Օրլանդոյի գիշերային ակումբում իրականացված հարձակումից հետո Ստամբուլում հունիսի 19-ին նախատեսվող Տրանս պատվո երթի և հունիսի 26-ին նախատեսվող ԼԳԲՏ պատվո երթի անվտանգությունը հարցականի տակ էր։ Երթերը չեղյալ հայտարարելու շուրջ քննարկումներ էին ընթանում։
Քննարկումներից հետո հայտարարվել է, որ այս տարի էլ երթերն իրականացվելու են՝ չնայած ամեն ինչի։ Այս հայտարարությունից հետո ԼԳԲՏ պատվո երթի դեմ ատելության քարոզարշավ է սկսել։
«Անպատիվ շեղվածներին թույլ չենք տա քայլել»
«Մահմեդական Անատոլիայի երիտասարդություն»
անունը կրող կազմակերպությունը հունիսի
26-ին իրականացվելիք ԼԳԲՏ
պատվո երթի դեմ սոցցանցերում ատելության
քարոզարշավ է սկսել։ Իսկ
Facebook-ը հայտարարել է, որ այս քարոզարշավը,
որը բացահայտորեն հարձակման կոչ է
պարունակում, «չափանիշներից դուրս չէ»։
Facebook-ում ստեղծված միջոցառման միջոցով «Մահմեդական Անատոլիայի երիտասարդություն»-ը մարդկանց հրավիրում է հարձակվելու կայանալիք ԼԳԲՏ պատվո երթի մասնակիցների վրա․ «Անպատիվ շեղվածներին թույլ չենք տա քայլել»։ Հունիսի 19-ին իրականացվելիք հարձակումը նախատեսող միջոցառման մասին twitter-ում շարունակաբար գրառումներ են տեղադրվում։
Facebook-յան էջում պատվո երթի մասնակիցների վրա հարձակման կոչ անող նկարներ և գրառումներ են տեղադրում։ Նկարները, որոնք հավանաբար ԻՊ-ին են պատկանում, շարունակում են տեղ գտնել էջում։ ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելությամբ աչքի ընկնող լրագրողներ Հարուն Սեքմենը («Աքիթ») և Էնես Բաբաջանը («Միլլեթ») իրենց աջակցությունն են հայտնել միջոցառմանը։
ԼԳԲՏ համայնքի նարկայացուցիչները Facebook-յան այս միջոցառման առնչությամբ բողոք են ներկայացրել կայքէջին, որն էլ պատասխան նամակում հետևյալն է նշել․ «Էջը ուսումնասիրել ենք, այն համայնքի չափանիշներից դուրս չէ»։
«Կանխելու ենք այս կոչով հասարակության մեջ ատելություն և թշնամանք սերմանողների գործողությունները»,- նշել է Սոցիալական քաղաքականության, գենդերային ինքնության և սեռական կողմնորոշման շուրջ հետազոտություններ իրականացնող SPoD (ՍՓՈԴ) կազմակերպության ղեկավար խորհրդի անդամ, փաստաբան Ռոզերին Սեդա Քիփը։ Կամզակերպությունը պատրաստվում է իրավական ճանապարհների դիմել։
Պատվո երթի անվտանգությունն ապահովելու առնչությամբ Ստամբուլի նահանգապետարանը, Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել։
«Ալփերենի օջախներ»-ի սպառնալիքները
«Ալփերենի օջախներ» հիմնադրամի Ստամբուլի մասնաճյւղի ղեկավար Քյուրշաթ Միջանը մամլո ասուլիսի ընթացքում սպառնացել է և՛ հունիսի 19-ին նախատեսվող Տրանս պատվո երթի, և՛ հունիսի 24-ին նախատեսվող ԼԳԲՏ պատվո երթի մասնակիցներին։ Իր ելույթում նա նշել է․ «Հարգելի պետական պաշտոնյանե՛ր, կա՛մ արեք այն, ինչ անհրաժեշտ է, կա՛մ մենք ենք դա անելու։ Մենք ամեն ինչ անելու ենք, անմիջապես երթը կանխելու ենք։ Այժմ նախազգուշացնում ենք։ Նախապես տեղեկացրեցինք՝ ինչեր կարող են լինել, հետևանքների համար պատասխանատու չենք»։
«Հարգելով մեր հոգևոր արժեքները»
«Ալփերեն օջախների» հավաքի ընթացքում Քյուրշաթ Միջանը նշել է․ «Այս ամենը կարող է երթ կոչվել, սակայն իրականում անբարոյականություն է, որը հասարակության նյարդերին է դիպչում։ Երբեք թույլ չենք տա, որ նմանատիպ անբարոյականություններն ընդունլի և ողջունելի դառնան»։ Նա նաև նշել է, որ հատկապես զգուշացնում են նրանց, ովքեր լեզվի փաթաթան և ծաղրանքի առարկա են դարձրել մահմեդականների Ռամազան պասի սուրբ ամիսը։ «Երթի կազմակերպմանը հանդուրժողական վերաբերմունքի հետևանքով առաջացած հասարակական հետընթացը և բարոյական փլուզումը մեր աղջիկների, տղաների համար այլընտրանքային սեռեր են ստեղծելու։ Հնարավորություն չպետք է տրվի։ Սա ուրիշների անձնական կյանքին խառնվել չէ»,- իր ելույթում նշել է «Ալփերեն օջախներ»-ի ներկայացուցիչը։