ՐԱՖՖԻ
Ժ՛
Քանլը Տէրէն, որ նշանակում է արիւնոտ ձոր, արժանի է իր կոչմանը իր մէջ գործուած բազմաթիւ արիւնայեղութեանց պատճառով: Այդ աւազակաց որջը վկայ է եղել հազարաւոր սարսափելի եղեռնագործութիւնների. այնտեղից ոչ մի քարաւան եւ ոչ մի ճանապարհորդ չեն վստահում անցկենալ, այնտեղ միայն աւազակները առանձնանում են յափշտակութիւններից յետոյ: Այնտեղ էր դրել եւ շէյխը իր բանակը Պայազեդի դժբախտ անցքից յետոյ, երբ նա հեռացաւ պատերազմի դաշտից:
Այդ ձորի միջով հոսում էր Տիգրիսի վերին ճիւղերից մէկը, որին տեղացիք կոչում են Նըհել. Դա բաժանում է Աղբակա գաւառը Ջոլամերիկից: Գետի ափի մօտ, մի կանաչազարդ տափարակի վրայ, մի գիշեր հարիւրաւոր տեղերում վառվում էին փոքրիկ խարոյկներ, որոնց շուրջը նստոտել էին զինուորուած քրդեր, խօսում էին, ծխում էին, ծիծաղում էին, երգում էին, եւ երբեմն նայում էին կերակուրի կաթսաներին, որ դրած էին խարոյկների վրայ, կամ դարձնում էին մսի մեծ-մեծ կտորները, որ ձգել էին կարմրած ածուխների վրայ խորովելու համար: Ամէն տեղ երեւում էր ուրախութիւն, որ արտայայտւում էր կատաղի զուարճութիւններով: Վրանների մէջ ճրագներ չէին երեւում, ամբողջ բանակը լուսաւորուած էր խարոյկների լոյսով: Բայց մի վրանում միայն ճրագներ կային. դա Ջալալեդդինի փառաւոր վրանն էր:
Բանակից հեռու, մի նեղ ձորի մէջ, որ գոգաւորուելով բաժանւում էր Քանլը-Տէրէյից, թմբուկի ձայն էր լսւում, եւ քրդի զուռնան հնչում էր «ջանիմանի» եղանակով: Նոյն ժամուն մի խումբ ձիաւորներ անցնում էին այն կողմից, որտեղից լսելի էր լինում վայրենի նուագածութիւնը:
— Այստեղ մի բան կայ, — ասաց նրանցից մէկը հազիւ լսելի ձայնով:
— Ես էլ այսպէս եմ կարծում, — պատասխանեց մի ուրիշը:
— Գնանք, տեսնենք:
— Գնանք:
Ձիաւորները դարձրին իրանց ձիերի գլուխները դէպի այն կողմը: Նեղ շաւիղը, որ տանում էր այն կողմը, տեղ-տեղ կորչում էր մացառների եւ մինը միւսի հետ հիւսուած պատատուկ թփերի մէջ:
Ձիով անհնար էր անցնել: Նրանք ցած իջան ձիերից, տուեցին մէկին պահելու, եւ միւսները առաջ գնացին: Մի քանի րոպէից յետոյ նրանք գտնւում էին մի փոքրիկ բլուրի գագաթի վրայ, որտեղից բացուեցաւ նրանց առջեւ մի այսպիսի տեսարան. —
Մի սարսափելի պարահանդէս էր այդ, որի նմանը երբեք Դիոնիսիոսը չէ երեւակայել իր բաքոսական բոլոր անբարոյականութեամբ: Մի կողմում թմբուկները եւ զուռնաները ածում էին, մի կողմում պար էին բռնել այն ձեւով, որ մեզանում կոչւում է եալլի, իսկ քրդերը կոչում են գուանդ:
Պարում էին կանայք: Նրանք բազմաթիւ էին, եւ մինը միւսի ձեռքից բռնած, կազմել էին մի երկայն շարք, որ շղթայի նման պտտուելով, ձեւացնում էին մի մեծ բոլորակ: Բոլորակի մէջտեղում ցցած էին երկայն ձողեր, որոնց գլուխների վրայ վառվում էին ջահեր: Նաւթի մէջ թաթախած ցնցոտիքը բոցավառվում էին եւ իրանց ծիրանի շառաւիղներով լուսաւորում էին պարող կանանց գունաթափուած երեսները: Ջահերի մօտ, բոլորակի միջնավայրում, նստած էին տղամարդիկ եւ դժոխային ոգեւորութեամբ նայում էին կանանց մերկ շղթայակապի վրայ, որ անդադար շրջում էր նրանց շուրջը:
Երեւում էր, որ այդ ողորմելի արարածները ակամայ եւ ստիպմամբ յանձն էին առել այդ խայտառակ պարահանդէսը: Ամօթը, անպատւութիւնը նրանց այն աստիճան մոլեգնութեան մէջ էին ձգել, որ իրանց կատաղութիւնը խելագարութեան էր հասնում: Նրանց աչքերում վառվում էին բարկութեան բոցեր, շրթունքները դողդողում էին տենդային անհանգստութեամբ եւ գունաթափ երեսների վրայ երեւում էին սոսկալի ցնցումներ: Շատերը նրանցից այնքան թուլասիրտ էին, որ չէին դիմանում անտանելի ցաւին, եւ ուշաթափ լինելով, ցած էին գլորւում:
— Իսկ այդ բոլորը, որ մարդկային խղճի վրայ կարող էր ազդել գութ, որ կարող էր ամէն մի սիրտ, որքան եւ քարացած լինէր նա, մեղմացնել եւ լցնել նրան առաքինական զգացմունքներով դէպի տկար եւ գեղեցիկ սեռը, — ընդհակառակն, աւելի բորբոքում էր գերիչների վայրենի կրքերը եւ աւելի գրգռում էր նրանց անասնական ոգեւորութիւնը:
Պարը շարունակւում էր իր բոլոր դժոխային խաղարկութեամբ: Մերկ կանանց շարքը անդադար պտտւում էր թմբուկների եղանակով: Տղամարդիկ նրանց բոլորակի միջնավայրում նստոտած, երգում էին, ծափահարում էին, գոռում էին եւ գոչում էին, եւ հերոսներից ամէն մէկը երբեմն իր թաշկինակը ձգում էր հաւանած կնոջ վրայ, եւ իսկոյն սրտերի հակառակ մի զոյգը — մի հրեշտակ եւ մի դեւ — առանձնանում էր մերձակայ թփերի մէջ:
Մարդկային անգթութիւնների մէջ չկայ մի աւելի սարսափելի բան, քան թէ այն, երբ անմեղ ողջախոհութիւնը զոհւում է կատաղի բռնաբարութեան: Այսպիսի անգթութեան մէջ ընդունակ է մարդը միայն, բայց գազանները եւ անասունները աւելի բարոյական են իրանց էգերի վերաբերութեամբ:
Մինչ գիշերային մթութեան մէջ, ջահերի լուսաւորութեան հանդէպ կատարւում էին այդ անամօթ զուարճութիւնները, բլուրի գագաթից անյայտ մարդերի մի խումբ խորին զզուանքով դիտում էր բոլորը: Ընթերցողը արդէն գուշակեց, թէ ովքեր էին դրանք:
— Պէտք է վրայ տալ, — ասաց Սարհատը:
— Շատ են անիծածները, — ասաց Տէլի Պապան:
— Միեւնոյն է, եթէ մեզ պէտք էր մի օր մեռնել, լաւ է, որ այստեղ լինէր, — պատասխանեց Սարհատը:
— Բայց դու կը կորցնես Ասլիին, որի համար եկել ես, — ասաց Տէլի Պապան:
— Այս կնիկներից ամէն մէկը նոյնքան մեր ցաւակցութեան արժանի է, որքան Ասլին, —
պատասխանեց Սարհատը:
Ազնիւ երիտասարդը մոռացաւ իր անձնական սէրը, նրան գրաւում էր այժմ կնիկների վիրաւորուած եւ անարգուած պատիւը:
— Պէտք է յանկարծ վրայ տալ, — ասաց Տէլի Պապան, — եւ աշխատել առաջ ջահերը խորտակել. խաւարի մէջ աւելի հեշտ կը լինի գործը:
— Երկինքն էլ մեր բախտից ամպում է, ահա լուսինը այլեւս չէ երեւում, — նկատեց Քիթաբ Տէլիսին:
— Կռուեցէք սրերով միայն, — խորհուրդ տուեց Սարհատը, — հրացան գործիքներով աղմուկ կը բարձրացնէք, բանակը շատ հեռու չէ այստեղից. թող ձայնը այնտեղ չհասնի:
Քրդերի մօտ էլ չկային հրացան գործիքներ. նրանք, որպէս իրանց տանը, վեր էին առել թրեր եւ դաշոյններ միայն, եւ այնպէս հեռացել էին բանակից, ամէն մին իր հետ բերելով իր զոհը:
Այդ միջոցում Մըստոյի դրութիւնը անտանելի էր. նա տեսաւ, որ Սարհատը բոլորովին մոռացաւ Ասլիին, բոլորովին թողեց այն նպատակը, որի համար եկել էր: Նա տեսաւ, որ այժմ իր սիրելի տէրը ձեռնարկում էր մի այնպիսի յանդուգն եւ վտանգաւոր գործի, որից հազիւ կարող էր ողջ դուրս գալ: Ի՞նչ անել. մնալ նրա մօտ, նրա հետ միասին կռուել եւ նրա հետ մեռնել. — այդ շատ էր ցանկանում բարի Մըստօն: Բայց միւս կողմում, մի աղջիկ, մի նազելի հրեշտակ, որին այնքան սիրում էր Սարհատը, որին ինքը վաղուց էր ճանաչում, որ այժմ գտնւում էր շէյխի բազմաթիւ գերի հարեմականների մէջ, — եւ այդ թշուառը նոյնպէս օգնութեան կարօտ էր, նոյնպէս պէտք էր ազատել նրան: Դէպի ո՞րը դիմել: Մի կողմում կանգնած էր իր մանկութեան ընկերը, միւս կողմում — նրա սիրուհին: Նա ընտրեց վերջինը, եւ առանց յայտնելու Սարհատին միայնակ դիմեց դէպի շէյխի բանակը:
Նրա գնալուց յետոյ անակնկալ յարձակումը կատարուեցաւ կայծակի արագութեամբ: Ջահերը իսկոյն խորտակուեցան: Ձորի մէջ տիրեց ընդհանուր խաւարը խորին զարհուրանքի հետ: Սարսափելի կոտորածը սկսուեցաւ:
Խիստ ահռելի բան է ձեռնամերձ կռիւը, մանաւանդ նեղ տեղում, այն եւս գիշերային խաւարի մէջ:
Մի այնպիսի օրհասական կռւում սուր երկաթը սոսկալի գործ է կատարում մարդկային մարմնի հետ: — Կենդանի մարդը մահ զգեցած, կռւում է մահ գործելու համար:
Մի քանի ժամ կռիւը երկու կողմից եւս շարունակւում էր գազանային յամառութեամբ: Ընդհանուր խռովութեան մէջ շատ անգամ ընկերը իր սուրը ընկերի կողքն էր մխում: Յուսահատական դա՜ռն աղաղակները խառնուել էին զէնքերի շաչիւնի հետ: Թէ՛ սպանողը եւ թէ՛ սպանուածը շաղախուած էին տաք արիւնի մէջ: Դիակները ոտքերի տակ աւելի ու աւելի խորտակւում էին:
Ձորը կրկին լուսաւորուեց: Լուսինը դուրս եկաւ մոխրագոյն ամպերի ետեւից, կարծես, ցանկանում էր ականատես լինել մի գեղեցիկ գործի: Նոյն միջոցում հանդիսացաւ մի սրտաշարժ տեսարան: Մերկ կանանց խումբը բաւական էր, որ հասկացաւ, թէ կռիւը իրանց ազատութեան համար է. — նրանք կատաղի ֆուրիաների նման իրանք էլ խառնուեցան կռուի մէջ: Սարսափելի բան է կնոջ մոլեգնութիւնը, երբ առաջ է գալիս անձնական վրէժխնդրութիւնից: Այսպիսի րոպէներում կինը մոռանում է իր կնութիւնը. նա դառնում է մահուան հրեշտակ եւ սկսում է իր ձեռքը մխել այն սրտի մէջ, որը անարգաբար ոտքի տակ տուեց իր պատիւը: Այն կանայք, որ մի քանի ժամ առաջ, բռնութեան կոպիտ ձեռքից ստիպուած, յանձն էին առել ցած պաշտօն, այժմ, երբ ականջներին հնչեց ազատութեան ձայնը, — խլեցին իրանց ոտքերի տակ ընկած գերիչների զէնքերը եւ սկսեցին կոտորել կենդանի մնացած գազաններին: Պատուի զգացմունքը սկսեց պատերազմել անասնական կրքերի հետ. հրեշտակը դեւերի հետ...
Լուսինը կրկին մտաւ ամպերի տակ, եւ գիշերային խաւարը քաշեց իր սեւ վարագոյրը: Տեսարանը ծածկուեցաւ մթութեան մէջ...:
Վանայ ծովակի արեւմտեան ափերի մօտ, Սիփան լերան ստորոտներում, մի փոքրիկ վտակի կանաչազարդ եզերքի մօտ, երեւում էին խաշնարածների մի քանի չադրներ, որոնց արտաքին աղքատ կերպարանքը ցոյց էր տալիս, թէ այդ ողորմելի հովիւները չեն պատկանում քրդերի բախտաւոր որեւիցէ ցեղին:
— Դրանք, հայերից աւելի հալածուած, եզիդիների վրաններ էին, որ պատերազմի խռովութիւնների ժամանակ քաշուել էին այն լեռնային խուլ առանձնութեան մէջ իրանց կեանքը եւ փոքրաթիւ անասունները պահպանելու համար:
Յիշեալ վրաններից մէկի մէջ, որ իր վիճակով չէր զանազանւում միւսներից, Քանլը Տէրէյի սոսկալի կոտորածից մի շաբաթ յետոյ, կարելի էր տեսնել մահճի մէջ պառկած մի տղամարդ, մահուան պէս գունաթափուած դէմքով եւ խորն ընկած մթին աչքերով: Նա հազիւ կարողանում էր շունչ առնել եւ խիստ դժուարութեամբ էր կարողանում շարժուել մի կողքից դէպի միւսը երեւում էր, ծանր կերպով վիրաւորուած էր նա: -Հիւանդը Սարհատն էր: Նրա բարձի մօտ նստել էր մի օրիորդ մաշուած, վշտահար դէմքով արտասուքով լի աչքերով, դա Ասլին էր, որին Քանլը Տէրէյի անցքի ժամանակ Մըստոյին յաջողուել էր գողանալ: Հիւանդի աջ եւ ձախ կողմերում, որպէս տխրութեան երկու հրեշտակներ, նստած էին երկու ուրիշ աղջիկներ, եւ նոյնպէս լաց էին լինում. դրանք նրա քոյրերն էին: Վրանի մի կողմում, աչքերը բռնած, կուչ էր եկել նրա փոքրիկ եղբայրը: Իսկ դրսում, վրանի մուտքի մօտ նստած հեկեկում էր ինքը Մըստօն: Մի մանկահասակ կին գեղեցիկ սեւորակ աչքերով ոտքի վրայ պտտւում էր դա Մըստոյի կինն էր:
Հիւանդը գտնւում էր հոգեվարքի ճգնաժամի մէջ...:
Քանլը Տէրէյի կռուի մէջ Սարհատի ընկերներից ազատուեցան երեք վիրաւորուածներ միայն. միւսները բոլորը ընկան: Ընկան եւ այն քաջազնուհիներից շատերը, որոնք բռնաբարութեան բարոյական մահը սրբեցին իրանց արեամբ...:
Վիրաւոր առիւծը վերջին անգամ բաց արեց աչքերը, նայեց Ասլիի վրայ, նայեց քոյրերի եւ եղբօր վրայ եւ փակեց նրանց...: Մի «ա՜խ» եղաւ նրա վերջին խօսքը...:
«Դու իմ վրանիս տակն ես մեռնում, ո՛վ քաջ, եւ իմ վրայ ես թողնում վրէժխնդիր լինել քո մահուան համար — Մըստօն կը կատարէ այդ» ասաց նա հառաչելով եւ գրկեց մեռնողի գլուխը։
(Վերջ)