Այսօր ‹‹Ակօս››-ի հիմնադիր Հրատ Դինքը կդառնար 62 տարեկան: Հրանտ Դինքը ոչ միայն մեր թերթի հիմնադիրն է, այլև դրա հոգին, և սեպտեմբերի 15-ին ծնված Հրանտ Դինքի ծննունդը որոշել ենք շնորհավորել իր սյունակագրության պատմությունը ներկայացնող գրություններից մեկը ձեզ ներկայացնելով: Այս գրությունը հրատարակվել է 1999թ. ապրիլի 2-ին ‹‹Ակօս›› շաբաթաթերթում:
Սյունակագիրը
Այս սյունակի գրողը 1996թ. ապրիլի 5-ին է սկսել սյունակագրությունը՝ սկզբում ‹‹մեկից մեկ›› խորագրով: Երկրորդ տարում արդեն դարձել է ‹‹երկուսից երկուս››, ապա՝ ‹‹երեքից երեք››: Հերթը ‹‹չորսից չորս››-ինն էր, սակայն սյունակագիրն այս սյունակն ավարտեց հենց այդ կետում, քանի որ ‹‹Աստված երրորդություն է սիրում››: Ինչու՞ ավարտեց: Հիմա պատմեմ:
Նրանք, ովքեր կարծում էին, թե ‹‹Ակօս››-ը երեք ամսվա, վեց ամսվա կամ մեկ տարվա կյանք է ունենալու, հավանաբար հիասթափվել են: Այս սյունակագիրը երբեք չի մոռանում, թե ինչես իր քննադատությանն արժանացած մեկն իրեն հեռախոսային հաղորդագրություն էր ուղարկել՝ ասելով. ‹‹Վեց ամիս անց կտեսնեմ ձեր վիճակը: Փակվելիս չեք իմանալու՝ որ կողմ փախչեք››: Այս խոսակցություններին ուշադրություն չդարձրեց սյունակագիրը: Իր իմացած ճիշտ ճանապարհով շարունակեց ընթանալ: Այդ օրվանից ի վեր թերթի գոյությունը շարունակում է առանց խնդիրների: Ինչպես գիտեք՝ ‹‹Ակօս>››-ը հայտնվեց Պետական անվտանգության դատարանում և արդարացվեց: Ինչպես սյունակագիրն է ասում՝ Պետական անվտանգության դատարանից արդարացումը ‹‹Ակօս››-ի կամքի դրսևորմանամենալուրջ փորձարկումն էր:
Այս սյունակագիրն իրականում գրող չէ: Իսկ լրագրության հետ ընդհանրապես առնչություն չէր ունեցել մինչև որ երեք ամիս առաջ սկսեց գրել: Միայն սիրում է շատ ընթերցել: Լեզվի կանոնների ամենաշատ խախտումների, աղավաղված նախադասությունների, ամենաշատ վրիպակների նրա գրություններում կհանդիպեք միշտ: Սովորաբար ինչպես խոսում, այնպես էլ գրում է: Գրագրության կանոնները չգիտի, մասնագիտությունն էլ դա չէ: Սա ակնհայտ է դառնում նաև իր զբաղեցրած սյունակից: Ավելցուկ էջի սյունակն է զբաղեցնում: Ավելցուկ էջը այն չէ՞, որտեղ թերթի ավելացած գրություններն են ընդգրկվում: Ամեն շաբաթ այս սյունակագիրը էջերի համակարգողի որոշմամբ ավելացած նյութերը և հայտարարությունները տեղավորում է ավելցուկ էջում, ապա սևացնում է այդ էջի ազատ մնացած հատվածը: Էջերի համակարգողը ասում է՝ ինչքան ազատ տեղ կա էջում, այս սյունակագիրն էլ այդ շաբաթ այդքան գրություն է գրում: Շատ անգամ է եղել, որ չի գրել, քանի որ ազատ տեղ չի եղել էջում:
Այս սյունակագրի վիճակն այսպիսին է, ուստի պետք է նորմալ վերաբերվել նրան, որ մի օր սյունակն անվանում է ‹‹մեկից մեկ››, իսկ հաջորդ օրը՝ ‹‹Շապպարիկ››: Էսպիսի մի խոսք կա՝ խենթին ամեն ինչ կարելի է: Այս խոսքը հենց այս մարդու համար է ասված: Իսկ իրականում գրելը շատ լուրջ աշխատանք է: Նախ պետք է սյունակի մնայուն խորագիր գտնել: Այս սյունակագիրը հիմա էլ ‹‹Շապպարիկ›› է դրել սյունակի խորագիրը, որի իմաստն անգամ հայտնի չէ: Սակայն ի՞նչ անի այս խեղճ սյունակագիրը, Ումիթ Քվանչ անունով վարպետն է հնարել այս անունը, նա է սազեկան գտել ինձ: ‹‹Շապպարիկն›› ի՞նչ է: Նրանք, ովքեր այս սյունակագրին լավ են ճանաչում, կհասկանան: Անխոհեմ է, մարդկանց հետ հարաբերություններում՝ անկանխատեսելի: Եթե սիրեց, շատ է սիրում, եթե քննադատեց՝ նույնպես:
Հատկապես երբ հանդիպում է սրտակից ընկերներին, նրանց համբուրում է ինչպես ձմերուկ փափագող դիարբեքիրցի: Սա նրա անխոհեմության շատ կարևոր դրսևորում է: Կարևոր վայր է, կարևոր մարդիկ կան հավաքված, սրանք նրա համար կարևոր չեն, կգրկախառնվի՝ մարդկանց սեղմելով իր կրծքին և իսկական գյուղացու պես կհամբուրի:
Սյունակի մարդուն տարիքով փոքրերը ‹‹աղբարիկ›› են ասում, իսկ Ումիթ Քվանչը, հաշվի առնելով նրա անխոհեմությունը, անունը ‹‹Շապպարիկ›› է կնքել: Այս մարդը շարունակելու է առանց հաշիվ տալու համբուրել իր սիրելիներին և քննադատել բոլոր նրանց, ովքեր արժանի են դրան...
Շապպարիկորեն...