«Գերմանացի պաշտօնեան՝ հայ հոգեւորականին. 100 տարի առաջ։
— Չսիրեցի ձեզ, հոգեւորական, չսիրեցի ձեր ժողովրդին։ Դուք ոչ ձեր պատմութիւնից, ոչ էլ ուրիշների պատմութիւնից դասեր չվերցրիք։ Դուք այն ժողովուրդն էք, որ չի զինուում, չի սիրում զինուել, չի սիրում զէնք, այլ խաչը, փողը։ Փախչում էք զէնքից ու զինուորագրութիւնից։ Խմբապետներով երկիր չէք փրկի։ Դուք ձեր ազատութիւնն ուրիշ պետութիւններից էք խնդրում, մուրացկանութեամբ։ Չսիրեցի ձեզ, չեմ կարող սիրել։ Ձեր մէջ պրուսացիութիւն չկայ։ Ձեր սիրոյ մէջ անգամ ողբերգութիւն կայ, ոչ թէ երջանկութիւն…»։
Մէջբերումը ականաւոր արձակագիր Ստեփան Ալաջաջեանի (1924-2010) «Չսպիացած Վէրք» վէպից էր։
2021-ի Մայիսի 31-ին ԵՊՀ-ի (Երեւանի Պետական Համալսարան) բանասիրական ֆակուլտետում տեղի ունեցաւ Ստեփան Ալաջաջեանի «Չսպիացած Վէրք» եռահատոր վէպի վերահրատարակման շնորհանդէսը։ Փրոֆէօսոր Գուրգէն Մելիքեանն իր ելոյթում անդրադարձաւ վէպի արդիական լինելու հանգամանքին. «Վէպի խորագիրն արդէն շատ բանի մասին է պատմում։ Հայութեան ողբերգութիւնն իր սկիզբն ունի, ինչպէս այսօրուայ մեր իրականութիւնն է ցոյց տալիս, աւարտը չի երեւում։ Սա մեր քաղաքական ճակատագիրն է։ «Չսպիացած Վէրքն» աւելի քան արդիական է ու ստիպում է մտածել, խորհել տեղի ունեցածի մասին, դասեր քաղել պատմութեան էջերից, հասնել կատարեալ ինքնաճանաչողութեան, լինել զգօն, զգաստ։ Ահա թէ ինչու ենք մենք վերահրատարակել հէնց այս վէպը»։
Այսօր առաւել քան երբեւէ հայաստանցուն մտահոգում է երկրի անվտանգութիւնը։ Սահմանների, գոյքի, վերջապէս, կեանքի անվտանգութիւնը։ Նորանշանակ Պաշտպանութեան նախարար Արտակ Կարապետեանը հրահանգել է կիրառել բոլոր միջոցները, որպէսզի հակառակորդի ներթափանցման փորձերը յաջողութեան չհասնեն։ Բայց ի՞նչ է լինելու նրանց հետ, ովքեր արդէն բարեյաջող ներթափանցել են Հայաստանի ինքնիշխան տարածքները եւ դուրս չեն գալիս այնտեղից։ Մայիսի 12-ի դրութեամբ հակառակորդը Սիւնիքի մարզում Սեւ լճի տարածքից անցել էր Հայաստանի պետական սահմանը, խորացել 3 քմ եւ Սեւ լճի հատուածում վերցրել 30 %-ը իր վերահսկողութեան տակ։ Այսօր արդէն 90 %-ն է հակառակորդի ձեռքում եւ սիւնիքցին չի կարող մօտենալ լճին։ Մտահոգիչ է Երասխի, Գեղարքունիքի սահմանային անվտանգութիւնը։ Խօսում են 44 օրեայ պատերազմի մասին, բայց պատերազմը չաւարտուեց եւ շարունակութիւնը միայն ժամանակի խնդիր է։
Օգոստոսի 2-ից մեկնարկեց Ազգային Ժողովի 8-րդ գումարման նստաշրջանը։ 24 կուսակցութիւններ եւ 3 դաշինք մասնակցեցին խորհրդարանային արտահերթ ընտրութիւններին, որոնցից ԱԺ մտան 3 ուժեր. «Քաղացիական Պայմանգիր» կուսակցութիւնը որպէս իշխող մեծամասնութիւն ստացաւ 71 մանդատ, «Հայաստան» եւ «Պատիւ Ունեմ» դաշինքները մտան խորհրդարան որպէս ընդդիմութիւն, ստանալով 29 եւ 7 մանդատներ։ Ընդդիմութեան յայտնուելուն պէս ԱԺ-ում խստացուեցին անվտանգութեան միջոցառումները։ Ընդդիմութիւնը հետաքրքրուեց, թէ ինչն է պատճառը, եւ իշխող մեծամասնութիւնը պատասխանեց, որ դրանով ուզում են կասեցնել 27 Հոկտեմբերի կրկնողութիւնը։ Հրաշալի է. ՔՊ կուսակցութեան անդամները ակնարկում են, որ 27-ը դա ներկայիս ընդդիմութեան ձեռքի գործն է, իսկ ընդդիմադիրները ակնարկում են, որ 2018-ին իշխանութեան եկան օտար երկրի գործակալները։ Այսպէս փոխադարձ մեղադրանքներով նիստեր ենք դիտում, իսկ երկրի սահմանները մնում են 18 տարեկանների յոյսին...»։
Ատրպէյճանը իր գործողութիւններով միշտ օրակարգ է բերում անվտանգութեան խնդիրը, եւ նախկինների ունեցուածքի հարցը, որը դեռեւս հետաքրքրում է հանրութեան զգալի շերտերին, դառնում է անիմաստ, քանի որ այսօր ոչ ոք վստահ չէ, թէ իր ունեցուածքի հետ չի պատահի նոյնը, ինչ պատահեց Արցախի բնակիչների հետ, որոնք ստիպուած եղան այրել այն եւ բռնել գաղթի ճանապարհը։ ԱԺ-ի երեք տարուայ իշխող ուժը կոչ է անում նորընտիր ընդդիմութեանը կառուցողական լինել, հաշտ լինել նրանց հետ, քանզի 5 տարի պիտի միասին աշխատէն խորհրդարանում, բայց ընդդիմադիրներից Արթուր Խաչատրեանը հակադարձում է.
-Ասում էք «Եկէ՛ք լինենք կառուցողական», ինչպէ՞ս, մենք ասում ենք, որ «Հայաստանը թշնամիներով է շրջապատուած՝ կառուցենք բերդ», դուք ասում էք «Կառուցե՛նք մաքսակէտեր»։ Մենք ասում ենք, որ «Հայաստանը պէտք է լինի այնքան ուժեղ, որ պաշտպանի սեփական սահմանը», իսկ դուք ասում էք «Թող ՀԱՊԿ-ը պաշտպանի, ՀԱՊԿ-ը չի պաշտպանում, թող ամերիկացիները պաշտպանեն, ամերիկացիները չեն պաշտպանում՝ թող ֆրանսիացիները գան, ֆրանսիացիեները չեն գալիս, թող տունգուսները, պապուասները մեզ պաշտպանեն»։ Տարբեր մօտեցումներ ունենք...։
Իսկ ռազմագէտները կոչ են անում զինել բնակչութեանը, սովորեցնել զէնքին եւ ռազմարուեստին տիրապետել, եւ... հանել սահմանափակումները զէնք գնելու եւ տանը պահելու համար։ Հակառակ դէպքում ուշ թէ շուտ երկիրը դատապարտուած կը լինի հանգչելու։