Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ, Կանաչների կուսակցության պատգամավոր Կլաուդիա Ռոթը «Ակօս»-ում լույս տեսած իր գրության մեջ անդրադարձել է Հայոց ցեղասպանության բանաձևի շուրջ Գերմանիայի և Թուրքիայի միջև շարունակվող քննարկումներին։
Հունիսի 2-ին
գերմանական խորհրդարանում ճանաչված
նախագիծը, որը «Հիշում և հիշատակում է
1915-1916թթ․ ընթացքում հայերի և մյուս
քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ
իրականացված ցեղասպանությունը», Գերմանիայի
պատմության կարևոր շրջաններից մեկի
առերեսման տեսանկյունից կարևոր հիմնաքար
է։
Պատմության նշված
շրջանն Անատոլիայում ոչ միայն հայերի,
այլև մի շարք քրիստոնյա փոքրամասնությունների
գոյությունը գրեթե ամբողջությամբ
վերացնող, դաժան հանցագործությունների
իրագործման, աքսորների իրականացման մեջ
Գերմանական կայսրության դերի մասին է։
Քննարկման ենթական չէ այն, որ Գերմանական
կայսրության բարձրաստիճան զինվորականները
և դիվանագետները ներառված են եղել
ցեղասպանության ծրագրման և իրագործման
գործընթացին, սա ապացուցված է փաստաթղթերով։
Բարոյական պարտավորություն
Գերմանիայի խորհրդարանում ներկայացված բոլոր կուսակցություններն անխտիր կանգնել են այս առերեսման և սրանից բխող Գերմանիային բաժին հասնող պատասխանատվության հետևում։ Սա պարզ նշան է։ Գերմանական խորհրդարանը ուղղակիորեն Թուրքիային մատնացուց անելով չի փորձում մեղքի բաժինը կիսել։ Ընդհակառակը, Գերմանիայի խորհրդարանը ցանկանում է իրականացված հանցագործության և այդ հանցագործության մեջ իր բաժին մեղքի մասին իր տեսակետը հայտնել և տեղի ունեցածներին հստակ անուն տալ։ Քանզի, Գերմանական կայսրության հանցակցության հետևանքով ստեղծված պատասխանատվությունն ընդունելը մեզ համար ոչ միայն ժողովրդավարական, այլ նաև բարոյական պարտավորություն է։ Սա նշանակում է, որ տեղի ունեցածներին առերեսման և Թուրքիա-Հայաստան հաշտեցման խնդիրներում Գերմանիայի արտակարգ մասնկացությունն ու առաջատարի դերի ստանձնումն է ակնկալվում։
Այս պատճառով է, որ Գերմանիայում մարդիկ չեն հասկանում ո՛չ թուրք ազգայնականների կողմից բարձր և զիլ ձայնով հնչեցված զայրույթը, ո՛չ էլ գերմանացի խորհրդականներին ուղղված վրդովմունքը։ Ակնհայտ է, որ թուրքական հասարակության որոշ հատվածներ, ինչպես նաև թուրքական կառավարությունը միտումնավոր կերպով անտեսում են այն փաստը, որ Գերմանիայում մարդկանց մեծամասնությունը անհրաժեշտ է համարում սեփական պատմության հետ անկեղծ և համապարփակ առերեսումը, այդ պատճառով էլ Հոլոքոստին և նացիստների իրականացրած սարսափելի հանցանքներին առերեսվելը ոչ թե թուլացրել, այլ ուժեղացրել է մեր հասարակությունը։ Մինչդեռ գերմանական պատմության ամենամութ էջերից մեկի հետ առերեսումն այսօրվա ժողովրդավարության և օրենքի գերակայությամբ պետության հիմքն է ստեղծել։
Նամիբիայի համար նույնպես նախագիծ է ներկայացվել
Այս համատեքստում հասկանում եմ Թուրքիայում հնչեցվող տեսակետները, թե ինչու Գերմանիան պատմության առերեսման էջերին չի ավելացրել 1904-1908թթ․ գաղութային խմբերի կողմից այսօրվա Նամիբիայ սահմաններում հերերո, նամա, դամարա և սան համայնքների դեմ իրականացված հանցագործությունները։ Ըստ միջազգային օրենքի չափանիշերի՝ այնտեղ իրագործված հանցագործություններն էլ ցեղասպանության օրինակ են, և Գերմանիան արդեն պետք է ընդունի այդ ցեղասպանությունը։ Իմ կուսակցությունը սրան ուղղված նախագիծ է ներկայացրել գերմանական խորհրդարան և պայքարում է, որպեսզի Գերմանիայի պատմության այս էջն էլ պատասխանատվությամբ ընդունվի։ Նամիբիայի ցեղասպանության մեջ Գերմանիայի պատասխանատվության հարցի քննարկումը բաց և ժողովրդավարական կերպով ընթանում է Գերմանիայի խորհրդարանում, լրատվամիջոցներում, մտավորականների և արվեստագետների շրջանում։ Այս հանցագործությունների թեման օրակարգ մտցնելու համար ոչ մի լրագրող կամ գիտնական ոչ միայն չի բանտարկվել, այլ սպառնալիք անգամ չի ստացել։
Այն, որ թուրքական կառավարությունը հրաժարվում է սեփական պատմությանն անկեղծորեն առերեսվելուց և թուրքական պատմությունը ներկայացնում է որպես փառավոր հաղթանակների և հերոսամարտերի մի շարք, խորդուբորդ է դարձնում դեպի անկեղծ և ժողովրդավար ապագա տանող ճանապարհը։ Անկեղծորեն հավատում եմ, որ սեփական պատմությանը համապարփակ կերպով և առանց տաբուների առերեսվելը, բազմակարծությունը ոչ միայն թույլատրելը, այլ այն խրախուսելը հզորացնելու են Թուրքիան։ Սա նաև կարևոր հաղորդագրություն կլիներ Թուրքիայում բնակվող բոլոր փոքրամասնություններին առ այն, որ նրանք պատկանում են այդտեղին և չեն մոռացվել պատմության վկայությունների մեջ։
Ընդունած որոշմամբ գերմանական խորհրդարանը միասնության ուղերձ հղեց բոլոր նրանց, ովքեր Թուրքիայում տարիներ շարունակ փորձում են անկեղծ լինել թուրքական պատմության հարցում։
Վերաբերմունքը մտահոգիչ է
Մեզ համար տարօրինակ և նույնչափ մտահոգիչ էր այն, թե ինչպես է անձամբ Թուրքիայի նախագահը կառավարության և հասարակության շրջանում ատելության մթնոլորտ ստեղծում Գերմանիայի խորհրդարանի՝ արմատներով Թուրքիայից պատգամավորների նկատմամբ։ Այս կերպ, անկախ խորհրդականների և ժողովրդավար խորհրդարանի նկատմամբ վոտնձգություն է իրականացվում, միևնույն ժամանակ թուրքական հասարակության բևեռացումն ավելի է խորացվում, նույնիսկ այն հասցնում մինչև Գերմանիա։
Այն ենթադրությունը, որ բոլոր թուրքերը պետք է գաղափարակից լինեն և ԱԶԿ-ի («Արդարություն և զարգացում» կուսակցություն՝ AKP) պես չմտածող բոլորը թշնամի են, բացարձակապես հակաժողովրդավարական է և ուղղված է բազմակարծության դեմ։
Բաց երկխոսությունը և գաղափարների ազատ արտահայտումը պետք է հնարավոր լինի և՛ Թուրքիայում, և՛ թուրքական կառավարության դեմ։ Մանացած ամեն ինչ կսպառի Թուրքիայի մարդկանց ապագան։