ՐԱՖՖԻ
Ե
Ամփոփելով հօր մարմինը իր անշուք գերեզմանի մէջ, երիտասարդը կրկին շարունակեց իր ճանապարհը։ Նա այժմ գնում էր բոլորովին խելագարի նման, ընկած դառը մտածութիւնների մէջ։ Կորցնելով հայր, մայր, եղբայր եւ քոյրեր, նա այժմ սարսափելի կասկածի մէջ էր՝ կորցնել եւ նրան, որին սիրում էր։ Այս պատճառով շտապում էր նա։ Բայց դեռ բաւական ճանապարհ կար, մինչեւ կը հասնէր այն գիւղը, ուր բնակւում էր նա։
Նա գնում էր այնպիսի անանցանելի շաւիղներով, որոնց շրջակայքում ժայռերի, մացառների եւ թփերի մէջ մի ամբողջ բանակ կարող էր թաքչիլ եւ ուղեւորի աչքից անյայտ մնալ։ Եւ այս պատճառով մեծ եղաւ նրա զարմանքը, երբ մի քանի անգամ նրա ականջներին զարկեցին անորոշ ձայներ, յետոյ պարզ լսելի եղաւ իր անունը՝ «Սարհատ, Սարհատ»։ Ո՞վ կարող էր լինել դա։ Նոյն շրջակայքում հազիւ թէ մի մարդ կարող էր ճանաչել նրան, թէեւ նա ունէր ընկերներ, բայց նրանց մի քանի օր առաջ զանազան յանձնարարութիւններով ուղարկել էր դէպի զանազան կողմեր։ Մտածեց, գուցէ նրանցից մէկը լինի եւ մատը բերանին դնելով, խորհրդական ձայնով շուացրուց։ Նրան պատասխանեցին բաւական մօտաւոր տեղից, բայց ձայնը շատ օտարոտի երեւաց։ «Նրանցից եւ ոչ մէկը լինել չէ կարող»,— մտածեց ինքնիրան, եւ հրացանը ուսից վեր բերելով, կանգնեց, իր շուրջը նայելով։ Նոյն միջոցին «Սարհատ» անունը կրկին զարկեց նրա ականջներին, երկու թեւքեր փաթաթուեցին նրա վզովը, եւ մի մարդ սկսեց ջերմ համբոյրներ սփռել նրա երեսի վրայ։
— Երեւի իմ տէրը չէ ճանաչում իր ծառային,— ասաց նա քրդերէն լեզուով։
— Ճանաչեցի, Մըստօ,— պատասխանեց երիտասարդը եւ ուրախութեամբ համբուրեց նրան։
Մըստօն ազգով քուրդ էր, եզիդիների աղանդից. նա երիտասարդի հօր հովիւն էր եւ նրա մանկութեան ընկերը։ Մի կլորիկ պատանի էր Մըստօն խիստ աշխոյժ եւ հաւատարիմ, երբ թողեց նրան երիտասարդը, իսկ այժմ գտնում էր նրան հասակն առած եւ բոլորովին այրական դէմք ստացած։ Նա զինուորուած էր թեթեւ կերպով. ունէր միայն հրացան, թուր եւ ատրճանակներ։ Երիտասարդը շատ ուրախացաւ, որ հանդիպեցաւ իր հօր տան հաւատարիմ ծառային, եւ աւելի այն պատճառով, որ նրանից կարող էր քաղել այն տեղեկութիւնները, որ իրան շատ հարկաւոր էին։
— Ա՜խ, որքա՜ն յիմար եմ ես, Սարհատ,— ասաց Մըստօն իր սովորական ծիծաղով.— քիչ էր մնում, որ չճանաչէի քեզ. հէնց որ տեսայ, մտայ թփի ետեւը, հրացանս ուղղեցի... հէնց տրխկացնելու վրայ էի, մէկ էլ աչքիս ընկաւ ճակատիդ սպին. ինձ ու ինձ ասացի, դա աղան է, էլ չարձակեցի…— Ա՜խ, ինչպէ՜ս փոխուել ես դու, սատանան չի ճանաչի։
Մըստօն կրկին փաթաթուեցաւ եւ կրկին սկսեց համբուրել իր տէրին։
— Դու ուզում էիր ինձ սպանե՞լ, Մըստօ,— հարցրեց երիտասարդը։
— Պա՛։ Ուզում էի նիզակդ խլել. իմը կոտրուեցաւ։ Առանց նիզակի քուրդին ամօթ է ման գալ։
— Ե՞րբ կոտրուեցաւ։
— Կռիւ ունեցայ քրդերի հետ, երբ մեր ոչխարները թալանում էին։ Բոլորը տարան անհաւատները, մի հատ էլ չթողեցին։ Քո քուռակն էլ տարան, Սարհատ, այն կապոյտ քուռակը. մի տեսնէի՜ր, ի՜նչ լաւ ձի էր դարձել,— ամէն օր լաւ ուտացնում, չաղացնում էի, մի օր աղան կու գայ, կը նստի. տարան անհաւատները… այնքան ոչխարներից մէկն էլ չթողեցին։
— Մե՞ր ոչխարները։
— Ձերը. բա ո՞ւմը. Մըստօն խօ ոչխար չունի։ Ոտքիս էլ գնդակ դիպաւ։ Բայց ես էլ մի քանիսին գլորեցի...
— Հիմա ո՞ւր էիր գնում այսպէս կաղլիկ ոտով։
— Գնում էի այս կողմը... բան կար…
— Ի՞նչ կար։
— Ա՜խ, լեզուս չէ բռնում, որ ասեմ… անիծուի՜ն քրդերը… աղայինս…
Մըստօն չկարողացաւ իր խօսքը վերջացնել, նրա աչքերը լցուեցան արտասուքով եւ սկսեց երեխայի նման հեկեկալ։
— Սպանեցի՞ն… իմանում եմ, — ասաց երիտասարդը։ — Գնում էիր ի՞նչ անես։
— Թաղեմ։ Խօ այսպէս չէի թողնելու։ Իմ աղան լաւ աղա էր։
— Ես թաղեցի,— պատասխանեց երիտասարդը տխուր ձայնով։— Դու էն ասա՛, Մըստօ, թէ մի բան գիտես մօրս, քոյրերիս եւ եղբօրս մասին։ — Մըստօն ամէն բան գիտէ. գիժ չէ՞, որ չգիտենայ։— Գլխի՞ցը պատմեմ։
— Ո՛չ, կարճ կապի՛ր։ Ի՛նչ կը հարցնեմ, էն ասա։
— Լաւ, հարցրու։
— Ե՞րբ եկան քրդերը։
— Քրդերը եկան երկու օր առաջ. գիշեր էր, երբ եկան նրանք. մարդիկ բոլորն էլ քնել էին։ Նրանք շատ չէին, հարիւր ձիաւոր հազիւ կը լինէին, որ եկել էին մեր գիւղի վրայ. միւսները գնացել էին ուրիշ գիւղերի վրայ։ Բայց հայի գիւղը թալնելու համար տասը ձիաւոր էլ բաւական է։— Ինչո՞ւ հայերը ղոչաղ չեն, աղա, դա լաւ չէ, դա շա՛տ վատ է։— Լացն ու աղաղակը բարձրացաւ, երբ նրանք խրճիթների դռները կոտրատեցին եւ ներս մտան։ «Տօ՛, խանիխարաբնե՛ր, ասում էի ես հայերին, խօ կնիկ չէք, մարդ էք, թէ որ թուր ու թուանք չունէք, քարով, փայտով, կացինով խփէք ու դուրս արէք էդ շներին»։ Բայց ով էր իմ ձենը լսողը։ Առաջ նրանք սկսեցին դուրս տալ, ինչ որ տանելու էին, թէ՛ ապրանք, թէ՛ կին եւ թէ՛ աղջիկ. բայց մնացած անպիտան ապրանքները՝ ծերերի, պառաւների, երեխաների հետ՝ թողեցին խրճիթներում, դռները կրկին փակեցին, յետոյ կրակ տուեցին, այրեցին։ Իսկ տղամարդերին կոտորում էին։
— Ոչ ոք չազատուեցա՞ւ։
— Ազատուեցան նրանք միայն, որ առաջուց բանը գիտէին ու փախել գնացել էին, սարերում թաք էին կացել։ Բայց շատերը չէին հաւատում, թէ քրդերը այնպէս կ՚անէին. նրա համար, որ գայմագամը գրում էր ժողովրդին՝ իրանց տեղումը հանգիստ մնան, չվախենան։ Խաբում էր անիծածը։
— Մեր տան հետ ի՞նչ պատահեց։
— Հայրդ տանը չէր, գնացել էր Բաշ-Կալա, ինձ ասաց.— Մըստօ, տունը պահիր, մինչեւ ես կը դառնամ։ Ես արթուն էի, երբ քրդերը եկան, հրացանը ձեռիս կտուրի վրայ կանգնած էի։ Բայց ի՛նչ կարող էր անել մենակ Մըստօն այնքան գազաններին. մի տասը տղամարդ եթէ հետս ունենայի, նրանց չէի թող տալ, որ գիւղն էլ մտնէին, բայց մենակ էի։ Ես ձեռք էլ չբարձրացրի, նրա համար, որ քուրդի խասյաթը լաւ էի իմանում, հէնց որ մեկին ղիպչէի, ոչ մի հոգի կենդանի չէին թողնի։ Ես աշխատում էի մի կերպով ընտանիքը ազատել. մնացածը, ասում էի, գլուխը քարը, թո՛ղ տանեն։ Առանց ժամանակ կորցնելու, ես տնից դուրս հանեցի մօրդ, եղբօրդ եւ երկու քոյրերիդ. բայց այնքան յիմար էի, որ չմտածեցի, թէ տանը օրօրոցի մէջ տղայ մնաց։ «Երեխա՜ս, երեխա՛ս» գոռաց մայրդ եւ վազեց դէպի տուն։ Ես մնացի երկու սրի մէջտեղում, չէի իմանում, դէպի ո՛ր կողմը դառնամ։ Եթէ աղջիկներին թողնէի, քրդերը կը տանէին,— լաւ է, ասեցի, դրանց տանեմ մի տեղ թաքցնեմ, յետոյ դառնամ դէպի մայրը։ Եղբօրդ եւ քոյրերիդ թաքցրի գիւղից հեռու գարու արտի մէջ եւ շուտով վազեցի դէպի մայրդ։ Երբ հասայ, տեսայ, տունը վառւում էր բոցերի մէջ. բայց խեղճ կինը ոչ իմ կանչելուն ականջ դրեց, եւ ոչ էլ բոցերին մտիկ տուեց, մտաւ կրակի մէջ. այն րոպէում փուլ եկաւ կտուրը, եւ նա էլ դուրս չեկաւ…։
Քարացածի նման լսում էր երիտասարդը այս բոլորը. նա գունաթափուել էր մարմարիոնի պէս, եւ բարակ շրթունքները դողդողում էին տենդային անհանգստութեամբ։ Արտասուք նրա աչքերում չէր երեւում։
— Հայրս ի՞նչու գնաց Բաշ-Կալա,— հարցրեց նա դողդոջուն ձայնով։
— Երբ լսեցին, թէ Շէյխը հրամայել է կաւուրներին կոտորել, ամէնի վրայ երկիւղ ընկաւ, չէին իմանում, թէ ինչ անեն, ո՛ր կողմը փախչեն, որ ազատուեն։ Այն ժամանակ հայրդ հաւաքեց գիւղերի տանուտէրներին երկու քահանայի ու մի վարդապետի հետ գնացին Բաշ-Կալա, որ միւտիւրին, գայմագամին ասեն, որ նրանք ասկար (զինուոր) ուղարկեն երկիրը պահպանելու։ Միւտիւրն ու գայմագամը առաջ խոստացել էին, թէ ասկար կ՚ուղարկեն, յետոյ այսօր էգուց գցելով, այնքան ուշացրել էին, մինչեւ քուրդը եկաւ, իր բանը տեսաւ…։ Յետոյ գնացողներն տեսնելով, որ գայմագամը խաբում է, յոյսը կտրած ետ էին դարձել։ Բայց քուրդերը իմանալով, որ գայմագամի մօտ էին գնացել, ճանապարհին բռնել էին եւ այնպէս էին արել, որ դու ինքդ քո բարի աչքով տեսար…
— Հիմա ո՞րտեղ են քոյրերս, եղբայրս,— հարցրեց երիտասարդը, երկչոտ վստահութեամբ,— մի՛ գուցէ նրանց էլ մի փորձանք պատահած լինի։
— Նրանք հիմա լաւ տեղում են. ես տարայ նրանց մեր էլի (ցեղի) մէջ, մեր չադրումն են կենում կնոջս մօտ։— Դու չե՞ս իմանում, Սարհատ, ես ախար հիմա կին ունեմ, մի երեխայ էլ ունեմ, մի սիրուն երեխայ։ Հայրդ (Աստուած նրա հոգին լոյսի բաժին անէ) ինձ պսակեց, մի լաւ աղջիկ բերեց, եւ հարիւր ոչխար էլ տուեց, ասում էր. «Մըստօ, բաւական է ինչ որ ծառայեցիր, գնա՛ դրանից յետոյ քեզ համար ապրիր, տուն ու տեղի տէր դարձիր»։ Բայց ես ձեր տան հացը կերել էի, նրանով էի մեծացել, ասում էի,—չէ՛, աղա, քո տան մէջ պէտք է մեռնեմ, եւ քանի Սարհատը չի եկել, ես քո մեծ որդին կը լինեմ։
Երիտասարդի սիրտը չդիմացաւ այս խօսքերին, նա գրկեց Մըստոյին, եւ ճակատիցը համբուրեց, ասելով.
— Դարձեալ դու իմ եղբայրը կը լինես, բարի Մըստօ, ես քեզանից չեմ բաժանուի։— Բայց դու այն ասա՛, կարծում ե՞ս, որ եղբայրս եւ քոյրերս ձեր չադրում ապահով կը մնան։
Պատանի քուրդը ինքնավստահ պարծենկոտութեամբ պատասխանեց.
— Շէյխ Ջալալեդդինը իր բոլոր աւազակներով Մըստոյի չադրը մտնել չէ կարող։ Դու ինքդ լաւ ես իմանում եզիդիների ղեյրաթը (նախանձախնդրութիւնը). մի մարդ, ինչ ազգից էլ որ լինէր նա, երբ մտնում էր եզիդիի չադրի տակը, այն ցեղի բարի հիւրն է համարւում. այն ժամանակ բոլոր ցեղը իր արիւնը կը թափի եւ իր հիւրին թշնամու ձեռքը չի տայ։
Յանկարծ նա խօսքը կտրեց եւ սկսեց ուշադրութեամբ ականջ դնել։
— Լսում ե՞ս,— հարցրեց նա,— այդ ձայները։
— Ի՞նչ ձայներ,— հարցրեց երիտասարդը, որովհետեւ նա այն աստիճան խռովուած էր, որ ոչինչ ձայն չէր լսում։
— Երգում են...։ Այսպէս երգում է քուրդը, երբ թալան եւ գերիներ է տանում։
— Ուրեմն գնանք,— ասաց երիտասարդը։
— Գնանք,— կրկնեց պատանին։
Երկուքն էլ դիմեցին դէպի այն կողմը, որտեղից լսելի էին լինում ձայները։