ՐԱՖՖԻ
Է
Սարհատի հետ բաւական ծանօթ է ընթերցողը, հարկաւոր է փոքր ինչ ծանօթանալ եւ նրա ընկերների հետ, որոնցից կազմուած էր նրա հրոսակը։ Չնայելով, որ Սարհատն էր պետը եւ գլխաւորը իր խումբի, բայց բոլորին «եղբայր» էր կոչում, եւ իրաւ, այս կոչմանը արժանի էին նրանք, միացած լինելով եղբայրական խիստ սերտ կապերով։ Նրա խումբը հաւաքուած էր զանազան տեղերից զանազան ժամանակներում, որոնց թիւը տասն եւ երկուսից խիստ հազիւ էր անցնում։ Նրանց մէջ կային սասունցիք, զէյթունցիք, շատաղցիք, տիյարպեքիրցիք, նրանց մէջ կային՝ մի քահանայ Խարբերդի քրդախօս հայերից եւ մի վարժապետ։ Այս վերջինը Կ. Պոլսում բարեգործական նպատակով կազմուած մի ընկերութեան անդամ էր, որ ուղարկուել էր Վանայ կողմերի գիւղորայքում կրթութիւն տարածելու, բայց ռուս-թուրքական պատերազմի խռովութիւնների ժամանակ նա միացաւ Սարհատի խումբի հետ, երբ քրդերը նրան իր գիւղական դպրոցի մէջ աշակերտների առջեւ սաստիկ ծեծեցին, եւ նրա սանիկներից մի քանիսը առեւանգեցին, եւ մի քանի օրից յետոյ կրկին բաց թողեցին։
Սարհատի խումբը կազմուած էր քուրդի կերպարանքով եւ գործում էր քուրդի անունով։ «Հայ» անունից խորշում էր նա, ոչ թէ այն պատճառով, որ այդ անունը ատելի էր նրան, այլ ընդհակառակն, սիրում էր նա հայութիւնը,— բայց այդ անունը անհամապատասխան էր գտնում թէ՛ իր պաշտօնին եւ թէ՛ նպատակներին։ Իր թափառական կեանքում, թէ՛ նա ինքը, եւ թէ՛ իր խումբը անդադար զարկւում էին քրդերի հետ, եւ անդադար որեւիցէ թշնամական հաշիւ էին վերջացնում այս եւ այն մահմետական ցեղի հետ, բայց եթէ ցոյց տային, թէ իրանք հայեր են, այն ժամանակ իրանց հակառակորդները կարող էին վրէժխնդիր լինել այն ողորմելի եւ անպաշտպան հայերից, որոնք գուցէ Սարհատի գոյութեան մասին ամենեւին տեղեկութիւն եւս չունէին։
Սարհատը իր խումբի հետ Տիյարպեքիրի կողմերումն էր, երբ լսեց քրդերի կատաղի շարժումը, երբ իմացաւ Ջալալեդդինի սարսափելի դիտաւորութիւնը եւ երբ յայտնի եղաւ նրան Շէյխ Իբադուլլահի դժոխային խորհուրդը։ Նա իսկոյն իւրայիններով շտապեց դէպի Աղբակա կողմերը։ Երկու ցանկութիւն նրան քաշեցին դէպի իր հայրենիքը, որին վաղուց մոռացել էր. առաջինը, Աղբակը քրդերի արշաւանքի գծի վրայ գտնուելով, աւելի պէտք է ենթարկուէր նրանց ասպատակութիւններին, մտածում էր իր հայրենակիցներին օգնութեան ձեռք հասցնել, երկրորդ, որ աւելի գլխաւորն էր, այստեղ կար «մէկը», որին նուիրուած էր իր բոլոր սրտով։
Սարհատի այն խօսքերը, որ նա արտայայտում էր իր հայրենիքի աւերակների վրայ շրջելու ժամանակ, այն խօսքերը, որ նա այնքան անգութ կերպով դուրս թափեց հօր առջեւ նրա հոգեվարքի րոպէներում,— այս բոլորը յուսահատ սրտից դուրս բխած հառաչանքներն էին, այս բոլորը դամբանական ողբեր էին, որ նա կարդում էր իր հայրենիքի գերեզմանական անշարժութեան վրայ։ Նա զայրանում էր, նրա վրդովմունքը կատաղութեան եւ խելագարութեան էր հասցնում նրան, երբ տեսնում էր, որ իր հայրենիքը այն չէր, ինչ որ ինքը ցանկանում էր որ լինէր։ Նա շատ լաւ էր հասկանում իր վիճակի բոլոր վատթարութիւնը, նա ինքը սարսափում էր իր արիւնոտ ձեռքերից, թէեւ այն ձեռքերը միշտ թշուառների պաշտպան են եղել, եւ երբեք չեն թափել մի անմեղ արիւն,— բայց նրա անձնասիրութիւնը վիրաւորւում էր, տեսնելով, որ ինքը իր բոլոր արժանաւորութիւններով ստիպուած էր լինել մի աւազակային հրոսակի գլխաւոր, մինչդեռ կարող էր ամբողջ գունդերի հրամայել եւ իր հայրենիքը մաքրել աւազակներից...։
Դեռ Աղբակ չհասած, նա իր ընկերներին առաջարկեց այնտեղ, պատուիրելով հարկաւորած օգնութիւնը մատուցանել տեղային բնակիչներին, իսկ ինքը մենակ ուղեւորուեցաւ դէպի Վան քաղաքը։ Այնտեղ նա ներկայացաւ փաշային, եւ յայտնելով այն վտանգը, որ սպառնում է Աղբակա հայերին, խնդրեց, որ իրան թոյլ տան՝ տեղային բնակիչներից կազմել մի գունդ երկիրը քրդերի եւ պաշըպոզուքների ասպատակութիւններից պաշտպանելու համար։ Բայց նրա խնդիրը չընդունուեցաւ, նրան պատասխանեցին, թէ «կառավարութիւնը ինքն ամէն խնամքներ գործ է դրել երկրի հանգստութիւնը պահպանելու համար»։
Նա ինքը շատ լաւ էր հասկանում այս խօսքերի նշանակութիւնը եւ վերադարձաւ Վանից առանց բաւականութիւն ստանալու։ Եւ այս էր պատճառը, որ մենք առաջին անգամ հանդիպեցինք նրան Խոշաբա ձորում, միայնակ Վանից դառնալիս, տխուր եւ յուսահատ։
Բայց նրա եռանդը դեռ բոլորովին չէր թուլացել։ Երբ մտաւ Աղբակ, կրկին փորձեց իրագործել իր նպատակը։ Նա դիմեց մի քանի քահանաների, վարդապետների եւ տանուտէրերի, աշխատում էր նրանց համոզել, թէ պէտք է զինուորել ժողովուրդը գալոց վտանգի առաջը առնելու համար։ Ջալալեդդինը դեռ այն ժամանակ չէր սկսել իր արշաւանքը, բայց ամէն տեղ սկսուել էին նկատելի լինել քրդերի բարբարոսութիւնները։ Նա օրինակ էր բերում իրանց դրացի Ջոլամերիկի ասորիներին, որոնք զինուորուած էին եւ ոչ մի քուրդ նրանց երկիրը ոտք կոխել չէր կարողանում, եւ ոչ ինքը կառավարութիւնը կարողացաւ նրանց զինաթափ անել, որովհետեւ պատասխանում էին, թէ մենք պէտք է որ մեր գլուխը պահենք, երբ որ կառավարութիւնը մեզ պահպանելու շնորհք չունի։ Նա այսպիսի շատ օրինակներ էր բերում, քաջալերական խրախոյսներ էր տալիս, յորդորում էր եւ ուրիշ շատ բաներ էր ասում…։ Բայց քահանաները, վարդապետները եւ ժողովրդի իշխանները նրան յիմարի եւ խելագարի տեղ էին դնում…։ Այս աւելի վշտացրեց նրան, քան թէ փաշայի խաբէութիւնը, եւ այն ժամանակ նա աւելի համոզուեցաւ, թէ այդ ժողովուրդն ինքն է դատապարտել իրան մի ցած ստրկութեան, թէ նա ինքն է պատրաստել իր համար մի այնպիսի թշուառ ներկայ…
Այն օրից, որ բաժանուել էր նա իր ընկերներից, նրանց մասին տեղեկութիւն չունէր, եւ չգիտէր, թէ ո՞րտեղ մնացին կամ ի՞նչ շինեցին։ Միայն այն օրը մի պայմանեալ օր էր, որ նրանք ամէն կողմից պէտք է հաւաքուէին «քանդուած մատուռի» մօտակայքում, եւ ինքն այնտեղ գնալով, պէտք է տեսնուէր իր ընկերների հետ։ Բայց գերեվար քարաւանի անակնկալ հանդիպումը նրան ստիպեց ուղարկել իր հաւատարիմ Մըստոյին նրանց կանչելու Սաքալ-Թութան կիրճի մօտ, որտեղ գուցէ կարողանային ազատել թշուառ գերիներին։ Մըստոյի ձեռնարկութիւնը անպտուղ չմնաց, նշանակած ժամում Սարհատի ամբողջ խումբը պատրաստ էր Սաքալ-Թութանի մօտ։ Ինքը նոյնպէս հասաւ այնտեղ։ Տեսնելով իր ընկերներին, նա համբուրուեցաւ բոլորի հետ, ասելով.
— Ուրախ եմ, որ ամենիդ մարմնով առողջ եմ գտնում, թէեւ համոզուած եմ, որ սրտով ձեզանից ամէն մէկը վիրաւորուած է, վշտացած է, տեսնելով այնքան աւերածներ եւ կոտորածներ, որ գործել է բարբարոս ձեռքը։ Բայց այսօր մի գեղեցիկ դէպք առիթ կու տայ ձեզ գործ դնել ձեր քաջութիւնը, եւ դրա համար էլ կանչեցի ձեզ։ Մենք 14 հոգով գործ պէտք է ունենանք աւելի քան յիսուն հոգի վայրենի Հարտոշիների հետ։
— Մըստօն բոլորը պատմել է մեզ,— պատասխանեց քահանան, որին այժմ կոչում էին Տէլի-Պապա[1]։— Այս խաչով (նա ցոյց տուեց իր սուրը) Հարտոշիների գլխին մի լաւ «պահպանիչ» կը կարդամ։
— Դէպքը, իրաւ, գեղեցիկ է, այս կիրճի մէջ մի զուարճալի խաղ կ՚ունենանք Հարտոշիների հետ,— ասաց ոգեւորուած վարժապետը, որին այժմ կոչում էին Քիթաբ-Տէլիսի[2]։
— Հարտոշիների հետ լաւ է գործ ունենալ նեղ ծակերում, այդ անիծուածները իրանց բերաններից էլ են կրակ փչում,— ասաց սասունցի Հարօն, որին կոչում էին Սասուն Այըսը, այսինքն՝ սասունի արջ։
— Այդ դատարկախօսութիւններով ժամանակ ենք կորցնում, Հարտոշիները հեշտ ուտելու պատառ չեն…— նկատեց զէյթունցի Ներսօն, որին կոչում էին Զէյթուն–Քայասը, այսինքն՝ Զէյթունի ժայռ։
— Իրաւ, ժամանակը թանկ է մեզ,— խօսեց Սարհատը.— մտածենք գործի վրայ։ Հարտոշիները ձեզ յայտնի են իրանց քաջութեամբ, նրանց հետ երախայի խաղ ունենալ անմտութիւն է։ Մեզ կը նպաստէ միայն տեղը եւ դիրքը, եւ այս պատճառով ես ընտրեցի այս կիրճը։ Ձեզանից ամէն մէկը թաքնուած կը լինի քարաժայռերի ետեւում, եւ այնքան կը սպասէ, մինչեւ ամբողջ քարաւանը կը լցուի կիրճի մէջ. այն ժամանակ դուք պէտք է բաժանուէք երկու մասն, եօթ հոգի պէտք է փակէ կիրճի մուտքը, իսկ եօթ հոգի՝ նրա ելքը։ Մենք 14 հոգի ենք։ Ես կու տամ յարձակողական նշանը բազէի ձայնով։ Աշխատեցէք, որքան կարելի է, հեռու մնալ արիւնհեղութիւնից։ Խօսեցէք միշտ Ռավանդների բարբառով, որովհետեւ Ռավանդները Հարտոշիների հետ մի թշնամի ցեղ են. թող նրանք կարծեն, թէ գործ ունեն Ռավանդների հետ։ Եթէ անձնատուր եղան, պայմանների մասին կը խօսեմ ես։ Յարձակումները միշտ մի տեղից, կամ մի կողմից չպէտք է լինեն, շուտ-շուտ փոխեցէք ձեր դիրքը, որ թշնամին կարծէ, թէ բազմաթիւ էք։ Փախչելու աշխատողներին իսկոյն ծակեցէք, որ ուրիշ տեղ խաբար չտանեն։
Սաքալ֊Թութանը այն սարսափելի կիրճերից մէկն էր, որի նմանը շատ անգամ հանդիպում է Հայաստանի լեռներում. նրա աջ եւ ձախ կողմերից սեպացած ժայռերը պարսպաձեւ բարձրանում էին, մէջտեղում թողնելով մի նեղ անցք, որի միջով քարաւանը անցնելու համար հարկաւոր էր, որ բոլոր գրաստները մինը միւսի ետեւից շարուած լինէին, որովհետեւ մօտեմօտ գնալու համար բաւական նեղ էր ճանապարհը։
Նրանք գտան քարաւանը այս դրութեան մէջ շարուած կիրճի մուտքից սկսեալ մինչեւ նրա ելքը։ Յոգնած քարաւանը խիստ դանդաղ էր ընթանում։ Սարհատը գործն այնքան ետ ձգեց, մինչեւ արեւը մտաւ եւ բոլորովին մթնեց։ Բայց լուսնեակ գիշեր էր։ Այնուհետեւ նա, վեց հոգի իր հետ առնելով, կտրեց կիրճի ելքր, իսկ վեց հոգի Տէլի-Պապային յանձնելով, պատուիրեց կտրել կիրճի մուտքը։ Քարաւանը մնաց մէջտեղում նեղ փապարում լցուած։ Քարաւանը նոյն դրութեան մէջ էր գտնւում, որպէս թէ ածած լինէր մի հսկայական խողովակի մէջ, որի երկու ծայրերը փակուած էին։
Բազէի սուր եւ ձգական ձայնը հնչեց, որպէս թէ մօտենում է իր որսին։ Զանազան տեղերից լսելի եղան հրացանների որոտմունքներ։ Կիրճի մէջ սկսուեց մի աղմկալի իրարանցում եւ բարձրացաւ խուլ դղրդիւն։ Հարտոշիները կատաղած գազանների նման սկսեցին այս կողմ եւ այն կողմ վազվզել, բայց ամէն տեղ հանդիպում էին որոտացող կրակների։ Առիւծը ընկած էր երկաթի վանդակի մէջ։
Քուրդը վտանգի րոպէներում ցոյց է տալիս իր բնաւորութեան բոլոր վսեմութիւնը։ Նա վիշապ է դառնում եւ կամենում է լեռները, ժայռերը կլանել։ Կիրճի ահագին պարսպաձեւ շղթաները եւս ոչինչ էին թւում կատաղած Հարտոշիի աչքին, նա վագրի նման մագլցում էր սեպացած ժայռեր, որ վեր բարձրանայ եւ դէմառդէմ հանդիպի թշնամուն։ Բայց բնութիւնը յաղթող էր հանդիսանում, վագրը սարսափելի բարձրութիւնից կրկին գահավիժւում էր, կրկին գլորւում էր ցած։
Կիրճի մէջ քրդերի կատաղի աղաղակը, գերիների լացն ու կոծը, աջ եւ ձախ որոտացող կրակների բոմբիւնը, միախառնուելով, կազմում էին խիստ սոսկալի ներդաշնակութիւն։ Կռիւը երկու կողմից եւս շարունակւում էր գազանային յամառութեամբ։ Քրդերը վճռել էին մինչեւ վերջին շունչը ընդդիմանալ։ Այն ժամանակ բազէի խորհրդական ձայնը նորից երեք անգամ հնչուեցաւ, դա նշան էր, թէ պէտք չէ գթալ։ Գնդակները կարկուտի արագութեամբ սկսան թափուել կիրճի մէջ։
Պարզ-լուսնային գիշերը բաւական նպաստում էր կռուին, եւ մեր քաջերը չէին վրիպում իրանց նետումներից եւ կարողանում էին նշան դնել քրդերին միայն, եւ գերիներին չվնասել։
Մի ամբողջ ժամ եւս յուսահատական-յանդգնութեամբ կռուելուց յետոյ, քրդերի միջից լսելի եղաւ մի ձայն՝ «անձնատուր ենք լինում»։ Այն ժամանակ Սարհատը բարձրացաւ մի քարի վրայ եւ սկսեց վերեւից խօսել։
— Աւելի լաւ կը լինէր, որ շուտ անձնատուր լինէիք, այն ժամանակ գոնէ ձեր մեծ մասը կենդանի մնացած կը լինէր, դուք ձեր յամառութեամբ շատերին կոտորել տուիք։ Վնասը մեծ չէ. քաջերի ճակատագիրն է այդ. գովում եմ ձեր յանդգնութիւնը։ Հիմա լսեցէք պայմանները.— դուք ամէնքդ կը մնաք կիրճի մէջ, բայց աւարը եւ գերիները բաց կը թողնէք իրանց գրաստներով։ Մենք ձեզանից չենք խլի ձեր զէնքերը եւ ձիերը, դրանք պէտք են ձեզ. միայն կողոպուտից ոչինչ չպէտք է պահէք ձեզ մօտ։ Դուք կը մնաք կիրճի մէջ եւ չէք շարժուի մինչեւ առաւօտեան լուսաբացը. այն ժամանակ ազատ էք, որ կողմ կամենաք, գնացէք։— Համաձա՞յն էք։
— «Համաձայն ենք»,— լսելի եղաւ կիրճի միջից։
— Ուրեմն, բա՛ց թողէք գերիներին եւ աւարը։
Մի քանի ժամուայ մէջ կիրճը դատարկուեցաւ։ Այնտեղ մնացին քսան հոգու չափ Հարտոշիներ միայն։
— Տէլի-Պապա,— դարձաւ Սարհատը դէպի քահանան,— քեզ հետ կը վեր առնես չորս հոգի եւ կը քշես քարաւանը դէպի Սալմաստ. մինչեւ արեւի դուրս գալը դուք կ՚անցնէք Պարսկաստանի սահմանը, եւ Սալմաստում տեղային հայերի մօտ ողորմելիները ապահով կը լինեն, որովհետեւ այնտեղ են փախել բոլոր աղբակեցիք, որոնք ազատուել են քրդերի ձեռքից։ Սալմաստը պարսից երկիր է, այստեղ տաճկաց քրդերը մուտք գործել չեն կարող։ Լսիր, ամենեւին ցոյց չպէտք է տաս հայութիւնդ եւ գերիները չպէտք է գիտենան, թէ ով ազատեց նրանց։ Պարսից սահմանից դու կը դառնաս քու ընկերների հետ եւ մեզ կը գտնես Իրցի-ձորի մէջ, այն քարանձաւում, որ քեզ ծանօթ է։ Իսկ ես այդ անպիտաններին կը պահեմ կիրճի մէջ, մինչեւ դուք բաւական կը հեռանաք, եւ արեւը դեռ չծագած, բաց կը թողնեմ։
Տէլի-Պապան համբերութիւնը հատած, պատասխանեց.
— Անիծուած լինեմ, եթէ ես տէրտէր ժամանակս մի այսպիսի երկար քարոզ եմ տուել։ Օրհնած, ի՞նչ ես ծանր ու բարակ ամէն բան այս չափ բրդում. ես խօ նոր չեմ սովորում իմ գործը։
— «Ուրիշի խրատը լսիր, եւ իմացածդ էլ քեզ պահի՛ր»,— ասել են մեր պապերը,— պատասխանեց Սարհատը ծիծաղելով։— Հիմա գնացէ՛ք։ Տէր ընդ ձեզ։
Քարաւանը սկսեց շարժուել դէպի Սալմաստա կողմը ազատուած մարդու բոլոր արագութեամբ, որ դեռ նոր փախչում էր վտանգից։ Գիշերային լռութեան մէջ լսելի էին լինում ջերմ օրհնութիւններ այն բազմաթիւ թշուառների բերաններից, որոնք արտասուալի աչքերով մերձենում էին դէպի իրանց ազատիչները…։
***
Մի քանի օրից յետոյ ամբողջ Աղբակա գաւառում տարածուել էր մի այսպիսի լուր, թէ Հարտոշիները բերելիս են եղել ահագին աւար եւ գերիների մեծ բազմութիւն Շատախի կողմերից, եւ թէ Ռավանդները վրայ են թափուել եւ Սաքալ-Թութանի կիրճում խլել են Հարտոշիներից թէ՛ աւարը եւ թէ՛ գերիները, բայց ո՛ւր են տարել, յայտնի չէ. Սարհատի եւ նրա խումբի մասին ոչինչ չէր խօսւում…։ Քրդերի մէջ միմեանցից աւար եւ գերիներ խլելը այնքան սովորական էր, որ ոչ ոքին չզարմացրեց յիշեալ լուրը, եւ հայերի վրայ կասկածել անգամ չէին կարող, որովհետեւ հային անընդունակ էին համարում այդ գործին։ Իսկ Սարհատի խումբը իրան ձեւացրել էր Ռավանդների կերպարանքով, որ Հարտոշիների հետ ցեղական թշնամութիւն ունէին։
1 Տէլի– Պապա նշանակում է գիժ հայր, այդ անունը խիստ յատկանիշ էր նրա տարապայման բնաւորութեանը, որ փոխել էր քրիստոնէական ներողամտութիւնը հին կտակարանի վրէժխնդրութեան հետ։
2 Քիթաբ-Տէլիսի նշանակում է գրքից խելագարուած։