Լքուած մի գիւղ, որի մէջ 120 տնից մնացել է միայն մէկ տուն եւ այդ տան մէջ մի տարեց կին է ապրում. ուրեմն ողջ գիւղում մի մարդ է ընդամէնը մնացել։ Գիւղ է գալիս նկարահանող խումբ հեղինակի գլխաւորութեամբ եւ այդ մոռացուած գիւղն այլեւս մոռանալ չի լինում։ Յետոյ տեսնում ենք ֆիլմի գլխաւոր հերոսին, որը մասնագիտութեամբ շնամարզ է։ Նա ասում է. «Ես երբեք հարուստ չեմ լինի, իմ բնութիւնն ուրիշ է»։ Ֆիլմի վերջում շների դէմքեր ենք տեսնում, շները մէկը միւսի յետեւից նայում են մեր վրայ։ Մարդկանց նման են, ամենքն իր խառնուածքով։ Ֆիլմի անունը «Կեանքն, ինչպէս որ կայ», ռեժիսորի անունը Վլադիմիր Դաշուկ է։ Նրան ներկայացնելիս «Ոսկէ Ծիրանի» տնօրէն Յարութիւն Խաչատրեանն արտասուեց, քանզի Պելառուսի լաւագոյն վաւերագրող Դաշուկը 2014-ին կեանքին հրաժեշտ էր տուել 52 տարեկանում։ Բեմ դուրս եկաւ նաեւ Դաշուկի այրին եւ խոստովանեց, որ հայերի նման նրբակիրթ ու կենսուրախ մարդ նախկին Սովետական երկրներից ոչ մի տեղ չի տեսել։
ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
dzovinarlok@gmail.com
Լքուած մի գիւղ, որի մէջ 120 տնից մնացել է միայն մէկ տուն եւ այդ տան մէջ մի տարեց կին է ապրում. ուրեմն ողջ գիւղում մի մարդ է ընդամէնը մնացել։ Գիւղ է գալիս նկարահանող խումբ հեղինակի գլխաւորութեամբ եւ այդ մոռացուած գիւղն այլեւս մոռանալ չի լինում։ Յետոյ տեսնում ենք ֆիլմի գլխաւոր հերոսին, որը մասնագիտութեամբ շնամարզ է։ Նա ասում է. «Ես երբեք հարուստ չեմ լինի, իմ բնութիւնն ուրիշ է»։ Ֆիլմի վերջում շների դէմքեր ենք տեսնում, շները մէկը միւսի յետեւից նայում են մեր վրայ։ Մարդկանց նման են, ամենքն իր խառնուածքով։ Ֆիլմի անունը «Կեանքն, ինչպէս որ կայ», ռեժիսորի անունը Վլադիմիր Դաշուկ է։ Նրան ներկայացնելիս «Ոսկէ Ծիրանի» տնօրէն Յարութիւն Խաչատրեանն արտասուեց, քանզի Պելառուսի լաւագոյն վաւերագրող Դաշուկը 2014-ին կեանքին հրաժեշտ էր տուել 52 տարեկանում։ Բեմ դուրս եկաւ նաեւ Դաշուկի այրին եւ խոստովանեց, որ հայերի նման նրբակիրթ ու կենսուրախ մարդ նախկին Սովետական երկրներից ոչ մի տեղ չի տեսել։
Աստղերը եւ նրանց փայլը
Իսկ իտալական կինոյի աստղ Օրնելլա Մութիին հիացրել էր հայերի դաստիարակուածութիւնը։ Ճիշդ դիտարկում էր. երբ «Մոսկուա» կինօթատրոնում հանդիպում կայացաւ միւս աստղ Նասթասեա Քինսկու հետ եւ հանդիպման աւարտին լրագրողներին խնդրեցին չլուսանկարել դերասանուհուն, ապա ոչ ոք չմերժեց այդ խնդրանքը չնայած Քինսկին մէկ մեթր հեռաւորութեան վրայ էր եւ կարելի էր հարիւրաւոր պատկերների մէջ նրան անմահացնել։ Նա շարունակ մազերն էր շտկում եւ փորձում մազերով ծածկել պարանոցը։ Չափազանց դժուար էր նրա մէջ գտնել այն գեղեցկուհուն, որի կազմուածքը, շարժումները, դիմագծերն ու հայեացքը գերում էին այնպէս, ինչպէս կարող է գամել միայն արուեստի կատարեալ գործը։ Սակայն 1984-ին նկարահանուած «Մարիայի սիրեցեալները» (ռեժ.Կոնչալովսկի) ֆիլմում 24 տարեկան Նասթասեայի մէջ կարելի էր գտնել այսօրուա Քինսկու հետ նմանութիւն, ինչպէս երախայի մէջ գտնում են ընդհանրութիւն իր մօր հետ։ Նոյն 1984-ին նկարահանուել էր նաեւ «Սուանի սէրը», որտեղ գլխաւոր դերում Օրնելլա Մութին էր, բայց 29 տարեկան Մութիի մէջ, աւա՜ղ, հնարաւոր չէր գտնել այսօրուայ Մութիին։ Բնութիւնը սպառել էր իր շռայլութիւնը… Աստղերի փայլը մնաց էկրաններում։ Այդ երկու ֆիլմերը հայ հանդիսատեսի մէջ առաջացրին ամենաերանելի կինօապրումներ։ Սակայն դրանք այն ֆիլմերն էին, որոնց մասին հանդիսատեսը գրեթէ ամէն ինչ գիտէր։ Իսկ ընդհանրապէս կողմնորոշուել ֆիլմերի ընտրութեան մէջ փառատօնին չափազանց դժուար է։
100 տարուայ ողբը կինոյում
«Պոլիս», կարդում է ծրագրի մէջ հանդիսատեսը եւ շտապում է Էրիկ Նազարեանի 19-րոպէանոց ֆիլմին։ Այո, ծանօթ ֆիլմ է. ցեղասպանութեան 100-ամեակի առթիւ բոլոր ծանօթ ֆիլմերը այդ թեմայով վերանայւում են։ Դրան գումարւում են բոլորովին նոր ֆիլմեր, ինչպիսին Ռոպէր Կետիքեանի «Խենթ պատմութիւն» ն էր։ Հենց այդ ֆիլմը բացեց 12-րդ «Ոսկէ Ծիրան»-ը։ «Ես հայերէն չեմ խօսում, քանզի մայրենի լեզուն մօր միջոցով են իմանում, իսկ մայրս գերմանուհի էր»։ Կետիքեանը ծնուել է 1953-ին Ֆրանսիայի երկրորդ քաղաք հանդիսացող Մարսեյլում։ Տարիներ առաջ մէկ շաբաթ Կետիքեանի ֆիլմերը ցուցադրուեցին «Մոսկուա» կինօթատրոնում։ Դրանք իւրայատուկ կինօ- սոցիալական հետազօտութիւններ էին Մարսեյլում ապաստանած գաղթականների մասին։ Յիշում եմ Գեդիկեանին, որն առաջին անգամ էր եկել Հայաստան եւ այնքան օտար էր իրեն զգում բոլորովին անծանօթ, իր կողմից դեռեւս չհետազօտուած միջավայրում, որը հանդէս էր գալիս նաեւ որպէս նրա նախնիների հայրենիք։ Եւ նա ծանօթացաւ Հայաստանի հետ, իսկ ռեժիսորի համար ծանօթութիւնը դա կինօհետազօտութիւն է։ Նա ինքը իր կնոջ Արիան Ասկարիդի հետ գրեց սցենար եւ բեմադրեց 125 րոպէանոց «Ուղեւորութիւն դէպի Հայաստան» ֆիլմը, որը ցուցադրուեց 3-րդ «Ոսկէ Ծիրան»-ին 2006-ին։ Ֆիլմի երաժշտութիւնն էլ գրեց Արթօ Թունչպոյաճեանը։ Սակայն նրա 19 ֆիլմերից գլուխգործոց եմ համարում «Մարսեան դաշտի անցորդը»՝ Ֆրանսուա Միթերանի մասին։ Ֆրանսիայի նախագահի դերում Միշել Բուքեն էր (ծն. 1925-ին), որը արժանացաւ «Սեզար» մրցանակի։ Սակայն ամենահետաքրքիր դերասանը, որ երբեւէ յայտնուել է հայերի կողմից նոր ժամանակներում նկարահանուած կինօներում, դա ֆրանսահայ Սիմոն Աբգարեանն է (ծն. 1962-ին)։ Մենք տեսանք նրան Ատոմ Էգոեանի «Արարատ» ֆիլմում՝ Արշիլ Կորքիի դերում, ֆաթիհ Աքընի «Սպի»-յում, Կետիքեանի «Յանցագործների բանակը» (2009) ֆիլմում Սիմոն Աբգարեանը Միսաք Մանուշեանի դերում էր։ Վերջերս նկարահանուած «1915» ֆիլմի գլխաւոր հերոս Սիմոնի դերի համար նոյնպէս հրաւիրեցին Սիմոն Աբգարեանին։ Այժմ անդրադառնանք «Խենթ պատմութեանը»։ Զուր չէ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Եղիցի լոյս» մրցանակը շնորհեց այս տարուայ «Ոսկէ Ծիրան»-ի խաղարկային մրցոյթի նախագահ Կետիքեանին։ Փառատօնի բացման ֆիլմում՝ «Խենթ պատմութեան» մէջ Կետիքեանը լոյս սփռեց 70-ականներին ԱՍԱԼԱ կազմակերպութեան մէջ ներգրաւուած երիտասարդների մասին։ Արամը (Սայրուս Շահիդի) մասնակցում է Փարիզում իրականացրած գործողութեանը, որի հետեւանքով անդամալոյծ է դառնում նաեւ Ժիլ (Գրեգուար Լըպրենս-Ռենգէ) անունով մի երիտասարդ։ «Ինձ չե՛ն հետաքրքրում հայերը եւ նրանց պատմութիւնը։ Ինձ հարկաւոր են իմ ոտքերը», բացականչում է Ժիլը, երբ հիւանդանոցում նրան այցելում է Արամի մայրը։ Սակայն հետզհետէ նա մտերմանում է Արամի հօր եւ մօր հետ եւ երբ Արամը այլեւս հրաժարւում է մասնակցել ԱՍԱԼԱ-ի գործողութիւններին, համարելով, որ դա մարդասպանութիւն է, ապա նրան վերացնում են։ Կազմակերպութեան մի անդամ գնդակահարում Է Արամին։ Մօր եւ Ժիլի աչքի առաջ։ Մայրը (Արիան Ասկարիդ) ուժեղ ճիչ է արձակում, Ժիլի աչքերից անզուսպ արցունքներ են հորդում, իսկ հա՞յրը։ Հայրը՝ Սիմոն Աբգարեանի կատարմամբ գտնւում է Մարսեյլի իր տան մէջ, նա ձայն չի հանում։ Նա պարում է եւ այդ պարի մէջ, այդ պարի աչքերի մէջ այնպիսի ողբ է հեծկլտում, զոր երբեւէ չէի տեսել ո՛չ հայկական, ո՛չ էլ որեւէ մի ուրիշ համաշխարհային կինօնմոյշի մէջ։
Շարունակելի