dzovinarlok@gmail.com
Մայիսի 27-ն էր՝ թատրոնի միջազգային օրը, որը միշտ նշւում է «Արտաւազդի» մրցանակաբաշխութեամբ։ Այս անգամ հաւաքուել էինք Սունդուկեանի անուան ազգային ակադեմիական թատրոնում, այսինքն Մայր թատրոնում։
Թատրոնի գեղարուեստական ղեկավարը Արմէն Էլբակեանն է, իսկ Մարտի 7-ին լրացաւ նրա հօր՝ Էդգար Էլբակեանի (1927-1988) 90 տարին, եւ այդ հրաշալի դերասանի յոբելեանին նուիրուեց այս տարուայ «Արտաւազդը».
- Հայրս ասում էր. փողի հետեւից մի ընկիր,- փողը կ՚ընկնի քո հետեւից; փառքի հետեւից մի ընկիր,- փառքը կ՚ընկնի քո հետեւից, բայց երբ փառքը գայ, կարողացիր դիմանալ…
Էլբակեանի մրցանակին արժանացաւ Սունդուկեանի անուան դերասանուհի Գրետա Մեջլումեանը՝ Ն. Շահնազարեանի «Վարագոյրը Չի Փակուի» ներկայացման մէջ դերասանուհու դերակատարման համար (բեմադրութիւն Վահէ Շահվերդեանի)։
Մրցանակաբաշխութեանը ներկայ էր մշակոյթի նախարար Արմէն Ամիրեանը, որը արդիական խօսքով դիմեց թատերասէր հանրութեանը.
-Կինօն կարող է դարձնել ձեզ հանրայայտ, հեռուստատեսութիւնը՝ հարուստ, անձնական փորձից եմ ասում, իսկ թատրոնը՝ բարի ու ազնիւ։
Դժուար է բարի, ազնիւ եւ… անօթի մնալ, ուստի բեմ էին դուրս գալիս թատրոնի դերասաններ, որոնք գոյատեւելու եւ ընտանիք պահելու համար նկարահանւում էին հեռուստասերիալներում եւ կինոյում, որոնք թէեւ դարձնում էին նրանց հանրայայտ, բայց ոչ այն վեհ իմաստով, ինչ դա նախկինում էր, երբ հանդիսատեսը կինօդերասանին ներքեւից վերեւ էր նայում…
«Արտաւազդ» մրցանակաբաշխութիւնը անցկացնում է Հայաստանի Թատերական Միութիւնը։ Այս տարի միութեան նախագահ Յակոբ Ղազանչեանը երկար տարիներ սպասուած մի լուր հաղորդեց, որը մինչ այժմ հեքիաթ էր թւում. 43 տարի սպասելուց յետոյ Մնջախաղի թատրոնն ունեցաւ իր շէնքը։ Այս առիթով ՀԹԳՄ-ն նախագահը շնորհակալութիւն յայտնեց մշակոյթի նախարար Արմէն Ամիրեանին։
Շէնք չունենալը բոլորովին չէր խանգարում մնջախաղի դերասաններին ստեղծագործել եւ զարմացնել իր հանդիսատեսին։ Դրա վառ ապացոյցն է հանդիսանում մնջախաղի փայլուն վարպետ, Հայաստանի վաստակաւոր արտիստ Յուրի Կոստանեանը, որին մրցանակ շնորհեցին թատերարուեստին արժանապատիւ ծառայութեան համար։ Նա ասաց.
-Ուսուցիչ մի փնտռէք դրսերում։ Այստեղ կան… 70 տարեկան դարձայ եւ հիմա ես 70 քմ քայլելով հասնելու եմ Սեւանի թերակղզին։
Դեռ շատ ուրիշ անուանակարգերում «Արտաւազդ» շնորհեցին. լաւագոյն երաժշտական ներկայացում ճանաչուեց «Տոսկան» եւ մրցանակը յանձնեցին բեմադրիչ Նարինէ Ստեփանեանին, տարուայ լաւագոյն ներկայացում ճանաչուեց Վահան Պատալեանի «Շեքսպիրը»։ Տարուայ լաւագոյն երիտասարդ բեմադրիչ դարձաւ Լիլիթ Էլբակեանը «Դեկամերոն» ներկայացման համար, տարուայ լաւագոյն սցենոգրաֆիայի համար մրցանակ շնորհուեց «Մատնաչափիկ» ներկայացման համար Կարինէ Օնանեանին, իսկ Սամսոն Մովսիսեանի «Մատնաչափիկ»-ը դարձաւ տարուայ լաւագոյն մանկական ներկայացում։ Լաւագոյն դերասանուհի այս տարի ճանաչուեց Ջուլիետա Ստեփանեանը (Արծուաբոյն» ներկայացում), իսկ լաւագոյն դերասան՝ Տիգրան Ներսիսեանը («Պեպօ» ներկայացում)։ «Պեպօ»-ի զգեստների ձեւաւորման համար մրցանակի արժանացաւ Մերի Սարգսեանը։
Ու թէեւ «Խօսիր Ինձ Հետ» ներկայացման (տիկնիկային թատրոն) դերասաններ Տաթեւիկ Յովակիմեանն ու Դաւիթ Սարգսեանը դարձան տարուայ լաւագոյն երիտասարդ դերասանուհի-դերասան, այդ օրուայ խորհուրդը ես այնուամենայնիւ տեսայ Յուրի Կոստանեանի երիտասարդութեան մէջ։ Քանզի երիտասարդութիւնը ամենեւին էլ երիտասարդ տարիքի մէջ գտնուելը չէ։ Երիտասարդութեանը պէտք է հասնել երկար տարիների աշխատանքի արդիւնքում։ Ինչպէս դա յաջողւում է մնջախաղի վարպետ Կոստանեանին։