Ասում են մէկ հոգու ողբերգութիւնը ողբերգութիւն է, իսկ միլիոնների՝ վիճակագրութիւն։ Անշիրիմ մնացած զոհերի առջեւ մենք պարտաւորութիւն ունենք. փառատել վիճակագրութիւնը եւ մէկ առ մէկ անցնել զոհերի հետ իրենց Գողգոթայի ճամբան։ Եղեռնին իր 5 զաւակներին կորցրած Մարիցա Եղոյեանի յուշատետրը Կիւմրի քաղաքի «Կումայրի» թերթին տրամադրել էր նրա որդի՝ Զիդալ Եղոյեանը (ծն. 1934-ին), եւ այս յուշերը լոյս տեսան 1995-ի Ապրիլեան թիւի մէջ, իսկ ինձ հասան դրանք Եղոյեանի փեսայի՝ դստեր ամուսնու, Յովհաննէս Դուրգարեանի միջոցով։ Հազարաւոր վկայութիւնների մէջ ես զատեցի այս մէկը, որտեղ ցայտուն կերպով արտայայտուած է ոչ միայն ողբերգութեան խելակորուսութիւնը, այլ այդ ողբերգութեանը դիմադրողականութեան զօրաւոր ուժը, որի շնորհիւ մենք որպէս ազգ այսօր կանք։ Ահաւասիկ Մարիցա Եղոյեանի վշտապատումը։
ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
dzovinarlok@gmail.com
Ասում են մէկ հոգու ողբերգութիւնը ողբերգութիւն է, իսկ միլիոնների՝ վիճակագրութիւն։ Անշիրիմ մնացած զոհերի առջեւ մենք պարտաւորութիւն ունենք. փառատել վիճակագրութիւնը եւ մէկ առ մէկ անցնել զոհերի հետ իրենց Գողգոթայի ճամբան։ Եղեռնին իր 5 զաւակներին կորցրած Մարիցա Եղոյեանի յուշատետրը Կիւմրի քաղաքի «Կումայրի» թերթին տրամադրել էր նրա որդի՝ Զիդալ Եղոյեանը (ծն. 1934-ին), եւ այս յուշերը լոյս տեսան 1995-ի Ապրիլեան թիւի մէջ, իսկ ինձ հասան դրանք Եղոյեանի փեսայի՝ դստեր ամուսնու, Յովհաննէս Դուրգարեանի միջոցով։ Հազարաւոր վկայութիւնների մէջ ես զատեցի այս մէկը, որտեղ ցայտուն կերպով արտայայտուած է ոչ միայն ողբերգութեան խելակորուսութիւնը, այլ այդ ողբերգութեանը դիմադրողականութեան զօրաւոր ուժը, որի շնորհիւ մենք որպէս ազգ այսօր կանք։ Ահաւասիկ Մարիցա Եղոյեանի վշտապատումը։
Աս ի՞նչ եկաւ մեր գլխին
Մարիցան ծնուել էր Արեւմտեան Հայաստանի Սեբաստիա վիլայէթի համանուն գաւառի Գոշկիրի գաւառակի Քարհատ (թուրքերէն Թաշլըք) գիւղում։ Բնակչութիւնը բաղկացած էր միայն հայերից։ 200 տնտեսութիւն։ Հայրը մահացաւ, երբ Մարիցան դեռ փոքր էր։ 4 երախաներ մնացին տատիկի եւ մօր յոյսին։ Տան ամբողջ ունեցուածքը մի քանի սնտուկ գրքեր էին։ Երբ Մարիցայի մեծ եղբայրը գնաց դպրոց, որպէս վարձ տրւում էին գրքեր։
14-15 տարեկանում Մարիցան ամուսնանում է Ասատուրի հետ, որն ապրում էր իր երկու եղբայրների հետ։ Տան տէրը Ասատուրի աւագ եղբայր Թորոս աղան էր։ Տունը միշտ մարդաշատ էր, հիւրաշատ. 20-30 մարդ էին նստում սովորաբար սեղանի շուրջ։ Ով գիւղ էր մտնում, հիւրընկալւում էր Թորոս աղայի տանը։
1914-ից թուրքերը սկսեցին հայերին նեղել։ Ամէն մի փոքր առիթ պատճառ էին բռնում մինչեւ որ կաշառք չստանան։ Գիւղում տեղակայեցին թուրք զինուորներին։ Պահանջում էին զէնք, սննդամթերք, ոսկի եւ այլն։ 1915-ին ամուսնուն՝ Աստաուրին, տարան բանակ։ Արդէն լուրեր էին պտտւում, որ հայերին քշում ու կոտորում են։ Այդ ծանր օրերին նրանց տուն թուրքեր են գալիս եւ առաջարկում փրկութեան համար ընդունել թրքութիւն։ Թորոս աղան ասում է. «Մինչեւ հիմա հայ եմ եղած, ի՞նչ եմ ըրած իմ ժողովրդին համար, որ հիմա էլ թուրք դառնամ։ Իմ զաւակներիս ու հարազատներիս համար ամօթ է այդ։ Թող բոլորն ալ մեռնին»։ Դա նրա վերջին խօսքերն էին, նա գնում է թուրքերին ճանապարհելու, իսկ քիչ անց Մարիցայի որդին՝ Գրիգորը վազելով ներս է մտում ու յայտնում, որ մի թուրք հագել է մեծ աղայի (Թորոսի) հագուստը, որովհետեւ նրան աղբիւրի վրայ մորթել են։ Սպանուել էր նաեւ Մարիցայի քրոջ ամուսինը, իսկ քոյրը՝ աքսորուել։ Միւս քրոջն էլ այլեւս երբեք չտեսան։ Շուտով յայտարարեցին, որ ամենաուշը մէկ շաբաթից պիտի տեղահանուեն մէկ ամիս ժամկէտով, որպէսզի հայերը ռուսների հետ չմիանան։ Իւրաքանչիւր ընտանիք իրաւունք ունէր տանելու մէկ սայլ (արաբա)։ Մարիցան իր մօր, մեծմօր, 5 երախաներով, նաեւ ամուսնու եղբօր տղայի հետ կազմեցին մի ընտանիք։
-Իմ Անդրանիկիս էլ տար ձեզ հետ,- ասաց Վարդուհի հարեւանուհին։ Անդրանիկից զատ Վարդուհին ունէր եւս երկու զաւակներ, որոնք զոհ գնացին գաղթի ճանապարհին։ Տարիներ անց Անդրանիկը գտաւ մօրը եւ 1948-ին ներգաղթեց Հայաստան։ Այստեղ էլ սովետական համակարգի զոհ դարձաւ. նրան դատապարտեցին որպէս թուրքական լրտես եւ նա ինքնասպան եղաւ բանտում։
Վերադառնանք սակայն Մարիցայի տանջանքներին, որոնք իր խոստովանութեամբ 6,5 տարի տեւացին։ Այսպիսով ճամբայ ընկան… Ուտելիքը վերջանում էր։ Քայլում էին գիւղերից ու ջրերից հեռու վայրերով։ Զգում էին, որ նոյն տեղով են անցնում կրկնակի անգամ։ Նոյնիսկ Տէր-էլ-Զորով։ Մէկ ամիս չանցած Մարիցայի մայրը հիւանդանում ու մահանում է 40-45 տարեկանում։ Ծարաւն անտանելի էր, թուրքերը երախաների ծարաւը բորբոքելու համար ջուր էին ցոյց տալիս, բայց չէին թոյլատրում խմել, ոսկի էին ուզում թրջած փալասի կտորը շուրթերին քսելու համար։ Ոսկի գտնելու պատրուագով էլ սկսուեցին բռնաբարութիւնները։ Սկսբում մի քիչ ամաչում էին, բայց յետոյ…ամօթ չկար։
Արաբկիր քաղաքից հեռանալիս Մարիցան տեսաւ, որ ծառերի տակ մի քանի ծծկեր (süt çocuğu) երախայ էին դրուած։ Հենց այդտեղ Մարիցան ձեռքից իջեցրեց 1 տարեկան Վարդուկին, կողքին էլ չոր հացի կտոր թողեց։ Երախաների հարցին, թէ ո՞ւր է քոյրիկը, մայրը պատասխանեց, որ մէկը խնդրեց՝ նա էլ տուեց, վերադարձին յետ կը վերցնեն։
-Աբա մեզ ալ չո՞ւզէր ադ մարդը…
Մարիցան երբեք ինքնիրեն չկարողացաւ ներել Վարդուկի համար, մտատանջուելով, թէ աւելի ճիշդ կը լինէր, որ Վարդուկը մեռնէր իր ձեռքերի մէջ։ Օրեկան 1-2 մարդ էր մեռնում։ Երբ Մալաթիայից անցան Մարաշ, Մարիցայի տատիկն էլ արդէն նրանց հետ չէր։ Տիվրիկ քաղաքն անցնելիս հրաժարուեց շարունակել ճանապարհը։ Կանչեց երախաներին, համբուրեց, լացեց.
-Աստուած ձեզ հետ։ Մարիցա, եթէ գտնես Սմբատիս, նրան մայրութիւն կ՚անես։
Սա էր նրա վերջին պատգամը։ Մարիցան մտածում էր, որ եթէ եղբայր Սմբատը ողջ մնայ, ապա չի մարի հօր օճախը, իսկ ինքը դեռ երիտասարդ է եւ շատ երախաներ կարող է ունենալ…
Երբ Մարաշ հասան, խումբը արդէն շատ էր նուազել։ Մեռածներին չէին հասցնում թաղել. թողնում, հեռանում էին։
Ուրֆայից նոր, գազազած պահակախումբ է գալիս եւ պահանջում է ոսկի։ Ոչինչ չստանալով, բոլորին կանգնեցնում են շարքի։ Մարիցան էլ է կանգնում երախաներով։ Շարքի առջեւում կանգնած մօր ձեռքից խլում են 3-4 տարեկան երախային եւ մօրից պահանջում ոսկի. «Ոսկի կու տաս, չե՛նք սպանի»։ Մէկը բռնում է երախայի ոտքերից, միւսը սրի հարուածով կտրում է։ Վերցնում են երկրորդ երախային եւ նետում են վեր՝ սուրը պահելով տակին… Երբ հետեւեալ մօր ձեռքից խլեցին իր երախային, Մարիցան գոցեց աչքերը եւ ջուրը նետեց Թագուկին։ Մի քանի օր յետոյ է միայն ուշքի գալիս եւ նկատում, որ մեծ աղջիկը՝ Մանեակը չի թողնում, որ երկու եղբայրները մօտենան մօրը. «Մի' գնաք աբայի մօտ, ձեզի ջուրը կը նետէ»։ Մնացել էին երեք զաւակները՝ Մանեակը, Գրիգորը եւ Վարդերեսը։ Ինչո՞վ էին սնւում։ Մարիցան նշում է փշարմատները, կատուի ու շան միսը։ Երբ ճամբին արաբների էին հանդիպում, նրանք, օգտուելով պահակների անուշադրութիւնից, որեւէ ուտելիք էին տալիս։ Տանջուած ուժասպառ հայերին հետեւում էին չախկալները։ Մի օր էլ 8 տարեկան Գրիգորը իրեն շատ վատ զգաց ու մէկ ժամ չանցած մահացաւ։ Վարդերեսը քարեր հաւաքեց ու շարեց Գրիգորի վրայ, որպէսզի չախկալները չկրծեն։ Մի քանի օր յետոյ էլ Վարդերեսը Գրիգորի պէս յանկարծակի հիւանդացաւ ու մահացաւ։ Մարիցան վշտից կ՚ուրացաւ։ Միակ զաւակը, որ դեռ ողջ էր, ձեռքից բռնած տանում էր նրան։ Սակայն նա էլ էր ուժասպառ եղել եւ շարունակ յիշում էր քոյրիկներին ու եղբայրներին։ Մուսուլ գիւղում Մարիցային համոզում են աղջկան՝ Մանեակին ծառայ տալ։ Խմբի մէջ այլեւս ոչ մի երախայ չմնաց։ Քանի օր է անցնում, Մարիցան չգիտի, միայն զգում է, որ երկու արաբ իրեն կռնատակերից բռնած գետնից բարձրացնում են, ուտելիք տալիս ու նստեցնում սայլի վրայ։ Կրկին յայտնւում է գաղթականների խմբում։ Նրանց հիմնական զբաղմունքը մուրալն էր։ Խմբում մնացել էին մի քանի ծեր եւ միջին տարիքի կանայք։ Վերջապէս անգլիացիների են հանդիպում, որոնք ուտելիք են տալիս, բժիշկներին յանձնում, հագուստներ բաժանում, աշխատանք առաջարկում։ Մարիցան սկսում է աշխատել լուացքատանը, եկեղեցի այցելում։ Նրանց տուեալները գրանցում են, լուսանկարում են առանձին եւ խմբով։
Ամուսնուն՝ Ասատուրին Մարիցան հանդիպում է Կ.Պոլսում. Ասատուրին յաջողւում է փախչել զինծառայութիւնից եւ մահուան ճանապարհից.
-Ի՞նչ եղան երախաներս, Մարիցա։
Նա աշխատանք ունէր, բայց դարձել էր մտամոլոր եւ յաճախ անշարժանում էր։
-Աս ի՞նչ եկաւ մեր գլխին, Մարիցա,-անընդհատ կրկնում էր նա։
Մարիցան գտաւ նաեւ իր եղբօր՝ Սմբատին, որի Գողգոթայի ճամբան նոյնպէս երկար տեւեց. 6 տարի նա ծառայեց թուրքերի մօտ մինչեւ մօրեղբօր տղաները չազատեցին նրան, վճարելով մեծ փրկագին։ Միասին Պոլսից անցնում են Պէյրութ, այնտեղից էլ Ֆրանսիա։ Ասատուր Եղոյեանի գերդաստանից մնացել էին միայն եղբօր աղջիկը՝ ԱՄՆ-ում, եւ քոյրը՝ Պոլսում։ Սակայն երբ իմանում են, որ եղբօր տղաները գտնւում են Լենինականում, Եղոյեանները 1929-ին ներգաղթում են Սովետական Հայասատան։ Աւա՛ղ, որքան ցանկալի կը լինէր ֆրանսահայ ազգականը սովետական քաղաքացու համար, այնքնան էլ հիասթափեցնող էր Ֆրանսիան թողած եւ սովետական քաղաքացիութիւնը ընդունած բարեկամը։ Մարիցան նշում է, որ նրանց հանդիպումները զարմիկների հետ սահմանափակուեցին մէկ- երկու անգամով։ Այնպէս որ շատ իրաւացի էր Ասատուր Եղոյեանը, երբ ասաց.«Կնիկ, ինչո՞ւ եկանք Ֆրանսայէն»։ Դա նրա վերջին խօսքերն էին. նա մահացաւ 1953-ին, եւ Ասատուրին յուղարկաւորեցին հարեւաններն ու աշխատակիցները։ Իսկ ի՞նչ եղաւ որդեկորոյս Մարիցայի հետ, որը մտածում էր կորցրած զաւակների փոխարէն կրկին մայրանալ։ Ցաւօք, Աստուած նրան այլեւս զաւակ չպարգեւեց, բայց Սմբատ եղբայրը իր միջնակ մանչին՝ Զիդալին տուեց քրոջը եւ Զիդալը Մարիցային որպէս հարազատ մայր ճանաչեց, ինչպէս նաեւ թոռները՝ մեծմայր։ Յովհաննէս Դուրգարեանը յիշում է Մարիցա Եղոյեանին, այսինքն իր կնոջ՝ Իսկուհու մեծմօրը որպէս իր իմացած ամենահանճարեղ անձնաւորութիւններից մէկը, որը թէեւ կրթութիւն չէր ստացել, բայց կեանքի այնպիսի համալսարաններ էր անցել, որ դարձել էր իմաստութեան տաճարի շրջանաւարտ։
P.S. Զարմանում ես, երբ շարժանկարի համար ցեղասպանութեան նիւթ են փնտռում կամ յօրինում։ Մեր առջեւ մի կեանքի պատմութիւն է, որը պարզաբար կարող է կինօնկարի սիւժէի (konu) վերածուել։