ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
dzovinarlok@gmail.com
Մարդիկ կան, որոնք մշտական արձակուրդի մէջ են. ո՛չ աշխատում են, ո՛չ էլ հանգստանում։ Երբ ես որոշեցի տեսակ մը հարցում անցկացնել, ապա յիշեցի մի անեկդոտ.
«-Ինչպէ՞ս ես։
-Սա ինչ հարց է, մի՞թէ մենք նոյն պետութեան մէջ չենք ապրում։»
Այո՛, պարոնայք, նոյն երկրում ենք ապրում, նոյն գնով հաց ու հողկիթ ենք առնում…բայց մեր արձակուրդները շատ են տարբերւում, թէպէտ այս հարցում էլ կայ մի ընդհանուր բան, որն է Քոպուլեթին։ Այստե՛ղ, այս փոքր ծովափեայ աջարական քաղաքում (Աջարիան Վրաստանի ինքնաւար հանրապետութիւն է), որի բնակչութիւնը հազիւ 2 տասնեակ հազար է կազմում, ծանօթներն ու ազգականները դառնում են դրացիներ, նրանք հանդիպում են միմեանց ամէն քայլափոխին, միասին ճաշում են եւ արեւայրւում ծովափում, սակայն սկզբից անդրադառնանք, թէ ինչ խմբերի են բաժանւում հայաստանցիները արձակուրդների առումով։
* Հայաստանցիներ, որոնք երբեք արձակուրդի չեն գնում։ Տարիներ, գուցէ ողջ կեանքի ընթացքում։ Պատճառը կարողութեան բացակայութիւնն է։ Այստեղից էլ ցանկութեան բացակայութիւնն է։ Նրանց համար «արձակուրդ» բառը նոյնիսկ չքուել է բառապաշարից։
* Երկրորդ խումբը կազմում են այն հայաստանցիները, որոնք մնում են տանը, որովհետեւ նրանց մօտ գալիս են արձակուրդի արտասահման տեղափոխուած հարազատները կամ սփիւռքահայ բարեկամները։ Կարո՞ղ եք երեւակայել, թէ ինչ հաճոյք են ստանում այդ խմբին պատկանողները, երբ հիւրերը վերջապէս մէկնում են, քանզի հայկական ասուածք կայ. «Հիւրերին ուրախանում երկու դէպքում. առաջին անգամ՝ նրանց գալուն, երկրորդ անգամ՝ գնալուն»։ Եթէ ուզում էք, որ ձեր գնալուն չուրախանան, ապա 3 օրից աւել մի՛ հիւրընկալուեք. այնքան է տեւում գալուց առաջացած ուրախութիւնը։ Յետոյ երբ համացանցում տեղադրում են լուսանկարները, ապա երեւում է տեղացի եւ արտասահմանցի հայերի տարբերութիւնը։ Այն հացի մէջ է։ Հաց կերած եւ հացի կարօտ հայի տարբերութիւնն է։ Գաղտնիք չէ, որ հացի խնդիր ունի միայն հայրենիքում ապրող հայը։ Երէկ ինձ մի ծանօթ պատմեց, թէ առաւօտեան իջել էր աղբը թափելու, եւ նրա աչքի առաջ աղբարկղից մարդ դուրս եկաւ…Հայն աղբարկղում կարող է յայտնուել միայն Հայաստանում։ Սա նրա հայրենիքն է…
* Երրորդ խմբի բախտը շատ է բերել. նրանք արձակուրդի են գնում արտասահման ՝ այնտեղ գտնուող ազգականի հրաւէրով. ԱՄՆ, Պելկիա, Գերմանիա, Չեխիա…Երկար ատեն է հարկաւոր, որպէսզի այդ արձակուրդից յետոյ ուշքի գան. յատկապէս զարմացած են մնում եւրոպական շէնքերից, որոնք դարեր առաջ են կառուցուել եւ պահպանուել են, այլ ոչ քանդուել, ինչպէս մեր մօտ… Բացարձակ անակնկալ է, որ այդ հին , արտակարգ գեղատեսիլ շէնքերը թանգարաններ չեն, այլ՝ բնակելի տներ։
* Չորրորդ խմբին պատկանում է Հայաստանի ունեւոր խաւը եւ նոյնիսկ վերնախաւը, որն արձակուրդը անցկացնում է Հայաստանի տարածքում. Տիլիջանի, Ծաղկաձորի եւ Ջերմուկի առողջարաններում եւ հիւրանոցներում։ Մաքուր օդ, սնունդը երկու կամ երեք անգամ շռայլ շուեդական սեղանի ձեւով, հանքային լոգանքներ, ստորջրեայ ցնցուղ-մերսում, սակայն այդքանով հանդերձ համացանց սենեակներում չկայ։
* Հինգերորդ խումբը մէկնում է հարեւան երկիր Վրաստան, աւելի ճիշդ՝ Աջարիա, որովհետեւ ծով է ուզում։
* – Դուք ինչ է, միլիոնատէ՞ր էք, որ Քոբուլեթի եք մէկնում արձակուրդի,-զարմանում են վեցերորդ խմբին պատկանողները։ Այս խումբը արձակուրդի է գնում Անթալիա։
Այսպիսով իմ հարցումների արդիւնքում կարելի եզրահանգել, որ ամենասուղ արձակուրդի ձեւը Հայաստանն է։ Աւելի աժան է նստում Վրաստանը, վերջապէս, ամենաժանը Թուրքիան է։
Սուրճի հաւելում
Այս արձակուրդները անհատական բնոյթի են, օրինակ, իմ մի ընկերուհին ժամանակ առ ժամանակ պոկւում է գիւղ։ Կոտայքի մարզում ամէնքին յայտնի են Գառնի եւ Գեղարդ գիւղերը։ Բացի այդ կան Գեղադիր, Գետարգել, Գետամէջ, Գոռգոչ, Գողթ, Գեղաշէն գիւղերը։ Ահա այդ Գեղաշենում ընկերուհիս հող է առել եւ իր այցելութիւնների մասին ասում է. «Դու միա՚յն պիտի տեսնես»։ Ի՞նչ տեսնեմ, Ալուա՛րդ։ Մարջիկի տունը, որտեղ Ալուարդը մնում է Գեղաշեէնում։
Գեղաշէն։ Մարջիկի տուն։ Մարջիկը միջին տարիքի կին է, ապրում է սկեսուրի, որդու, հարսի եւ երկու թոռների հետ։ Ամուսինը մշտական դրսում է, այսպէս ասած խոպանում։ Մարջիկը նրանից միշտ փող է ակնկալում, բայց հեռախօսով լսում է միայն «Կայ ոչ»։ Ուստի պարտքեր է անում, թէեւ նրան արդէն ոչ ոք պարտքով գումար չի տալիս։ Երբ վերջի վերջոյ ամուսինը մի 100 տոլար է ուղարկում, նա թոռների հետ գնում է Աբովեան քաղաք, պաղպաղակ եւ ձողիկներ առնում նրանց համար, ինչ-որ պարտքեր փակում, մնացածով սուրճ է առնում։ Մարջիկի օրը սկսւում է առաւօտ 7-ին, երբ նրա մօտ սրճելու են գալիս Արեւը, Ռոմիկը, Սիրունը, Էմման եւ միւս ազգականներ-դրացիները…Երջանիկ են, քանզի բամբասում են. առաւօտուայ լուրերի ժամ է։ Այնուհետեւ ցրւում են՝ բոստանները ջրելու։ Ժամը 10։30 երկրորդ սուրճի պահն է։ Արդէն հարսն էլ է արթնացել, երախաները, եւ սեղանին հաց է դրւում բացի սուրճից։ Հիւրերը արդէն մենակ չեն գալիս. Ջուլիեթն ու Նուշիկը թոռների հետ են մտնում, Նաիրան՝ երախաներով, 90 տարեկան բեղ-մորուքով Գիւլիկ տատին է երեւում թախտին…։ Երրորդ սուրճը նախաճաշից յետոյ է։ Օրուայ ընթացքում արդէն անկանոն զատ-զատ գալիս են Մարջիկի մօտ եւ նա կրկին եկողին սուրճ է հրամցնում։ Ճաշ չկայ, միանգամից ընթրիք են անում։ Եւ բնականաբար ընթրիքից յետոյ – սուրճ։ Երեկոեան 21-ին Մարջիկի մօտ կրկին մարդաշատ է՝ կինօ նայելու են գալիս։ Արդէն գրեթէ սուրճ չեն խմում…
Իսկ եթէ ինձ հարցնեք արձակուրդի մասին, ապա ես համարում եմ, որ լաւագոյն արձակուրդը - դա բոլորին արձակուրդի ուղարկելն է։