ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
dzovinarlok@gmail.com
Կեանքիս մէջ այդքան ցուցահանդէսներ տեսած լինելով հանդերձ, այս այնգամ ես առանձնայատուկ զգացմունք ապրեցի, որը մինչ այդ չէի ունեցել երբեք։ Առաջինը դա անսովոր հիացմունքն էր, որը մարդն ապրում է վանդակից դուրս գալով եւ ազատ աշխարհում յայտնուելով, քանզի այսօրուայ մեր աշխարհը տեղափոխուել եւ տեղաւորուել է համացանցային դաշտում եւ նայելով արուեստի գործերին համացանցով, մենք զրկում ենք մեզ բնօրինակ դիտելու երջանկութիւնից։ Կարծես մի աստուածային լոյս էր ներթափանցում Նկարիչների Տան դահլիճում, որտեղ ներկայացուած էին Արարատ Խանզադեանի եւ Շիրուան Մկրտչեանի կտաւները։ Ու թէեւ Արարատն ինքը կեանքից հեռացել էր ընդամէնը 2 ամիս առաջ, մթնոլորտը ամենեւին էլ տխուր չէր, այսինքն տխրութիւնը թեթեւ էր. Խանզադեանը ներկայ էր, ճիշդ է ոչ թէ անձամբ, անձով, այլ՝ իր տաղանդով, որն անկասկած վիթխարի էր եւ այդ մասին կարելի էր խօսել արդէն առանց նրան հաճոյանալու, քանզի մարդու երեսին կեանքի օրով «հանճար» ասելը ծաղրանքի է հաւասար։
Հայր եւ որդի
Արարատ Խանզադեանը ծնուել էր 1946-ին Գորիսում, սակայն երեք ամսեկանից նրան բերեցին Երեւան, եւ նա դարձաւ այն երեւանցիներից մէկը, որոնք կերտում էին Երեւանի անկրկնելի դէմքը։ Հայրը՝ Սերօ Խանզադեանը, հայ գրականութեան հսկաներից էր, ականաւոր պատմավիպագիր, ու թէեւ Արարատը ուզում էր երաժիշտ դառնալ, իսկ հայրը՝ տեսնում էր իր առաջնեկի մէջ գրող, ճակատագիրը վճռեց այլ կերպ. Արարատը նստեց ոչ թէ սպիտակ թղթի առջեւ, այլ՝ սպիտակ կտաւի, որի վրայ մէկը միւսի յետեւից յայտնւում էին մեր պատմութեան փառաւոր թագակիրները։
«Մեր պատմագրութիւնը այս վերջին 200 տարուայ մէջ նսեմացնում է հայերի անցած ճանապարհը»,-ասում էր Արարատը, եւ՝ կրելով իր մէջ հայոց թագաւորների արժանապատւութիւնը, մերժում էր ցեղասպանութեան 100-ամեակի կապակցութեամբ ձեւաւորուած «յիշում եւ պահանջում եմ» կարգախօսը, հակադրելով դրան «զինուել եւ գրաւել»ը։ Ցուցահանդէսը ներկայացնում էր նաեւ մարդուն, որն իր գիրկն էր առնում տիեզերքից եկող ուժը, վերածելով այն անսահման սիրոյն։ Երկար չէի կարող աչքս կտրել մի բնապատկերից, որտեղ ամէն մի առանձին տերեւի մէջ ամփոփուած էր ծառի եւ նոյնիսկ բնութեան ընդհանուր գաղափարը…
Հռոմի պապը, արուեստն ու պիզնեսը
Ցուցահանդէսը բացուել էր Յունիսի 24-ին ճիշդ այն պահին, երբ Հռոմի պապ Փրանկիսկոս Ա.-ը ոտք դրեց հայոց հողին։ Իր այցելութիւնը նա անուանել էր «Ուխտագնացութիւն դէպի առաջին քրիստոնեայ երկիր»։ Քրիստոնեայ նշանակում է առաջին հերթին հոգեւոր արժէքներ։ Աշխարհի ամենաբարի մարդը շատ զարմանալի քայլեր արեց, օրինակ, պահանջեց, որպէսզի օդակայանում նրան դիմաւորողների մէջ ոչ մի պիզնեսմեն չլինի։ Այդ առիթով եւ յիշեցի Արարատ Խանզադեանի վերաբերմունքը պիզնեսմենների նկատմամբ։ 90-ականներն էին…Մի նորելուկ պիզնեսմեն ուզում էր արտասահմանում իր արտադրանքը ցուցադրել՝ արուեստի գործերի ֆոնին եւ խնդրեց ինձ ծանօթացնել լաւ նկարիչների հետ։ Երբ մենք գնացինք Արարատի մօտ, ապա նա տարաւ պեզնեսմենին պատշգամբ, որտեղ արեւը անխնայ այրում էր։ Նկարիչը նստացրեց հիւրին հենց արեւի դիմաց, որից գործարարը ոչ մի կերպ չէր կարող պաշտպանուել, որքան էլ փորձում էր ափը պահել ճակատին, որովհետեւ ինքն Արարատը չնստեց, այլ կանգնած մնաց սարի պէս, այսպիսով նստած պիզնեսմենը՝ ուղղելով հայեացքը զրուցակցին, աչքերը ստիպուած փակում էր արեւի ճառագայթից։ Ի՞նչ պատասխանեց Արարատը գործարարի առաջարկին։ Ասաց, ես չգիտեմ, թէ ինչ ընկերակցութեամբ են իմ գործերը ներկայացուելու քո ցուցահանդէսում։ Խանզադեանի համար շատ կարեւոր էր չյայտնուել ինչ-որ միջակութեան կողքին։ 24-29 Յունիսին Նկարիչների Միութիւնում Արարատ Խանզադեանի նկարների կողքին ցուցադրւում էին իր կողմից շատ յարգուած Շիրուան Մկրտչեանի աշխատանքները։
Հայոց թագաւորների թանգարան
Գործարարները այս վերջին 25 տարուայ մէջ ի յայտ եկան եւ փոխարինեցին մտաւորականներին, արուեստագէտներին եւ գիտնականներին, նրանք մտան Ազգային Ժողով, դարձան մամուլում շօշափուող հիմնական դէմքեր, սակայն դա ժամանակաւոր երեւոյթ է, որովհետեւ հայը մանսաւորապէս հոգեւոր արժէքներ կերտող ազգ է, որն ունէր թագաւորներ, թագաւորական արժանապատւութիւն եւ յանուն հայրենիքի եւ ազգային արժանապատուութեան կեանք զոհաբերող զինուոր, ինչը փաստեց քառօրեայ ապրիլեան պատերազմը, յիշեցնելով մեզ այն կերպարների մասին, որոնց յաւերժացրել է Արարատ Խանզադեանը եւ որոնց մասին ասում էր. «Երանի՛ Հայաստանում բացուէր հայոց թագաւորների եւ իշխանների թանգարան ու ես այդ թանգարանին նուիրաբերէի իմ գործերը…