Զ
Կէս ժամից յետոյ նրանք գտնւում էին մի լերան բարձրավանդակի վրայ, որտեղից նկատեցին ձորի մէջ մի ընթացող քարաւան, որը հեռաւորութեան պատճառով թէեւ պարզ չէր նշմարւում, բայց նրա օտարոտի երեւոյթը խիստ կասկածաւոր ձեւ էր տալիս նրան։
— Մենք քարաւանի առաջը կը կտրենք, թէ որ այս կողմով գնանք,— ասաց Մըստօն ցոյց տալով հազիւ նկատելի շաւիղը, որ միայն որսորդներին էր մատչելի։
— Բայց ես չեմ ուզում, որ նրանք տեսնեն մեզ,— ասաց Սարհատը խորհրդաւոր ձայնով։
— Տեսնել չեն կարող, հազար աչք էլ ունենան տեսնել չեն կարող. այս լեռները ես ճանաչում եմ որպէս իմ հինգ մատը։ Գնա՛նք։
Մըստոյի ընտրած ճանապարհը, թէեւ շատ դժուարին էր եւ անդադար սարսափելի ելեւէջներով էր գնում, բայց այնքան կարճ եւ կտրուկ էր, որ շուտով նրանք անցան քարաւանը, եւ անտեսանելի կերպով թաքչելով թփերի մէջ, սկսեցին հեռուից դիտել նրան։ Սարհատը մի հարեւանցի հայեացք ձգելով քարաւանի վրայ, տեսաւ, որ դա քուրդ ասպատակների մի մեծ խումբ էր, որ տանում էին աւար եւ գերիներ։ Նա դարձաւ դէպի իր ընկերը այս խօսքերով.
— Կարո՞ղ ես, Մըստօ, մի կերպով մտնել այս քարաւանի մէջ եւ իմանալ, թէ գերիները ո՞րտեղից են բերում, ուր են տանում եւ այս գիշեր ո՞րտեղ կ՚իջեւանեն կամ իրանք քրդերը ի՞նչ ցեղից են։
— Բոլորը կարող եմ գիտենալ։
— Ի՞նչպէս կը մտնես նրանց մէջ։
— Ինչպէս պէտք է մտնել, ինձ խօ չեն ուտի. կը գնամ, բարեւ կու տամ, քեֆները կը հարցնեմ, յետոյ ես գիտեմ, թէ ինչ կ՚ասեմ...։
— Լա՛ւ, գնա՛, չուշանա՛ս։
Մըստօն սատանայի նման աներեւութացաւ։ Իսկ Սարհատը այժմ սկսեց աւելի հետաքրքրութեամբ նայել քարաւանին։ Ի՞նչ էր տեսածը։ Ձիաւոր քրդերի մի բազմութիւն, եզների, աւանակների եւ սայլերի վրայ բարձած, քշում էին խառնիճաղանճ քարաւանը, որ տանում էր տնային կարասիք եւ զանազան տեսակ իրեղէններ։ Բեռների վրայ կապել էին մի-մի կամ երկու-երկու կին, աղջիկ եւ մանկահասակ պատանիներ։ Աւարը եւ գերիները միասին մի բեռն էին կազմում եւ քշում էին առաջ ամենայն սաստկութեամբ։ Նրանք տարւում էին այն անասունների վրայ, որ պատկանում էին թշուառ գերիների ծնողներին։ Տէրը իր անասունի վրայ նստած, գերի էր գնում։ Քարաւանի ընթացքը շտապեցնելու համար քրդերը ցցած ունէին իրանց նիզակների ծայրերին մարդկային կառափներ. ծնողների կտրած գլուխը ցոյց էին տալիս որդիներին, որպէս մի խրտուիլ, որ վախենան, որ փորձ չփորձեն փախչելու, շուտ-շուտ գնան, ուր որ տանում են նրանց աւ ձայն չհանեն…։
Սարհատը երկար նայել չկարողացաւ, նրա գլուխը պտտուեցաւ, եւ քարաւանը անցաւ։
Նրան այնպէս էր թւում, որ աշխարհս փոխուել է, Նեռը յայտնուել է, եւ մարդը, Աստուծոյ պատկերը, կատաղի գազան դարձած իր նման մարդերի արիւնը ծծում է, նրանց միսը ուտում է։ Նա շատ էր ցանկանում ինքն էլ նոյն գազաններից մէկը լինել, եւ դրա համար այրական սիրտ եւ բաւական քաջութիւն ունէր. բայց ափսոսում էր, որ մենակ է, շատ ընկերներ չունի։
Յուսահատութիւնը շատ անգամ ակամայ կերպով ձգում է մարդուն ծայրայեղ մտածութիւնների մէջ։ Սարհատը բնութեամբ բարի էր, բայց հանգամանքները նրան չար էին շինել։ Նա տեսնում էր մի ամբողջ ժողովուրդ եւ այն ժողովուրդը, որին ինքն էլ էր պատկանում, հաւի նման մորթում են, տունը աւերակ են դարձնում, կայքը յափշտակում են, որդիքը գերի են տանում,— եւ այդ ժողովուրդը ոչինչ միջոցներ չունի պաշտպանուելու։ Նա գիտէր, որ այս սոսկալի պատահարները դարերով կրկնւում են նոյն ժողովրդի հետ եւ տակաւին նա չէ մտածել ընդդիմադրութեան մի զօրութիւն կապելու։ «Եթէ կարիքը,— ասում էր նա,— մարդու վարպետ է անում, եղանակների խստութիւններից պաշտպանուելու համար նա հագուստ էր հնարում, գազաններից պաշտպանուելու համար զէնքեր է հնարում, ինչո՞ւ չէ մտածում նա միեւնոյն խելքը բանացնել մարդակերպ գազանների ձեռքում զոհ չդառնալու համար»։ Այսպէս մտածելով, Սարհատը այն եզրակացութեան էր հասնում, թէ այն ժողովուրդը ինքն էր մեղաւոր, որ կեանքի պահանջները չէր հասկացել եւ չէր մտածում թէ ինքը երկրի վրայ է բնակւում, մարդիկների հետ գործ ունի եւ ոչ թէ հրեշտակների հետ…
Սարհատը երկար էր թափառել երկրի վրայ, շատ ազգեր եւ շատ աշխարհներ էր տեսել, բայց իր կեանքում ոչ մի լաւ մարդու չէր հանդիպել, եւ այդ պատճառով, նա մարդկանց վրայ կազմել էր խիստ վատ գաղափար։ Բոլոր մարդերին նա աւազակներ էր համարում, այն զանազանութեամբ միայն, որ մէկը կոպիտ սրով է յափշտակում. միւսը խելքով, երրորդը արհեստով, չորրորդը մարդասիրութեան եւ քաղաքակրթութեան անունով եւ այլն։
Այս տեսակ մտքեր բացատրելու համար Սարհատը իր առանձին լեզուն եւ արտասանութեան ձեւերն ունէր, «աւազակութիւնը,— ասում էր նա,— մարդկանց մէջ զանազան գոյներով եւ շատ անգամ գեղեցիկ ծրարներով է յայտնւում. դու պատառիր արտաքին կեղեւը. Եւ կը տեսնես միջուկը աւազակութիւն է, եւ աւելի ոչինչ»։
Սարհատը ինքն էլ աւազակ էր, մի արիւնահեղ եւ սոսկալի աւազակ. նա եթէ ծնուած լինէր մի ուրիշ երկրի վրայ եւ մեծանար մի ուրիշ շրջանում, գուցէ ուրիշ տեսակ մարդ, կամ այլ տեսակ աւազակ կը դառնար, որովհետեւ ամէն մի աւազակի գործունէութիւնը համապատասխանում է նոյն հասարակութեան, որի միջից նա յայտնւում է։ Աւազակը մի սարսափելի բողոք է հասարակութեան անկարգ կազմակերպութեան դէմ։ Հայաստանի լեռների վրայ, ուր երկու հակառակ ծայրերի վրայ կանգնած են երկու հակառակ ազգութիւններ,— մէկը՝ վերջին ստրկութեան հասած հայը, միւսը՝ վերջին բարբարոսութեան հասած մահմետականը,— եթէ ստրուկների կողմից բողոք է բարձրանում դէպի բռնակալութիւնը, դա բնականաբար պիտի ընդունէր ոչ այլ կերպարանք,— բայց միայն Սարհատի աւազակային կերպարանքը...։
Բայց զարմանալին այն էր, թէ ինչո՞ւ այնքան փոքր էր սարհատների թիւը. նրա ամբողջ հրոսակը կազմուած էր տասներկու քաջերից, որոնց նա կոչում էր «աւազակների առաքելութիւն»։ — Այս հարցը բացատրելու համար պէտք է երկար ու բարակ քննութիւնների մէջ մտնենք. մենք թողնում ենք այդ, ահա՛ Մըստօն կրկին յայտնուեցաւ, տեսնենք, նա ինչ է ասում։
— Ամէն բան իմացայ,— ասաց նա։
— Մէկ-մէկ ասա՛, ինչ որ կը հարցնեմ,— խօսեց Սարհատը։ Ձիաւորները քանի՞ հոգի էին։
— Համբարեցի, յիսունից աւել չեն։
— Ո՞ր ցեղից են։
— Հարտոշի են[1]։
— Գերիները եւ թալանը ո՞ր կողմից են բերում։
— Շատախու կողմերից[2]։ — Ո՞ւր պիտի տանեն։
— Դէպի Սոմայի[3]։
— Այս գիշեր ո՞րտեղ միտք ունեն իջեւանելու։
— Հասպիստանի հովիտների մէջ, Խանա-Սորի մօտ։
Սարհատը թողեց իր հարցուփորձը եւ սկսեց մատներով լուռ մի բան հաշուել. յետոյ նա կրկին դարձաւ դէպի պատանին.
— Ի՞նչ ես կարծում, Մըստօ, դրանք ե՞րբ կը հասնեն Սաքալ-Թութան կիրճին։
Մըստօն րոպէական մտածութիւնից յետոյ, պատասխանեց.
— Սաքալ-Թութան[4] կիրճին կը հասնեն, երբ արեւը մտնելու մօտ կը լինի։
— Ես էլ այսպէս եմ կարծում,— ասաց Սարհատը։
— Հիմա լսի՛ր, Մըստօ,— աւելացրեց նա.— Ի՞նչքան ժամանակում կը հասնես մինչեւ Բիժինկերտ գիւղը։— Ճանաչո՞ւմ ես։
Մըստօն նայեց արեւին եւ պատասխանեց.
— Ուղիղ կէսօրին այնտեղ կը լինեմ։
— Շատ լաւ,— շարունակեց Սարհատը,— դու տեսել ե՞ս Բիժինկերտից փոքր ինչ հեռու ձորի մէջ մի մատուռ։
— Տեսել եմ, երկուսն է, մէկը քանդուած է։ Ո՞րն ես ասում։
— Հէնց այն քանդուածն եմ ասում։
— Ճանաչում եմ։ Մի գիշեր այնտեղ թաք եմ կացել, երբ մի ձի էի գողացել։ Լաւ թաքնուելու տեղ է։
Սարհատը յետոյ ուրիշ հարց առաջարկեց։
— Ի՞նչ տեսակ կենդանիների ձայնին նմանեցնել կարող ես։
— Շատերի.— շան նման հաչել գիտեմ, աքլորի նման խօսել գիտեմ, էշի նման կը զռամ, գայլի նման կոռնամ, գառան նման կը մռռամ, կատուի նման միաո՜ւ կ՚անեմ, հոպոպի նման բի՛-բո՜ւ կ՚անեմ,— էլ ի՞նչ ես ուզում։ Ուրիշ շատերն էլ գիտեմ։
— Այդ վերջինը բաւական է։ Հիմա լսիր։ Ուղիղ կը գնաս դէպի այն քանդուած մատուռը, որտեղ գողացած ձին թաքցրիր։ Դեռ չհասած մատուռին մի բլուր կայ…
— Որի գլխին տնկած է մի ծակ քար,— աւելացրեց Մըստօն։
— Այո՛։ Այն ծակ քարի մօտ կը կանգնես, երեք անգամ հոպոպի ձայն կը հանես. քեզ կը պատասխանեն նոյն ձայնով։ Յետոյ ձայնդ կը փոխես. երկու անգամ բուի ձայնով կը կանչես։ Այն ժամանակ քեզ մօտ կը յայտնուի մի մարդ։ Դու նրան կասես, դեռ արեւը մայր չմտած պատրաստ լինեն Սաքալ-Թութան կիրճի մօտակայքում։
— Կարելի է նա հարցրեց, թէ քեզ ո՞վ ուղարկեց։
— Իմ անունը կը յայտնես։
— Կարելի է, նա չհաւատայ։
— Այս մատանին ցոյց կու տաս։
Սարհատը հանեց իր մօտից մատանին եւ տուեց Մըստոյին։
— Կարելի է նա հարցրեց, թէ ի՞նչ գործի համար է։
— Դու կը պատմես այդ գերիները տանող քարաւանի մասին բոլորը, ինչ որ տեսար, եւ կասես, թէ քարաւանը Սաքալ-Թութան կիրճի մէջ մտածին պէս, պէտք է նրա առաջը կտրենք, որ գերիները ու թալանը խլենք քրդերից։
— Իմացայ։ Նրանք քանի՞ հոգի են։
— Տասն եւ երկու։
— Ո՞վքեր են։
— Իմ ընկերները։
— Տասն եւ երկու հոգին բաւական է յիսունի դէմ Սաքալ-Թութան կիրճում,— նկատեց Մըստօն.— ես էլ նրանց հետ տասն եւ երեք կը լինենք։ Բայց 13 թիւը նաս[5] է։
— Ինձ էլ հաշուելու լինես, 14 հոգի կը լինենք,— ասաց Սարհատը, 14-ը նաս չէ։
— Մեզանից չորս հոգի բաւական է, որ կիրճի դուռը կտրէ, էլ ինքը սատանան չէ կարող այնտեղից դուրս գալ,— նկատեց Մըստօն.— ինչ լաւ տեղ ընտրեցիր, աղա, բայց դու ո՞ւր կը մնաս։
— Ես ծածուկ կը հետեւեմ քարաւանին, մինչեւ կիրճին հասնելը։— Բայց դու այն ասա՛, ոտքդ քեզ խօ չի՞ նեղացնի. մինչեւ Բիժինկերտ բաւական հեռու է։
— Ո՛չ, չի նեղացնի, անիծուած գնդակը մսի միջովն է անցել, ոսկորին չի դիպել, մահլա՛մ եմ դրել ու պինդ կապել։
— Վէրքը քանի՞ օրուայ է։ —Երեք օրուայ, այսպիսի վէքեր շատ է տեսել Մըստօն, վնաս չունի։
— Դե՛հ, հիմա գնայ։
Սարհատը եւ Մըստօն բաժանուեցան, մէկը սկսեց գնալ դէպի քանդուած մատուռը, միւսը սկսեց զարտուղի ճանապարհներով հետեւել գերիվարներին։
1. Քրդերի մի կիսավայրենի ցեղ է, որ բոլորովին հաստատաբնակ կեանք չէ վարում։
2. Մի գաւառ է Վասպուրականում։
3. Մի գաւառ է Պարսկաստանի Ուրմի նահանգի մօտ։
4. Սաքալ-Թութան նշանակում է մօրուքից բռնող. այսպէս կոչւում են առհասարակ այն նեղ եւ դժուար անցանելի կիրճերը, որոնց մէջ աւազակներն աւելի հեշտութեամբ են որսում ճանապարհորդներին։
5. Նաս նշանակում է անբարի կամ չարագուշակ։ 13 թիւը նաս է համարւում մահմետականների մէջ. համբարելու միջոցին 13 թուին հասնելու ժամանակ մահմետականը միշտ անց է կացնում, ասելով. «13 չէ»։