Սևան Նշանյանը երեք տարի է բանտում է

Թուրքիայում 17 տարվա ազատազրկման դատապարտված Սևան Նշանյանն արդեն երեք տարի է անազատության մեջ է։ «Շիրինջեում իրականացրած աշխատանքների դիմաց Նշանյանը սրան արժանի չէր։ Օրենսդրական մարմիններին կոչ ենք անում անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններն իրականացնել»,- նշել է Նշանյանի փաստաբաններից Գյուլչին Ավշարը։

Երեք տարի առաջ Սևան Նշանյանը ձերբակալվել է Շիրինջեում հատուկ պահպանվող տարածքում տուն կառուցելու մեղադրանքով։ Նշանյանը մեղադրվում է պետական արգելքները շրջանցելու, ինչպես նաև Մշակութային և բնական ժառանգության պահպանման թիվ 2863 օրենքը խախտելու մեջ։ Սևան Նշանյանի մեղադրական ակտը ինը տարբեր մեղադրանք է ներառում։ Նշանյանը դատապարտվել է 17 տարվա ազատազրկման և 2014թ․ հունվարի 2-ից ի վեր բանտարկության մեջ է։ Նշանյանը Թուրքիայում միակ անձն է, ով դատապարվել է նշված օրենքի խախտման մեղադրանքով։ Բանտում անցկացրած երեք տարիների ընթացքում Սևան Նշանյանը որոշ ժամանակով մենախուց է տեղափոխվել։ 

«Բաց» բանտ

2016թ․ օգոստոսի 24-ին թուրքական կառավարությունը 15 հազար բանտարկյալի ավելի մեղմ պայմաններով բանտեր (թուրքական տերմինով «բաց բանտեր») տեղափոխելու որոշում է կայացրել։ Այս որոշման շրջանակներում Սևան Նշանյանը ևս մեղմ պայմաններով բանտ է տեղափոխվել։ «Ակօս»-ի հետ զրույցում Նշանյանը նոր բանտի պայմաններն այսպես էր ներկայացրել․ «Պայմանները շատ ավելի լավ են․ դրսում ժանդարմերայի աշխատակիցներ չկան, օրվա ընթացքում պարտեզում կարողանում ես ազատ զբոսնել, անվտանգության խիստ միջոցառւոմներ չեն իրականացվում, եթե անհրաժեշտություն կա հիվանդանոց գնալու։ Երեք ամիսը մեկ բանտից դուրս գալու իրավունք է տրվում, օրվա ընթացքում կարողանում ես հեռախոսազանգեր կատարել»։

«Փակ» բանտ 

Մեկ տարի Այդըն Յենիփազարի խստացված բանտում (թուրքական տերմինով «փակ բանտ») անցկացնելուց հետո Սևան Նշանյանը 2015թ․ սեպտեմբերին ավելի մեղմ պայմաններով Սուլթանհիսարի բանտ էր տեղափոխվել։ 2016թ․ հունվարի 22-ին Սևան Նշանյանին նույն բանտի խստացված բանտախցերն են տեղափոխել։ Որպես պատճառ բանտային կանոնների խախտումն է ներկայացվել։

Կալանք մենախցում

Սևան Նշանյանին «բաց» բանտում գտնվելու ընթացքում կարգապահական խախտումներ իրականացնելու մեղադրանք է առաջադրվել։ Նշանյանը մեղադրվել է «ինտերնետ ապահովող սարքավորումներ բանտ մտցնելու» մեջ և որպես պատիժ 11 օր մենախցում է անցկացրել։


Պատիժն անաչառ չէ

 Սևան Նշանյանի փաստաբաններից Գյուլչին Ավշարը «Ակօս»-ի հետ զրույցում երեք տարիների կալանքի մասին նշել է․ «Հատուկ պահպանվող տարածք ճանաչվելուց հետո Շիրինջեում երեսուն տարվա ընթացքում շինարարական նախագիծ չի մշակվել։ Շինարարական նախագծի բացակայության պատճառով Շիրինջեի շինությունների՝ անգամ խիստ անհրաժեշտ փոփոխություններին թույլտվություն չի տրամադրվել։ Սևան Նշանյանի դեմ իրականացվածը կարելի է օրենսդրության խախտում համարել, քանի որ շինարարական նախագիծ չի եղել։ Բացի այդ՝ Նշանյանի կառուցած տները հին տների օրինակներին նման հրաշալի շինություններ են։ Կարծում ենք, որ այս պատիժը անաչառ չէ։ Ոչ ոքի առողջությանը վնաս չի պատճառել, բնությանը և մշակութային ժառանգությանը՝ նույնպես։ Նշանյանի դեմ կիրառվող պատիժը մտահոգիչ է։ Շիրինջեի՝ զբոսաշրջության կենտրոն դառնալու գործում մեծ դեր ունեցող Նշանյանը իր աշխատանքների համար տարիները բանտախցում չպետք է անցկացնի։ Ուստի՝ ակնկալում ենք, որ օրենսդրական մարմինները անհրաժեշտ փոփոխությունները կիրականացնեն»։




Yazar Hakkında

Ռուբեն Վարժապետյան