Խօսում եմ մի ռուսատեացի հետ.
- Հիմա մեր սահմանները ՌԴ-նն է պահում։
- Դէ ռուսն իր շահն ունի (զզուանքով)։
- Ուրեմն ստացւում է, որ հայն իր սեփական սահմանները պահելու շահը չունի՞։
Ռազմավարութեան հետազօտութիւնների կեդրոնի տնօրէն Ռուսլան Պուխովը civilinet-ի հետ զրոյցում նշում է, որ հայերը մեղադրում են ռուսներին դաւաճանութեան մէջ, Պայտենին՝ որ չ՚օգնեց, այսինքն նա չի զգում հայերի մէջ պարտուած պատերազմի հանդէպ պատասխանատուութեան գիտակցում։ Տխուր է, որովհետեւ աշխարհագրական եւ ռազմավարական տեսանկիւնից Հայաստանը այնպիսի վիճակում է, որ նոր պատերազմը անխուսափելի է։ Այո, առաջին արցախեան պատերազմում յաղթեցիք, ասում է նա, բայց իւրաքանչիւր յաղթանակաց երկիր ընթացքում քայքայւում է։ Պետուխովը չի տեսնում հանրութեան տրամադրութիւններում Արցախի կորստի որեւէ ափսոսանք, եւ կարծում է, որ հանրութիւնը՝ երկրորդ անգամ ընտրելով Փաշինեանի քաղաքական ուժը, ընդունեց պարտութիւնը։ Պետուխովը համեմատութիւն է անում Կոսովոյի հետ. երբ պէտք էր պաշտպանել Կոսովոն, սերբերը վիճում էին՝ Կոսովոն Սերբիայի սիրտն է թէ՞ չոլախ ձեռքը, որը պէտք է կտրել եւ մտնել Եւրոմիութիւն. «Հայաստանը ՌԴ-ան բազմաթիւ գլխացաւանքներից մէկն է. վատ յարաբերութիւնները արեւմուտքի հետ, բարդ իրավիճակը Պելառուսում, յայտնի չէ, թէ ինչ զարգացումներ կը լինեն կեդրոնական Ասիայում թալիբների գալուց յետոյ, այնպէս որ Հայաստանը որպէս գլխացաւանք 17-րդ տեղում է։ Ինչ վերաբերւում է օգնութեանը, ապա մենք, ռուսներս, չենք կարող լինել աւելի հայ, քան հայերը։ Ի վերջոյ սա ձեր պետութիւնն է, եւ դուք պիտի պաշտպանէ՚ք այն, եւ ինչպէս կանցնեն ձեր սահմանները, դա պիտի որոշուի ոչ թէ Վաշինքթոնում կամ Մոսկուայում, այլ Երեւանում»։
Այո, մեծ տէրութիւն եւ մեծ ու բազմաթիւ խնդիրներ, իսկ մեր խնդիրը մէկն է. մեր երկրի իշխանութիւնը, որն այլեւս ոչ մի դերակատարութիւն չունի իր սեփական երկրի շահերի հանդէպ։ Սա անհերքելի փաստ է. երբ ատրպէյճանցիները կալանաւորում են իրանցի վարորդներին Հայաստանի ինքնիշխան տարածքում, ապա հէնց Իրանն է բանակցում Ատրպէյճանի հետ, բայց երբ հայերին են գերի վերցնում, Հայաստանը չի բանակցում, այլ՝ ռուս խաղաղապահն է բանակցում Ատրպէյճանի հետ, եւ Հայաստանը դուրս է մնում բանակցային գործընթացից։ 44 օրեայ պատերազմին մեր իշխանութիւնը սպասում էր ինչ-որ մի հրահանգ արեւմուտքից, եւ այդ միջոցին մենք կորցնում էինք գիւղեր, քաղաքներ եւ երիտասարդներ, մինչեւ որ ՌԴ-ը ինքը մտաւ Արցախ եւ փրկեց Արցախից մնացած մի կտորը։ Այժմ ինքն է Հայաստանի փոխարէն դարձել Արցախից մնացած այդ կտորի երաշխաւորը։
Ահա թէ ոնց է նկարագրում Հայաստանի վիճակը լրագրող եւ հասարակական գործիչ Սերկէյ Կարնաուխովը, ով պատրաստւում էր Երեւանի մերձակայքում ամառանոց կառուցել, բայց հիմա դիտում է Հայաստանը որպէս մի երկիր, որտեղ դա նպատակահարմար չի. «Գուցէ արցախցիների մեծ մասը դառնայ ՌԴ-ան հպատակ, իսկ դա նշանակում է, որ բնակչութեանը թոշակներ եւ սոցիալական վճարներ կը յատկացնի, բնակելի ֆոնդ կը կառուցուի, բայց՝ հայաստանցիները դժգոհ են ռուսներից։ Ինչո՞ւ, որովհետեւ նրանց ուղեղների վրայ աշխատել են եւ աշխատում են, որպէսզի այստեղից վռնտեն ռուսներին։ Հայաստանի չէզոքութիւնը աշխարհագրական այս զարգացումների ընթացքում կարող են վերացնել ձեր երկիրը Հարաւային Կովկասի քարտէզից»։ Նա խօսում է հայկական վերնախաւի փասիֆութեան մասին, համեմատելով հրեական էլիտար շրջանակների ակտիւութեան հետ, երբ նշում է, որ ներկայ գտնուելով Մոսկուայում հայերի հաւաքոյթներին, իզուր ժամանակ է վատնում՝ խորոված, խորոված եւ դատարկաբանութիւն։ Բայց ռուսները միայն մարդասիրական նպատակներով չեն պաշտպանում հայերին. նրանց անհանգստացնում է Թուրանի գաղափարը եւ նրանք օգնում են հայերին հակառակ հակառուսական տրամադրութիւնների։ Եւ... ռուսները ձեռքից բաց չեն թողնի Հայաստանը։ Ինչ է ստացւում։ Ռուսները շահ ունեն եւ պահում են Հայաստանի տարածքը առանց հայերին ոչնչացնելու, իսկ Ատրպէյճանն ու Թուրքիան աչք են դրել Հայաստանի տարածքների վրայ, այդ պատճառով Ատրպէյճանը քայլ առ քայլ ամէն կողմից մտնում է եւ դիրքաւորւում, զօրքեր է կուտայում մեր սահմաններին։ Հակառակ այդ սպառնալիքների մեր ՀՀ-ան վարչապետը նրանց խաղաղութեան առաջարկ է անում, պատրաստ է ավտոմոպիլային եւ երկաթուղային ճանապարհներ ապահովել մինչեւ Նախիջեւան։
Քաղաքագիտութեան դոկտոր Ալեքսէյ Մարտինովն ասում է. «Էրտողանը հատել է բոլոր կարմիր գծերը։ Նրա արած յայտարարութիւնը եւ անցած տարուայ պատերազմում՝ Ատրպէյճանին բացայայտ ամէն ինչով աջակցելը դրա մասին է վկայում։ Օրինակ՝ այս ընթացքում շատ տեղին կը լինէր Ռուսաստան- Իրան-Հայաստան դաշինքը։ Բայց Հայաստանում ու՞մ հետ նոր դաշինք կազմես։ Ի՞նչ իշխանութեան հետ կազմես։ Ու՞մ հետ խօսես։ Ռուսաստանը ի հարկէ ունի խնդիրներ Թուրքիայի եւ Ատրպէյճանի հետ, բայց միւս կողմից՝ Հայաստանում մարդիկ են իշխանութեան, որոնց հետ Ռուսաստանը լուրջ բաներ չի կարող խօսել, լուրջ հարցեր չի կարող քննարկել. Նրանք չափազանց անկանխատեսելի եւ կասկածելի են։ Սրանից բացի՝ Հայաստանի իշխանութիւնը յայտարարում է թուրքերի հետ ինչ-որ «նոր էջեր» բացելու մասին. Այնպէս որ՝ ամէն ինչ աւելի բարդ է, քան թւում է շատերին».
Նոյեմբերի 9-ին նոր թուղթ են պատրաստւում ստորագրել, որի արդիւնքում 1920-ի քարտէզներով պիտի սահմանազատում անցկացուի եւ ճանաչուի Հայաստանի եւ Ատրպէյճանի ամբողջականութիւնը, իսկ դա նշանակում է, որ Արցախը պիտի մտնի Ատրպէյճանի կազմ։ Հայաստանի հանրութիւնը անշուշտ անհանգիստ է այդ առիթով, բայց դա ընդամէնը համացանցային անհանգստութիւն է։ Յետոյ ասելու են, որ Փութինը արեց, Կրեմլը արեց։ Կասեն, որ Նիկոլը նորից ստորագրեց, բայց հարցը արդէն մեր մէջ է. մե՞նք ինչ արեցինք։ Ռուսն ու ամբողջ աշխարհն ասում են, որ Հայաստանի ժողովուրդը կրկին Նիկոլ Փաշինեանին ընտրեց, եւ նա ժողովրդի տուած մանդատով ջնջելու է հայոց պատմութեան պայքարի 30 տարուայ էջերը։ Գիտակցո՞ւմ է արդեօք, որ ստորագրելու է մեր սուրբ նահատակների արեամբ։