Լրագրողական գործունեության պատճառով Ջան Դյունդարի և Էրդեմ Գյուլի համար կրկնակի ցմահ ազատազրկման պահանջ է ներկայացվել։ Այս պահանջին և լրագրողների բանտարկությանն իրենց բողոքն արտահայտելու համար Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում մի շարք մտավորականներ, գիտնականներ, գրողներ և արվեստագետներ, «մենք էլ ենք այս հանցանքը գործում» ասելով, «մատնել» են իրենց։
Գրողներից
և գիտնականներից բաղկացած 16 հոգանոց
խումբը Cumhuriyet (Ջումհուրիյեթ) թերթի գլխավոր
խմբագիր Ջան Դյունդարի և Անկարայում
թերթի ներկայացուցիչ Էրդեմ Գյուլի
ձերբակալության և նրանց
նկատմամբ կրկնակի ցմահ
ազատազրկման պահանջի
դեմ իրենց բողոքն արտահայտելու համար
հայտարարել է, որ իրենք էլ են
«այդ հանցանքը գործում»։
Անկարա
Անկարայում հավաքված խմբի անունից ելույթ ունեցող դոկտոր, պրոֆեսոր Բասքըն Օրանն այսպես խոսեց․ «Աշխարհում նախադեպը չունեցող երևույթ է։ Մարդ լրտեսություն է անում և փոխանակ տեղեկությունը ուրիշ երկրներին տրամադրի, հրատարակում է թերթում։ Մենք նրանց աջակցելու համար ենք այտեղ։ Այս գրությունները մենք չենք գրել, սակայն ստորագրում ենք դրանց տակ՝ ընդունելով բոլոր իրավական հետևանքները»։ Անկարայում հավաքվածների շարքում էին դոկտոր, պրոֆեսոր Սիբել Օզբուդուն, գրող Թեմել Դեմիրերը, Ալի Գյոքքայան, Ալի Սայիր Չեթինօղլուն, Այսեր Իրենը, դոկտոր, պրոֆեսոր Բասքըն Օրանը, Էլչին Օզը, Էրջան Սադըք Իփեքչին, Էրգին Շեհիրլին, Ֆաթին Քանաթը, Հյուսնյու Էրդեմը, Օքթայ Էթիմանը, Փերիհան Փուլաթը, Հասան Ունալը և Քազըմ Գենչը։ Խումբը շարժվել է դեպի դատախազություն և գրավոր դիմում ներկայացրել։
Ստամբուլ
Ստամբուլում մեկ այլ խումբ միաժամանակյա մամլո հաղորդագրություն է տարածել։ Խումբը հավաքվել է Չաղլայանում գտնվող Ստամբուլի դատախազության շենքի դիմաց։ Շանար Յուրդաթափանը, հիշեցնելով, որ նույնն արել են նաև 21 տարի առաջ Յաշար Քեմալի գրքի պատճառով սկսած 185 հոգու դատավարության ժամանակ, ասաց․ «Եթե 21 տարի անց Ջան Դյունդարի և Էրդեմ Գյուլի գրածները հանցանք են, ապա մենք էլ ենք այդ հանցանքը գործում և մատնում ենք ինքներս մեզ»։
Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում միաժամանակյա իրականացված բողոքի ակցիաների հայտարարության մեջ նշված է․ «Իմացանք, որ «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի և Անկարայում թերթի ներկայացուցիչ Էրդեմ Գյուլի դեմ դատական գործ է հարուցվել՝ կրկնակի ցմահ ազատազրկման պահանջով։ Այդ գրության տակ մենք էլ ենք ստորագրում և հայտնում ենք, որ պատրաստ ենք դրանից բխող իրավական պատասխանատվության ենթարկվել»։
Մամլո հաղորդագրությունից հետո Բահադըր Ալթանը, Ֆերհաթ Թունչը, Գյուլշեն Իշերին, Ռաքել Դինքը, Արատ Դինքը, Շանար Յուրդաթափանը, Հալիլ Վեջդի Սայարը, Օսման Գյուրհան Էրթյուրը, Նեվզաթ Օնարանը, Սուլեյման Օզքափլանը, Օղուզ Գյուվենը, Նեջմիյե Ալփայը և Ջելալ Բաշլանգըչը Դյունդարի և Գյուլի դատավարության մասին թռուցիկներ են բաժանել քաղաքացիներին և, մտնելով դատախազության շենք, «մատնել են իրենք իրենց»։