Բելգիայում՝ Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում պայթյուններ են որոտացել։ Զոհերի թիվը գնալով ավելանում է։ Բելգիայի վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ։
The Guardian
պարբերականը, վկայակոչելով բելգիական
հասարակական տրանսպորտի «La Stib» ընկերությանը,
տեղեկացնում է, որ մետրոյի պայթյունի
հետևանքով 15 մարդ է զոհվել։
Երեք պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի։ Սակայն այս թիվը գնալով ավելանում է։ Տեղեկությունների համաձայն՝ կա 136 վիրավոր։
Բրյուսելի «Զավենթեմ»
օդանավակայանում երկու պայթյուն է տեղի
ունեցել։ Բոլոր թռիչքները հետաձգվել են։
Օդանավակայանն ամբողջությամբ տարհանվել
է, դեպի օդանավակայան մետրոն դադարեցվել
է։ Օդանավակայանի պայթյունի
հետևանքով առաջացած խուճապը հայտնվել է
տեսագրություններում։
Երրորդ պայթյուն մետրոյի կայարանում
Օդանավակայանից մոտ 1 ժամ անց «Մաալբեք» մետրոյի կայարանում երրորդ պայթյունն է որոտացել։ The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ մետրոյի պայթյունը 15 մարդկու կյանք է խլել
Պայթյունի պատճառների առնչությամբ պաշտոնական հայտարարություն դեռևս չի արվել, սակայն ենթադրվում է, որ պայթյունը իրականացվել է մահապարտի կողմից։ Պայթյուններից հետո Բրյուսելի երթևեկությունը դադարեցվել է, քաղաքացիներին կոչ է արվել մնալ իրենց տեղերում։ Երկրում 4-րդ կարգի արտակարգ իրավիճակ է հայտարարվել։
Բելգիայի վարչապետ․ «Եղավ այն, ինչից վախենում էինք»
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը պայթյուններից հետո հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով․ «Եղավ այն, ինչից վախենում էինք»։
Բելգիայի վարչապետը նշել է, որ դեռ վաղ է զոհերի և վիրավորների պաշտոնական թվի մասին խոսել։
Գերմանական լրատվական գործակալության (DPA) փոխանցմամբ՝ պայթյուններից հետո քաղաքում կայանալիք Եվրոպայի Խորհրդի նիստը հետաձգվել է։ Անվտանգության մակարդակը բարձրացվել է նաև Լոնդոնի օդանավակայանում։
Պայթյունները տեղի են ունեցել Փարիզի սպանդի կասկածյալ Սալահ Աբդեսլամի ձերբակալությունից 4 օր անց։ Լրատվամիջոցներն անդրադարձ էին կատարել նրան, որ Աբդեսլամը հարցաքննության ժամանակ տեղեկացրել էր Բրյուսելում գործողությունների նախապատրաստություններ իրականացնելու մասին։
Բրյուսելից 11կմ հեռավորության վրա գտնվող «Զավենթեմ» օդանավակայանն ամեն տարի մոտավորապես 23 մլն ուղևոր է «հյուրընկալում»։