Ամէն մի սպանութիւն առաջին հերթին ինքնասպանութիւն է, ինչպէս ամէն մի ինքնասպանութիւն առաջին հերթին սպանութիւն է։ Not afraid (մի' վախենար)
Երրորդ 1000-ամեակի շեմին արդէն երկրորդ անգամ միֆ պայթեցուեց. 11 Սեպտեմբեր 2001-ին Նիւ-Եորքում երկու աշտարակներ ընկան, թաղելով միֆը աշխարհի ամենահզօր քաղաքի մասին, իսկ 7 Յունուար 2015-ին Փարիզում երկու մուսելման եղբայրներ սպանդի ենթարկեցին Cnarlie Hebdo երգիծական հանդէսի խմբագրութեան աշխատակիցներին, կոտրելով միֆը աշխարհի ամենանախընտրելի քաղաքի մասին։
Ոչինչ այդքան չի արթնացնում եւ միաւորում մարդկանց, ինչպէս բռնի անիրաւ մահը։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանտն ասաց. «Բարբարոսութեան բացարձակ դրսեւորում տեղի ունեցաւ Փարիզում հանդէսի դէմ, այսինքն կարծիքներ արտայայտելու ազատութեան դէմ։ Մենք պէտք է կոշտ գործենք, չմոռանալով սակայն ազգային միասնութեան մասին։ Անհրաժեշտ է համախմբուել եւ ցուցադրել, որ մենք որպէս երկիր միասնական ենք։ Ոչ մի բարբարոսական գործողութիւն չի կարող վախեցնել ազատ մամուլ»։
Կիրակի օրը՝ Յունուարի 11-ին 50 երկրների ղեկավարներ հաւաքուեցին Փարիզում եւ առաջնորդեցին Միասնութեան Երթը։ Եթէ մարդիկ դուրս չգային իրենց տներից, ապա առանձնութեան մէջ նրանց իր գիրկը կ՚առնէր վախը, իսկ միասին քայլելիս նրանց դէմքերը դարձան զուարթ, ուրախ, նրանց դէմքերին նոյնիսկ ծիծաղ երեւաց եւ դա զարմանալի չէ, որովհետեւ միայն ծիծաղն է հակադրւում մահուանը եւ պաշտպանում վախից։ Charlie Hebdo-ի ծաղրանկարիչները մահուան սպառնալիքների ներքոյ էին աշխատում եւ այդ սպառնալիքները այնուամենայնիւ չվախեցրին նրանց, այլ՝ ընդհակառակը, աւելի ոգեւորեցին։ Մի մեծ մատիտ էին կրում երթի մասնակիցները, որի վրայ գրուած էր «Not afraid»։ Հենց այդ զէնքին խաչաբախուեց ոճրագործների հրազէնը։ Վախկոտների, որոնք վախենում են անվախներից։ «Երգիծանկարիչների սպանդը աներեւակայելի դաժանութիւն էր, -մեկնաբանեց երգիծաբան Ժվանեցկին,- եթէ նրանց կանչէին մենամարտի, ապա դա հաւասարների կռիւ կը լինէր, իսկ եթէ գալիս են անզէնների վրայ հրազէնով եւ վրէժխնդիր լինում վիրաւորանքի համար, ապա դա մաքուր ահաբեկչութիւն է եւ չի կարելի դա արդարացնել վիրաւորուած կրօնական զգացմունքներով»։
Երգիծանքը որպէս արուեստ նայում է ամէն ինչին երգիծաչքերով եւ այդ արուեստի համար չկայ մի բան, որ ենթակայ չլինի քննադատութեան. կրօն, մարդկային արատներ, քաղաքականութիւն։ Նա մերկացնում է բառիս բուն իմաստով քաղաքական եւ կրօնական գործիչներին, ծաղրի ենթարկում հեղինակութիւնները… Մի անազատ երկրի լրագրող, տեսնելով Charlie Hebdo-ի ծաղրանկարը, որտեղ մարգարէի յետոյքում մատիտ էր մտցուած, զզուանքով հարցրեց ֆրանսիացի գործընկերներին.
- Եւ դուք սա ծիծաղելի՞ էք համարում։
- Դա ֆրանսիական հումորի աւանդոյթներն են, որոնք արհամարհում են բոլոր տեսակի կրօնքերը։ Դա պայքար է տգիտութեան դէմ։
- Հաւատքը տգիտութիւն չէ։ Ես չեմ հասկանում, ինչպէս կարելի է ծիծաղալ այն պատկերի վրայ, որտեղ Աստուած հայրը սեքսով է զբաղւում Յիսուս Քրիստոսի հետ։
- Այս լրագրողները զոհուեցին իրենց համոզմունքների համար։ Խօսքի ազատութիւնը անձեռնամխելի է Ֆրանսիայում։ Այո, նրանք նրբանկատ չէին, բայց դա պոռնկագրութեան (pornografia) նման բան է։ Չես ուզում, մի նայիր։
Անազատ երկրի մի ուրիշ լրագրող, որը նաեւ ֆրանսագէտ է, պարզաբանեց ֆրանսիական ֆենոմենը. «Այդ ծաղրանկարները իսլամը չէին վիրաւորում։ Իսկ ի՞նչ ասենք Charlie Hebdo-ի այն ծաղրանկարների մասին, որտեղ օգտագործուած են քրիստոնէական խորհրդանշանները։ Բայց ոչ մի քրիստոնեայի մտքով չի անցնում «պատժել» պարբերականը։ Կայ եւս կարեւոր մի բան. Ֆրանսիական մշակոյթը ուրիշ կերպ է վերաբերւում երգիծանքին ի տարբերութիւն արաբական մշակոյթի։ Ֆրանսիական երգիծանքը միշտ ուղղուած է քաղաքականութեանը, նոյնիսկ երբ «Աստծոյ մասին է։ Ֆրանսիացի նկարիչը, պատկերելով ծաղրանկար, մինչեւ իսկ անարգելով Աստծուն, մտածում է ո՛չ թէ կրօնի մասին, այլ՝ ազատութեան։ Ծիծաղի եւ ծաղրանքի առջեւ բոլորը անխտիր հաւասար են, եւ դա ֆրանսիացիների գլխաւոր աւանդական արժէքներից է»։
Je suis Charlie
Որքա՚ն մեկնաբանութիւններ ունեցաւ այս սպանդը եւ շատ դէպքերում նիւթը տեղափոխւում էր ուրիշ հարթութիւն, օրինակ 1. ինչ ցանել են, այն էլ հնձում են, 2. լաւ են արել, որ սպաննել են, չարժի սգալ այս անամօթների համար, որոնք սրբապղծութեամբ էին զբաղւում, 3. Սիրիայում երախաներ սպաննուեցին, այդքան ձայն չբարձրացաւ, որքան Փարիզի սպանութիւնների համար։ Իսկ նրանք, ովքեր ամէն ինչ գիտեն ամէն ինչի մասին, գուշակում էին, թէ որ ուժերն են այս ամէնը կազմակերպել։ Հետաքրքիր էր մի կարծիք, որի համաձայն Քուաշի եղբայրները ոչ մի կապ չունեն այս ոճիրի հետ, որ նրանք ուղղակի մոլեռանդներ էին ու փոխանձեր, որոնք յանուն կրօնական սխրանքի ծածկեցին իսկական ոճրագործներին, քանզի նման ճշտգրիտ հաշուարկուած գործելաոճով մարդասպաններ չէին կարող թողնել իրենց անձը հաստատող վկայականը մեքենայում. «Այո, ոճրագործները ողջ են եւ նրանց անունները մենք երբեք չենք իմանայ։ Դա մեծ աշխարհաքաղաքական խաղի մի մաս էր, որը սկսուեց Եւրոմիութեան ամենախոցելի տեղում, որն է Ֆրանսիան»։
Երանի՚ ոչ միայն սպաննողները, այլ նաեւ սպանուողները իրական չլինէին, բայց եղածը դաժան իրականութիւն էր եւ մենք՝ թողնելով մի կողմ մեկնաբանութիւնները, պարտաւոր ենք նշել զոհերի անունները, խոնարհուելով նրանց յիշատակին.
1. Stephane Charbonnier (Charb), 1967-2015, Charlie Hebdo պարբերականի գլխաւոր խմբագիրն էր, աւելի քան 20 տարի աշխատել է հանդէսում որպէս ծաղրանկարիչ։ Վերջին ծաղրանկարում խօսում էր Յունուարեան մօտակայ ահաբեկչութիւնների մասին։ Մարգարէական խօսքեր էին…
2. Jean Cabut (Cabu), 1938-2015, յայտնի գրականագէտ, Hara-Kiri երգիծական հանդէսի հիմնադիր։ Ասում էր, որ իր գլխաւոր թիրախը մարդկային հիմարութիւնն է։ Մուհամմեթ մարգարէի ծաղրանկարի հեղինակ։
3. Georges Wolinski, 1934-2015, ծաղրանկարիչ, որը հիմնականում մերկ կանանց էր նկարում։
4. Bernar Verlhac (Tignous), 1957-2015, ծաղրանկարիչ։
5. Միւս Բերնարը 68 տարեկան էր, տնտեսագէտ ու գրող, եւ ընդամէնը ներկայ էր խմբագրութան թռուցիկ ժողովին։
6. Philippe Honore, 1941-2015. յարձակումից մէկ ժամ առաջ Twitter –ում հրապարակեց Իսլամական պետութեան առաջնորդի ծաղրանկարը։
7. M. Renaud, երբեմնի սիւնակագիր Le Figaro-յում, որը այդ օրն ընդամէնը հիւր էր եկել խմբագրւթիւն։
8. E. Cayat, սիւնակագիր, որը գրում էր հոգեբանական թեմաներով։
9. 60-ամեայ ալժիրցի M.Ourrad, գրական խմբագիր։
10. F.Boisseau, 42 տարեկան հսկիչ, որը սպաննուեց ճեմասրահում։
11. 42-ամեայ ոստիկան A. Merabet, որն առաջինը սկսեց հետապնդել ոճրագործներին, սկսզբից վիրաւորուեց, յետոյ վիրաւորի վերջը տուեցին։
12. 49-ամեայ ոստիկան Franck Brinsolaro, որը Charb-ի թիկնապահն էր։