Ապրիլի 2-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում սկսած հակամարտության պատճառով երկու կողմն էլ մեծ թվով կորուստներ է ունեցել։ Սպանված զինվորների փոխանակման ընթացքում հայտնի է դարձել, որ հայ զինծառայողների մարմինները/զինվորները խոշտանգման են ենթարկվել։ Մի քանի զինվորի գլխատման հանգամանքը հասարակության շրջանում ԻՊ-ի շուրջ քննարկումների առիթ է դարձել։
Ապրիլի
8-ին Լեռնային Ղարաբաղի ՊՆ խոսնակ Սենոր
Հասրաթյանը տեղեկացրել էր, որ
պայմանավորվածություն է ձեռք բերվել
ղարաբաղա-ղդրբեջանական
շփման գծի հյուսիսային և հարավային
հատվածներում 5 ժամով
դադարեցնել հակամարտությունը։ Այս
ընթացքում կողմերը սպանված զինվորների
որոնողական աշխատանքներ են
իրականացնել։ Այս գործընթացը, որը
համակարգվում էր Կարմիր Խաչի միջազգային
կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների
կողմից, հանդարտ է
ընթացել։
4-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինվորների մարմինների որոնողական աշխատանքներից հետո ադրբեջանական և ղարաբաղյան կողմերը սկսեցին մարմինների փոխանակման գործընթացը։ Ղարաբաղի պաշտոնական տվյալների համաձայն Ադրբեջանը վերադարձրել էր 18 հայ զնիվորի դի։ Սակայն «Ria Novosti»- հետ զրույցում Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիդ Բաբայանը հայտնել է, որ երեք օրերի ընթացքում ադրբեջանական կողմը 21 հայ զինվորի դի է վերադարձրել։ Բաբայանը նաև նշել է, որ ադրբեջանական կողմին է հանձնվել 13 զինվորի դի։ Փոխանակումից հետո հայտնի է դարձել, որ ադրբեջանական կողից ստացված 18 հայ զինվորների մարմինների վրա խոշտանգման հետքեր կան։
520 ՀԿ հայտարարությամբ է հանդես եկել
Ստեղծված իրավիճակի առնչությամբ ապրիլի 11-ին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ավելի քան 520 հասարակական կազմակերպություն դիմում է ներկայացրել Եվրախորհրդարան։ Դիմումը ստորագրել են Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի 520 հասարակական կազմակերպություններ, լրատվամիջոցների գլխավոր գմբագրեր, փոքրամասնությունների իրավունքներով զբաղվող կազմակերպությունների ղեկավարներ։
Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանը, խախտելով միջազգային համաձայնագրերը և պարտավորությունները, բռնություններ է իրականացրել հատկապես Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության, երեխաների և տարեցների նկատմամբ։
Դիմումի մեջ Ղարաբաղում տեղի ունեցածների առնչությամբ նշվում է․ «Անհնար է պատկերացնել որևէ հիմնավորում, որը կարող է արդարացնել խաղաղ բնակչության նկատմամբ նման վայրենի վերաբերմունքը»։ Դիմումի մեջ հիշատակվում է ադրբեջանական հրետակոծության հետևանքով զոհված 12-ամյա դպրոցականի, Թալիշում դաժանաբար սպանված Խալափյան ընտանիքի մասին։
Եվրախորհրդարանին ուղղված դիմումը անդրադարձել էր նաև զինվորների խոշտանգման փաստին․ «ԼՂՀ Պաշտպանական բանակի զինվորներ Հայկ Թորոյանը, Հրանտ Ղարիբյանը և Քյարամ Սլոյանը գլխատվեցին և ենթարկվեցին ԴԱԻՇ-ին (Իսլամական պետություն) արժանի սահմռկեցուցիչ կտտանքների: Ադրբեջանական բանակի գործողությունները կոպտորեն խախտում են մարդասիրական կոնվենցիաները, հակասում պատերազմի օրենքներին և սովորույթներին, ինչպես նաև դուրս են ամեն տեսակ քաղաքակրթական նորմերից»։
520 հկ կողմից արված հայտարարության մեջ նշված պահանջներն են․
«խստորեն դատապարտել Ադրբեջանի՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության և վերջինիս բնակչության իրականացրած վայրագությունները և պատերազմական հանցագործությունները,
խստորեն դատապարտել Թուրքիայի և Իսլամական համագործակցություն կազմակերպության կոչերը ուղղված Ադրբեջանին, որով նրանք հորդորում են վերջինիս շարունակել ռազմական ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության,
վերահաստատել, որ հակամարտության կարգավորման միակ ընդունելի ճանապարհը խաղաղ բանակցություններն են
կոչ անել ԵԱՀԿ Մինսկի խմբին վերականգնել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության կարգավիճակը որպես բանակցությունների լիիրավ կողմ:
Պետք է խուսափել միակողմանիությունից
«Ակօս»-ի հետ զրույցում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ներկայացրեց մարդու իրավունքի խախտումները, որ ի հայտ են եկել հայ զինվորների մարմինների խոշտանգմամբ, Ղարաբաղի սահմանային Թալիշ գյուղի խաղաղ բնակիչների վայրագ սպանությամբ և անդրադարձավ 520 ՀԿ-ի ստորագրած դիմումին։
Սաքունցը շեշտեց, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը խոշտանգումների կանխարգելման մասին ՄԱԿ-ի, ինչպես նաև եվրոպական միջազգային կոնվենցիաների անդամ են հանդիսանում։
520 ՀԿ-ների՝ Եվրախորհրդարան կատարած դիմումի առնչությամբ Արթուր Սաքունցը նշեց․ «Ինձ համար ավելի կարևոր է, որ և՛ զինվորների, և՛ խաղաղ բնակիչների դեմ անմարդկային վերաբերմունքի դեպքերը բարձրաձայնվեն։ Բայց պահանջների հետ կապված որոշակի ուղղումներ կանեի։ Պետք էր նշել ոչ միայն ադրբեջանական իշխանություններին, այլ նաև Ռուսաստանի Դաշնության աջակցությունը, որը, կարծում եմ, ռազմական գործողությունների վերսկսմանը նպաստած կարևոր գործոններից մեկն էր։ Սակայն այս դիմումը կարևոր է որպես հանրային դիրքորոշման փաստ»։
«Պետք է ասեմ, որ շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե մենք ունենայինք հնարավորություն Ադրբեջանի Հնարապետության անկախ ՀԿ-ների, լրագրողների հետ համագործակցելու, որպեսզի կարողանայինք ամբողջ պատկերը համատեղ ներկայացնել։ Մենք լրագրողների, լրատվական միջոցների տարածած նյութերի շնորհիվ քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դեպքերի մասին իմացանք։ Այսինքն՝ մենք հղում կատարում ենք ոչ միայն պաշտոնական աղբյուրներին, որոնք կարող են սուբյեկտիվ վերաբերմունք ունենալ։ Զինծառայողների մարմինների նկատմամբ բռնությունների, անմարդկային վերաբերմունքի դրսևորումների մասին պաշտոնական աղբյուրներին ենք հղում կատարում, բայց քանի որ փոխանակումը կատարվել է Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության մասնակցությամբ, կարող ենք գոնե իմանալ, որ խոշտանգման վերաբերյալ միջազգային, անկախ կազմակերպության տեղեկություններ ունենք։ Կարող ենք դրան հղում կատարել։ Նման դեպքերում պետք է խուսափել միակողմանիությունից և սուբյեկտիվությունից։ Եվ օբյեկտիվության երաշխիքը անկախ գնահատականներն են։ Սրանք կարող են նաև հետագայի համար կանխարգելիչ դեր ունենալ։ Պետք է նաև հստակ արձանագրեմ, որ, ցավոք, այդ նույն 520 կազմակերպությունները չկային և չկան, երբ դեռևս 2010թ․ բարձրացնում էի սպառազինությունների մրցավազքի դադարեցման հարցը»,- նշեց Արթուր Սաքունցը։
Զինծառայողների և քաղաքացիների դեմ իրականացված վայրագությունները հասարակության կողմից սկսել են համեմատվել Իսլամական պետության քաղաքականության հետ։ Այս թեմայի շուրջ արվել են անգամ պաշտոնական հայտարարություններ։ Արթուր Սաքունցը, նշելով, որ նման քննարկումների պատճառը հայ զինվորների և խաղաղ բնակիչների դեմ իրականացված քայլերի նմանությունն է ԻՊ քաղաքականությանը, ասաց․ «Հայտնի է, որ ԻՊ հաճախ է գլխատման մեթոդին դիմում։ Վերջին դեպքերում էլ ենք սա տեսնում։ Մեկ զինվորին գլխատելով չսահմանափակվեցին, ևս երեք զինվորի գլխատեցին»։