dzovinarlok@gmail.com
ԱՀԿ (Առողջապահութեան Համաշխարհային Կազմակերպութիւն) Մարտի 11-ին յայտարարեց համավարակի մասին եւ այդ օրուանից սկսուեց խուճապը։ Մարդկանց փակեցին իրենց տներում եւ սկսեցին օր ու գիշեր, ամէն վայրկեան հաղորդել վարակուածների եւ մահացածների թիւը։ Բայց միեւնոյնն է այդ թիւը չէր համոզում համաճարակի առկայութեան մասին, որովհետեւ նախկին համաճարակների ժամանակ աւելի մեծ քանակութեամբ էին վարակակիրները, բայց նման մեկուսացման միջոցների կառավարութիւնները չէին դիմում։ Ցաւօք սրտի որոշումները կայացնում են քաղաքական ղեկավարները, այլ ոչ բժիշկ-մասնագէտները, իսկ եթէ նրանց ես լսենք, ապա ստացւում է, որքան շատ մարդիկ վարակուեն, այնքան շուտ կձեւաւորուի իմունիթեթը։ Մարդիկ բաժանւում են երկու խմբի.
1. նրանք, ովքեր թագաժահրի վախի եւ խուճապի մէջ են եւ այդ ժահրից անդին ոչինչ չեն տեսնում
2. Նրանք, ովքեր այս ամէնի հետեւում տեսնում են նոր աշխարհակարգի միտումներ եւ հին տնտեսական կառուցուածքի փլուզում։
Առաջին խմբին պատկանողները վտանգուած են, քանզի չիմացութիւնն ու խուճապը խիստ իջեցնում են մարմնի դիմադրողականութիւնը եւ նրանք դառնում են խոցելի ամէն կարգի վարակների համար։ Բժիշկ- վիրուսոլոգները շարունակ բացատրում են, որ թագաժահրը դա ընդամէնը միլիառդաւոր վիրուսներից մէկն է եւ չեն հասկանում, ինչո՞ւ է նման աղմուկ բարձրանում հենց այս վիրուսի հանդէպ։ Եւ քանի որ մեդիադաշտը ամբողջովին գրաւել է այս թեման, ապա վտանգւում է արդէն մարդու մտային եւ հոգեկան առողջութիւնը, այսինքն թագաժահրի համավարակի հետ մէկտեղ առաջանում է վախի համավարակ։
Լսենք 2-րդ խմբին պատկանող մարդկանց.Արկադի Մելքոնեան, ԱՄՆ.
-Խուճապի մէջ են նրանք, ովքեր տեղեակ չեն 11 սեպտեմբերի մասին (խօսքը 2001-ի Սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչական յարձակումների մասին է-Ծ.Լ.)։ Նրանք, ովքեր տեղեակ են համաշխարհային կառավարողների մասին, մտահոգուած են, քանզի յաջորդ քայլերը կարող են շատ դաժան լինել։ Մենք գիտենք, որ սա սովորական վիրուս է։ 2018-ին թոքախտը խլեց 1 միլիոն 600,000 մարդ եւ ոչ մի խուճապ այն ատեն չնկատուեց։ Սա քաղաքական խաղ է, որպէսզի ոչնչացուի փոքր բիզնեսը , քայքայուի աշխարհի տնտեսութիւնը եւ ստեղծուի համաշխարհային կառավարութիւն, որն արդէն կթելադրի իր պայմանները, ստրկացնելով մարդկանց։ Առաջին ճգնաժամը ստեղծեցին 2001-ին, այժմ այս վիրուսով նրանք յայտարարում են պատերազմ ողջ մարդկութեանը…
Նման կարծիքի են շատ- շատերը եւ կանխատեսում են հետագայ զարգացումները, այսինքն շուտով մարդկանց կը թեսթաւորեն եւ կը պատուաստեն, դրանով իսկ մարդկանց կը վարակեն ինչ-որ մահացու հիւանդութեամբ, որպէսզի կրճատէն մոլորակի բնակչութիւնը։ Ոմանք կը ծիծաղան այս կարծիքի վրայ, բայց ամէն դէպքում վախը արմատաւորւում է. դա վախ է թագաժահրի կամ հետագայ զարգացումների հանդէպ։
Իտալացի նանոպատոլոգ, դոկտոր, փրոֆէօսոր Ստեֆանօ Մոնթանարի. Մարտի 19-ին նա ունեցաւ հարցազրոյց byoblu24 քանալով.
-Մեր քաղաքական գործիչները վերջին 10 տարուայ մէջ ամէն ինչ անում էին, որպէսզի քանդէն իտալական բժշկութիւնը։ Փակւում էին բաժանմունքներ եւ հոսպիտալներ ամբողջովին, անձնակազմը հեռացնում էին աշխատանքից։ Ծախսերը բժշկութեան վրայ անողորմ կրճատում էին։ Դրան գումարած ահռելի չափսերի կաշառակերութիւնը։ Այն, ինչ սովորական երկրում արժէ 10 եւրօ, Իտալիայում՝ 20 եւրօ է։ Խնդիրը վիրուսի մէջ չէ։ Այո՛, դա բացարձակ նոր վիրուս է, եւ փոխում է իր յատկութիւնները սոսկալի արագութեամբ. երեկ նա մի տեսակ վիրուս էր, իսկ վաղը այն արդէն ուրիշ վիրուս է։ Իտալիայում այն վիրուսը չէր, ինչ Չինաստանում, իսկ Գերմանիայում այն չէ, ինչ Իտալիայում։ Ինչո՞ւ են պէտք ձեռնոցները։ Ինչո՞ւ են պէտք դիմակները։ Ձեռնոցները քայքայիչ են ազդում մաշկի բնական պաշտպանիչ յատկութեան վրայ։ Մեր մաշկը շատ խելացի է։ Իսկ դիմակները...դա ծիծաղելի է։ Առողջ մարդու համար դա նոյնն է, ինչ ցանկապատ դնես մոծակների դէմ։ Մեր շուրջը միլիառներով վիրուսներ կան։ Եւ եթէ ձեր կողքը թագաժահր կայ, ապա դիմակը ձեզ չի պաշտպանի։ Իսկ եթէ մարդը հիւանդ է, ապա դիմակը պէտք է փոխել ամէն 2-3 րոպէ։ Մարդիկ չպէտք է նստէն տանը վախի մէջ առանց շարժման։ Պէտք է շարժուեն, զբօսնեն արեւի տակ։ Կառավարութիւնը մեծ վնաս է հասցնում բնակչութեան առողջութեանը։ Մարդիկ վախուորած տանը նստած չեն ստանում վիթամին D։ Կարծում եմ, որ ռիսկային խումբը դա թոշակառուներն են, որոնք հանգիստ կարող են դուրս գալ փողոց եւ նորմալ կենսակերպով ապրել։ Փակի տակ մնալը աւելի շատ կսպանի, քան թագաժահրը։
Իտալացի փրոֆէօսորը կարծում է, որ այս վիրուսը չի կարող ունենալ իմունիթեթ, ուստի եւ պատուաստանիւթ, բայց միլիոնատէրերը կունենան միլիառների եկամուտ՝ վաճառելով իբր հիասքանչ պատուաստանիւթ ։
Իսկ ահա թէ ինչ է ասում մի ճանապարհորդող լրագրող.
-Ինչո՞ւ է այս համաճարակը ֆէյք։ ԶԼՄ-ները հաղորդում են, որ մարդիկ մահանում են, հիւանդանոցներն ու դիահերձարանները լեփ-լեցուն են, գերեզմանոցներում տեղ չկայ։ Ֆէյքը դա սուտ չէ, այլ ճշմարտութեան բեկորների այնպիսի միացում է, որ ստացւում է մի սուտ, որը բաղկացած է ճշմարտութիւնից։ Յուզիչ նիւթերն արւում են իրական ողբերգութիւնների հիման վրայ։ Ի՞նչ են ասում. որ Իտալիայում վարակուեցին եւս 5000 հոգի, մահացան եւս 800 հոգի։ Դա ճիշդ է։ Բայց մեզ չեն ասում, որ Իտալիայում արդէն երկար տարիներ ըստ վիճակագրութեան օրեկան մահանում են 1588 մարդ (ոչ թէ 800, այլ՝ 1588)։ Որ 2019-ին Յունուարի 1-ից մինչեւ մարտի 15-ը Իտալիայում մահացաւ աւելի շատ մարդ, քան այս տարուայ նոյն ժամանակահատուածում։ Պա՞րզ է։
Ահա այսպիսի կարծիքներ։ Հազարաւոր մահերի մասին հաղորդելով, ԶԼՄ-ը չեն ասում, որ երկրագնդի վրայ 7,7 միլիառ մարդ զերծ մնացին վարակից...։