Թուրքիայում իրականացված անհաջող հեղաշրջման փորձի դեմ բողոքի ցույց իրականացնելու համար երեկ երեկոյան փողոց դուրս եկածներից որոշները քարերով և մուրճերով հարձակվել են Տրապիզոնի Սուրբ Մարիա կաթոլիկ եկեղեցու և Մալաթիայի բողոքական եկեղեցու վրա: Նրանք փորձել են մուտք գործել եկեղեցիների տարածք:
Ըստ SAT-7 TÜRK-ի լրագրող Սեյֆի Գենչի՝ հուլիսի 16-ի գիշերը փողոց դուրս եկած Թուրքիայի քաղաքացիներից մի խումբ քարեր է նետել Մալաթիայի բողոքական եկեղեցու վրա: Քարկոծման հետևանքով եկեղեցու պատուհանները ջարդվել են: Դեպքը տեղի է ունեցել գիշերվա ժամերին, երբ եկեղեցում ոչ ոք չի եղել: Այդ իսկ պատճառով էլ միայն նյութական վնասներ են ի հայտ եկել:
Նույն ժամերին Թուրքիայի մեկ այլ՝ Տրապիզոն քաղաքում փողոց դուրս եկած ցուցարարներից բաղկացած մոտ 10 հոգանոց մի խումբ հարձակվել է Սուրբ Մարիա կաթոլիկ եկեղեցու վրա: Խումբը քարեր է նետել և ջարդել եկեղեցու պատուհանները, ինչպես նաև փորձել է կոտրել կողպեքները՝ մուրճերի օգնությամբ:
Եկեղեցու հարևանությամբ բնակվող մահմեդականների զգուշացումներով և դիմադրությամբ հարձակվող խումբը հեռացել է եկեղեցու տարածքից: Հարևանները դեպքի մասին անմիջապես տեղյակ են պահել եկեղեցու սպասավորներին: