«Բռնաբարություն, խոշտանգումներ կալանավորների նկատմամբ»

«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը․ «Վկայություններ կան, որ բերման ենթարկվածները բռնաբարության, խոշտանգումների են ենթարկվում, վատ վերաբերմունքի արժանանում»։

«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության Լոնդոնյան գրասենյակը Եվրոպայի խորհրդին կից Խոշտանգումների կանխարգելման կոմիտեից պահանջել է «շտապ» այցելել Թուրքիա՝ կալանքի պայմանները քննելու համար։

Միջազգային իրավապաշտպան կամզակերպությունը հայտարարել է, որ բավարար ապացույցներ կան այն մասին, որ Թուրքիայում զինվորական հեղաշրջման փորձից հետո կալանավորվածները բռնությունների, վատ վերաբերմունքի, ընդհուպ մինչև բռնաբարության են ենթարկվում։ Այս հայտարարությունն արվել է «Amnesty International»-ի Լոնդոնի գրասենյակի կողմից։ Կազմակերպությունը Եվրոպայի Խորհրդին կից գործող Խոշտանգումների կանխարգելման կոմիտեից պահանջել է շտապ այցելել Թուրքիա՝ կալանքի պայմաններին ծանոթանալու համար։ «Որպես Եվրոպայի Խորհրդի անդամ երկիր՝ Թուրքիայի կառավարությունը պարտավոր է համագործակցել Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հետ»,- ասված է հայտարարության մեջ։

«Խոշտանգումներ, բռնաբարություն, վատ վերաբերմունք»

«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ հուլիսի 15-ի զինվորական հեղաշրջումից հետո բերման ենթարկվածներն ավելի քան 48 ժամ ոտքի վրա են պահվել, նրանց սնունդ, ջուր և բուժօգնություն չի տրամադրվել, անվտանգության ուժերի ներկայացուցիչները սպառնալիքներ են հնչեցրել նրանց հասցեին։ Կազմակերպությունը փաստում է իրականացվող խոշտանգումների մասին, որը երբեմն ընդգրկում է նաև բռնաբարություն։ 

«Amnesty International»-ը որպես հիմննավորում ներկայացնում է իրավաբանների, բժիշկների և կալանավայրերից մեկի աշխատակցի վկայությունները։ Անկարայում կալանավորվածներին ներկայացնող փաստաբաններից մեկը նշել է՝ իր պաշտպանյալները վկայում են, որ տեսել են՝ ինչպես են բռնաբարում բարձրաստիճան զինվորականներին։ Նշվում է, որ բարձրաստիճան զինվորականներին ուղղված խոշտանգումներն ավելի խիստ են և դրանք իրականացվում են՝ ստիպելու կալանավորներին խոսել։ Կին փաստաբանը նշում է, որ տեսել է ՝ինչպես է կալանավորներից մեկը փորձել իրեն վայր նետել դատարանի 6-րդ հարկից։ 

 

Դեպքի առնչությամբ Թուրքիայի դիրքորոշումը

Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը փաստի առնչությամբ տված հարցազրույցում նշել է, որ իրենք մարդու իրավունքները չեն խախտում։ «Աբսուրդ է մտածել, որ ԵՄ-ին անդամակցել ցանկացող մի երկիր խախտում է իր իսկ երկրի օրենքները։ Չենք ընդունում մեր հասցեին հնչեցված մեղադրանքները և մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններին կոչ ենք անում անկողմնակալ վերաբերմունք ցուցաբերել 250 քաղաքացու սառնասրտորեն սպանածերի դեմ իրականացվող իրավական միջոցառումներին։ Անհեթեթություն է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացրած երկրին մեղադրել իր երկրի օրենքները ոտնահարելու մեջ»,- նշել է պաշտոնյան։