Կ. Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանի համար խնամակալ նշանակելու հարցի շուրջ դատարան հայց էր ներկայացվել: Պատրիարք Մութաֆյանի մայրը՝ Տիրամայր Մարի Մութաֆյանը, հայտարարել է, որ պատրաստ է պատրարքի խնամակալը դառնալ:
Պատրիարք Մութաֆյանի համար խնամակալ նշանակելու գործով դատի առաջին նիստը կայացել է փետրվարի 9-ին: Նիստը ընթացել է հետաքրքիր զարգացումներով: Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն իր փաստաբանի միջոցով դատական գործին միջամտության հայց է ներկայացրել: Ուշագրավ է նաև այն, որ պատրիարք Մութաֆյանի մայրը՝ Մարի Մութաֆյանը, ներկա է գտնվել դատական նիստին և հայտնել է, որ համաձայն է լինել պատրիարքի խնամակալը:
‹‹Արդեն փոխանորդ կա››
Արամ Աթեշյանին ներկայացնող փաստաբան Էլբեյողլուի հետ միասին դատարանում էր նաև նրա օգնական Սիմոն Սուլեյման Իշը: Փաստաբանի միջնորդության մեջ նշված է, որ հայցվորերը հայց ներկայացնելու իրավասություն չունեին: Հնչել են այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ ‹‹Այն հանգամանքը, որ 4 հոգի միավորվել են և նման հայց են ներկայացրել, ցույց է տալիս, որ նրանք վատ մտադրություններ ունեն և հայցը ներկայացնելու համար այլ դրդապատճառներ ունեն››:
Միջնորդություն է ներկայացվել կարճել գործը՝ պատճառաբանելով, որ հայցվորներն ունեն ‹‹վատ մտադրություններ››: Միջնորդության մեջ նաև նշվում է, որ պատրիարք Մութաֆյանին խնամակալ նշանակելու հայցը անտեղի է, քանի որ կա պատրիարքի գլխավոր փոխանորդ՝ Արամ Աթեշյանը, ով նշանակվել է պետության կողմից և շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը:
Պատրիարքարանը սուտ դուրս եկավ
Դատական նիստից առաջ դատարանը Յեդիքուլե սուրբ փրկիչ հայկական հիվանդանոցից պատրիարք Մութաֆյանի առողջության մասին զեկույց էր պահանջել: Զեկույցում նշված է, որ հիվանդության պատճառով Մութաֆյանը խնամակալի կարիք ունի: Դատարանը նիստին էր հրավիրել Մութաֆյանի մորը՝ Մարի Մութաֆյանին, ում խոսքերն էլ նիստի ամենակարևոր զարգացումը դարձան: Մարի Մութաֆյանն ասել է, որ Մեսրոպ Մութաֆյանն իր որդին է, և որ արդեն 15 տարի է հիվանդանոցում խնամում է նրան և հայտարարել, որ պատրաստ է նրա խնամակալը լինել:
Ինչպես հիշում եք՝ պատրիարքի համար խնամակալ նշանակելու հայցը օրակարգում հայտնվելուց հետո պատրիարքարանը հայտարարություն էր տարածել՝ պնդելով, որ այն ներառում է Մարի Մութաֆյանի խոսքերը: Հայտարարության մեջ նշված էր, որ Մ. Մութաֆյանը դատապարտում է հայցվորներին, չի ցանկանում խնամակալ դառնալ և հայտնում է, որ միակ պատասխանատուն Արամ Աթեշյանն է:
Դատը հետաձգվեց
Դատարանն ընդունել է Աթեշյանի միջնորդությունը և դատը հետաձվել է մինչև մարտի 8-ը:
‹‹Կարևոր շեմ է հաղթահարվել››
Հայցորդներից Թաթյոս Բեբեքը դատական առաջին նիստն այսպես է մեկնաբանել. ‹‹Ինքնին կարևոր հաղորդագրություն էր այն, որ հարգարժան Տիրամայրը մեծ նվիրվածությամբ եկել է դատարան, որ հայտարարել է խնամակալ լինելու ցանկության մասին, որ ասել է, որ ցանկանում է պատրիարքի ընտրություններ իրականացվեն: Ավելի վաղ թերթերում նշված հայտարարություններն անհիմն դուրս եկան: Հայտնի է, թե այդ հայտարարություններն ովքեր էին տարածել: Տիրամայրն այնպիսի քայլ քայլ արեց, որը մեր հասարակությունը միշտ ցանկացել է, սակայն չի համարձակվել իրականացնել: Հույս ունեմ դրական արդյունքներ կունենանք: Խնամակալի պահանջն ինչքան մարդկային, այնքան էլ իրավական պահանջ է: Այդ իսկ պատճառով իրավական հետևանքներ են լինելու: Մեկ տարի առաջ՝ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ փոքրամասնության ներկայացուցիչների հետ ունեցած ընթրիքի ժամանակ, վարչապետն իմ հնչեցրած հարցին պատասխանել էր. ‹‹Պատրիարքի ընտրությունների հարց գոյություն չունի. հարգելի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի առողջական վիճակի զեկույցը ներկայացրեք, ընտրության հարցը կլուծենք››: Կարծում եմ, որ խնամակալության հարցի կարգավորումից հետո այս ճանապարհը հարթվելու է››:
‹‹Ակոս››-ի տեսակետը
Խնամակալության հայցից հետո արքեպիսկոպոս Աթեշյանի հայտարարւթյուններն ու ‹‹միջնորդության›› պահանջը ցույց են տալիս, թե վերոնշյալ հայցն ինչքան է մտահոգում նրան: Այս դատական գործի ընթացքում հայտնի դարձան այն ճնշումները, որ փորձում էին Տիրամայր Մարի Ամութաֆյանի վրա գործադրել: Անհնար է այլ բացատրություն տալ այն փաստին, որ Տիրամայրը, ում անունից հայտարարություններ էին տարածել՝ նշելով, թե իբր նա չի ցանկանում պատրիարքի խնամակալը դառնալ, ինքը ներկայացավ դատարան և հայտնեց, որ պատրաստ է խնամակալ լինել: Աթեշյանն արգելք հանդիսացավ, երբ այս դեպքի հետ կապված Տիրամոր կարծիքն էինք հարցնում: Իմացանք, որ այն բանից հետո, երբ Մ. Մութաֆյանը համաձայնել է խոսել ‹‹Ակոս››-ի հետ, Աթեշյանը զանգահարել է հիվանդանոց և նրան հայտնել՝ ‹‹Միայն ‹‹Ակոս››-ի հետ խոսելով չի լինի, հայտարարություններ անելը հնարավոր կլինի միայն ընդհանուր մամլո ասուլիսի դեպքում, որին կմասնակցեն նաև մյուս թերթերի երկայացուցիչները››: Կցանկանայինք մեր հարցերն ուղղել Տիրամորը, եթե նման ասուլիս լինի: Սակայն ցականում ենք նշել, որ նման վարքագիծը, որը սահմանափակում է անհատի խոսքի ազատությունը, անընդունելի է:
Ուշագրավ մեկ ուրիշ կետ էլ կա: Հուվարի 17-ին Կեդրոնական վարժարանի համար կազմակերպված մատաղի ընթացքում ելույթ ունեցած արքեպիսկոպոս Աթեշյանը նշել էր, որ արտասահմանում գտնվող և Թուրքիայում բռնագրավված ունեցվածքների տեր հանդիսացող մի շարք մարդկանց հարուցած դատական գործերը՝ ետ ստանալու իրենց ունեցվածքները, մոտենում են հանգուցակետին: Նա նշել էր, որ նրանից մեկն իր ունեցվածքը նվիրելու է ‹‹Հովակիմ 1461›› հիմնադրամին, եթե կարողանա շահել դատը: Այն, որ Աթեշյանը նման գործարքներում միջնորդություն անելու համար գումար է վերցնում, ապացուցվում է հենց նրա ելույթներով: Այն հանգամանքը, որ վերոնշյալ դատական գործերից միայն ինքն է տեղյակ, հանգեցնում է ամեն տեսակի սպեկուլյացիայի: Բեյքոզի սուրբ Նիկողայոս եկեղեցու հիմնադրամին պատկանող հողատարածքի շահագործման հարցի շուրջ քննարկումները շարունակում են մնալ օրակարգում:
Այժմ ճիշտ ժամանակն է երկու հիմնական հարց ուղղելու Աթեշյանին, ով չի արձագանքում ‹‹Ակոս››-ի հարցազրույցի առաջարկներին, սակայն հարցազրույցներ է տալիս մյուս լրատվամիջոցներին:
- Ի՞նչ է եղել պատրիարքի ընտրությունների անցկացման մասին դիմումը, որն ինքներդ եք հանձնել Ստամբուլի նահանգապետին: Ավելի վաղ նշել էիք, որ ‹‹խառնակիչ մարդիկ են դիմում ներկայացրել, այդ պատճաով էլ չենք կարողանում ընտրություններ անցկացնել››: Հիմա՞ ով է մեղավոր:
- Ձեր կառավարման ընթացքում՝ արդեն երեք տարի է, ինչ պատրիարքարանը ոչ ոքի հաշվետվություն չներկայացնող մի կառույց է: Ի՞նչ երաշխիք կա, որ Ձեր ստեղծած ‹‹Հովակիմ 1461›› հիմնադրամը չի նմանվելու Բեյօղլուի երեք խորան հիմնադրամին, որը անգամ դուք եք ժամանակ առ ժամանակ քննադատում: Կարո՞ղ եք երաշխիք տալ, որ Բեյքոզի հայկական գերեզմանոցի տարածքը իրական արժեքից շատ ավելի ցածր գնով չի տրվելու վարձակալության, ինչպես որ արվում է Թոքաթլյան հանի դեպքում: