Մեծապես վնասված հայ կաթոլիկ եկեղեցին Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր տնօրինությանն է պատկանում: Հիմնադրամների գլխավոր տնօրինության կողմից իրականացվելիք եկեղեցու վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2018թ.:
Դիարբեքիրի Սուր գավառում կիրառվող պարեկային ժամը, այնուհետև սկսված զինված բախումները գավառն անմարդաբնակ վիճակի են հասցրել: Սուրի բնակիչների կրած մեծ կորուստների հետ մեկտեղ գավառի պատմական շինություններն էլ մեծապես վնասվել են: Ամենից շատ խարխլված պատմական շինություններից մեկը Հայ կաթոլիկ եկեղեցին է: Զինված բախումների ընացքում սոցցանցերում տարածված նկարներից պարզ երևում է՝ շենքին ինչ զգալի վնասներ են պատճառվել:
Սուր գավառում զինված բախումների ավարտից հետո սկսել էին գավառի վերակառուցման շուրջ քննարկումներ ծավալվել: Շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությունը Սուրի վերակառուցման խատանքները սկսել էր այն բանից հետո, երբ Նախարարների խորհուրդը գավառի անհապաղ օտարման մասին որոշում էր կայացրել:
Մինչև 2018թ.
‹‹Ակօս››-ի ձեռք բերած տեղեկությունների համաձայն՝ եկեղեցին լրջորեն վնասվել է: Եկեղեցական համալիրում գտնվող կացարանի հատվածը պետք է վերակառուցվի: Եկեղեցին Հիմնադրամների գլխավոր խորհրդին է պատկանում, և վերականգնման աշխատանքներն էլ խորհրդի կողմից են իրականացվելու: Վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2018 թվականը:
Հայ կաթոլիկ եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսել են: Եկեղեցու տարածքում մաքրման աշխատանքներ են իրականացվում: Վերականգնման աշխատանքներն իրականացնելու համար Դիջլե համալսարանի դասախոսներից բաղկացած խորհուրդ է ձևավորվում: 2013թ. լայնածավալ վերականգնման աշխատանքներից հետո եկեղեցին օգտագործվել է որպես գորգագործության արհեստանոց: Այս վերականգնողական աշխատանքներից հետո շինությունը կրկին որպես եկեղեցի օգտագործելու գաղափարը նույնպես քնարկվում է: