Ռուսերէնում «միռ» բառը նշանակում է եւ աշխարհ, եւ խաղաղութիւն. «միռու միռ» ռուսերէնով նշամակում է աշխարհին խաղաղութիւն, բայց Ռուսաստանը չգիտի ինչ բան է խաղաղ ապրելը եւ այդ պատճառով վտարւում է աշխարհի ընտանիքից։ Այսօր Փութինը պատրաստում է լայնածաւալ յարձակում Ուքրաինայի վրայ, եւ ԱՄՆ-ը ուզում է զէնքով օգնել Ուքրաինային։ Աշխարհը կանգնած է 3-րդ աշխարհամարտի առջեւ, բայց ոչ ոք չի ուզում պատերազմ, որը յետ է գցելու քաղաքակրթութիւնը։
ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
dzovinarlok@gmail.com
Ռուսերէնում «միռ» բառը նշանակում է եւ աշխարհ, եւ խաղաղութիւն. «միռու միռ» ռուսերէնով նշամակում է աշխարհին խաղաղութիւն, բայց Ռուսաստանը չգիտի ինչ բան է խաղաղ ապրելը եւ այդ պատճառով վտարւում է աշխարհի ընտանիքից։ Այսօր Փութինը պատրաստում է լայնածաւալ յարձակում Ուքրաինայի վրայ, եւ ԱՄՆ-ը ուզում է զէնքով օգնել Ուքրաինային։ Աշխարհը կանգնած է 3-րդ աշխարհամարտի առջեւ, բայց ոչ ոք չի ուզում պատերազմ, որը յետ է գցելու քաղաքակրթութիւնը։
Պատերազմ թէ՞ զինադադար
Փետրուարի 6-ին Գերմանիայի քանցլեր Մերքելն ու Ֆրանսիայի նախագահ Օլանտը դիմեցին վերջին հնարաւորութեանը՝ կանխել պատերազմի գործողութիւնները Ուքրաինայում եւ մեկնեցին Մոսկուա, որպէսզի փորձեն ազդել Փութինի վրայ. «Ոչ թէ փոխզիջման, այլ երկարատեւ խաղաղութեան համաձայնութեան պիտի գանք, հակառակ դէպքում շատ լաւ գիտենք, թէ ինչ սցենարով կը զարգանայ իրավիճակը։ Այդ սցենարը պատերազմն է»,- ասաց Օլանտը։ «Ամերիկան է, այդ ամբողջի պատճառը Ամերիկան է», մեկնաբանում են լայն զանգուածները, կարծելով թէ գտան Չարի աղբիւրը։ Իրօք, Փութինը դէմ է միաբեւեռ աշխարհակարգին, նա չի ուզում, որ ԱՄՆ-ը իր կամքը թելադրի աշխարհին, սակայն ինչպէ՞ս կարելի է այսօրուայ Ռուսաստանը (ՌԴ) համեմատել ԱՄՆ-ի հետ, որն այսօր աշխարհի ամենահզօր երկիրն է, պէտք է մտագար լինել այդ փաստը չընդունելու համար, եւ Փութինը իրօք նման է մտագարի, որը պատանդ է վերցրել 140 միլիոն բնակչութիւն ունեցող Ռուսաստանը եւ սպառնում է երկրագունդը ռատիօաքտիւ մոխիրի վերածել։
Աշխարհում 9 երկրներ ունեն միջուկային զէնք, որոնցից 90% պատկանում է ԱՄՆ—ին եւ ՌԴ-ին։ Ըստ որում այդ երկրները միջուկային զպառազինումը պահում են մարտական պատրաստութեան մէջ, այսինքն հրամանից յետոյ մի քանի վայրկեան է հարկաւոր, որպէսզի զէնքը արձակուի…։ Անշուշտ, Ռուսաստանը այդ զէնքը ժառանգեց Սովետական Միութիւնից։ Մարդիկ սոված էին, որովհետեւ երկիրը զինւում էր։
Պատերազմ սուտի եւ ճշմարտութեան միջեւ
«Սովետական Միութիւնը փլուզուեց, որովհետեւ ուտելու բան չկար, իսկ Ռուսաստանը կը փլուզուի, որովհետեւ փող չի լինելու», այսպէս են կանխագուշակում Ռուսաստանի վերլուծաբանները։ Սակայն ընդդիմադիր Եավլինսկին կարծում է, որ Սովետական Միութեան փլուզման պատճառը ուտելիքի բացակայութիւնը չէր, այլ այն, որ Կորպաչովը թոյլ տուեց մարդկանց ասել այն, ինչ մտածում են. ազատ խօսելու համար այլեւս չէին պատժում կամ հոգեբուժարան ուղարկում։ Քանի որ սովետական համակարգը կառուցուած էր սուտի վրայ, ապա համակարգը փլուզուեց, երբ սուտը դադարեց։ Այսօր կրկին սուտի վրայ է յենւում Փութինի ռեժիմը, եւ երբ սուտն ու յանցագործութիւնները բացուեն, այս համակարգն էլ կը փլուզուի։ Երկիրը կը շարժուի դէպի հեռաւոր անցեալ եւ կը կործանուի։ Ռուսաստանում ծայրամասային քապիտալիզմ էր, այսինքն ոչ ինքնորոյն, կցուած զարգացած երկրներին, որոնց նա մատակարարում էր հումքով։ Ռուսաստանը գտնւում է հեռաւոր ծայրամասում, որովհետեւ չունի համապատասխան տնտեսական եւ իրաւական ինստիտուտներ կամ ինչպէս ասում են ժամանակակից ղեկավար։ Իսկ այժմ Ռուսաստանը կտրեց ինքզինքը կեդրոնից, երեւակայելով, թէ կարող է ինքնորոյն գոյատեւել։ Տնտեսութիւնը քաղաքականութեան զոհ դարձրին։ Իշխանութեան ու սեփականութեան սերտաճումը, որն իրականացաւ 90-ականներին, յանգեցրին, վասն իշխանութեան բացարձակ անվերահսկելիութեան, ԶԼՄ-ների կաթուածահարութեան եւ անկախ հասարակութեան բացակայութեան։ Ուստի ով էլ նստի Քրեմլում, կարող է անել ինչ կը ցանկանայ։ 2012-ին երկիրը որդեգրեց հակաեւրոպական ուղին, խաւարամոլութիւն։ Եթէ եւրոպական ուղղութիւնը ենթադրում է քաղաքական մրցակցութիւն, ապա խաւարապաշտութիւնը դարձնում է իշխանութիւնը անփոփոխ։
«Ի՞նչ Գերմանիա կը լինէր, եթէ չլինէր Նիւրնպերկեան դատավարութիւնը եւ նացիզմի մերկացումը. հիւանդ, ֆոպիաներով եւ ֆանթոմներով լի երկիր, ինչպիսին էր առաջին աշխարհամարտից յետոյ, երբ պարտութիւնը ստիպեց Գերմանիային կրկին պատերազմ սանձազերծել,- ասում է պրոֆեսոր Զուբովը, որին հեռացրին աշխատանքից, երբ նա Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնանուաճումին դէմ արտայայտուեց,- Գերմանիայի օրինակով նաեւ Սովետական Ռուսաստանը պիտի դատապարտուէր եւ կոմունիստական կուսակցութեան դատավարութիւն պէտք է լինէր»։
Նոյնն է ասում շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Հարրի Կասպարովը, որը 2005-ից զբաղւում է քաղաքականութեամբ.
«Եթէ 1991-ին լինէր Կոմունիստական կուսակցութեան դատավարութիւն եւ ԿԳԲ-ն (պետական անվտանգութեան կոմիտէ) ճանաչուէր յանցաւոր հաստատութիւն, ապա 8 տարի անց 1999-ին ԿԳԲ-ի աշխատակից Փութինը չէր գա իշխանութեան եւ 15 տարի չէր նստի ղեկին։ Իսկ հիմա փակ շրջանով ենք գնում, կրկին բռնակալ է զաւթում իշխանութիւնը. բոլոր հարցերը կախուած են մի մարդու կամքից։ ԶԼՄ-եր (զանգուածային լրատուական միջոց) գոյութիւն չունին. դրանք տեղեկատուական զօրքեր են, որոնք ծառայում են Քրեմլին եւ ստեղծում են առասպել ուժեղ Ռուսաստանի մասին։ Բռնակալը պէտք է պատժուի, նա կանգ չի առնում եւ չի հաւատում, որ պատժամիջոցները անդադար կը լինեն»։
Որպէս պատժամիջոց սպառնում են Ռուսաստանը անջատել SWIFT-ից, ինչը կը քայքայի ռուսաստանեան ֆինանսական համակարգը։
«Ամէն մի Ռուսաստանի քաղաքացի պատասխանատուութիւն պիտի կրի Ղրիմի նուաճումի եւ Ուքրաինայի հանդէպ իրականացուող ագրեսիայի համար, հակառակ դէպքում դուք մարդ չէք, այլ նախիր»,- յայտնեց Կասպարովը։
Ռուս մտաւորականութիւնը բաժանուած է երկու խմբի. առաջին խումբը՝ վախենալով որ կը զրկուի պաշտօնից եւ ֆինանսաւորումից, սատարում է Փութինի քաղաքականութեանը Ուքրաինայում եւ բաց նամակ է հրապարակել աւելի քան 300 մշակոյթի գործիչների ստորագրութիւններով։ Միւս խումբը՝ աւելի քան 100 համարձակ մտաւորականների, հրաժարւում է ինքզինք կոչել մշակոյթի գործիչներ, այլ հանդէս է գալիս պարզապէս որպէս մտաւորականութիւն (արուեստի եւ գիտութեան գործիչներ, իրաւաբաններ, քաղաքագէտներ եւայլն) բաց նամակով դիմել է ոչ միայն ռուսներին, այլ նաեւ ուքրաինացիներին, կոչ անելով ժողով գումարել, որպէսզի միասնաբար ուղիներ գտնեն՝ դուրս գալու այս իրավիճակից, որը զրկում է երկիրը արժանավայել ապագայի հեռանկարից. «Ռուսաստանը կանգնած է մեծ աղէտի առաջ. տնտեսական, քաղաքական եւ հումանիտար»։
Այսօր ոչ ոք կարող է կանխատեսել, թէ ինչով կ՚աւարտուի Փութինի անսարձակ համառութիւնը. ինչպէս եւ միւս բռնակալները, որոնք պատրաստւում են ցմահ տիրանալ աթոռին, նա երկրի ներքին խնդիրները լուծում է արտաքին արիւնահեղ սպառնալիքներով։
Կանտիի նամակը Հիթլերին
Հնդկաստանի անկախութեան պայքարի առաջնորդ Մահաթմա Կանտին (1869-1948), որը դէմ էր պայքարի բռնի ձեւերին, 1939-ի Յուլիսի 23-ին նամակ էր ուղարկել Հիթլերին, որտեղ մասնաւորապէս նշել էր.-
«Ըստ երեւոյթին դուք այսօրուայ օրով միակն էք, որ ի վիճակի էք կանխել պատերազմը, որը կ՚իջեցնի մարդկութիւնը վայրագութեան աստիճանի…»։
Իսկ 1940-ի Դեկտեմբերի 24-ին կրկին նամակ ուղղեց Հիթլերին, որտեղ մասնաւորապէս նշեց.
«Դուք չէք թողնի ձեր ժողովրդին մի ժառանգութիւն, որով նա կարող էր հպարտանալ…»։
Պատասխանը եղաւ արիւնալի պատերազմ, որին յաջորդեց ամօթ եւ ահռելի հատուցում. բարոյական եւ նիւթական։