(Շարունակութիւն նախորդ թիւի)
92տարեկա՞ն էք ասում։ Ո՞ր տարիքն է ամենակարեւորը՝ 30՞, 40՞, 50՞, եւ այդքան կարեւո՞ր է, արդեօք, սեւեռուել կամ առանձնացնել որեւէ տարիք։ Սակայն փաստ է, որ բոլոր ճանապարհները տանում են դէպի մանկութիւն։ Լինում է, որ մանուկը չի ունենում մանկութիւն, եթէ ծնողները բացակայում են իր կեանքում, իսկ Ռապացկին, պետութեան ձեռամբ զրկուելով ծնողներից, դարձաւ սկզբից պետութեան հոգածութեան ներքոյ դաստիարակուող անձ, իսկ երբ սկսուեց Մեծ Հայրենական պատերազմը (1941-1945), դարձաւ «գնդի որդի» (այսպէս էին անուանում մանկահասակներին, ովքեր յայտնւում էին պատերազմի կիզակէտում) Սակայն ամէն ինչ կարգով։
Ծնուել էր Ռապացկին Հիւսիսային Մանչժուրիայի Չինական արեւելեան երկաթուղու Եաօ- Մին կայարանում 1928-ի Սեպտեմբերի 28-ին։ Հայրը՝ Ռոման Ռապացկին ծնունով Կիեւից էր, բայց 4 տարեկան էր, երբ նրա ընտանիքը տեղափոխուեց Մանչժուրիայի Հարբին քաղաք։ Այստեղ հայրը 1915-ին աւարտեց արհեստագործական ուսումնարանը եւ նոյն՝ 1915-ին զօրակոչուեց ռուսական ցարական բանակ, որտեղ ծառայեց մինչեւ 1917 թ.։ Այնուհետեւ տեղի ունեցաւ յեղափոխութիւն, եւ Ռապացկիների ընտանիքը ընդունեց սովետական քաղաքացիութիւն, 1926-ին Ռոման Ռապացկին եւ նրա քոյրերը ստացան սովետական անձնագրեր, միայն եղբայր՝ Ալեքսանդրը ընդունեց չինական հպատակութիւն։ 1935-ին Ռապացկու ընտանիքը եկաւ Սովետական միութիւն, իսկ 1937-ին նրան կեղծ մեղադրանքով գնդակահարեցին։ Ռապացկու մայրը նոյնպէս Չինաստանից էր. Աստուած գիտի, թէ ինչպէս էր իր ընտանիքը յայտուել Հարբինում, բայց ռուսները կառուցում էին Մանչժուրիայում Չինական արեւելեան երկաթուղի, այդ պատճառով էլ Ռապացկու հօրը գնդակահարեցին որպէս... ճապոնական լրտես։ 1968-ին գնդակահարուածի քոյրը տեղեկանք ստացաւ, որ Ռոման Ռապացկին վերականգնուել է իր իրաւունքների մէջ յանցակազմի բացակայութեան շնորհիւ։ Այնպէս որ եւ յանցանքն էր բացակայում, եւ ինքը մարդը դարձաւ բացակայ։ Ինչո՞ւ եմ ես այդքան մանրամասն կանգ առնում Ռապացկու ծնողների ճակատագրի վրայ։ Որովհետեւ նա կարողացաւ յաղթահարել այդ «բացակայութիւնը», աւելի ճիշդ նրա տաղանդը դարձաւ նրան հովանաւոր։
-Ո՞վ ձեզ օգնեց, ո՞վ դաստիարակեց, ինչպէ՞ս եղաւ, որ դուք հասաք բարձունքների,-հարցրեցի ես Վլադիմիր Ռապացկուն։
- Իմ շուրջս միշտ բարի մարդիկ էին լինում։ Մի երաժիշտ անգամ մը ինձ ասաց. «Տղա՛ս, դու մի՛ նայիր մեր վրայ, գնայ եւ սովորի՛ր. Մենք ստանում ենք ամսեկան 80-100 ռուբլի եւ դրա հետ թոշակի կանցնենք, իսկ դու ընդունակ ես, գնա՛յ Մոսկուայ եւ սովորիր»։
Ռապացկին այդ ժամանակ արդէն աւարտել էր երեկոյեան երիտասարդութեան դպրոցը Թբիլիսիում, եւ մեկնեց Մոսկուայ՝ ընդունուելու ռազմական ինստիտուտ (զինուորական դիրիժորների համար), 2001-ից դա զինուորական երաժշտանոց է Մոսկուայի երաժշտանոցին կից։ 1956-ին նա ստացաւ զինուորական դիրիժորի դիպլոմը եւ նրան ուղարկեցին Ստեփանավան որպէս գնդի նուագախմբի դիրիժոր։ Այնուհետեւ իր ծառայութիւնը շարունակուել է Գերմանիայի Դրեզդեն քաղաքում, որից յետոյ՝ Վրաստանի Ախալքալաք քաղաքում, եւ վերջապէս արդէն առանց փոփոխութեան նա հաստատուեց Կիրովականում (1992-ին վերանուանուեց Վանաձորի)։ Այն դարձաւ Ռապացկու երկրոդ հայրենիքը։ 1977-ից նա դասաւանդում էր Կիրովականի Թավրիզեանի անուան երաժշտական ուսումնարանում՝ փողային բաժնում, միաժամանակ 1980-ից Կիրովականի քաղաքային փողային նուագախմբի գեղարուեստական ղեկավար եւ դիրիժորն էր։ Այն տարիներին դեռեւս գործում էր քիմիական կոմբինատը, որտեղ հարուստ համերգային ծրագրով հանդէս էր գալիս Ռապացկու ղեկավարած փողային նուագախմբը՝ լաւագոյնը ոչ միայն Հայաստանում, այլ՝ ողջ Անդրկովկասում... Խաղացանկն ընդգրկում էր տարբեր ժամանակաշրջանների եւ ժանրերի աւելի քան 100 ստեղծագործութիւն. դասական, հայկական ժողովրդական, հոգեւոր, ժամանակակից, երաժշտութիւն կինօֆիլմերից, պատերազմական երգեր, քայլերգներ, մանկական երգեր։ Անշուշտ մասնակցում էին մենակատարները փողային նուագախմբի ուղեկցութեամբ։ Երազ էր, վերածուած այսօր մի մեծ երազանքի, որն է՝ ինչպէս անցեալում, այնպէս էլ այսօր թող հնչի կրկին փողային նուագախումբը քայլերգ-շքերթներում, փառատօններում, յուշակոթողների բացմանը, մշակութային տարբեր բնոյթի միջացառումներին եւ... զբօսայգիներում։ Հէնց այնպէս։ Որպէսզի ճաշակը ուղեկցի սովորական մարդուն առօրեայում։ Մենաւոր կամ ծաղկած ծառերի տակ։ Իսկ Վլատիմիր Ռոմանի Ռապացկին շարունակի իր մանկավարժական գործունէութիւնը Վանաձորի Կոմիտասի անուան արուեստի դպրոցի փողային բաժնի վարիչի պաշտօնում, եւ վանաձորցիները՝ երաժիշտներ եւ հանդիսատեսները ճանաչէն Վանաձոր քաղաքի ականաւոր երաժշտին։