Այսօր Թուրքիայի խորհրդարանը սկսում է աշխատանքները

Թուրքիայի ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ-TBMM) այսօր 26-րդ շրջանի առաջին սահմանադրական տարին է բացում։

ԹԱՄԺ գլխավոր խորհուրդն այսօր՝ նոյեմբերի 1-ի ընտրությունների պաշտոնական տվյալների հրապարակումից  5 օր անց, հավաքվելու է։ 

Ժողովրդահանրապետական կուսակցության Անթալիայից պատգամավոր 77-ամյա Դենիզ Բայքալը լինելու է խորհրդարանի ժամանակավոր նախագահը՝ որպես ամենատարեց պատգամավոր։ Բայքալը պաշտոնը կստանձնի ԹԱՄԺ-ի նախագահ Իսմեթ Յըլմազից։

26-րդ շրջանի առաջին սահմանադրական տարվա բացումից անմիջապես հետո պատգամավորները երդման արարողությունն են իրականացնելու։

Այսօր նախագահ Էրդողանը Ահմեթ Դավութօղլուին կհանձնի նոր կառավարության ստեղծման մանդատը։ Նախատեսվում է, որ նրանց հանդիպումը կկայանա Թուրքիայի ժամանակով ժամը 17․00-ին։

Դավութօղլուն նոր կառավարության կազմը նոյեմբերի 19-ին ներկայացնելու է Էրդողանի հաստատմանը։

Ենթադրվում է, որ նոր կառավարության վստահության քվեարկությունը տեղի կունենա նոյեմբերի 28-ին։

Խորհրդարանի դասավորվածությունն ըստ կուսակցությունների 

Կայացավ ԹԱՄԺ-ի գլխավոր խորհրդի քաղաքական կուսակցությունների վերադասավորությունը։

Խորհրդարանական փորձի համաձայն ամենաշատ քվե ստացած կուսակցության պատգամավորները զբաղեցնում են խորհրդարանի ձախ կողմում գտնվող աթոռները, իսկ ամենաքիչ ձայն հավաքած կուսակցության ներկայացուցիչները լինում են աջ կողմում։

ԹԱՄԺ-ում կան Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) 317, Ժորովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) 134, Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) 40 և Ազգերի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) 59 պատգամավոր։

ԱԶԿ-ն շարունակում է մնալ ձախ կողմի աթոռներին, նրանից հետո գալիս են ժողովրդահանրապետականները, իսկ ԱԺԿ-ն զբաղեցնելու է նախկինում ԱՇԿ-ին պատկանող աթոռները, քանի որ այս անգամ խորհրդարանում ԱԺԿ-ն է երրորդ կուսակցությունը։ Իսկ ԱՇԿ-ին բաժին հասան աջ անկյունի աթոռները։


 

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ