Ստամբուլի «Աթաթուրք» միջազգային օդանավակայանի արտերկրյա թռիչքների բաժնում երեկ երեկոյան որոտացած պայթյուններին զոհ է դարձել 41 մարդ, առնվազն 239 հոգի վիրավոր է։
Այսօր կեսօրին Ստամբուլի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, ըստ որի երեկ երեկոյան Ստամբուլի օդանավակայանում որոտացած պայթյունների հետևանքով 41 մարդ է զոհվել, որոնցից 10-ը օտարերկրացի է։ Երեկ հիվանդանոց տեղափոխված վիրավորների թիվը 239 է, վիրավորներից 109-ը օգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցներից։
Թուրքիայի
վարչապետ Բինալի Յըլդըրըմն իր հայտարարության
մեջ նշել է, որ նախնական տվյալներով
օդանավակայանի հարձակումը կապվում է
ԻՊ-ի հետ, դեպքի քննությունը շարունակվում
է։ «Ահաբեկիչները տաքսիով են եկել։
Ահաբեկիչների զինված լինելու հանգամանքն
էլ ավելի է մեծացնում դեպքի դաժանությունը։
Տվյալներ կան, որ երեք ահաբեկիչները կրակ
բացելուց հետո են պայթեցրել իրենց»,- նշել
է Բինալի Յըլդըրըմը՝ տեղեկացնելով, որ
նախնական հետքերը Իսլամական պետություն
կազմակերպությանն են մատնանշում։
Պայթյունների հետևանքով զոհվածների ինքնությունները դեռ հայտնի չեն, սակայն տեղեկություններ կան, որ նրանց մեջ նաև օտարերկրացիներ կան։
Սաուդյան Արաբիայի դեսպանատունը հայտարարել է, որ զոհվածների մեջ առնվազն 7 Սաուդյան Արաբիայի քաղաքացի կա։
«Աթաթուրք» օդանավակայանը ժամը 02։20-ից վերսկսել է աշխատանքները։ Վիրավորները հիվանդանոցներում են գտնվում։
Միջազգային կառույցները դատապարտում են տեղի ունեցածը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ դատապարտում է «ահաբեկչական հարձակումը»։
Սպիտակ տան խոսնակը նշել է, որ խստորեն քննադատում են հարձակումը։ ԱՄՆ Արտաքին գործերի նախարարության խոսնակի տեղակալը գրավոր հայտարարություն է տարածել՝ վիրավորներին արագ ապաքինում մաղթելով և ցավակցելով մահացածերի ընտանիքներին։
Հոլլանդիայի Արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ Եվրամիության նախագահը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ և իր ցավակցություններն է հայտնել։
Անգելա Մերկելն իր ելույթում նշել է․ «Ցանկանում եմ Թուրքիայի ամբողջ բնակչությանը տեղեկացնել, որ ահաբեկչության դեմ պայքարում միասին ենք և օժանդակելու ենք իրար»։
Ֆրանսիայի և Իտալիայի վարչապետները, Անգլիայի ԱԳ նախարարը ևս իրենց ցավակցություններն են հայտնել։ Իսրայելի ԱԳՆ Twitter-յան գրառումով ցավակցել է պայթյունի հետևանքով մահացածների ընտանիքներին։