Հրանտ Դինքի սպանության գործով հետաքննության դատախազ Գյոքալփ Քյոքչուի` հանրային պաշտոնատար անձանց մասին կազմած մեղադրական ակտը Ստամբուլի Հանրապետություն գլխավոր դատախազության կողմից հետ է վերադարձվել դատախազությանը։
ՈՒՅԳԱՐ ԳՅՈՒԼԹԵՔԻՆ
uygargultekin@agos.com.tr
Հետ վերադարձված մեղադրական ակտում տեղ էին գտել 25 հանրային պաշտոնատար անձիք, որոնց թվում էր նաև հետախուզության վարչության ղեկավար Էնգին Դինչը։
2015թ․ հոկտեմբերի 25-ին Դինքի սպանության հետաքննության դատախազ Գյոքալփ Քյոքչուն դիմել էր Ստամբուլի Հանրապետություն գլխավոր դատախազություն՝ պահանջով, որ հանրային պաշտոնատար անձանց նկատմամբ մեղադրականը կցվի Դինքի գործին, որը քննվում է Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանում։
Առաջին անգամ մեղադրական ակտն ավելի վաղ՝ հոկտեմբերի 22-ին էր ուղարկվել գլխավոր դատախազություն, սակայն տեխնիկական ուղղման համար այն հետ էր վերադարձվել դատախազությանը։
Քյոքչուի պատրաստած մեղադրական ակտում պահանջվում էր․
Պլանավորված սպանությանն օժանդակելու մեղադրանքով քրեական օրենսգրքի 83-րդ կետի համաձայն քրեական գործ հարուցել ժամանակի Տրապիզոնի ոստիկանության հետախուզության մասնաճյուղի պետ, այսօր արդեն հետախուզության վարչության ղեկավար Էնգին Դինչի, սպանության ժամանակ Տրապիզոնի շրջանային ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնող Ռեշաթ Ալթայի և նույն ժամանակ Ստամբուլի շրջանային ոստիկանության հետախուզության պետ Ահմետ Իլհան Գյուլերի նկատմամբ։ Եթե մեղադրական ակտն ընդունվի, այս երեք հոգուն 20-25 տարվա ազատազրկում է սպասում։
Ինչպես նաև պահանջվում էր քրեական օրենսգրքի 82-րդ կետով ցմահ ազատազրկման դատապարտել Ոստիկանության հետախուզության վարչության նախկին ղեկավար Ռամազան Աքյուրեքին և C մասնաճյուղի ղեկավար Ալի Ֆուաթ Յըլմազերին՝ դիտավորյալ սպանության մեղադրանքով։
Պահանջվում էր ձերբակալել ժամանակի Ստամբուլի շրջանային ոստիկանության պետ Ջելալեթթին Ջերրահին և Ոստիկանության հետախուզության վարչության ղեկավար Սաբրի ուզունին՝ պաշտոնի չարաշահման մեղադրանքով։
Մեղադրական ակտում պահանջվում է, որ վերոնշյալ անձիք և ևս 25 հանրային պաշտոնատար անձ կանգնեն դատարանի առջև։