Քայլ առ քայլ, դէպի հայոց ցեղասպանութեան 100-ամեակ

Փետրուարի 12-ին Հրանդ Մաթեւոսեանի 80-ամեակն էր, սակայն Հայաստանի ներքաղաքական պայթիւնավտանգ լարուածութիւնը ստիպում է ինձ հրաժարուել այդքան շահեկան նիւթից, որն է Հրանդ Մաթեւոսեանը։

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿէՕԶԵԱՆ

dzovinarlok@gmail.com

 

Փետրուարի 12-ին Հրանդ Մաթեւոսեանի 80-ամեակն էր, սակայն Հայաստանի ներքաղաքական պայթիւնավտանգ լարուածութիւնը ստիպում է ինձ հրաժարուել այդքան շահեկան նիւթից, որն է Հրանդ Մաթեւոսեանը։

Սկսենք սկզբից, այսինքն Կիւմրու հրեշաւոր սպանդից. Յունուարի 12-ին Կիւմրու Միասնիկեան՝ 188 տան բնակիչներ՝ Աւետիսեանների ընտանիքը, բաղկացած 7 հոգուց (հայր, մայր, դուստր, որդի, հարս, երկու թոռնիկներ), չարթնացաւ։ Նրանց գտան անկողիններում գնդակահարուած, միայն 6-ամսեկան Սերյոժան մահացաւ մէկ շաբաթ անց հիւանդանոցում։ Վերջինս չէր գնդակահարուել, քանզի մարդասպանը խոստովանեց, որ ինքնաձիգը խցանուել էր եւ նա երախայի վերջը տուեց սուինահարութեամբ։ Սպանութեան այդ ձեւը կիւմրեցիներին յիշեցրեց 1915-ը, երբ ջարդը չէր խնայում յատկապէս նորածիններին։

Թասիբով կիւմրեցիները

Թէ ինչպէս զարգացան դէպքերը եղեռնագործութիւնից յետոյ, ես որոշեցի պարզել ռեժիսոր Արմեն Գասպարեանի հետ, որը թէեւ շրջում է իր վաւերագրական ֆիլմերով աշխարհով մէկ, սակայն միշտ Կիւմրիում է լինում քաղաքի, ուրեմն եւ երկրի օրհասական պահերին.

Ծ.Լ.- Կիւմրեցու թասիբի մասին խօսելիս մարդիկ զարմանում են, ակնարկելով, որ կիւմրեցիք երկրաշարժից յետոյ ապրում էին ավտոտնակներում, բայց գոհուած հարազատների գերեզմանները պատշաճ ձեւով էին բարեկարգում։

Ա.Գ.- Այո, եթէ հարազատի գերեզմանը բարեկարգ վիճակում չէ, ապա հարեւանը կարող է մօտենալ եւ ամօթանք տալ. «Ինչ է, գուցէ թոշակս յետ գցեմ եւ ե՞ս քո հօր գերեզմանը սարքեմ»։

Ծ.Լ.- Կիւմրեցիներ ասելով մեծաւ մասամբ պէտք է ի նկատի ունենալ մշեցիներին եւ կարսեցիներին…

Ա.Գ.- Մշեցիների ողնաշարը կոտրել չի լինի, նրանց չես կարող ո՛չ ղեկավարել, ո՛չ ենթարկել, եւ երբ իշխանութեան ներկայացուցիչ՝ գլխաւոր դատախազը սկսեց խօսել Ռուսաստանի սահմանադրութիւնից, որի համաձայն յանցագործին պիտի քննի ռուսական կողմը, ժողովուրդը հասկացաւ, որ դատախազը ՌԴ սահմանադրութիւնը վեր է դասում հայկական ողբերգութիւնից, եւ դատախազի վրայ չախմախ եւ մանրադրամ նետեցին։

Ծ.Լ.- Չկար մի մարդ Հայաստանում, որը չընդունէր այս ողբերգութիւնը որպէս անձնական վիշտ, բայց նախագահ Սերժ Սարգսեանը ո՛չ ցաւակցեց հայ ժողովրդին, ո՛չ էլ մասնակցեց յուղարկաւորութեանը։

Ա.Գ.- Կարծեմ, նա ցաւակցեց Փութինի ցաւակցելուց յետոյ։ Նախագահը ճիշդ արեց, որ չեկաւ Կիւմրի, որովհետեւ նա խայտառակ պարտութիւն տարաւ Կիւմրիյում, որտեղ ընտրութիւններին ոչ ոք նրան ձայն չտուեց, այսինքն ոչ ոքու ձայնը չկարողացան 5000 դրամով առնել, ինչպէս միւս տեղամասերում։ Նախագահի փոխարէն ոստիկանական զօրք ժամանեց Կիւմրի. մենք առաջին անգամ տեսանք, որ եկեղեցին (ի դէպ ընտանիքի 7 անդամների յուղարկաւորման արարողութիւնը կատարուեց քաղաքի Եօթ Վերք եկեղեցում) շրջապատուած լինի ոստիկաններով, որոնք պիտի պաշտպանէին մեզնից նրանց, ովքեր կոչուած են «պաշտպանել» մեզ թուրքերից։

Ծ.Լ.- Հայաստանցու գլխում մեխուած է, որ եթէ ռուսը չլինի, թուրքը մեզ կը կոտորի։

Ա.Գ.- Ռուսների հետ մեր քաղցրումեղցր յարաբերութիւնների եւ ռազմավարական գործընկերութեան ողջ պատմութեան ընթացքում Հայաստանը գէթ մէկ ամգամ յաղթեց՝ Սարդարապատի հերոսամարտում, որովհետեւ գործընկերը կողքը չէր։ Վերադառնանք յուղարկաւորութեանը. որքան հեռու պիտի լինի իշխանութիւնը իր ժողովրդից, որ մտածի, թէ յուղարկաւորութեան ժամանակ կարող է բախում տեղի ունենալ։ Ամբողջ քաղաքն էր յուղարկաւորում փոքրիկ Սերյոժային բացի այն մայրերից, որոնք երկրաշարժին իմացան, թէ ինչ է նշանակում զաւակիդ հողին յանձնելը…

Ծ.Լ.- Հրանդ Մաթեւոսեանն ասում է, որ եթէ ժողովրդի կողքին չկայ գրող, ուրեմն ժողովուրդը որբ է, ինչպէս նախիրը առանց հովիւի…։ Կիւմրեցիներին առաջնորդում էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայէլ Եպսկ. Աջապահեանը։

Ա.Գ.- Այո, ինչպէս այն ժամանակներում, երբ Հայաստանը չունէր պետականութիւն, ժողովրդի կողքին էր հոգեւորականը, այնպէս էլ Կիւմրիյում է։ Չնայած կայ քաղաքապետ, բայց նա իշխող, այսինքն նախագահի կուսակցութիւնից է…։

 

Ինչպէ՞ս պահել աթոռը

Այսպիսով Կիւմրու ողբերգութիւնը ցոյց տուեց, որ փաստացի նախագահ չկայ, նա ժողովրդին չի ցաւակցում, իսկ ժողովուրդը նրան չի վստահում, ուստի այդ անդունդը ժողովրդի եւ իշխանութեան միջեւ լցւում է ոստիկանական զօրքով։ Աթոռը այսօր իշխանութիւնը պահում է ուժով, որն անցել է բռնութիւնների։ Բերձորի դէպքին արդէն անդրադարձել ենք, երբ Արցախեան պատերազմի հերոս Ժիրայր Սեֆիլեանի ավտոերթը ոչ միայն արգիլուեց, այլ մասնակիցները ենթարկուեցին բռնութիւնների։ Բռնութիւնների են ենթարկւում ազատամարտիկներից մինչեւ ընդդիմադիրները. սա է դարձել բողոքողների հետ պայքարելու վարուելաոճը։ Դիմակաւոր անձինք առեւանգում եւ ծեծի են ենթարկում նրանց, ովքեր իշխանութեան հետ համաձայն չեն։ Ամենադաժան բռնութեան ենթարկուեց Արտակ Խաչատրեանը. նա «Կասեցում» նախաձեռնութեան անդամ էր, որը դէմ էր «Շրջանառութեան հարկի մասին» օրէնքին։ Նրան առեւանգեցին դիմակաւորուած եւ զինուած անձինք Փետրուարի 7-ին քաղաքի կեդրոնից եւ 5-6 ժամ ենթարկեցին դաժան ծեծի։ Նա «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւնից էր, եւ նրա առեւանգումը իւրայատուկ մեսիջ էր, ուղղուած այդ կուսակցութեանը եւ նրա առաջնորդ՝ մեծահարուստ գործարար Գագիկ Ծառուկեանին։ Իսկ արդէն Փետրուարի 12-ին նախագահ Սերժ Սարգսեանը ՀՀԿ-ի (Հանրապետական Կուսակցութիւն) խորհրդի նիստին պատռեց իր դիմակը եւ խոստովանեց, որ ԲՀԿ-ն, այսինքն «Բարգաւաճ Հայաստան Կուսակցութիւն»-ը իր ստեղծածն է եւ նա սխալ է գործել, ուզում է իր սխալը ուղղել, «ոչնչացնելով» ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկեանին.

«Գագիկ Ծառուկեան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք։ Ես ընդունում եմ իմ մեղքի բաժինը, ե՛ս եմ արգելել որեւէ մէկին հոլովել ժողովրդի կողմից դակուած Դոդի Գագօ կնիքը։ Յարգելի ներկաներ, բոլորդ իմ հաւատարիմ թիմակիցներն էք։ Ես շատ լաւ գիտեմ, թէ դուք մտովի որքան ժամանակ ինձ մեղադրում էք նման քաղաքական կամ աւելի շուտ վայքաղաքական սուբյեկտ հովանաւորելու, աւելին՝ աճեցնելու համար։ Այո, դա սխալ էր, դա իմ սխալն էր, դա իմ սխալն է եղել…»

Եւ նախագահը ազատում է Գագիկ Ծառուկեանին Հայաստանի Հանրապետութեան Ազգային անվտանգութեան խորհրդի անդամի կարգավիճակից, յանձնարարում է վարչապետին ստուգել լուրերը Գագիկ Ծառուկեանի չվճարուած հարկերի մասին եւայլն եւայլն… Հետաքրքիրն այն է, որ վարչապետ Յովիկ Աբրահամեանը, որի միջոցով պիտի «պատժուի» Գագիկ Ծառուկեանը, վերջինիս խնամին է. վարչապետի որդին ամուսնացած է Ծառուկեանի դստեր հետ։ Այո, հարուստներն ու իշխանաւորները չափազանց մտերիմ կապեր ունեն միամեանց հետ, սակայն աթոռի պայքարը ոչ մի սրբութիւններ չի ճանաչում, նոյնիսկ այն դանդաղ պատերազմը սահմանին, երբ գրեթէ ամէն օր զինուոր է զոհւում յանուն մեր խաղաղութեան, չի կանգնեցնում Սերժ Սարգսեանին (որն ի միջի այլոց հանդէս է գալիս նաեւ որպէս Զինուած Ուժերի Գերագոյն գլխաւոր հրամանատար) հրահրել ներքաղաքական ճգնաժամ։ Ինչո՞ւ, մի՞թէ կռիւը անձնական բնոյթի չէ։ Ինչ-որ մի բան չկիսեցին իր մէջ։ Ո՛չ, պարոնայք, եթէ մէկին անպատւում են հրապարակաւ, ուրեմն այդ վիրաւորանքը ուղղւում է բոլոր վկաներին, տուեալ դէպքում ողջ ժողովրդին, որին նախագահը հրամցրեց այս սիրտխառնուկ աղբը, որովհետեւ երբեք մէկը՝ միւսին նուաստացնելով, չի բարձրանայ ժողովրդի աչքին։ Չկա՛ր մարդ, որ լսելով այս ելոյթը, հարց չտար, արդեօք ինչո՞ւ էիր, պարոն նախագահ, մինչեւ հիմա ծածկում Ծառուկեանի «յանցանքները», իսկ այժմ որոշեցիր ուղղել սխալդ։

Հարցը հետեւեալն է

Փետրուարի 13-ին Գագիկ Ծառուկեանը հանդէս եկաւ ԲՀԿ-ի նիստում պատասխան ելոյթով.

«Անվտանգութեան խորհրդից ինձ հեռացնելու մասին։ Ես արդէն փաստացի վեց ամիս է այդ կառոյցում չեմ, բայց դուրս չեմ եկել այդ կառոյցից Սերժ Սարգսեանի անձնական մարդկային խնդրանքով։ Ուզում եմ բացել բոլոր փակագծերը եւ լինել անկեղծ։ Ինձ առաջարկել են համագործակցութեան բազմաթիւ տարբերակներ, այդ թւում նախագահի պաշտօնը սահմանադրութիւնը փոխելուց յետոյ՝ մէկ պայմանով, որ ես համաձայնուեմ իր իշխանութեան վերարտադրութեանը։ Այսինքն՝ աջակցեմ փաստացի երրորդ ժամկէտով եւ ցմահ կառավարելու իր ցանկութեան իրականացմանը՝ սահմանադրութեան փոփոխութիւնների միջոցով։ Ես կտրականապէս մերժեցի այս հակապետական մօտեցումը, քանզի Հայաստանի յետընթացն ապահովուած մարդը չի կարող նման հաւակնութիւններ ունենալ։ Իր կառավարման ժամանակահատուածում արտաքին պարտքը աւելացաւ աւելի քան երեք միլիառ տոլարով։ Որտե՞ղ է այդ գումարը, պարոն Սարգսեան»։

Ծառուկեանը նշեց, որ Սարգսեանը ոչ մի խօսք չասաց, թէ ինչու է երկիրը քամւում սարսափելի չափսերի հասած արտագաղթից, թէ ինչու են դրամատներում գրաւադրուել ամբողջ գիւղերը, մարդկանց տները եւ ողջ ունեցուածքը եւ ինչու են մարդիկ տոկոսների տակ մնացել։ Նա չխօսեց, թէ Օգոստոսեան ռազմական լարուածութեան ժամանակ ինչու Բադեն Բադենից այդպէս էլ չվերադարձաւ Հայաստան, նա ոչ մի բառ չասեց, թէ ինչու էր լռում, երբ Կիւմրին եւ հայ ժողովուրդը սգում էին դաժան սպաննութեան համար եւ ոտքի կանգնում։ Վերջում կոչ արեց հայ ժողովրդին դուրս գալ պայքարի.

«Երեք հազար մարդ է դուրս գալիս փողոց, սրանք ստիպուած օրէնք են փոխում։ Ամբողջ ժողովուրդը դուրս գայ՝ իշխանութիւնը կը փոխուի»։

Փետրուարի 20-ին սպասւում է համազգային հանրահաւաք, որն առաջնորդելու են երեք կուսակցութիւններ. «Հայ Ազգային Կոնգրէս» Լեւոն Տէր-Պետրոսեանի գլխաւորութեամբ, «Բարգաւաճ Հայաստան», որի շուրջ համախմբուած են ընդդիմադիր ուժերը, նաեւ Ռաֆֆի Յովհաննիսեանի ղեկավարած «Ժառանգութիւն» կուսակցութիւնը։ Անդադար հանրահաւաքներով, երթերով, անհնազանդութեամբ ընդդիմադիրները յոյս ունեն հասցնել նախագահին պաշտօնանկութեան։

Մի՞թէ Սերժ Սարգսեանը չէր կանխատեսում նման սցենար, նուստացնելով մի ամբողջ ժողովուրդ, որն այլեւս ուժ չունի դիմանալու իր կառավարումը։ Իսկ գուցէ իրօ՞ք ուզում է, որ ամբողջ ժողովուրդը դուրս գայ փողոց եւ նա ցոյց տայ, թէ ինչի է ընդունակ, որովհետեւ ուրիշ փորձ չունի բացի 2008-ի Մարտի 1-ը, որից յետոյ երկար անզօրութիւն տիրեց։ Դանդաղ պատերազմի ֆոնին հարկ է յիշեցնել չինական մի իմաստութիւն. պետութիւնները քայքայւում են ներսից, իսկ արտաքին ուժերը միայն աւարտի են հասցնում պարտութունը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ