Լրագրողներ Ջան Դյունդարը և Էրդեմ Գյուլը ձերբակալվել էին Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությանը (MİT) պատկանող բեռնատար մեքենաների հարցով հետաքննության արդյունքում և նեյեմբերի 26-ից գտնվում են Սիլիվրիի բանտում։ Նրանց գործի առնչությամբ կազմված մեղադրական եզրակացության մեջ պահանջվում է լրագրողներին ցմահ ազատազրկման ենթարկել։
Մեղադրական ակտը համալրվել է։ Գործի հայցվորներն են Թուրքիայի նախագահ Ռ․ Թայյիփ Էրդողանը և Ազգային հետախուզական ծառայության ենթաքարտուղարությունը։
Լրագրողների ձերբակալությունից երկու ամիս անց ավարտին հասցված մեղադրական եզրակացության մեջ նրանք մեղադրվում են «Ֆեթհուլլահ ահաբեկչական կազմակերպության և զուգահեռ պետության կառույցների (պետություն՝ պետության մեջ) գաղափարներին համաձայն գործելու» մեջ։
Պահանջվում է, որ դատական լսումները փակ իրականացվեն։ Նույն եզրակացությամբ Դյունդարի և Գյուլի դեմ մեղադրանք է հարուցվել «պետական գաղտնի տեղեկությունները քաղաքական կամ ռազմական լրտեսության համար ձեռք բերելու», «պետության անվտանգությանը վերաբերող գաղտնի տեղեկությունները լրտեսության համար տարածելու», «հաշվարկված կերպով և բռնության կիրառմամբ Թուրքիայի Հանրապետության կառավարությունը վերացնելու կամ նրա աշխատանքները մասամբ կամ ամբողջությամբ խոչընդոտելու փորձի» և «զինված ահաբեկչական կազմակերպության մաս չկազմելով՝ այդ կազմերպությանը միտումնավոր օգնություն տրամադրելու» մեղադրանքով։ Այս մեղադրանքներով խստացված պայմաններում ցմահ բանտարկություն, ցմահ բանտարկություն և 30 տարվա ազատազրկում է պահանջվում։
Մեղադրական եզրակացությունն ուղարկվել է ծանր հանցագործությունների գործով 14-րդ դատարան։ Եթե այս եզրակացությունն ընդունվի դատարանի կողմից, Ջան Դյունդարի և Էրդեմ Գյուլի դատավարությունը սկսելու է հենց դրա հիման վրա։