Հայի տեսակներ

Այսպիսի շոգ երբեք չէր եղել Հայաստանում։ Ջերմաստիճանը Երեւանում այնքան բարձր է, որ քաղաքում մնացողները տնային կալանքի մէջ են յայտնուել. այս շոգի պատճառով չկարողացայ նոյնիսկ համահայկական խաղերը դիտել։ Երբ ջերմաստիճանը թեւակոխում է 40-ը, ապա եղանակի տեսութիւնը հեռատեսիլով այլեւս հրաժարւում է անկեղծութիւնից, սկսում է անորոշ յայտարարութիւններ անել, օրինակ, «հանրապետութեան տարածքը գտնւում է արեւադարձային տաք օդային հոսանքների ազդեցութեան գօտում, սպասւում է բարձր ջերմային ֆոն, օդի ջերմաստիճանը կը նուազի 1-2 աստիճանով, իսկ յետոյ նոյնքանով կը բարձրանայ։ Ազգաբնակչութեանը խորհուրդ է տրւում խուսափել ֆիզիկական աքտիվութիւնից եւ արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնուելուց»։ Շնորհակալութիւն։ Բայց որքա՞ն է ջերմաստիճանը։ Թի՛ւն ասէք։ Սովետական ժամանակներից յիշում եմ, որ պարտադիր նուազեցնում էին ջերմաստիճանի թիւը եւ յղիութեան ժամկէտը, օրինակ, 20 շաբաթուայ յղիութեան փոխարէն ասում էին 12 շաբաթ։

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

dzovinarlok@gmail.com

Այսպիսի շոգ երբեք չէր եղել Հայաստանում։ Ջերմաստիճանը Երեւանում այնքան բարձր է, որ քաղաքում մնացողները տնային կալանքի մէջ են յայտնուել. այս շոգի պատճառով չկարողացայ նոյնիսկ համահայկական խաղերը դիտել։ Երբ ջերմաստիճանը թեւակոխում է 40-ը, ապա եղանակի տեսութիւնը հեռատեսիլով այլեւս հրաժարւում է անկեղծութիւնից, սկսում է անորոշ յայտարարութիւններ անել, օրինակ, «հանրապետութեան տարածքը գտնւում է արեւադարձային տաք օդային հոսանքների ազդեցութեան գօտում, սպասւում է բարձր ջերմային ֆոն, օդի ջերմաստիճանը կը նուազի 1-2 աստիճանով, իսկ յետոյ նոյնքանով կը բարձրանայ։ Ազգաբնակչութեանը խորհուրդ է տրւում խուսափել ֆիզիկական աքտիվութիւնից եւ արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնուելուց»։ Շնորհակալութիւն։ Բայց որքա՞ն է ջերմաստիճանը։ Թի՛ւն ասէք։ Սովետական ժամանակներից յիշում եմ, որ պարտադիր նուազեցնում էին ջերմաստիճանի թիւը եւ յղիութեան ժամկէտը, օրինակ, 20 շաբաթուայ յղիութեան փոխարէն ասում էին 12 շաբաթ։ Անշուշտ, դա կապուած է աշխատանքային ռեժիմի հետ։ Յամենայնդէպս հեռատեսիլով ասացին, որ այսպիսի շոգ չի եղել 170 տարի, ուրեմն Հայաստանում պատմական ամառ է։ Այդուհանդէրձ ամառը պատմական է ոչ միայն տաք հոսանքների շնորհիւ, այլ՝ քաղաքացիական հարթակում յայտնուած արդարութեան համար պայքարող երիտասարդների։ Գրաւելով Բաղրամեան պողոտան Յունիսին, նրանք գիշեր ու ցերեկ տէր կանգնեցին առաջ քաշած պահանջներին, լարուածութիւն առաջացնելով իշխանաւորների եւ հիացմունք՝ յուսահատ ժողովրդի մէջ։ Մենք մեր աչքերով տեսանք հայի բարձրագոյն, լաւագոյն տեսակը։

Այժմ պիտի անդրադառնամ հայի մի քանի տեսակներին, որոնք ես նշմարել եւ դիտարկել եմ կեանքի ընթացքում։

1- Անունը դնենք Սեզար… Գեղեցիկ արտաքին ունէր։ Թախծագորով հայեացք, ինչպիսին կարելի է տեսնել հին բացիկներում։ Սեզարն ինքը զբաղւում էր ժառանգութեամբ ստացած հնաոճ իրերի վաճառքով։ Սովորութիւն չունէր երկար մնալ ինչ-որ մի տեղ։ Ծնուել էր Իրանում, որը չէր սիրում։ Կապուած էր Իտալիայի հետ։ Ուսումը ստացել էր Վենետիկի Մուրադ-Ռաֆայելեան վարժարանում։ Ամուսնացած էր եղել մի իռլանդուհու հետ, զաւակ ունեցել եւ ամուսնալուծուել։ Զաւակը սակայն մնացել էր հօր հետ։ Չափազանց ուշիմ եւ կենսախինդ երախայ էր։ Երբ Սեզարը միջոց մը մտերմացաւ մեր ընտանիքի հետ, նրա տղան, որը խօսում էր իտալերէն եւ անգլերէն լեզուներով, հայերէնի չիմացութեան պատճառով նեղւում էր, բայց փորձում էր մասնակցել իր տարեկիցների խաղերին։ Բնակարան էին վարձել Մաշտոցի պողոտայում Մատենադարանից մի քանի քայլ հեռաւորութեան վրայ։ Յիշում եմ, քաղաքական թէժ զարգացումներ էին տեղի ունենում հենց Մաշտոցի վրայ՝ Մատենադարանի առջեւ, եւ ժողովուրդը ոգեւորուած գալիս էր հանրահաւաքներին։ Սեզարը երբեք դուրս չեկաւ իր տնից եւ դիտեց հայկական իրադարձութիւնները… իտալական հեռուստաալիքով։ Ինչպէ՞ս բնութագրենք նման հայի տեսակը. ապազգայի՞ն, բայց դա նաեւ նշանակում է հակաազգային։ Ուրեմն կանգ առնենք անազգային տեսակի վրայ։

2- Հայի երկրորդ տեսակը ծնունդով երեւանցի է, այսինքն բախտը բերել է ինքնութիւնը գիտակցելու տեսակէտից։ Լեւոնը Հայաստանից արտագաղթել էր 90-ականներին։ Հայաստան էր գալիս թոշակը ստանալու համար, բայց վերջապէս տեղափոխեց այն Ռուսաստան եւ խոստովանեց, որ այլեւս չի գալու Երեւան։ Ինչի՞ համար պիտի գար։ Երեւանում ծնուած, հասակն առած եւ ողջ գիտակցական կեանքն անցկացրած ճարտարագէտը, այտեղ տուն չունէր եւ իրեն անկոչ հիւր էր զգում։ Ռուսական քարոզչամեքենայի զոհն էր, այսինքն դիտում էր ռուսական հեռուստաալիքները եւ հաւատում մեծն սուտին։ Ռուս լրագրողները, որոնք հրաժարւում են սպասարկել պետական լրատուամիջոցներին, զարմանում են. «Պատմութեան մէջ դեռ նման բան չէր եղել, որ երկրի կեանքը ամբողջովին հիմնուած լինի քարոզչութեան վրայ»։ Բաղրամեանի դէպքերը Լեւոնին եւս ոգեւորեցին, սակայն ոստիկանութիւնների բռնութիւնները նրա մէջ վախ արթնացրին։ Շատ էր ցանկանում լուսանկարուել Բաղրամեանում եւ համարձակութիւն ունեցաւ գնալ այնտեղ՝ ինքիրեն համոզելով, որ եթէ նրան բերման ենթարկէն, ապա նա ցոյց կու տայ իր եւրոպական անձնագիրը։ Տեսնելով, թէ ինչ սուտեր են տարածում ռուսական ալիքները հայկական դէպքերի մասին, նա բացականչեց «Սրիկանե՛ր», բայց տխրեց այնպէս, ինչպէս թմրամոլը, երբ նրան զրկում են թմրանիւթից։

3- Հայի երրորդ տեսակը ներկայացնում եմ իր անուամբ։ Բադոյեան Պարգեւ Խաչատուրի։ Ազատամարտի վետերաններից է (emektar), որոնք սատարում էին Բաղրամեան պողոտայի վրայ արթուն մնացող երիտասարդներին։ Երբ ոստիկանները առաւօտուայ 5-ին բերեցին ջրցան մեքենաները, Պարգեւը պառկեց մեքենայի առաջ, ասելով, որ երախաներին ձեռք չտաք։ Նա պատմեց ինձ իր գերդաստանի պատմութիւնը։ Լի իսկական հերոսներով. այստեղ առանձնայատուկ տեղ ունէր եւ Պարգեւի հօր պապը՝ ֆիդայական շարժման ղեկավար Բադալ Գրիգորեանը, որը սպանել էր Մշոյ գաւառապետին եւ դատապարտուել 101 տարով։ Ոչ մի տարի էլ չնստեց, այլ՝ փախաւ, մի քանի հոգու հետ տապալելով պատը։ Պապի 56 հոգանոց ընտանիքից մնացել էին 4 հոգի։ Հայրը ծնուել էր 1903-ին Մուշի գաւառ Բուլանլուխ գիւղում, 1942-1943թթ.-ին կռուել Ստալինկրատի ճակատամարտին։ Երախտագիտութեան փոխարէն նրան 1948-ին ընտանիքով ուղարկել էին Սիպիր, որտեղից վերադարձան 1954-ին։ Ահաւասիկ ցեղասպանութեան բնորոշ տարիները փոխւում են սովետական շրջանի կենսագրութեամբ, այնուհետեւ՝ Հայաստանի անկախութեան. Պարգեւը ծնուել է Երեւանում 1944-ին։ Աւարտել է փոլիթեքնիկ ինստիտուտը, նաեւ համազօրական վարժարանը։ 1988-1994 թթ.-ին մասնակցել է Արցախեան պատերազմին երկու որդիների հետ՝ Միսաք եւ Աւետիկ։ Երեքն էլ վերադարձան պատերազմից, միայն աւագ որդին՝ Միսաքը ոտքից վիրաւորուեց Ոսկեպարում։ Նրանք ողջ մնացին, սակայն Պարգեւի կնոջ սիրտը, լցուած տագնապալի սպասումներով, չդիմացաւ։ «Գիտէ՞ք, իմ կնոջ անունը ինչ էր. Ազգանուշ»։

Երանի հայի այն երկու տեսակները նոյնպէս գիտակցէին, թէ որքան անուշ է ազգի համար պայքարի մէջ մտնելը։