«Բանաձևի ընդունումը լրջորեն ազդելու է Գերմանիա-Թուրքիա հարաբերություններին»,- նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Իսկ վարչապետ Բինալի Յըլդըրըմն ասել է․ «Մեր պատմության մեջ ամոթալի ոչ մի դեպք չկա»։ Արտգործնախարար Չավուշօղլու․ «Անպատասխանատու և անհիմն»։
«Բանաձևի ընդունումը լրջորեն ազդելու է Գերմանիա-Թուրքիա հարաբերություններին»
Գերմանական խորհրդարանի կողմից հայոց ցեղասպանության նախագծի ընդունումից հետո Թուրքիայի նախագահ Ռ․ Թ․ Էրդողանը հայտարարությամբ է հանդես եկել․ «Գերմանական խորհրդարանի այս որոշումն իրականում լրջորեն ազդելու է Գերմանիայի և Թուրքիայի հարաբերություններին»։
«Վարչապետի հետ էլ ենք հանդիպում ունեցել։ Մեր առաջին քայլը Գերմանիայում Թուրքիայի դեսպանին խորհրդակցության համար Անկարա կանչելն էր։ Գերմանիայի խորհրդարանի այս որոշումը լրջորեն ազդելու է Թուրքիա-Գերմանիա հարաբերություններին»,- նշել է Էրդողանը, ով այցով գտնվում է Աֆրիկայում։ Էրդողանը նշել է, որ Գերմանիայում Թուրքիայի դեսպան Հուսեյին Ավնի Կարսլըօղլուի Անկարա վերաձադարձից հետո իրավիճակը գնահատվելու է և իրականացվելիք քայլերն են որոշվելու։
«Մեր պատմության մեջ ամոթալի դեպք չկա, որը մեզ կստիպի գլխիկոր քայլել»
Գերմանիայի խորհրդարանում հայոց ցեղասպանության նախագծի ընդունումից հետո Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ևս հայտարարությամբ է հանդես եկել։ «Մեր պատմության մեջ ամոթալի դեպք չկա, որը մեզ կստիպի գլխիկոր քայլել»,- նշել է Յըլդըրըմը։ Բինալի Յըլդըրըմը իր հայտարարության մեջ նշել է․ «Սա սխալ որոշում է։ Թուրք ազգի պատմությունը հայտնի է։ Մեր պատմության մեջ ամոթալի դեպք չկա, որը մեզ կստիպի գլխիկոր քայլել։ Թուրքիան երբեք չի ընդունի իբր հայերի ցեղասպանության ճանաչումը, այս հարցի շուրջ պատմաբաններն անգամ համաձայնության չեն գալիս։ Մինչդեռ գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը օտար ներկայացուցիչների հետ քննարկում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (ԱԶԿ՝ AKP) ազատվելու ծրագրերը, Թուրքիայի ամենակարևոր դաշնակից Գերմանիայում ռասիստական հայկական լոբբիի քարոզն ընդունվեց խորհրդարանի կողմից»։
Թուրքիայի արտգործնախարար․ «Անպատասխանատու և անհիմն»
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ցեղասպանության նախագծի ըդունման կապակցությամբ գրառում է արել Twitter-յան իր միկրոբլոգում․ «Խորհրդարանի ապատասխանատու և անհիմն որոշումներով ուրիշ երկրների պատմությունը սևացնելով չէ, որ ծածկում են սեփական պատմության մութ էջերը»։