Ալք եւ յԱնբնակ տեղեր

Մեր հեթանոս մոգերը «Անբնակ տեղեր» կը կոչէին այն բոլոր վայրերը, որոնք սոսկ բնական չէին, այլ՝ անձնաւոր կամ դիւաբնակ եւ չարաբուխ։ Ասել է թէ՝ սրանք այն վայրերն են, ուր այլեւայլ, յաճախ՝ սեւ ու չար ոգիներ կը բնակէին։ Եւ անգամ քրիստոնէութեան ընդունումից յետոյ ոչ միայն հասարակ գիւղացին կամ քաղաքացին, այլեւ՝ մեր աղօթականներից ու հոգեւորականներից շատուշատերը շարունակում էին հաւատալ այս ոգիների եւ յԱնբնակ վայրերի առկայութեանը։ Դա են հաւաստում այն բոլոր աղօթքներն ու հմայիլները, որ պահպանուել են մեզ մօտ։ Ահա ոգիներից վախեցող մի աղօթական գրում է. «Եւ կամ յԱնբնակ տեղոցն ցաւոցն՝ մտանել նեղել կամ զկծել մի՚ իշխեսցէ»։

ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

oksana.karapetian@gmail.com

«Զանազան դէմք նոցա յայտնին,

Որպէս առ մեզ այժմ անուանին՝

Դեւք, Սատանայ, Քաջք եւ Ալին.

Որոց յահեն հոգիք հալին»։

Սիւնեաց Առաքել Եպիսկոպոս (Տաթեւացու քեռորդին)

Մեր հեթանոս մոգերը «Անբնակ տեղեր» կը կոչէին այն բոլոր վայրերը, որոնք սոսկ բնական չէին, այլ՝ անձնաւոր կամ դիւաբնակ եւ չարաբուխ։ Ասել է թէ՝ սրանք այն վայրերն են, ուր այլեւայլ, յաճախ՝ սեւ ու չար ոգիներ կը բնակէին։ Եւ անգամ քրիստոնէութեան ընդունումից յետոյ ոչ միայն հասարակ գիւղացին կամ քաղաքացին, այլեւ՝ մեր աղօթականներից ու հոգեւորականներից շատուշատերը շարունակում էին հաւատալ այս ոգիների եւ յԱնբնակ վայրերի առկայութեանը։ Դա են հաւաստում այն բոլոր աղօթքներն ու հմայիլները, որ պահպանուել են մեզ մօտ։ Ահա ոգիներից վախեցող մի աղօթական գրում է. «Եւ կամ յԱնբնակ տեղոցն ցաւոցն՝ մտանել նեղել կամ զկծել մի՚ իշխեսցէ»։

Այս Անբնակ տեղերն այլ կերպ անուանում էին նաեւ ալքեր՝ նկատի ունենալով երկրի վրայի ծակոտիները, վիհերը, իբրեւ թէ դրանք դժոխքի եւ դրախտի ելքերն ու մուտքերն էին։ Ալիշանը ալք-ը որպէս հասարակ բառ մեկնաբանում է «անդունդների նման խոր տեղեր»։ Սակայն այս ալքեր անուանումը, նախեւառաջ, գալիս է յիշելու ալ, ալեր կամ ալք ոգիներին, որոնք բնոյթով չար էին, ուստի եւ պիղծ ու պժգալի վայրերում, իմա՝ այն նոյն Անբնակ տեղերում էին բնակում։

Այս ալերի մազերը օձ էին յիշեցնում, ատամները երկաթից էին, եղունգները՝ պղնձէ։ Ձեռքին սղոց յիշեցնող գործիքն ունէին, թաթերը թարս էին, աչքերը՝ բոցագոյն։ Սրանք չար ու Դժնիկ ոգիներ էին, որ սովորութիւն ունէին յատկապէս յարձակուելու ծննդկանների կամ նրանց մանչերի վրայ։ Գրիգոր Տաթեւացին ասում է, թէ այնպիսի ոգիներ են, «որք ի ջուրս եւ ի ծնունդ կանանցն՝ Ալք կոչեցան. զի գէջ ախտիւն՝ զհոգիս կորուսանեն, եւ ի ծնունդս՝ զմարմինս եւ զհոգիս»։ Սրանք գողանում, տանում, յօշոտում կամ թէ զանազան հիւանդութիւններով ու ախտերով էին վարակում մարդկանց։ Մէկին աչքն էին կուրացնում, միւսի կաթն էին կտրում, երրորդին՝ դեռ չծնուած երախայից զրկում։

Ահա ինչու աղթարքները հազար ու մի հմայական եւ պահպանական աղօթքներ են գրել։ Զորօրինակ, այս մէկը. «Սուրբն Սիսիանոս գայր ի լեռնէ ի վայր, եւ տեսաւ Պեղծ մի չար. եւ ունէր աչք հրեղէն, եւ ձեռին երկաթի կտրոց, եւ հանդիպեցաւ ի տեղի աւազոյ. Ասէ Ս. Սիսիանոս. Ո՞ւր երթաս, նզուած պեղծ. – պատասխանի ետ նմա եւ ասէ. Երթամ զմանկունս կանանցն թառամեցուցանեմ, զկաթն պակասեցուցանեմ, զաչսն խաւարեցուցանեմ. զըղեղն ծծեմ, եւ համր առնեմ, եւ առնեմ զտղայն անժամանակ յորովայնին…»։ Մէկ ուրիշն էլ Դժնիկ Ալի անունից ասում է, թէ՝ Ես եմ Ալն չար, որ կորուսանեմ զմանուկն ի յորովայնի մօրն։ Մէկ ուրիշն էլ պատմում է, թէ ինչպէս երախայի ձայն լսելով գնում-տեսնում են Ալին, եւ երբ Սուրբ մարդիկ կամենում են սպաննել նրան, առաջ է գալիս Ալի մայրն ու խնդրում, որ չսպաննեն նրան. «Առին զձայն երեխային. գնացին եւ տեսին զԱլն ի չարութեան. բռնեցին կալան եւ կապեցին զԱլն ի յԱլին վէմն. եկեալ մայրն Ալին եւ ասէ. Այս ի՞նչ իցէ, այս ինչ։ Ասեն. Այս է, որ մտանէք ի մօրն յորովայնի. զերեխաին զմիսն ուտէք, զարիւնն խմէք, զլոյս աչացն խաւար դարձուցանէք։ Ասէ մայրն Ալին. Թողէք զանդրանիկ որդին իմ. յոր տուն որ ձեր անուանքն լինի՝ անդ ոչ մերձենամք ի ծառայն Աստուծոյ»։ Մէկ ուրիշը պատմում է, թէ ինչպէս յանկարծ հանդիպում է մի ալի. «Այր մի նստեալ ի վերայ աւազու, եւ մազն նորա իբրեւ զօձի, եւ ըղունկն նորա պղնձի, եւ ատամունքն նորա երկաթի, եւ ժանիքն նորա որպէս վարազ խոզի»։ Այնուհետ այս Ալը դառնում-ասում է, թէ. «Նստիմ ի վերայ տղացկանի, զականջն խորովեցուցանեմ, զղասապն (լյարդը) քարշեմ, եւ խեղդէմ զմայր եւ զմանուկն. մեր կերակուրքն մօրն տղայոցն միսն է եւ տղացկանի ղասապն, եւ եօթն ամսոյ մանուկն գողանամք ի մօրէն, խուլ եւ մունճ տանիմք առ թագաւորն մեր յանդունդս։ Եւ մեր բնակութիւն յանկիւնս տանն է եւ յախոռունս անասնոց… Եւ Սուրբքն հանին զհրեղէն սուրն եւ կամեցան սպանանել զՊեղծն», բայց նրա աղաչանքներին անսալով՝ խնայեցին՝ երուեցնելով, որ այն տներում, ուր իրենց անունով կ՚աղօթեն, որեւէ մէկին չեն վնասի։

Ալքերի գոյութեան մասին աւանդութիւններ ունէինք ոչ միայն մենք հայերս, այլեւ շատուշատ այլազգիներ, ինչպէս կոթերը, գերմանացիները եւ այլն։ Նրանք, հիմանականում, թէ՛ անուամբ, թէ՛ պատճառած վնասներով ուղիղ համեմատուում են Ալքի հետ։ Իսկ քուրտ մարդիկ էլ որեւէ կնոջ անիծելիս, ասում էին, թէ՝ Ալքն աղիքդ կրծի։

Այսօր արդէն մենք, մեծամասամբ, դադարել ենք հաւատալ այս չար Ալքերի գոյութեանը։ Սակայն որքան ցաւալի է խոստովանել, որ երբեմնի պղծալի, դժնդակ ոգիների ու նրանց անասելի վնասների փոխարէն մեր՝ մարդկանց մէջ են սկսել առաջ գալ ալքերից ոչ պակաս, իսկ գուցէ թէ՝ առաւել դաժան ու վայրագ մարդ արարածներ, որ իրենց հասցրած վնասներով, սպանութիւններով ու խոշտանգումներով ոչ միայն ՄԱՐԴ կոչումն են պղծում, այլեւ մեր բնակավայրերը յԱնբնակտեղերի են վերածում։ Ահա ակամայ կասկածում ես՝ իսկ գուցէ ալքերի թագաւորներն են անդունդից ելե՞լ…