Երկու երկրների մոտեցումների տարբերությունը բացահայտում է շատ ավելին, քան ցեղասպանությունը։
Շաբաթներ շարունակ և՛
Գերմանիայում, և՛ Թուրքիայում լայնորեն
քննարկվող հայոց ցեղասպանության բանաձևն
ընդունվեց Գերմանիայի
խորհրդարանի կողմից։ «Քրիստոնեական
միություն» կուսակցությունների,
«Սոցիալ-դեմոկրատական» կուսակցության
և Կանաչների կուսակցության կողմից
պատրաստված նախագիծն ընդունվել է,
քվեարկության ընթացքում 1 դեմ, 1
ձեռնպահ է եղել։ Այս
նախագիծը տարբերվում է մնացած նախագծերից,
քանի որ ընդունում է Օսմանյան կայսրության
գլխավոր դաշնակից Գերմանիայի մեղսակցությունը
հայոց ցեղասպանության գործում։
Գերմանական Բունդեսթագը
հայտարարում է, որ «ցավ է ապրում, որ չնայած
հայերի կազմակերպված տեղահանման և
ոչնչացման մասին գերմանացի դիվանագետների
և միսիոներների միջոցով ստացված
տեղեկություններին՝ Գերմանիան ամոթալի
դեր է ունեցել մարդկության դեմ իրականացվող
այդ հանցագործության մեջ՝ այն կանխելու
ջանքեր չգործադրելով»։ Իսկ Թուրքիայի
վարչապետ Բինալի Յըլդըրըմը հետևյալ կերպ
է մեկնաբանում․ «1915թ․ տեղի ունեցածները
պատերազմական պայմաններում սովորական
դեպքեր են, որոնք կարող են տեղի ունենալ
բոլոր երկրներում։ Երկու երկրների
մոտեցումների տարբերությունը բացահայտում
է շատ ավելին, քան ցեղասպանությունը։
Թուրքիայի գլխավոր
խնդիրը հայոց ցեղասպանության գիտակցությունն
է։ Հայոց ցեղասպանությունը հիմքն է մեր
օրերում քրդաբնակ նահանգներում տեղի
ունեցողների, հիմքն է մարդկության դեմ
հանցագործությունների։ Գլխավոր դաշնակիցը
ցեղասպանության մեջ իր դերը «ամոթալի»
է անվանում, մինչդեռ Թուրքիայի պաշտոնական
ժխտողականությունը շատ ավելի աղետալի
պատկեր է ստեղծում։ Սրանից հետո որդեգրվելիք
դիրքորոշումը ցույց է տալու, թե ինչպիսի
երկրի քաղաքացիներ ենք լինելու։