Սեպտեմբերի 6-ին Փարիզում դադարեց բաբախել կինոյի մեծագոյն աստղ Ժան-ՓՈԼ Պելմոնտոյի սիրտը։ Սակայն մահը դա վերադարձ է. ո՞վ էր վերջին 20 տարիներին հետաքրքրւում ֆրանսիական գերաստղով։ Եւ ահա ջրի երես դուրս եկան նրա կեանքի բոլոր մանրամասները։ Ընտանիքը, սէրերը՝ մեծ եւ փորք, կանայք, սիրուհիները, զաւակները, թոռները, ֆիլմերը, ռեժիսորները։ Չեմ կարծում, որ կեանքը տեղաւորւում է այս վերնագրերի մէջ, բայց սա այն սնունդն է, որը հասու է հանդիսատեսի համար։ Կարծում եմ, որ երաժշտի կեանքի տողերը նրա երաժշտութիւնն է, նկարչինը՝ նրա նկարները, գրողինը՝ գրած տողերը, իսկ դերասանինը՝ դերերը։ Նրանք այնտեղ են, որտեղ նրանց արուեստն է։ Արուեստից դուրս՝ սովորական մարդն է, միւսներից չտարբերւող կրքերով։
Այսպիսով, դերասանը խոստովանել է, որ մանր-մունր սիրավէպեր մի քանի հարիւրի չափ է ունեցել, բայց լուրջ՝ երեւի 6 կանայք են եղել։ Առաջինը պարուհի էր՝ Էլոդի Քոնսթան, որի հետ նա ամուսանացաւ եւ ունեցաւ երկու դուստր՝ Փաթրիցիա (1953-1993, զոհուեց հրդեհի ժամանակ) եւ Ֆլորանս(1960) ու որդի Փոլ (1963)։ Ամուսնութիւնը տեւեց 1953-1966։ Պատճառը Ուրսուլա Անտրեսսն էր, շուիցերական դերասանուհին, որի հետ նա ապրեց 1965-1972թթ. Ուրսուլան այնքան ուրախ էր ապրում Պելմոնտոյի հետ, որ բաժանումից յետոյ կորցրեց հումորի զգացմունքը։ Ի զուր չէ, որ Պելմոնտոյի ամենասիրած ֆիլմը (1973) «Հիանալի»-ն է, որտեղ նա խաղում է ծիծաղաշարժ փերսոնաժի. «Այս փերսոնաժը զարմանալիօրէն ինձ վայելում է։ Ես խաղացի այնքան լուրջ դերեր, որ մարդիկ կարծեցին, թէ ես կեանքում էլ եմ այդպիսին։ Բայց ես ծիծաղաշարժ դերասան եմ, ցաւօք, այդ ժանրում հազուադէպ կարելի է գտնել լաւ սիւժէ»։
Յաջորդ ութ տարիները անցկացրեց իտալուհի Լաուրա Անտոնելլիի հետ, այնուհետեւ միւս եօթ տարիները՝ բրազիլիացի երգչուհի եւ դերասանուհի Մարիա Քարլոս Սոտօ Մայոր՝ 1980-1987։
Մեր սերունդը, որը ծնունդով Սովետական Միութիւնից է, բախտ է ունեցել աչքերը բացելուն պէս մեծ էքրանների վրայ տեսնել Պելմոնտոյին։ Նա մեր ժամանակի հերոսն էր, մեր ժամանկի դէմքն էր՝ իսկական տղամարդ, որի մասին երազում էին ոչ միայն շարքային հանդիասականները, այլ առաջին հերթին կին-աստղերը, որոնց մասին իր հերթին երազում էին տղամարդ-աստղերը, այսինքն Սոֆի Լորենը, Պրիժիթ Պարտոն կամ Քաթրին Դենէօվը... Պատմել նրա դերերի մասին կինոյո՞ւմ, 95 դերեր են, գումարած 40 դեր թատերական բեմի վրայ։ Երբ հարցում էին կատարում, թէ ո՞ր դերում է Պելմոնտոն լաւագոյնը, երկրպագուները շփոթւում էին՝ «Պելմոնտոն հրաշալի է ցանկացած դերում»։ Դերասանական գործունէութիւնը ընդհատուեց 2001-ին, երբ նա ֆուտպոլ խաղալիս ուղեղի կաթուած ստացաւ եւ մարմնի աջ կողմը բոլորովին անդամալոյծ եղաւ։ Բայց 2003-ին Պելմոնտոն՝ 70 տարեկանում ունեցաւ չորրորդ զաւակին, Ստելլային։ Մայրը՝ Նաթթի Թարդիվելլին էր։ Նաթթին դարձաւ Պելմոնտոի երկրորդ կինը, հէնց նա ոտքի կանգնեցրեց դերասանին կաթուածից յետոյ։ Սակայն 2008-ին բաժանուեցին, որից յետոյ 75 տարեկան Պելմոնտոն մի սխալութիւն արեց, որն անում են յաճախ տարեց տղամարդիկ, երբ հրապուրւում են իրենցից տարիքով չափազանց փոքր աղջիկներով, եւ Պելմոնտոն ամուսնացաւ իրենից 43 տարի փոքր Պարպարա Հանդոլֆիի հետ, որը Պելմոնտոյի հաշուեհամարից իր հաշուեհամարի փոխանցեց 200.000 եւրօ։ Ինչեւէ, Պելմոնտօ 2019-ին նորից միացաւ Մայորի հետ։
2008-ին նա նկարահանուեց «Մարդը եւ նրա շունը» ֆիլմում։ Նրա դէմքն է ֆիլմում, եւ այդ դէմքով նա ի ցոյց է դնում ծերութեան դէմքը։ Անզօրութեան դէմքը՝ զօրաւոր կերպով։ Չկայ այլեւս ֆիզիկական գեղեցկութիւն, հմայք, գրաւչութիւն, ոչ, դա երիտասարդներին է բնորոշ. մարդը հասել է կեանքի վերջաւորութեանը եւ մնացել է միայնակ։ Շան տեղ չկայ նրան դնող, եւ միայն շունն է նրա կողքին։ Ահա այսպիսի կինօվիճակ։ Եւ... չես կարող աչքդ կտրել նրա դէմքից, ու ոչ մի խաղ չկայ, բայց չկայ նաեւ ոչ մի խղճահարութիւն։ Լքուած է, անտուն է, միայնակ է, յատակի՞ն է, ոչ, գագաթին է, որտեղից մի քայլ է մնում ոչ թէ դէպի մահ, այլ՝ դէպի Աստուած։
2015-ին իր որդին՝ Փոլ Պելմոնտոն նկարահանեց իր հօրը «Պելմոնտոն Պելմոնտոյի աչքերով» վաւերագրական ֆիլմում։ Ֆրանսիական կինոյի դերասանները պատմում էին, թէ ի՚նչ հերոս էր Պելմոնտոն իրենց համար, ի՚նչ Հայր էր, իսկ ռեժիսորները... Ռեժիսոր եւ սցենարիստ Ֆիլիփ Լաբրոն ասաց. «Պելմոնտոյի ֆենոմենը ժամանակից դուրս է։ Ֆրանսիացիները նոյնացնում են ինքզինքին Պելմոնտոյի հետ, որովհետեւ նա իրենց մօտիկ է, նա հմայիչ է եւ հասարակ, խօսում է փողոցի լեզուով չնայած նա անտարակոյս կրթուած մարդ է, նրա հայրը սքանչելի քանդակագործ էր, նրա անձը, նրա հմայքը, բնաւորութիւնը, ջերմութիւնը ձգում են առաջուայ պէս։ Ֆիլմերը, որոնց մէջ նա նկարահանուել է, ստեղծուել են յայտնի ռեժիսորների կողմից... Ի դէպ այդ յայտնի ռեժիսորներից մէկը Անրի Վերնոյն էր, նոյն ինքը Աշոտ Մալաքեանը (1920-2002)։ Երեւակայէք ինչ ազդեցութիւն կ՚ունենար հայ երիտասարդների վրայ, որոնք գնում էին կինօթատրոն Պելմոնտօ վայելելու համար, եթէ նրանք տեղեակ լինէին, որ, օրինակ, «Հարիւր հազար տոլար արեւի տակ» (1964) կամ «Սարսափ քաղաքի վրայ» (1975) ֆիլմերի ռեժիսորը ծագումով ոչ թէ ֆրասիացի է, այլ՝ հայ եւ նրա անունը Աշոտ Մալաքեան է։
«Վերջին շնչով» (1960) Ժան-Լիւկ Գոդարի ֆիլմը դա նոր հերոսի ծնունդն էր կինոյում. ինչպէս էր նա շարժւում, ապրում քամերայի առաջ եւ արհամարհում քամերան, դա հանճարեղ էր։ Ռեժիսոր Քլոտ Լելուշն ասաց, որ «ժան-Փոլը ստեղծեց Գոդարին, ինչպէս նաեւ ստեղծեց միւս բոլոր ռեժիսորներին...»։ Աներեւակայելի է, որոհետեւ կինոյում ռեժիսորն է դերասանին կերտում, իսկ Պելմոնտոն ինքն էր ստեղծում ռեժիսորին։ Դա փոխում է կինոյի պատմութիւնը։
Իր յուղարկաւորութիւնը նա տեսաւ 2018-ի Հոկտեմբերի 5-ին, երբ յուղարկաւորում էին Շարլ Ազնաւուրին։ Նոյն ազգային արժէքն էր Ֆրանսիայի համար, ինչպէս նաեւ ողջ աշխարհի համար։ Նոյն հիացմունքն ու խոնարհումն էր այդ երկուսի հանդէպ, որովհետեւ իրենց տաղանդի մէջ նոյն սէրն էր մարդու եւ մարդկութեան հանդէպ. այդպիսի մեծ սիրտ ունէին այդ երկուսը։
Կեանքը նուէր է բոլորի համար, իսկ Պելմոնտոն ինքը մի մեծ ու կարեւոր նուէր դարձաւ բոլորի կեանքում։ Այդ նուէրը որպէս յաւերժ կինօառասպել կը մնայ կինոյի պատմութեան մէջ։