ՐԱՖՖԻ
Ը
Աղբակա ամբողջ գաւառում ոչ մի հայ չէր մնացել, 24 գիւղեր բոլորովին աւերակ եւ դատարկ էին. բնակիչներին մասամբ կոտորել էին եւ մասամբ գերի էին տարել քրդերը, իսկ մնացածները փախել էին Պարսից սահմանակից Սալմաստ եւ Սոմայի գաւառները, ապաստանելով տեղային հայերի մօտ։ Արշաւանքը այն աստիճան անակնկալ եւ յանկարծակի էր եղել, որ փախստականներն հազիւ կարողացել էին ազատել իրանց թշուառ գլուխը, իսկ տուն, տեղ, կայք եւ անասուն, բոլորը թողել էին թշնամուն։
Ջալալեդդինի արշաւանքը նման էր մի սարսափելի հեղեղի, որ միանգամով չէր վերջանում, որ գալիս է, յետոյ ընդհատւում է, եւ կրկին կատաղի հեղեղը սաստկանում է նոր եւ նոր յորձանքներով։ Նա սկզբում իր հետ ունէր հինգ հազար ձիաւոր միայն, որոնցմով դուրս եկաւ Աղբակից, դիմում էր դէպի Պայազեդ, որ կողմով եւ անց էր կենում, թողնում էր իր ետեւից աւերակներ եւ ամայութիւն։ Եւ այնուհետեւ, նրա արշաւանքի ձայնը լսելով հեռաւոր տեղերի քրդերը, խումբերով դուրս էին գալիս, եւ դիմում էին դէպի իրանց առաջնորդի բանակը։ Այս վերջինները լրացնում էին, ինչ որ պակաս էր թողել Ջալալեդդինր։ Հեղեղի հորձանքր այսպիսով կրկնւում էր, եւ միեւնոյն երկիրը մի քանի անգամ ենթարկւում էր ասպատակութիւնների։
Ջալալեդդինը, որպէս շէյխ եւ զօրավար, միայն էր, որ յանձն առեց քրդերի գլխաւորութիւնը, առաջնորդելու նրանց դէպի պատերազմի դաշտը։ Բայց քրդերին առաւելապէս գրգռող եւ նրանց կատաղութիւն ոգեւորող էր մի ուրիշ շէյխ, որն իր տեղից չէր շարժուել, որն ամբողջ Քուրդիստանի հոգեւոր գլուխն էր համարւում, եւ ներգործում էր իր սրբազան թղթերով քրդերի գարայբեկիների, ղազիների եւ մուֆթիների վրայ։ Դա Շէյխ Իբադուլլահն էր։ Այդ քրիստոնէութեան երդուեալ թշնամին թոյլ էր տուել ամէն տեսակ անգթութիւններ, եւ հրամայել էր ամենեւին չխնայել…։
Պատերազմի ժամանակ որպէս քրդերի, նոյնպէս եւ բոլոր մահմետական ցեղերի սպառազինութեան պատճառը լինում է կոյր մոլեռանդութիւնը մի կողմից, եւ կողոպուտի ու յափշտակութեան ծարաւը, միւս կողմից։ Նրանց մէջ խաղ են առնում երկու կրքեր՝— հոգեւոր եւ նիւթական, առաջինը լցուցանում է նա ոչ–մահմետականներին մորթելով, իսկ երկրորդին բաւականութիւն է տալիս նրանց կայքը եւ հարստութիւնը յափշտակելով։ Եւ այս պատճառով Ջալալեդդինի զօրքը խիստ դանդաղ էր ընթանում. նա մի կողմից պէտք է հնձէր, բայց իր հունձքը իր հետ տանել չէր կարող,— միւս կողմից, հարկաւոր էր հունձքը տանել, հասցնել իրանց բնակութեան տեղերը եւ նորից վերադառնալ ու միանալ բանակի հետ եւ շարունակել ընթացքը դէպի Պայազեդ։ Այս էր նրա զօրախումբի անդադար բաժանման եւ կրկին միաւորութեան պատճառը։ Ջալալեդդինը իր ճանապարհը մաքրելով էր առաջ ընթանում դէպի Պայազեդ։
Բայց չէր կարելի միանգամայն ուրանալ քրդերի մէջ ազնիւ մարդիկ. նրանց մէջ կային եւ այնպիսիներն, որոնք զուրկ չէին բարի զգացմունքներից, որոնք չէին մասնակցում վատ գործի։ Այս տեսակ մարդերից մէկն էր Օմար աղան, իր հոտերով եւ երամակներով հարուստ քուրդը, որը մի փոքրիկ ցեղի գլխաւորն էր։ Նա չմասնակցեց Ջալալեդդինի արշաւանքին։ Եւ լսելով անգութ ծերունիի դիտաւորութիւնը, նա յառաջագոյն եկաւ Բարդուղիմէոս առաքեալի վանքը եւ յայտնեց վանահայր Եղիազար վարդապետին, թէ մի քանի օրից յետոյ ի՜նչ դառն վիճակ էր սպասում Աղբակա հայերին։ Նա խորհուրդ տուեց վանահօրը օգուտ քաղել վանքի անմատչելի ամրութիւններից, եւ այդ նուիրական բերդը ընտրել որպէս մի պաշտպանողական դիրք, եւ այնտեղ հաւաքելով շրջակայ հայոց գիւղորայքի հարստութիւնները,— այնտեղից ընդդիմանալ թշնամուն։ Օմար-աղան խոստացաւ ինքն էլ միանալ վանահօր հետ եւ իր խոստմունքը կատարեց գործով, որովհետեւ նա էլ երկիւղ ունէր Ջալալեդդինից, եւ նրա արշաւանքին չմասնակցելու համար վախենում էր ենթարկուել շէյխի վրէժխնդրութեանը։ Եւ այս պատճառով իր տան հարստութիւնը նա հաւաքեց վանքի մէջ, եւ իր մարդիկներով պատրաստ էր հարկաւորած ժամանակ, միանալով հայերի հետ, ընդդիմանալ թշնամուն։
Եղիազար հայր սուրբը ընդունեց իր վաղեմի բարեկամի՝ Օմար-աղայի խորհուրդը, որի հաւատարմութեան վրայ կատարեալ վստահութիւն ունէր, եւ Բարդուղիմէոս առաքեալի վանքի շրջակայ հայոց գիւղորայքի թէ բնակիչներին եւ թէ նրանց կայքը ու անասունները հաւաքել տուեց վանքի մէջ։
Բարդուղիմէոս առաքեալի վանքը այն հնադարեան վանքերից մէկն էր, որ իր գոյութիւնը պահպանում էր Լուսաւորչի ժամանակներից։ Ամբողջ տասն եւ վեց դար, պատերազմելով բնութեան խստութիւնների եւ բարբարոս ձեռքերի դէմ, այդ վանքը կանգնած էր, որպէս մի հսկայական յիշատակարան կրօնասէր հայի նախկին ճարտարապետութեան։ Նա վկայ է եղել բազմաթիւ եղեռնական անցքերի. նա տեսել էր կրակապաշտ պարսիկների, արաբների եւ մոնղոլների բոլոր անգթութիւնները։ Նա իր հոյակապ կողքերի վրայ կրում էր բազմաթիւ յիշատակարաններ, թէ քանի՜-քանի՜ անգամ կործանուած է եղել, եւ կրկին հայկական ջերմեռանդութիւնը նորոգել է նրան։
Այդ վանքը բաւական ամուր դիրք ունի, նա կառուցուած է մի բլուրի բարձրավանդակի վրայ, որի գագաթը արհեստական բանուածքով աւելի եւս բարձրանալով, նրա վրայ դրած է վանքի հիմնարկութիւնը։ Բլուրի երեք կողմից շրջապատում է ահագին խորութեամբ մի ձոր, որի միջով հոսում է Տիգրիսի վերին ճիւղերից մէկը, որ սովորաբար կոչւում է «Վանքի գետ»։ Բլուրի չորրորդ կողմը միանում է մի լեռնային թեւքի հետ, որի վրայ դրած է մի հայոց գիւղ, որը վանքի սեփականութիւնը լինելով, կոչւում է «Վանքի գիւղ» եւ նա հարիւր քայլ հազիւ հեռու կը լինի վանքից։
Վանքը պատած է պարիսպներով եւ աշտարակներով, նա ունի իր մէջ, բացի հոյակապ տաճարից, շատ խուցեր միաբանութեան համար եւ շատ ուրիշ ծածկոցներ վանքային տնտեսութեան մշակների եւ անասունների համար։ Երբ որ Ջալալեդդինի արշաւանքի ձայնը հասաւ այս կողմերը, վանքի օթեւանները լիքն էին Աղբակա բնակիչներով, իսկ նրանց թանկագին հարստութիւնները պահուած էին տաճարի գաղտնի պահարաններում։ Եւ «Վանքի գիւղում» հաւաքել էին նրանց անասունները։
«Վանքի գետը», որ հոսում էր ձորի միջով, իր եզերքում թողնում էր բաւական ընդարձակ եւ հարթ տարածութիւն, որ պատած էր խոտով, եւ ներկայացնում էր մի կանաչազարդ հովիտ, որ գարնան սկզբում վառւում էր դեղնագոյն ծաղիկներով։ Այս մարգագետինների վրայ արածում էին վանքին պատկանող ձիաների երամակները։
Մի առաւօտ սարսափելով նկատեցին, որ յիշեալ հովտի վրայ, գետի ափերի մօտ, կազմուած էին բազմաթիւ վրաններ։ Քրդերի խաշնարածները իրաւունք չունէին վանքի մօտ, նրա կալուածների վրայ զետեղել իրանց չատրները, ուրեմն դրանք լինելու էին այն ինքնակոչ հիւրերը, որոնց սոսկալի երկիւղով սպասում էին վանականները։ Ամէնքը մեծ տագնապի մէջ ընկան։ Ամէն կողմից ոչխարներ, կովեր եւ երկրագործական անասուններ սկսեցին քշել դէպի գիւղը։ Տագնապը աւելի մեծացաւ, երբ մի հովիւ լուր բերեց վանահօրը, թէ Ջալալեդդինը բազմաթիւ քրդերով իջեւանել է վանքի մարգերի վրայ։
Վանահայր Եղիազար վարդապետը մի վիթխարի մարդ էր։ Թէեւ ծերացած, թէեւ նրա ականջները ծանր էին լսում, բայց անդադար գործ ունենալով քրդերի հետ, որպէս ասում են, նա «կէս քուրդ» էր դարձել, այսինքն աներկիւղ այրական սիրտ էր ստացել։ Երբ լսեց հովիւի բերած լուրը, նա ամենեւին չզգաց այն յուսահատական երկիւղը, որ տիրում է թուլասիրտ մարդերին վտանգի րոպէներում։ Վանահայրը նոյն միջոցում նստած էր իր փոքրիկ խուցի մէջ եւ նրա մօտ գտանւում էր մի քուրդ իշխան բաւական համակրական դէմքով։ Վերջինը Օմար-աղան էր։ Երկուսն էլ դուրս գնացին, երբ լսեցին հովիւի խօսքերը։ Նրանք դիմեցին դէպի վանքի արեւելեան պարսպի կողմը, որտեղից երեւում էր շէյխի բանակը։ Թէ՛ վանահայրը եւ թէ՛ քուրդ ազնուականը դիտակները ուղղելով դէպի բանակը, մի քանի րոպէ շարունակ նայում էին։
— Նա է,— ասաց Օմար-աղան վրդովուած ձայնով,— ծերունի աւազակը բաւական բազմութիւն է հաւաքել իր շուրջը։
— Ի՞նչ պէտք է արած,— հարցրուց վանահայրը ոչ սակաւ խռովութեամբ։
— Ուրիշ հնար չկայ,— պատասխանեց քուրդը, այժմ աւելի սառն կերպով,— դուք պատուիրեցէք ժողովրդին հաւաքուել վանքի պարիսպների մէջ, դռները փակել տուէք, վանքը բաւական ամուր է պաշտպանուելու համար։
— Ես էլ այսպէս եմ մտածում,— պատասխանեց վարդապետը.— ես վանքի պահարաններում բաւական հրացաններ եւ վառոդ ունեմ թաքցրած, զգուշութեան համար վաղուց պահում էի ինձ մօտ. հիմա հանել կու տամ, պէտք է բաժանել, որոնք նետելու շնորհք ունեն, ես ճանաչում եմ շատերին մերիններից, որ այդ գործին ընդունակ են։
— Իմ մարդիկներն էլ շուտով կու գան,— ասաց քուրդը.— ժամանակ կորցնել պէտք չէ, ինչ որ անելու էք, մի՛ ուշացնէք։
Վանահայրը հեռացաւ հարկաւորած պատրաստութիւնները կարգադրելու։ Բայց Օմար-աղան դեռ կանգնած էր առաջուայ տեղում եւ դիտակը ձեռին նայում էր։ Քրդերի մէջ շատ աղանդներ կան. այդ մարդը պատկանում էր մի աղանդի, որ հակառակ էր շէյխի դաւանութեանը։ Աղանդների տարբերութիւնը նոյն ազդեցութիւնն ունի քրդերի վրայ եւ նոյն խտրութիւններն է ձգում նրանց մէջ, որպէս ցեղական տարբերութիւնները, մանաւանդ երբ յարաբերութիւնները կտրուած են լինում թշնամական հանգամանքներով։ Օմար-աղայի ցեղը այսպիսի պատճառներով բաժանուած էր այն ցեղերից, որ հաւաքուել էին շէյխի շուրջը։
Բայց վանահօր դիտաւորութիւնը սաստիկ արգելքների հանդիպեցաւ ժողովրդի կողմից, ոչ ոք չցանկացաւ համաձայնուել նրա հետ։— «Մեզ ամենիս կը կոտորեն,— ասում էին նրանք,— ո՞ւմ վրայ ենք ձեռք բարձրացնում, քրդի մի մազին դիպչել անկարելի է. մեզ կենդանի կայրեն, մեր որդիքը, մեր կանայքը կը կոտորեն։ Մենք նրանց չենք ընդդիմանայ, թո՛ղ գան, ինչ որ ուզում են, թո՛ղ տանեն, միայն մեզ եւ մեր որդիներին խնայեն...»։
— Կու գան, ձեր բոլոր ունեցածը կը տանեն եւ ձեզ ու ձեր որդիներին չեն խնայի…— ասում էր վարդապետը արտասուքը աչքերում։— Ինձ ականջ դրէ՛ք. մեր սուրբ վանքը կը պահպանէ մեզ. մեր յոյսը թող նրա վրայ դնենք…։ Մեր մէջ շատ տղամարդեր կան… Օմար-աղան էլ մեզ հետ կը լինի…։
Բայց ոչ ոք չէր ուզում լսէ նրան։
— «Անկարելի բան է,— գոռում էր ամբոխը,— եթէ դու ուզում ես մեզ փրկել, վեր առ քեզ հետ տէրտէրներին եւ տանուտէրերին, գնայ շէյխի մօտ, նրա ոտները համբուրի՛ր, աղաչիր, պաղատիր, ասա՛, ինչ որ ուզում է, կու տանք, միայն թէ մեզ կենդանի թողնէ…»։
Քաջասիրտ վարդապետը շատ խօսեց, երկար յորդորում էր եւ խրախուսում էր, բայց թուլասիրտ եւ ստրկացած ամբոխը չընդունեց նրա խորհուրդը։ Վերջը նա ստիպուած եղաւ առնել իր հետ մի քանի ծերունիներ եւ քահանաներ ու դիմել շէյխի մօտ։
Այն ժամանակ Օմար-աղան մօտեցաւ նրան, եւ ասաց այս խօսքերը.
— Ես գիտէի, որ այսպէս կը լինէր… բայց դու զուր ես գնում, քեզ կը բռնեն, կը պահեն եւ գուցէ կը սպանեն...։
— Պիտի գնամ, ճար չունեմ, թող սպանեն...— ասաց վշտացած վարդապետը։— Ժողովուրդը ինձ հանգիստ չէ թողնում... — Ինձ այսուհետեւ աւելորդ է այստեղ մնալ... — ասաց քուրդ ազնուականը։
— Ես էլ խորհուրդ չէի տայ մնալու համար,— պատասխանեց վանահայրը.— գնացէք, Տէր ընդ ձեզ. միայն ընդունեցէք կատարել իմ վերջին խնդիրքը. առէք այդ բանալին, նոյն պահարանի մէջ, ուր թաքցրել եմ ձեր կայքը, այնտեղ երկու արկղներում պահուած են վանքի սրբութիւնները. տարէք ձեզ հետ, թող աւազակների ձեռքը չընկնին։— Դուք միշտ այնքան հաւատ էք ունեցել դէպի մեր վանքը, որ ոչ մի քրիստոնեայ չէ ունեցել։
— Կը տանեմ, միամիտ կացէք,— պատասխանեց քուրդը։ — Բայց դուք վեր առէք ձեզ հետ իմ մարդերից մէկը, նա հեռուից կը հետեւի ձեզ. եւ եթէ ձեզ բռնելու կամ պահելու լինեն, նա ինձ իմացում կու տայ։
Վանահայրը համբուրուեցաւ իր բարեկամի հետ եւ սկսեց դիմել շէյխի բանակը։ Նա ամենեւին յոյս չունէր, թէ կը վերադառնայ այնտեղից եւ միւս անգամ կը տեսնի իր բարեկամին։
Նոյն միջոցում հասան Օմարի մարդիկը, բերելով իրանց հետ երեսունի չափ աւելորդ ձիաներ, եւ նա բարձել տուաւ իրան պատկանող իրեղէնները, որ քանի օր առաջ ապահովութեան համար բերել էր այնտեղ. նա չմոռացաւ իր հետ վեր առնել եւ այլ երկու արկղներ, որոնց մասին խնդրել էր վանահայրը։ Երբ նա բոլորովին պատրաստ էր, դռնապանը բացեց պարսպի գաղտնի դռները, եւ ազնիւ քուրդը խիստ տխուր սրտով համբուրեց տաճարի սուրբ սեղանը, եւ հեռացաւ վանքից։
Վանահայր Եղիազար վարդապետը գնաց շէյխի բանակը, եւ այլեւս չվերադարձաւ այնտեղից…
Մի քանի ժամից յետոյ քրդերը խումբ-խումբ մտան նախ «Վանքի գիւղը», առաջ սկսեցին անասունները դուրս քշել, յետոյ տները դատարկեցին, եւ նրանց մէջ գտնուած իրեղէնները բառնալով գրաստների վրայ, ճանապարհ դրին։ Երբ գիւղի հետ իրանց հաշիւը վերջացրել էին, մտան վանքը, այնտեղ էր ամբարուած շրջակայքի բոլոր հարստութիւնը,— սկսեցին դուրս կրել։ Ողորմելի ժողովրդի լացն ու կոծը, նրանց դառն աղաղակները ամենեւին չէին ազդում յափշտակիչների անգութ սրտերին… ամենափոքր ընդդիմադրութիւնը պատասխանւում էր սրով եւ ատրճանակով...։ Ահա՛ այս սարսափելի անցքը անցել էր, որ Սարհատի խումբը, Սաքալ-Թութանի քաջագործութիւնից յետոյ, մի գիշեր դիմեց դէպի Բարդուղիմէոս առաքեալի վանքը։
Ի՞նչ էր որոնում թշուառ երիտասարդը այն կիսով չափ կործանուած եւ դատարկուած վանքի մէջ…։