Ճուլիա Մութլուի տարազների տողանցքը սպասում էին 2011-ից ի վեր։ Նրանք, ովքեր դիտել էին եւ նրանք, ովքեր չէին դիտել եւ իմացել էին դիտողներից։ Ապրիլ-2015-ի միջոցառումներից ամենակարեւորն էր Ճուլիա Մութլուի հաւաքածոն, քանզի դա մեր ինքնութեան տողանցքն էր, մենք տեսանք մեզ այնպէս, ինչպիսին մենք եղել էինք սկսած 1590 թուականից… մեր հողերում։
ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
dzovinarlok@gmail.com
Ճուլիա Մութլուի տարազների տողանցքը սպասում էին 2011-ից ի վեր։ Նրանք, ովքեր դիտել էին եւ նրանք, ովքեր չէին դիտել եւ իմացել էին դիտողներից։ Ապրիլ-2015-ի միջոցառումներից ամենակարեւորն էր Ճուլիա Մութլուի հաւաքածոն, քանզի դա մեր ինքնութեան տողանցքն էր, մենք տեսանք մեզ այնպէս, ինչպիսին մենք եղել էինք սկսած 1590 թուականից… մեր հողերում։ Սակայն հաւաքածոն ընդգրկում էր ոչ միայն Օսմանցի հայերի տարազները, այլ նաեւ պարսկահայերի, վիրահայերի, արցախցիների, երեւանցու։ Տարազ ասուածն էլ ընդգրկում էր ոտքից գլուխ եղած հագ ու կապը։ Ահա թէ ինչ է գրում ինքը Ճուլիա Մութլուն այդ առիթով. «Այս հաւաքածոյի մէջ կարելի է տեսնել ամէն դասակարգի պատկանող ժողովուրդի գործածած տարազները։ Օրինակ, հողագործի մը տարազէն մինչեւ Օսմանեան շրջանի վաճառականի։ Զարդեղէններ, գլխանոցներ, տրեխներ, հագուստներ, շալվարներ, պարեգօտիներ մաս կը կազմեն հաւաքածոյին։ Զարդեղէնները պատրաստուած են Ժանին Փափազեանի կողմէ։ Կերպասները ձեւելու գործը կատարեցինք միասնաբար։ Տարազները անձամբ ես կարեցի։ Ամէն մէկը, զոր կարեցի, նոր հատ մը եւս կարելու փափաքը տուաւ ինծի»։ Տողանցքը ուղերկցւում էր շատ կարեւոր տեղեկութիւններով, որոնք էին մեր կորուստների տուեալները. որքան էր բնակչութիւնը այս կամ այն նահանգում, քանի եկեղեցի ու վանք կար, դպրոց… Օրինակ, Խարբերդ նահանգը բաղկացած էր երեք գաւառներից. Խառբերդ, Տէրսիմ եւ Մալաթիա։ Խարբերդ քաղաքի Հայ բնակչութիւնը 68.877 հոգի էր։ Քաղաքում կար 117 հայկական եկեղեցի ու վանք եւ 129 դպրոց։ Տէրսիմում ապրում էին 16.707 հայ, հայերը ունէին 157 եկեղեցի ու վանք, նաեւ 47 դպրոց։ Մալաթիայի հայ բնակչութիւնը կազմում էր 38.705 հոգի եւ հայերն ունէին 33 եկեղեցի ու վանք եւ 29 դպրոց… Եւ այպէս 18 նահանգների մասին։
Քելէ քելէ, քելքիդ մեռնեմ
Թիւերը խրւում էին գիտակցութեան մէջ եւ արթնացնում երբեք չխորհած շարժապատկերներ, որոնք վերաբերւում էին հայերի խաղաղ կեանքի ընթացքին։ Նոյն բացայայտումը ուղղակի շնչահեղձ արեց հայ հանդիստեսին 2009-ին, երբ հրատարակիչ Օսման Քէօքերը ցուցադրեց Երեւանում 500 փոստային բացիկներ Օռլանտօ Քառլօ Քալումենոյի 4000-ոց հաւաքածոյից։ Յիշում եմ, Քէօքերը՝ հատելով սահմանն իր հազուագիւտ բեռով, ասաց. «Երեւում է, սահմանը առաջինը ես եմ բացում»։ Այո, նա առաջինը բացեց մեր առջեւ սահմանը, որից այն կողմ մենք տեսանք ինքներս մեզ դեռեւս չկրճատուած վիճակում, իսկ հայ շինութիւնները դեռեւ չաւերուած կամ չվերանուանուած։ Կարծում եմ Մութլուի հաւաքածոն պիտի տողանցի աշխարհի բազմաթիւ երկրներով, ինչպէս դա անում է Քէօքերի ցուցահանդէսը։ Դեռ աւելին, տողանցքը հարկաւոր է ցուցադրել հայկական բոլոր հեռուստաալիքներով, քանզի հայկական տարազների տողանցքը փաստօրէն դա ոչ միայն կորստի ցուցադրութիւն է, այլ՝ միաժամանակ նաեւ վերակենդանացման եւ ամրապնդման գործողութիւն հայի բանականութեան մէջ։ Վերջի վերջոյ մնում է այն, ինչ մնում է մարդու գիտակցութեան մէջ։ Արեւելահայերի համար վերացական, անցեալում մնացած Հայաստանը, որի հանդէպ արեւմտահայը կարօտախտ է զգում արդէն 100 տարի է ի վեր, տողանցքի շնորհիւ սկսում է շօշափելի եւ առարկայական փաստ դառնալ։ Մնում է, որ ներկայիս Հայաստանը, որը բոլոր հայերի մէջ անխտիր միայն դժգոհութիւն է առաջացնում, ամրապնդուի գիտակցութեան մէջ որպէս վերջնական Հայաստանի միակ հանգրուան։
Ինչո՞ւ էր Մութլուի կարած տարազների ցուցադրութիւնը ընկալւում որպէս Հայի ինքնութեան տողանցք։ Մի՞թէ հնարաւոր չէ, օրինակ, պրոֆէօսիոնել մանքենների միջոցով ներկայացնել մեր հագուստեղէնը։ Անշուշտ, հնարաւոր է, եւ Տէրեան մշակութային կեդրոնը, որը վերջում մասնակցեց տողանցքին որպէս մի տեսակ յաւելում, ապացուցեց, որ երբ մասնագիտութիւնից հեռու մարդիկ են տողանցում, ապա մենք տեսնում ենք մարդուն իր ազգային ինքնութիւնով հանդերձ, իսկ երբ արհեստավարժ մանքեններն են քայլում, ապա մենք տեսնում ենք միայն կար ու ձեւը, որը միայն աչք է շոյում, չներթափանցելով արեան շրջանառութեան մէջ։ Ուստի ազգային ինքնաճանաչման համար անհրաժեշտ եմ համարում Ճուլիա Մութլուի տարազների տողանցքի, ինչպէս նաեւ «Դալար» պարախմբի եւ Սահակ Պարթեւ Կարեանի երգի հանդէսը իրականացնել ամենուր, որտեղ մարած հայի շունչ կը գտնուի։