Հրաժեշտ Սարգիս Սերովբեանին Շնորհակալութիւն քեզ կեա՛նք

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Ամէն օր արթնանալիս մահուան բօթ ենք առնում. մենք արդէն գիտենք, որ առաւօտ կանուխ պիտի տեղեկանանք, որ մեզանից մէկը ոչ եւս է եղել։ Եւ յաճախ դա 1996 կամ 1995 թ.-ի ծնուած զինծառայող է լինում, որը կանգնած է Ղարաբաղա-Ատրպէյճանական շփման գծում։ Պատանու անունը դեռ չիմանալով, սիրտդ լցւում է անհուն կսկիծով, իսկ եթէ նրա լուսանկարն ես տեսնում կամ նրա գրառումը, ապա արցունքները խեղդում են ողջ էութիւնդ։ Պարզապէս ամօթ ես զգում քո ապրելուց, կարդալով, օրինակ, բանաստեղծութիւնը, որ գրել էր Սամուէլ Յակոբեանը, զոհուած Մարտի 26-ին հրազէնային ծանր վնասուածքից. այն սկսւում է

«Սարերից այն կողմ, ամպերից էլ վեր

Ծառայելու եմ եկել եղնիկներ…»

տողերով եւ վերջանում.

«Ես ե՛տ եմ գալու՝ միայն սպասէք

Եւ իմ հետեւից զուր մի՛ արտասուէք»

(Եղնիկներ է կոչւում Արցախի ամենավտանգաւոր զօրամասերից մէկը)

Մարտի 22-ին էլ վախճանուեց դերասան Կարէն Ջանիբեկեանը (ծն. 1937-ին), իսկ Մարտի 28-ին՝ Սարգիս Սերովբեանը (ծն. 1935-ին)։

Ինչո՞ւ եմ ես դիտում այդ ամէնը մի հարթութեան վրայ։ Որովհետեւ ոչինչ առանձին չի լինում եւ մենք շարունակ կարօտով ենք լցւում՝ զուր ջանալով զսպել մեր արցունքները։ Սակայն եթէ պատանիների դէպքում մենք ողբում ենք նրանց չապրածին, այն թելին, որը հազիւ ձգուելուն պէս կտրուեց, ապա Ջանիբեկեանի եւ Սերովբեանի մահը դա նրանց կորուստը չէր, այլ մերը։ Մե՛նք կորցրեցինք. մեր կողքն այլեւս չի կարկաչի նրանց կեանքի աղբիւրը։ Երկուսն էլ ապրելու տաղանդով էին օժտուած։ Երկուսն էլ անում էին այն, ինչ սիրում էին եւ տրւում իրենց ընտրած գործին անմնացորդ։ Երկուսի բախտն էլ բերեց՝ հոգին աւանդել Մեծ Պահքի օրերին, քանզի այդ օրերին են հեռանում միայն նրանք, ով հաշտ է սեփական խղճի հետ, արդար ու լիարժէք է ապրել իր օրերը եւ կարող է բացականչել. «Շնորհակալութիւն, կեա՛նք»։

Կարէն Ջանիբեկեանը պարգեւատրուել էր բազմաթիւ մետալներով եւ արժանացել ժողովրդական արտիստի կոչմանը, բայց երբեք պարգեւները եւ կոչումը չեն կարող բնորոշել դերասանի առանձնայատկութիւնը, որովհետեւ կոչումը սովորաբար տալիս են դերասանին տարիքի բերումով եւ այդ աւանդոյթը մնացել է սովետական շրջանից։ Դերասանը յատկապէս կինոյում կերտեց չափազանց հետաքրքիր կերպարներ։ Ջանիբեկեանի մասին խօսելիս շեշտում են նրա բարդ ու հակասական խառնուածքը, բայց այդպիսին է ինքը կեանքը, որտեղ հակասութիւնները ձուլւում են սիրոյ մէջ, իսկ Ջանիբեկեանը սիրեց ու սիրեց եւ սիրահարուելով 5 անգամ ամուսնացաւ, ինչը բնորոշ է «խենթ» դերասաններին։

Դժուար է պատկերացնել Ակօս-ը առանց Սարգիս Սերովբեանի, եւ ինչպէ՞ս մենք կը յաղթահարէինք Հրանդի կորուստը, եթէ Ակօս-ում Պ.Սերովբեանի նման կաղնի կանգնած չլինէր։ Շնորհակալութիւն, որ նա այն ատեն կար ու այժմ, երբ մեր հայերէնի խմբագիրը միացաւ Ակօս-ի միւս սիւներին՝ Յակոբ Այվազին, Երուանդ Կոպելեանին եւ Հրանդ Տինքին, Ակօս-ը զօրաւոր պաշտպանութիւն կ՚ունենայ երկնքից։

Հողը թեթեւ լինի, ինչպէս ասում են Հայաստանում, գնաք բարով, իմ սիրելի աւագ գրչընկեր, սակայն ինձ դեռ երկար պիտի թուայ, որ դուք էք առաջինը կարդում իմ գրութիւնները։