ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
oksana.karapetian@gmail.com
Հայոց մէջ տարածում էր գտած ջրաբնակ պաշտելիների աւանդոյթը։ Թերեւս, լեռնաշխարհում բազում են գետերն ու լճակները, ուր բնակուելիս են եղել (ոմանք էլ պիտի ասեն, թէ մինչ օրս բնակւում են) այս ջրային հրաշալիքներն ու հրէշները։ Անդրադառնանք դրանցից երկուսին, որոնք առաւելապէս որպէս ծովահրէշ յիշուած են։ Ալիշանը յիշում է յոյների Ներէիդներին նմանուող, սակայն առաւել ահարկու ու վնասակար Ընգղա պաշտելիին, որը «եթէ ընկղմուել բառից չի ծագում, ապա ծագումն անյայտ է»։ Հետաքրքրական է, որ հայերէն թարգմանութիւնների մէջ (օրինակ՝ Ոսկեբերանի Մեկնութիւն Մատթէոսի) յունական առասպելների կնոջ կերպարանքով ծովահրէշները երբեմն Ընգղա անունով են յիշւում։ Ընգղան չար էր այնքան, որքան եւ գեղեցիկ էր։ Սակայն այս գեղեցկութիւնը խաբկանք էր, արհեստավարժ մոլորութիւն, որի շնորհիւ Ընգղան քաշում, ջրի մէջ էր ընկղմում իր զոհին։ Վարդապետներից մէկի նկարագրութեան մէջ հանդիպում ենք. «Ասեն իմաստունք, թէ է կենդանի ինչ ի ծովն, որ ի միջոյն ի վեր ունի զկերպարանս գեղեցիկ կնոջ, եւ ի վայր կոյս՝ զճանկ արծւոյ, եւ ունի քաղցր ձայն. զի յորժամ լսեն նաւավարքն՝ ի քաղցրութենէն ննջեն. եւ յորժամ իմանայ գազանն՝ թէ ի քուն են, գայ եւ յափշտակէ զմարդն ի նաւէն, եւ տանի պատառէ եւ ուտէ. իսկ իմաստունքն խնուն զականջս իւրեանց, եւ կապեն զինքեանս ի գերան արմիոնին, եւ այնպէս փրկին»։ Այսպէս է իրեն փրկում նաեւ յայտնի Ոդիսեւսը։
Ընգղայի պէս մէկ այլ փոխակերպուկ է Նհանգը (նաեւ՝ Նեանգ, Նահանկ)։ Նհանգները բնակւում էին առաւելապէս գետերում, ջրային յաւէրժահարսների կերպարանք եւ անուշիկ ձայն ունեին, ինչով, սակայն, նենգաբար գերում էին մարդկանց, այնուհետ՝ փոխակերպւում հրէշների ու գազանների, փաթաթւում լողորդների ոտքերին եւ խեղդում նրանց։ Յիշւում են նաեւ որպէս արիւնարբու հրէշներ. «Ասեն, թէ Նհանգ կայ յԱրածանի, որպէս յԵփրատ. զոր հաւաստի գիտեմք կենդանի Քարքաշամ զուգեալ, զարիւնն ծծեալ եւ թողեալ. զոր ոմանք ասեն, թէ գազան է եւ չէ դեւ, այլ գազան. զոր Յովհան Ոսկեբերան վասն դստերն Հերոդիադայ ասէ, թէ քան զՆհանգսն ծովայինս արիւնարբու էր»։ Երբեմն պատկերւում էին նաեւ կէս կնոջ, կէս ձկան կերպարանքով, կամ՝ եղեգներով պսակուած եւ մի սափորի վրայ ճկուած։ Յիշւում է նաեւ որպէս «ծովային առասպելական կենդանի, վիշապ, կոկորդիլոս»։ Մենք չունենք Նհանգ բառի ճշգրիտ ստուգաբանութիւնը. ոմանք այն կապում են հայերէնում յիշուող նայ արմատական բառի հետ, որ նշանակում է «խոնաւ, թաց», յիշում նայ տեղեր, նայական շոգւով խոնաւութիւն արտայայտութիւնները, ոմանք՝ պարսկերէն նիհանգի հետ, ոմանք կապ են տեսնում յունական Նայադ ջրային յաւէրժահարսների հետ... Չստուգաբանուած անուններից է նաեւ Ապուռքը, որ հանդիպում ենք հայերէն թարգմանութիւններում՝ նաւորդներին մեծամեծ վնաս ու սարսափ պատճառող յունական Սկիւլլայի ու Քարիբդիսի փոխարէն։ Թերեւս, դիցանունների ստուգաբանութիւնը բաւարար հետազօտուած չէ հայերիս մէջ եւ պէտք ունի խորքային եւ ընդգրկուն ուսումնասիրութիւնների, որոնք կը յաւելեն մեր մեծերի թողած աշխատութիւնները եւ կը շարունակեն լոյս սփռել մեր մոռացուած դիցային ոգիների ճակատագրին...