ՄԱՐՏԻՆ ՀՈՒՐԻԽԱՆԵԱՆ
Պոլիսը սփիւռք չէ, պոլսահայը սփիւռքահայ չէ
Սկզբից եւեթ ասեմ, որ այս հրաշագեղ քաղաք սա իմ երկրորդ այցելութիւնն էր, սակայն մի էական տարբերութեամբ՝ 28 տարի առաջուանը քաղաքի հետ ծանօթութիւն էր պաշտօնական պատուիրակութեան մեքենաների պատուհանից ու դրանով իսկ ընդամէնը հպանցիկ դիտարկումներ։ Այս երկրորդը, որ ուղղորդիչ ունէր շնորհալի գծանկարիչ, տաղանդաւոր լրագրող, գեղագետ Լեւոն Լաճիկեանի «Պոլիսը՝ Հին եւ Նոր» պատկերագրքի շնորհանդէսը, մեծանուն երգիծաբանի ասածի հանգոյն համարեա թէ պտոյտ մըն էր Պոլսոյ թաղերով։
Յիշատակուած «համարեա»ն պիտի որ ինձ փրկի քաղաքի ամբողջական նկարագրութեանը սպասող ընթերցողի առաւելապաշտութենէն ու սա շատ յստակ տրամաբանութեամբ՝ անհնար է ընդգրկել անընդգրկելին, իսկ Պոլիսն իսկապէս այնքա՜ն բազմադէմ է, այնքա՜ն բազմաշերտ, այնքա՜ն խտացրած ասելիք ունեցող, որ ասելիքիդ մէջ խճճուելու տագնապը չես կարող աչքիդ առաջ չունենալ։ Եւ այսուհանդերձ դրսի մարդու հայեացքով ընդհանրականի մէջ Պոլիսին ու պոլսեցուն ի՞նչն է յատկանշական, որն անառարկելի ճշմարտութեան արժէք ունի։
Պատմական իրողութիւնների բերումով որքան էլ երկու կայսրութիւնների թիւ մէկ քաղաք՝ մայրաքաղաք, այն նոյնքա՛ն հարազատ միջավայր, նոյնքա՛ն նուիրական հող է եղել ու կայ հայի համար, ում ոտնահետքերը այս քաղաքի պատմութեան անբաղդատ մասն են դեռեւս հինգերորդ դարից։ Այստեղից երկրորդ անխախտ ճշմարտութիւնը՝ Պոլիսը հայի ու Հայաստանի համար Սփիւռք չէ, հետեւաբար պոլսեցին հայի ու Հայաստանի համար սփիւռքահայ չէ։ Պոլսեցին տուեալ աշխարհագրական միջավայրում յայտնուած, ապրող, քաղաքի հոգեւոր-մշակութային դիմագիծն ամբողջացնող գոյ է, էութիւն։ Պոլիսը Պետրոս Դուրեանի, Մեծարենցի, Վարուժանի, Զոհրապի, Սիամանթոյի, Ռուբէն Սեւակի, մեր արեւմտահայ գրականութեան խենթացնող միւս մեծերի ծաղկաբոյլով հայ ամբողջական գրականութեան ոսկէ հյուսուածքն է, քաղաքացիական ու հոգեւոր իր նրբահիւս կոթողներով համաշխարհային ճարտարապետութեան վեհաշուք էջն է՝ դրոշմակնքուած Սինանի հանճարով ծայր առած ու Պալեանների զարմանահրաշ տոհմի հինգ սերնդի անդադար երկնած վսեմաշուք շինութիւնների փառահեղ շարանով։ Պոլիսը հայրենի ափերից դուրս հայ մշակոյթի երեւելի մայրաքաղաքն է, ու սրանով թերեւս ամէն ինչ է ասուած։ Ի դէմս հայ տարրի, այս զարմանահրաշ քաղաքը հարկաւ հասարակական, քաղաքական, տնտեսական կեանքի տարբեր ոլորտների շատ երեւելիներ է տուել, սակայն սոյն ընթերցումին մեր առջեւ դրուած խնդիրն անհամեմատ համեստ է ու այս արձանագրման կողքին, նաեւ որպէս մեր համեստ անձի արդարացում, եւս մէկ անգամ վերյիշենք այն, ինչ ասել ենք վերեւում՝ անհնար է ընդգրկել անընդգրկելին։
Սիրոյ, խոնարհման չասուած խօսքերն էին...
Հոգու անմարելի պարտք էր նախ անցեալի հայոց մեծերի դուռը գնալն ու նրանց մեր խոնարհումը հաւաստելը։ Չունենալով ուղեկից՝ Լեւոնի հետ մօտ երեք ժամ չափչփեցինք քաղաքի փողոցներն ու վերջապէս գտանք Շիշլիի գերեզմանատունը։ Ահռելի էր դռները գոցուած տեսնելու յուսահատութիւնը (17։00-ից այն փակւում է այցելուների առաջ), սակայն գերեզմանատան օտարադաւան սպասաւորը մարդկայնօրէն հասկացաւ մեզ ու դէմ գնալով սահմանուած կարգին՝ դռները բացեց մեր առաջ, ինչի համար խորը շնորհակալութիւն նրան։ Ես հիմա բառերի անասելի սով եմ զգում ներկայացնելու համար մեր ունեցած ապրումները։ Համբուրելի մարդկանց տապանաքարեր էին ու մահարձաններ... Մէկմէկու ընդմիջելով՝անյագ ծարաւով կարդում էինք լուսեղէն անունները՝ իմացածներիս շրջանակներում փորձելով ամբողջացնել նրանց դիմանկարները, արած գործը, թողած հետքը... Սիրոյ, յարգանքի, խոնարհման չասուած խօսքերն էին, որ պատռելով գերեզմանային լռութիւնը, հորդում էին սրտներիցս։ Չգիտեմ՝ ով՝ ինչպէս, սակայն ես խորապէս հաւատում եմ հոգիների գոյութեանն ու հաղորդակցութեանը, էներգետիկ փոխանակմանը։ Ամենակարեւորը՝ մենք մեր մեծերին հաստատապէս կարողացանք փոխանցել մեր հոգու ջերմութիւնը, փաստել իրենց լուսէ յիշատակի առջեւ մեր երկիւղած ծնրադրումը...
«Մարմարա», «Ակօս»,
«Ժամանակ»...
Շիշլիի գերեզմանատունից յետոյ Պոլիսն այլեւս մեր առաջ բաց էր, մնում էր ժամանակի սակաւութեան մէջ հասցնել նրա հնարաւոր ամբողջական ընթերցումը։
Միանգամայն հասկանալի պատճառներով առաջին փլանում էին այցերը «Մարմարա», «Ակօս», «Ժամանակ» թերթերի խմբագրատներն ու դա նաեւ իմ աշխատանքի բնոյթի բերումով։ Թող որ դրանք գերազանցապէս փափկավարական էին, սակայն գործնական յարաբերութիւնները նաեւ նման հանդիպումներից են ծայր առնում։ Ի դէպ երեքում էլ հանդիպումներն ինձ համար առանձնայատուկ նշանակութեան էին։ Բանն այն է, որ 1996 թուականին Ստամբուլում քաղաքաշինական հարցերին նուիրուած «Հապիթաթ 2»ի գագաթաժողովի շրջանակներում ես, որպէս Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան մամլոյ խօսնակ, ընդառաջել էի եւ Ռոբեր Հատտէճեանի, Հրանդ Տինքի ու «Ժամանակ»ից կարծեմ թէ Արա Գոչունեանի համար կազմակերպել հանդիպումը վարչապետ Հրանդ Բագրատեանի հետ, ինչն այն օրերի դիտանկիւնից իսկապէս երեւոյթ էր տեղի հայ մամուլի համար...
Խմբագրատներ այս այցիս ընթացքում իրողութիւնների բերումով ես բնականաբար կարող էի յուսալ միայն «Մարմարա»ի գլխաւորի հետ հանդիպումը։
Աւաղ թերթի երկարամեայ գլխաւոր խմբագիր Ռոպէր Հատտէճեանը, ով մեր լրագրութեան նահապետներից է, գրողի ու լրագրողի մի իւրօրինակ մերան, չկար՝ առաջացած տարիքի պատճառով (մօտենում է հարիւրին) գրեթէ տանից դուրս չի գալիս։ Փոխարէնը մեզ սպասում էր հանդիպումը վարչական տնօրէն Այգ Հատտէճեանի հետ։
Լուսահոգի Հրանդ Տինքի հիմնած «Ակօս»ում վրայ-վրայ եղանք երկու օր ու շահեկանը յատկապէս այն էր, որ խմբագրապետ Եդուարդ Տանձիկեանից զատ կարողացանք հանդիպում ունենալ եւ թերթի հայերէն էջերի խմբագիր Բագրատ Էսդուգեանի հետ՝ ինձանից ընդամէնը հինգ տարով աւագ մի զարմանահրաշ ծերուկ, ով կոլորիտային է ոչ միայն արտաքինով, այլեւ մտածողութեամբ, դատողութիւնների կշռուածութեամբ, միջավայր, մթնոլորտ ստեղծելու կարողութեամբ։ Նրա հետ ունեցած հանդիպումս այն սակաւներից էր, որ ափսոսում ես ունեցածդ ժամանակի քչութեան համար։ Հանգամանքների բերումով այդ պահին հայաստանեան լրատուամիջոցներից մէկի լրագրողն էր հեռախօսով հայ-թուրքական յարաբերութիւնների վերաբերեալ խմբագրութեան քիմքին հաճելի լսելիքի հնարաւոր կորզումով, ու մեր «ծերուկը» ստիպուած էր որերորդ անգամ բացատրել, որ հայ-թուրքական սահմանների փակման նախաձեռնողը Հայաստանը չէ՚, որ եղել է, ու թէ անելիք բան ունի, այդ Թուրքիա՛ն է, որ պիտի անի, նախաձեռնողականութիւնը Թուրքիոյ կողմից պիտի գայ։ Պոլսից քաղաքացիական դիրքորոշման ահա այսպիսի գործնական ուսուցում չգիտես էլ ում ու ինչի համար դուր գալու մէջ ջանացող հայաստանեան լրագրողին...
«Ակօս»եան հանդիպումների շարքում պիտի չկարողանամ լռել ու չյիշատակել թերթի ոչ պակաս կոլորիտային լուսանկարիչ Պերճ Արաբեանին, ով այնպիսի վարպետութեամբ պատկերս «քաշեց», որ Լեւոնը չդիմացաւ ու անմահացաւ՝ ասելով. «Միայն այդ նկարն ունենալու համար արժեր Իսթանպուլ գալ»։
Յաջորդ փափկավարականը «Ժամանակ»ում էր։ Արձակուրդում լինելու պատճառով Արա Գոչունեանի պակասը լրացրեց նրա ազնուազարմ մայրը՝ տիկին Նատեան։ Քաղաքավարական կարգի այցելութիւններ ունեցայ նաեւ Թուրքիոյ Հայ Ուսուցչաց հիմնարկում, որը ե՛ւ ուսանելի, ե՛ւ հաճելի հանդիպում էր Պոլիսն ու պոլսեցուն բացայայտելու նրբերանգներով։ Այս շարքի մէջ հարկաւ պիտի առանձնացնեմ «Նոսթալժի» սրճարան-գրախանութն իր ունեցած հայագիտական, հայրենագիտական թեքումով։
Տայքն ու դժուարութեամբ
կայացող Հայաստանը
Մեր յաջորդ կանգառը հայաշատ Գնալը կղզում էր, որտեղ եւ կայանալու էր այս ճամբորդութեան բուն նպատակը։ Սակայն մինչեւ գրքի շնորհանդէսին անցնելը մէկ-երկու դիտարկումներ կղզուց ու կղզիաբնակներից։ Ինձ համար բացայայտում, Լեւոն Լաճիկեանի համար վերահաստատում էր նրա վաղեմի ծանօթ Տայք Միրիճանեանը։ Ափամերձ տարածքում գտնուող նրա ռեստորանը երկար տարիներ Թուրքիոյ նմանատիպ հաստատութիւնների առաջին հարիւրակում է ու իր տեսակի մէջ միակը չէ։ «Ճաշն» արդէն ռեստորանային համալիր է, իր իսկ հայերէն անուամբ, ճաշատեսակներով հայի ու հայութեան յուշում, որը զօրացւում է մատուցուող ուտեստեղէնի բացառիկ բարձր որակով ու նրբաքիմք յաճախորդի պահանջների լիարժէք բաւարարումով։ Տայքը, որ այս կողմերում ակնյայտօրէն կշիռ ունեցող անձնաւորութիւն է, ցաւալիօրէն վիրաւորուած է ոչ թէ մայր հայրենիքից, այլ նրա մաս կազմող խառնամբոխից, որն էլ դարձել է հայրենիքում նրա հիմնած բիզնեսը կիսատ թողնելու ու Թուրքիա վերադառնալու պատճառ. «Որ ես այստեղ եմ ու ինձ որպէս հայ են ճանաչում, միանգամայն նորմալ է, բայց որ Հայաստանում ինձ ճանաչում էին որպէս թուրք, սա արդէն անհեթեթութիւն էր»։
Տայքի վիրաւորուածութիւնը հայաստանեան վայ պետական այրերի չկայացածութիւնից է, այդ թերմացքի անկարողութիւնից, որ երկիր կայացնելու անկարողութիւնից է տառապում, ու դրանից օգտուողը թաղային խուժանն է։ Մինչդեռ Տայքի նման անձինք օրէնքի պաշտպանութիւնն ունենալու դէպքում որքա՜ն կարող էին արագացնել մեր ընթացքը՝ օր առաջ Հայաստանը բերել-հասցնելով կայացման հանգրուան, դարձնելով ծաղկող երկիր։ Յուսանք, որ օր առաջ կու գայն բարեյուսոյ ժամանակները, ու մենք հասցրած չենք լինի իսպառ մսխած լինել օտար ափերում ապրող հայութեան վստահութիւնը։ Տնտեսական բաղադրիչի կողքին ես էլ չեմ խօսում մշակոյթի հայաստանեան միանգամից երկու չնախարարի կամայականութիւնների հետեւանքով Արա Կիւլերի ժառանգութեան հետ կապուած քաշքշուքներից ու Տայքի ունեցած յուսալքութիւնից։ Ես եղածը մանրամասների մէջ չեմ շարադրի, որ իզուր յաւելեալ արիւն չպղտորեմ, բայց որ «Պոլսոյ աչք» ճանաչուած մեծանուն Կիւլերի թողած ժառանգութիւնը կարող ենք անվերադարձ կորցնել, աւելի քան ռէալ է, ու պետութեան միջամտութիւնն առաւել քան պահանջուած է, եթէ, ի հարկէ, ամէն ինչ անդարձ ուշացած չէ։
Շարունակուող հանդիպումներ
Հանդիպած դէմքերից անչափ գունեղ կերպարներ էին Վարդան Տէրեան, ում հիւրն եղանք Պուրկազ կղզում ու վայելեցինք իր պէս եւս վեց պոլսեցու հետ մի սեղանի շուրջ ու մէկ ընդհանրական զրոյցն ունենալու բերկրանքը, օրիորդ Մաքրուհի Պ. Յակոբեանը, ով «Մարմարա»ում 42 տարի եղել է Ռ. Հատտէճեանի յուսալի թիկունքը՝ տալով լրագրութեան վարպետաց դասեր ու այսօր էլ մնալով պահանջուած հեղինակ։ Չեմ կարող ջերմին խօսքերով չյիշել եւ Այլինին ու նրա ազնուափայլ մայր տիկին Էլիզին՝ արուեստի այդ անօրինակ նուիրեալներին։ Ի դէպ Այլինի ներկայացրած «Փարոսի» գլխաւորի՝ Մայտա Սարիսի հետ հանդիպումը հանգամանքների բերումով ցաւօք մեր սպասած ոչ տեսքը, ոչ էլ բովանդակութիւնն ունեցաւ։ Այդուհանդերձ այդ զրոյցը օրակարգից դուրս չի մնում, մանաւանդ որ թէ մեր ներկայացրած «Ռոսլինը» եւ թէ տիկին Մայտայի հրապարակած «Փարոսը» նոյն արուեստին ծառայելուն են կոչուած ու միմեանց ասելու բաներ հարկաւ ունին։
Խաղողօրհնէքը՝ տօն ու
ցնծութիւն
Գնալը կղզում տեսածս Խաղողօրհնէքի արարողութիւնը երեւակայածիցս վեր իրադարձութիւն էր ինձ համար։ Համայնքին այդպէս խանդավառել, ծեր ու մանուկ, մի ամբողջ երիտասարդ ու միջին դաս միաւորել մէկ ընդհանրական իրողութեան մե՜ջ, օրը վերածել տօնի՜... Հարակից պարտէզով հանդերձ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու ողջ տարածքում յաղթահանդէսն էր մայրենիի, ազատ ու անկաշկանդ հնչում էր հայ երգն ու երաժշտութիւնը, շուրջպարն իր մէջ էր առել փրոֆէսիոնալ կատարողներին ու վայրկեան առաջ նրանց պարզապէս դիտողներին... Ընթերցողի համար գուցէ թէ այս ամենի մէջ ոչինչ զարմանալի չէ, սակայն ինձ համար բոլորովին նոր լոյսերով ներկայացաւ Հայոց Սուրբ եկեղեցին՝ հաւատի հետ որպէս ազգի ոգին պահող, ազգապահպան, կրթական բացառիկ կարեւորութեան միաւոր, սրբազնագոյն գոյութիւն։ Մասնաւորապէս ի դէմս Հոգշ. Տ. Յարութին Տամատեանի ես տեսայ իր գործի ոչ թէ պարզապէս հաւատաւորին, այլ գերհաւատաւորին ու քանի դեռ կան այսօրինակ նուիրեալներ, հայերէնը շարունակելու է օծել եկեղեցու պատերը, մեր սերունդների գարունները հայերէն են գալու...
Շնորհանդէսը
Եւ վերջապէս իմ այս ճամփորդութեան բուն շարժառիթի՝ Լեւոն Լաճիկեանի «Պոլիսը՝ Հին եւ Նոր» պատկերագրքի շնորհանդէսի մասին, որն իսկապէս վերածուեց երեւոյթի։ Ես բուն հանդիսութեան առնչութեամբ սակաւախօս կլինեմ, քանզի պոլսահայ մամուլը լայնօրէն անդրադարձաւ եղածին ու յաւելեալ ասելու ոչ բան, ոչ էլ տեղ թողեց։ Միայն ընդհանուր գծերով նշեմ, որ հայերէնով, անգլերէնով, թուրքերէնով լոյս տեսած այս պատկերագիրքն իր տեսակի մէջ բացառիկ յարգանքի տուրք է Պոլիսին՝ Հայաստանից դուրս հայ մշակոյթի եթէ ոչ մայրաքաղաքների մայրաքաղաքին, ապա առնուազն մայրաքաղաքներից երեւելիին։ Իր հարիւրից աւելի գծանկարներով կիւմրեցի տաղանդաւոր արուեստագէտը կամրջել է քաղաքակրթական այս ինքնատիպ օճախի անցեալն ու ներկան, իրեն իւրայատուկ բծախնդրութեամբ մանրանկարել ոչ միայն շէնք ու շինութիւն, այլեւ դրանց մէջ դրուած հոգի ու շունչ։ Սա՛ է թերեւս Լ. Լաճիկեանի պոլիսեան գծանկարների յաջողութեան գաղտնիքը, սա՛ է այդ գծանկարներին կենդանութիւն տուածն ու աննախադէպ յաջողութիւն շնորհածը ։
Ինչպէս պատկերագրքի առաջաբանում, այնպէս էլ շնորհանդէսում ունեցած խօսքում ընդհանրականի մէջ առաւել քան հասցէական էր Նորին Ամենապատւութիւն Տէր Սահակ Բ Պատրիարքը, ում օրհնութեամբ ու հրամանով կեանք է առել այս յիրաւի բացառիկ հրատարակութիւնը, որի գինեձօնը ուղեկցուեց դաշնամուրի վրայ Սիրուն Սիրունեանի նուագակցութեամբ Լիւսի Գահվեճիօղլու սիրտ շոյող ազգաշունչ երգերի կատարմամբ։
«Պոլիսը՝ Հին եւ Նոր» պատկերագրքի հրատարակութեամբ եւ ապա շնորհանդէսով Պոլսոյ Հայոց Պատրիարքարանը Հայրենիքի ու նրա սահմաններից դուրս բնակուողների եւս մէկ զորեղ կամուրջ ձգեց՝ հաւաստելով մշակոյթի քաղաքակրթական առանձնակի դերն ու անանց արժէքը ժամանակի հոլովոյթում։