ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐԴՑԵԱՆ
«Ակօս»ի խմբագրատանը 2006թ. Դեկտեմբերին մեզ ծանօթացրեց սիրելի Հրանդ Տինքը։ Եւ այնուհետ նա իմ կեանքում շատ կարեւոր٫ շօշափելի ներկայութիւն էր։ Առիթներ ունեցայ նրա ընկերակցութիւնը վայելելու Պոլսում٫ Տէրսիմում٫ Երեւանում թէ այլուր։ Մի տեսակ իւրայատուկ ձգողականութիւն ունէր. առանց որեւէ մղումի ու ջանքի՝ դառնում էր կեդրոն. կենդրոնաձիգ էր…
Նրա հետ լինելը մի ուրիշ հմայք ունէր٫ անզուգական զրուցակից էր٫ հետաքրքիր պատմող٫ խօսքը պարզ էր٫ առինքնող։ Համալսարաններում չէր ուսանել٫ բայց միշտ հիացել եմ նրա խօսքով٫ գրելու ոճով٫ գիտելիքների զարմանալի հարուստ պաշարով։ Մեր երկրի պատմութիւնը միայն գրքերով չէ٫ որ գիտէր. հայրենի եզերքի սար ու ձորը՝ Միջերկրականից մինչեւ Սեւ ծով٫ ոտքի տակ էր տուել. գիտէր ո՛չ միայն երկիրը٫ այլեւ երկրի մարդուն։ Նրա «Սարէն Ձորէն» ակնարկաշարը ինձ հիացնում էր. անհամբերութեամբ էի սպասում «Ակօս»ի նոր համարին։
Մերօրեայ հայ մամուլի ամենաինքնատիպ եւ ուշագրաւ հեղինակներից էր։ Մասնագիտութեամբ լրագրող չէր٫ եւ ոչ էլ լրագրողի աշխատանք էր կատարում. նա ԱՍԵԼԻՔ ունէր٫ որը փոխանցում էր մեզ։
Տարիքով աւագ էր. անունով դիմել չէի կարող٫ պարոն դիմելաձեւն էլ շատ էր խորթ. չէր բխում մեր միջեւ ստեղծուած յարաբերութիւնների էութիւնից։ Հասկացաւ ստեղծուած կացութիւնը եւ մի օր ասաց՝ ինձ եղբայր ասա։
Սիրելի՜ Սարգիս եղբայր٫ ես քեզ եղբայր ասացի եւ սիրեցի եղբօր նման٫ եւ կորուստդ էլ եղբօր կորուստ եղաւ ինձ համար։
Ու չգիտեմ՝ ինչպէս աւարտեմ այս անվարժ խօսքս…