ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
Ըստ մուսալերցիների հաւատալիքների՝ Աստուած ծիրանի հագած սպիտակամօրուք մի ծերունի է։ Նա ամէնուր է, իր գործերը՝ անքննելի։
Վեց օրուայ ընթացքում նա արարեց աշխարհը՝ իր չորս կողմերով՝ շարղա՝ արեւելք, ղարբա՝ արեւմուտք, բուրյուզ՝ հիւսիս, ղըպլա՝ հարաւ։
Բնութեան հետ գործակցելով՝ նա արարեց յաւիտենական երջանկութիւնը։ Մարդիկ յաւիտենական երջանկութեան կարող են հասնել, միայն եթէ իրենց հոգիները յաղթահարեն Մազէ կամուրջը եւ հասնեն Դրախտ։
Թէեւ Աստուած ամէնուր է, նրա աթոռանիստը Դրախտում կը գտնուի՝ ամպերի վրայ բարձրացուած։
Դրախտը Աստուած արարեց որպէս լուսեղէն պարտէզ. այն ընկած է Դժոխքից յետոյ, որը եռացող կուպրով լցուած մեծ կաթսայ է։
Աստուած ամէնուր է, խորիմաստ եւ երկայնամիտ՝ նա սպասում է մեղաւոր մարդկանց զղջմանը, իսկ անհնազանդներին պատժում է այն դէպքում եւ այնժամ, երբ ինքը յարմար կը գտնէ։
Աստուած երբեք, ոչ մի տեղ եւ ոչ մի պարագային չէր երեւացել մարդուն, երբեւէ նրա հետ անմիջական տեսակցութիւն չի ունեցել։
Նրա գործերն անմեկնելի են։ Մարդը զբաղւում է միայն երկրային գործերով։ Աստծոյ եւ նրա արարչագործութեան, տնտեսութեան մասին խորհելը մահացու մեղք է։ Զոր օրինակ՝ արեւի եւ լուսնի շուրջը երբեմն կալեր են գոյանում, սակայն մարդը դրանց մասին մտածելու իրաւունք չունի, ինչպէս եւ՝ արշալոյսի ու վերջալոյսի։ Մեղք է, չէ՞ որ դրանք Աստծոյ գործերն են։
Երբ Աստուած բարկանում է մարդկանց վրայ, կայծակ կամ կարկուտ է ուղարկում, իսկ երբ գոհանում է՝ անձրեւ ու ճերմակ ձիւն էր տեղում։ Հորդ անձրեւները Աստծոյ բարկութեան մարումն էր, իսկ Ծիածանը՝ մարդկանց հետ հաշտութեան կնքումը։
Աստուած արարեց սերովբէներին եւ քերովբէներին, որպէսզի նրանք կարգ ու կանոն պահպանեն եւ Աստծոյ կամքն իրականացնեն։ Նրանց բնակութեան վայրը Դրախտն է։
Իսկ Սադայելն ու նրա սատանաները երբեմնի հրեշտակներն էին, ովքեր իրենց չար արարքների պատճառով պատժուեցին Աստծոյ կողմից եւ զրկուելով իրենց պաշտօններէն՝ նետուեցին Դժոխք։
Աստուած մայր մատեան մը ունի, ուր գրանցուած են սրբերն ու արդարները, որոնց հոգիները իրաւունք ունեն երկրային կեանքի աւարտին համբառնալ երկինք։
Երկքնի եւ երկրի միջեւ անհուն տարածութիւն կայ։ Երկիրը տափարակ ու անծայր էր պատկերացւում՝ ոչ ոք չի հասել երկրի ծայրին։
Երկինքը եօթ յարկէն բաղկացած է. այն անհասանելի տարածութիւն է։ Աննիւթեղէն է, բայց թէ ինչից է, ոչ ոք չգիտէ։ Երբեմն այն պատռւում է (չնայած այդ պատռուածքը դեռ ոչ ոք չի տեսել), եւ այդ ժամանակ յորդառատ անձրեւ է տեղում։
Այն մի անգամ արդէն պատռուել է, եւ քառասուն օր ու գիշեր յորդառատ անձրեւ է տեղացել՝ մեծ Ջրհեղեղի ժամանակներն էր։ Ամբողջ մարդկութիւնը խրուել էր մեղքերի մէջ, եւ միայն Նոյը եւ իր տապանում ապաստանած մարդիկ ու անասունները կարողացան վերապրել արհաւիրքը։
Այդ օրէն հազարամեակներ անց, երբ մարդիկ վերստին չարացել էին, Աստուած ուղարկեց Յիսուս Քրիստոսին, որպէսզի նա իր օրէնքներով մարդկութեանը ճիշդ ուղի ցոյց տայ։
Յաջորդ անգամ Երկինքը պիտի պատռուի Ահեղ Դատաստանի օրը, եւ Աստուած պիտի գայ մարդկութեանը դատելու։ Նա պիտի գայ ամպերի վրայով՝ հրեղէն կառքի մէջ բազմած՝ ուղեկցուելով բազմաթիւ քերովբէներով ու սերովբէներով։
Երբ Գաբրիէլ հրեշտակապետը կը հնչեցնէ ահեղաձայն փողը, բոլոր մեռեալները պիտի ոտքի կ՚անգնեն, հայեացքներն ուղղեն դէպի արեւելք։ Մեղաւորները ձախ կը կանգնեն եւ դէպի գեհէն, յաւիտենական տառապանքի պիտի ուղարկուեն։ Իսկ արդարները պիտի կանգնեն Աստծոյ աջ կողմում՝ սպասելով, որ իրենց ուղորդեն դէպի երկնային արքայութիւն, ուր նրանք պիտի ճաշակեն յաւիտենական երջանկութիւնը։