը (1908-1973) եւ քանդակագործ Արա Յարութիւնեանը (1928-1999)։ Ամէն տարի Խաչվերացին յաջորդող Կիրակի Մուսա Լերան յուշարձանի տարածքում տօնախմբութիւն է՝ երգ ու պարով եւ աւանդական հարիսայով։ Հարիսան Շաբաթ երեկոյան է կրակի վրայ դրւում բազմաթիւ կաթսաների մէջ։ Այստեղ պարտադիր կը տեսնէք Գեղամ Մարտիրեանին։ Ծնուել է 1943-ին Վաքըֆ գիւղում։ 1965-ին ամուսանցել է, ունեցել է երկու զաւակ՝ Վարդգէս եւ Արմէն։ Գեղամ Մարտիրեանի հայրը՝ Յակոբ Մարտիրեանը, ծնուած 1897-ին, այն մուսալեռցիներից էր, որոնք մտել էին Ֆրանսիական Արեւելեան լէգէոն… Գեղամը պատմում է, որ հայրը 24 ժամ մնացել էր խորտակուած նաւի բեկորի վրայ… Իսկ 1979-ին Մարտիրեանների ընտանիքը որոշում է ներգաղթել Սովետական հայրենիք։ Եւ այստեղ է Գեղամ Մարտիրեանը հասկանում, որ հայրենիքը իրականում դա Վաքըֆն էր։
Մարդն ունենում է երկու տեսակի երազանքներ. մէկը վերաբերւում է չեղածին, իսկ միւսը՝ եղածին։ Երբ Գեղամ Մարտիրեանը իրականացնում է իր չեղած հայրենիքի երազանքը, այս անգամ նա ընկնում է եղած երազանքների գիրկը։ Նա կորցնում է կեանքի նկատմամբ ունեցած համն ու հոտը, որոնք մանկութեան հետ կապուած զգայարաններն են։ Հայաստանում աճեցրած պտուղները չունեն Մարտիրեանի համար այն համն ու հոտը, ինչ Վաքըֆում։ Իսկ ծո՞վը։ Մի՞թէ Միջերկրական ծովի ափին ապրած, հասակ առած մուսալեռցուն կարող են բաւարարել անծով բնապատկերները։ Նրա թոռնուհի Յասմիկ Մարտիրեանը «Նարնջի Անքնութիւն» պատմուածք է գրում պապիկի կարօտախտի մասին, որի հիման վրայ «Երազած Նարինջներ» անուամբ վաւերագրական ֆիլմ է նկարահանւում։
Հերոսամա՞րտ էք ասում։ Դժուար է ասել, ո՞ր պայքարն է աւելի մեծ հերոսութիւն պահանջում. կռուել հայրենի հողի համար թէ՞ ապրել այդ հայրենիքից հեռու։