ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
oksana·karapetian@gmail.com
Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում։
(Հովհաննէս Թումանեան)
Ահա եկեք նորից նստենք «Արեգակունք» առասպելական նաւը եւ ճախրենք-սլանանք դէպի մեր լեռներն ու Հազարան Բլբուլի երգով լսենք-իմանանք նրանց պատմութիւնը։
***
Ասում են՝ ժամանակին յաղթանդամ ու հսկայ եղբայրներ են եղել։ Նրանք մի սովորութիւն ունէին. առաւօտեան վաղ արթնանալիս նախ կապում էին իրենց գօտիները, ապա միայն բարեւում միմեանց։ Այդպէս անցնում է նրանց կեանքի մեծ մասը, եւ վրայ է հասնում խոր ծերութեան ժամը։ Եղբայրներն արդէն չեն կարողանում վաղ արթնանալ։ Ահա մի օր ուշ են արթնանում եւ իրար բարեւում են՝ մոռանալով մինչ այդ կապել գօտիները. այդպէս նրանք խախտում են աւանդոյթը։ Աստուած տեսնելով այդ, պատժում է եղբայրներին, նրանք քարանում են։ Այդպէս առաջանում են Հայոց լեռները. իրենք՝ եղբայրները, դառնում են լեռներ, գօտիները՝ կանաչ դաշտեր, իսկ արցունքները՝ անմահական աղբիւրներ։
***
Արեւմտեան Հայաստանի Սասուն գաւառում մի սար կայ՝ Մարութա սարը. սասունցիների սիրելի ու պաշտելի սարն է։ Կոչուել է նաեւ Մարաթուկ կամ Բարձր Մարաթուկ։ Սրա պաշտամունքը խիստ զայրացնում է Սասուն գաւառի մէկ այլ սարի՝ Անդոկին, որ Հայկական Տավրոսի գագաթներից մէկն է, եւ նա Մարութա սարին մարտի է հրաւիրում։ Մարտի ժամանակ Անդոկն իր կայծակէ թրով խփում, ճեղքում է Մարութա սարի գլուխը, որի պատճառով էլ նրան ջղլագլուխ (զոյգ գլխով Մարաթուկ են անուանում)։ Անդոկի հարուածից վիրաւորուած Մարութա սարը հսկայ մի ժայռ է պոկում իր կողերից եւ խփում նրան։ Ժայռը խրւում է Անդոկի կուրծքը, թաղւում կողերի մէջ. դուրս է մնում միայն ժայռի երկու ջրաղացաքարի չափ մի կտոր, որի վրայ այժմ էլ երեւում են Մարաթուկի ձեռքի հետքերը։
***
Արցախի ամենայայտնի լեռնաշխթան էլ Մռավի լեռներն են, որ Գանձակի լեռների արեւելեան մասն են կազմում եւ հասնում մինչեւ Թարթառ գետի ստորին հոսանքը։ Ահա օրերից մի օր Տաղստանի լեռն ու Մռավը վիճում են իրար հետ։ Տաղստանի լեռն ասում է.
— Դու ինձ մօտ ի՞նչ ես որ, ես քեզանից շատ բարձր եմ։
Մռավն ասում է.
— Ո՞նց կարող ես դու ինձանից բարձր լինել, երբ իմ դիրքը այնքան վեր է քեզանից։
Տաղստանի լեռն ասում է.
— Ձայնդ կտրի, թէ չէ՝ ձեռիս ափսէն կտամ երեսիդ։
Ասում է ու ձեռի ափսէն շպրտում Մռավի վրայ։ Ափսէն չի հասնում Մռավի գլխին, այլ ընկնում է մօտիկ մի հարթ տեղ։ Մռավն ասում է.
— Որ դու ինձ վրայ ափսէ շպրտեցիր, անիծում եմ քեզ՝ թող գլխիդ ձիւնը երբեք չհալուի։
***
Ահա երբ մի օր Գեղամա ծով, ասել է թէ՝ Սեւանա լիճ գնաք, կը տեսնէք նաեւ Գեղամա լեռները։ Ասում են դրանց մի մասը վտանգաւոր են, միւս մասը՝ միստիկ եւ հնուց պաշտելի։ Բայց Գեղամա լեռների գագաթներից երկուսը՝ Սեւ ու Կարմիր սարերը, ժամանակին մարդ են եղել։ Սեւ սարը եղել է մի բռնակալ, իսկ Կարմիր սարը՝ մուրազաբեր մի աղջիկ։ Բռնակալը ուժով տիրացել է աղջկան եւ ժողովրդի անէծքով՝ քարացել։ Բայց քանի որ չի կարողացել վայելել աղջկայ սէրը, Սեւ սարը մինչեւ հիմա չի կարողանում նրան մօտենալ։ Դրա համար էլ Սեւ սարը անզօր կատաղութիւնից լալիս է եւ իր վրէժը մարդկանցից հանում։ Ամառուայ կէսին յանկարծ մթնում է, բուք ու բորան անում, մարդ ու անասուն խեղդում։
***
Աղբակում, Բարդողիմէոս առաքեալի վանքից դէպի արեւելք գտնւում է մի քարայր, որը կոչւում է Վիշապի այր։ Այստեղ բնակուել է մի վիշապ, որը կուլ է տուել մօտակայքից անցնող մի աղջկայ։ Բարդողիմէոս առաքեալը երբ տեսնում է այդ, ձիով յարձակում է վիշապի վրայ։ Վիշապը քարայրից դուրս է փախչում եւ փսխում աղջկան։ Այդ փսխուկը դարձել է սպիտակ քարակոյտ, որ փռուած է մինչեւ այժմ քարայրից դէպի հարաւ՝ բլրի լանջին։