dzovinarlok@gmail.com
Կար ժամանակ, երբ ազգը մեծեր ունէր, որոնք հեղինակութիւններ էին. բանաստեղծներ, դերասաններ, արուեստագէտներ։ Նրանց վրայ նայում էինք ակնածանքով, շունչներս պահած, ներքեւից վերեւ… Այսօր դա անցեալում է այսօր ուր գնում ենք, պահանջում են ծափահարել։ Այո՛, ծափը շատ է, այնուհետեւ յաճախ կայ հիւրասիրութիւն, որը վերջ է դնում հոգեւոր վայելքին։ Բանը հասաւ նրան, որ լսեցի անկեղծ խոստովանութիւն «Իսկ ուտելիքից աւելի մեծ հաճոյքը ո՞րն է»։ Մինչդեռ իսկական արուեստը մոռացնել է տալիս մեր սնուելու պահանջը։
Նրա օդի մէջ արեւ կայ
Այսօրուայ մեր անորոշ, դեռեւս չկայացած ժամանակաշրջանում կան արուեստագէտներ, որոնց ներկայութիւնը մեր իրականութեան մէջ օդի պէս անհրաժեշտ է, հակառակ դէպքում շնչահեղձ կը լինենք։ Նրանցից մէկը Սուքիաս Թորոսեանն է։ Երբ նա հանդէս է գալիս որպէս ToTo, իսկ այդ անուամբ նա ստորագրում է իր երգիծանկարները, ապա օդի մէջ արեւ է վառւում։ Յատկապէս այն դաժան 90-ականներին, երբ կեանքի պայմանները դարձել էին այնքան ստորացուցիչ, որ մարդիկ դիմում էին ԶԼՄ-ներին եւ այնտեղ՝ «Ազգ» եւ «Առաւօտ» թերթերում, տեսնելով ToTo-ի երգիծանկարները, մարդկանց դէմքին ժպիտ էր գալիս։ Մարդը ծիծաղում էր։ Սուքիաս Թորոսեանի ToTo-ն ստիպում էր մեզ փոխել մտահոգութիւնները ծիծաղով, եւ հաստատւում էր այն պարզ իմաստութիւնը, որ ամէն ինչ անցաւոր է, ուստի կեանքի ամէն մի անյարմարութիւն կարելի է ուղեկցել ծիծաղով։ Այդ երգիծանկարները՝ հաւաքուելով, անկախացան օրուայ նիւթից եւ դարձան այլեւս ինքնուրոյն նկարչական նմոյշ, որոնց հետեւելով, հնարաւոր է կազմել մեր անցած 30 տարիների քաղաքական կեանքի ընդհանուր պատկերը իր զաւեշտալի մանրամասներով։ Քաղաքական, որովհետեւ մեր կեանքը, նոյնիսկ 90-ականների մութ ու ցուրտը, խիստ քաղաքական երեւոյթ էին, ինչպէս նաեւ ալան-թալանը, որից ժողովուրդը սարսափեց, երբ լոյսերը վառուեցին եւ մենք հնարաւորութիւն ունեցանք լոյսերի ներքոյ հետեւել մեր աղճատուած իրականութեանը։
Թէքէեան Միութիւնում
Դեկտեմբերի 4-ին Թէքէեան Մշակութային Միութիւնում տեղի ունեցաւ Սուքիաս Թորոսեանի երգիծանկարների ժողովածուի շնորհանդէսը։ Կայ մի փոքր տարբերութիւն երգիծանկարի եւ ծաղրանկարի միջեւ երգիծանքը ամենեւին չի հասնում ծաղրանքի վերջինիս դէպքում առաջանում է չար ծիծաղ, իսկ երգիծանքը ստիպում է բոլորին միասին ծիծաղել, այլ ոչ քմծիծաղել։
Շնորհանդէսը ուղեկցուեց նաեւ Թորոսեանի երգիծանկարների ցուցահանդէսով։ Թորոսեանի մասին խօսքը բացեց «Ազգ» թերթի խմբագիր Յակոբ Աւետիքեանը նա շեշտեց, որ ծիծաղը դա առողջութեան նշան է։ Բոլորը Թորոսեանի մասին սիրով էին խօսում «Ազգ»ի նախկին խմբագիր Համլետ Գասպարեանը, Թէքէեան Միութեան տնօրէն Արմէն Ծուլիկեանը, «Ազգ»ի թղթակից Մարիետա Խաչատրեանը եւ շատ ուրիշները…
Սուքիաս Թորոսեանը իր գրքի մէջ նկարների սրամիտ բացատրութիւններն է տալիս, եւ սկսում է իր պատմութիւնը հետեւեալ մի դրուագով
Երգիծանկարները ձեռքիս գնում էի խմբագրութիւն, դիմացս դուրս եկաւ համակուրսեցիս։ Բարեւելուց եւ գրկախառնուելուց յետոյ հետաքրքրուեց, թէ ո՞ւր եմ գնում։ Պատասխանեցի, որ երգիծանկարները տանում եմ խմբագրութիւն։ Նա էլ, թէ «Բա գործ չունես, այնտեղ հիմա մի գազան ToTo է յայտնուել, քո գործերը սկսի չեն էլ նայի…»
Արցախը Հայաստան է եւ վերջ
Իրօք որ շատ հզօր է Թորոսեանի երգիծանքը որքա՜ն էլ խօսեն իր եզակի շնորհքի մասին, որքա՜ն էլ գնահատէն եւ գովերգէն, միեւնոյնն է՝ այդ տաղանդին համարժէք բնորոշում չեն գտնի։ Այստեղ է երեւում նկարի, առաւել եւս երգիծանկարի առաւելութիւնը խօսքի համեմատ։ Բերեմ ընդամէնը մէկ օրինակ երգիծանկարը կոչւում է «Հայաստանը բաժանեցինք մարզերի»։ Եւ ի՞նչ ենք տեսնում 11 մարզպետների, որոնց ձեռքերը պինդ բռնել են լափամանները։ Հետաքրքիր է, որ ինչքան էլ ասենք Հայաստան եւ Արցախ, ToTo–ն պատկերում է 11 մարզպետների, այսինքն Արցախը ոչ թէ առանձին հանրապետութիւն է, այլ իրականում Հայաստանի 11-րդ մարզն է եւ վերջ։ Այսինքն Թորոսեանի արուեստի մէջ քաղաքականութիւնն ու նկարչութիւնը փայլուն կերպով համագործակցում են։
Հայը ամէն ինչի սկիզբն է
Սակայն՝ խօսելով Սուքիաս Թորոսեանի մասին, պէտք է անպայման նշել նրա բազմաշնորհութիւնը, որը չի սահմանափակւում նկարչութեամբ։ Թորոսեանը օփերային բեմադրութիւններ է իրականացնում, եւ եթէ այդ շնորհքն էլ մի կողմ դնենք, ապա նրա հետաքրքրութիւնների շրջանակում է գտնւում հայ ազգի մշակոյթը, որը նա դիտում է պատմութեան անսահմանափակ ժամանակներից, բացելով մեր գիտակցութեան ընդերքը։ Մի անգամ Բուլղարիայի կրթութեան նախարարը ասաց Թորոսեանին, որ նա սադրիչ է, այն իմաստով, որ նա սադրում է, արթնացնում է հետաքրքրութիւնը եւ ստիպում մարդկանց խորանալ արուեստի մէջ։ Ահա թէ ինչպէս է բացատրում Թորոսեանը մեր պատմութիւնը
- Եթէ մենք համակերպւում ենք ինչ-որ մի ընդունուած ձեւի՝ նուռ, խաչքար, եկեղեցի, առաջին քրիստոնեայ, -ապա դրանով սահմանափակւում ենք, գոհ ենք, հանգիստ քնում ենք։ Սակայն կան նաեւ ուրիշ բաներ մենք ջրի աղբիւր ենք։ Մենք տասնեակ հազարաւոր տարիներ խմել ենք մաքուր ջուր։ Եւ մենք ուզում ենք դառնալ ովկիանոս։ Աղբիւրի բերանը փակել հնարաւոր չէ։ Այսօր մենք մեզ խարազանում ենք մենք այսպիսին ենք, այնպիսին ենք, բայց աւելի լաւ է հայհոյելով պախարակենք մեզ, քան մուսուլմանների նման ֆիզիկապէս։ Հայերը ոչ թէ համաշխարհային, այլ տիեզերական նշանակութիւն ունեն աշխարհում։ Մենք մաքուր ջուր ենք տալիս մարդկութեանը, որովհետեւ բիւրակնից ենք
Եւ ամէն մի համաշխարհային նշանակութեան մշակութային երեւոյթներում Թորոսեանը գտնում է հայի, այսինքն մաքուր ջրի հետքը որպէս սկիզբ։ Ակունք։