Նայում ենք նրանց դէմքերին, ովքեր դարձան մեզ հարազատ եւ ովքեր միշտ կը մնան երիտասարդ։ Նրանք արժանի են, որպէսզի իրենց անունները իմանանք, իրենց մտքերը իմանանք։ Ինչպէս Սոկրատն էր ասում «Խօսիր, որպէսզի ես քեզ տեսնեմ»։ Ահա նրանցից մի քանիսի խօսքերը, որոնք վերջինն էին իրենց կարճ, անաւարտ կեանքում.
Ռուստամ Գալստեան. «Հայրենիքը հեռուից պէտք չի սիրել, մի հատ Մասիսի նկար կախէք տանը, տարին մի քանի անգամ էլ Հայաստանի կենաց խմէք... Այսպէս հայրենիք չեն սիրում»։
Մենուա Յովհաննիսեան. «Մա՛մ, ճտերիս լաւ կը պահես»։
Լեւոն Լեւոնեան. «Մամ ջան, չվախենաք, մենք մեր գործը լաւ ենք անում»։
Ալբերտ Յովհաննիսեան. «Պապ, սաղ հողերը հետ ենք բերելու...»։
Արամ Յակոբեան. «Ո՞ւմ եմ պէտք ես այստեղ՝ Իջեւանի սարերի մէջ, եթէ ախպերներս այնտեղ կռւում են, իսկ ես այստեղ օրը երկու անգամ կոֆէ եմ խմում...»։
Տիգրան Հայրապետեան. «Ամէն ինչ լաւ է, խաղաղ է, մամ ջան... Ձեզ համար ենք ծառայում»։
Արմէն Միրզոեան. «Մամ, շատ են խփում...100-ին վերացնում ենք, 200-ն են գալիս...»։
Տիգրան Յարութիւնեան. «Ես ուզում եմ ժպիտով լուրջ բաներ ասել...»
Արման Օհանջանեան. «Մամ ջան, մի լաց։ Դու որ այդտեղ լացում ես,իմ ձեռքը այստեղ դողում է... Իսկ դա հաւասարազօր է մահուան...»։
Դանիէլ Դանիէլեան. «Փախնողներ կան... Բայց ես փախնող տղերքից չեմ»։
Հայկ Սահակեան. «Լաւ, ինչո՞ւ էք այդքան պրիմիտիվ եւ քառակուսի մտածում։ Վայելէք կեանքը, ի՞նչ գիտէք մէկ րոպէ յետոյ ինչ կը լինի...»։
Թաթուլ Յակոբեան. «Կամ մահ, կամ ազատութիւն...»։
Պապ Այվազեան. «Երկրի հանդէպ սէրը մի խառնէք լաւ կամ վատ իշխանութիւնների հետ...»։
Էրիկ Եղիազարեան. «Մամ ջան, աղօթի, քո աղօթքներն են ինձ պահում, հետ կը գամ, քո արցունքները թանկ են ինձ համար...»։
Պօղոս Պաղդասարեան. «Բա ես վախեցող տղայ ե՞մ, յաղթած տուն եմ գալու...»։
Նարեկ Սերոբեան. «Մենք թուրքին հող տուող չենք։ Սրանք դեռ փոշմանելու են, որ պատերազմ են սկսել...»։
Գուրգեն Ալաւերդեան. «Հէնց պատերազմն աւարտուի, մի լաւ քեֆ ենք անելու...»։
Արտակ Սուքիասեան. «Եթէ մեռնելու եմ, հէնց այստեղ էլ թող մեռնեմ...»։ (Քիչ անց արկը ընկաւ դիրքի վրայ)
Լեւոն Դանիէլեան. «Դժուարութիւնները ուժեղների համար է, սա էլ կանցի... առաջ ենք գնալու...»։
Նարեկ Բադալեան. «Մենք շատ զոհերի գնով կարողացել ենք պահպանել մեր հողը, ուստի այս ամէնը գիտակցելով, պէտք է սիրենք ու պահպանենք այս հողը...»։
Սիմոն Արթենեան. «Մամ ջան, եթէ մէկ օրուայ ծառայող էլ լինէի, միեւնոյնն է՝ կը գնայի, կը կռուէի»։
Ծնողները... Նրանք այլեւս չեն ապրում իրենց անձնական կեանքը։ Նրանք միայն անցեալում են, այնտեղ, ուր իրենց զաւակը ողջ էր, երեխայ էր, յետոյ պատանի։ Եւ նորից ու նորից վերապրում են իրենց զաւակի գոյը։ Կորուստը ծանր է, վիշտն անփառատելի, սակայն երեկ յանկարծ hetq. am- ում կարդացինք Գագիկ Մկրտչեանի մասին, որը գերեվարուել էր Դեկտեմբերի 6-ին, Հադրութի Տյաք գիւղում, իսկ Ապրիլի19-ին մայրը՝ Լուսինէ Դարբինեանը ստացաւ որդու խոշտանգուած եւ գլխատուած դին.
«Մայրն անձամբ է գնացել ճանաչելու որդու մարմինը։ Ասում է, որ տղան դաժանաբար խոշտանգուած է եղել, թեւի կաշին՝ քերթած, կրծքավանդակին՝ դանակի բազմաթիւ հետքեր, ոտքին՝ հրազենային երկու վէրք, կողերը՝ լիովին ջարդուած, մարմնի վրայ այրուածքի հետքեր են եղել։ Գագիկը եղել է գլխատուած։ Լուսինեն դիահերձող բժշկին հարցրել է, արդեօք տղայի ներքին օրգանները տեղո՞ւմ են եւ ստացել բացասական պատասխան»,-գրում է hetq.am-ը։ Լուսինէ Դարբինեանն ասում է, որ հիմա քրէական գործ կայ հարուցուած բոլոր ուղղութիւններով, թէ ինչու են ժամկէտային զինծառայողին սպանել գերութեան մէջ, եւ ու՞ր է գլուխը։ Ահա այսպիսի դրուագից յետոյ լուրերում բացայայտուում են Սիւնեաց ճանապարհների իրական շահառուների դէմքը, այսինքն որ դա Իսրայէլ-Իրան հակամարտութեան կիզակէտն է եւ որ մեր երկիրը, որը դարձել է Թուրքիայի եւ Ատրպէյճանի կամակատարը, Իսրայէլ-Թուրքիա-Ատրպէյճան-Փաքիստան -Հայաստան դաշինքի մէջ է յայտնուել... գերիների խոշտանգման եւ գլխատման ֆոնին։ Փաստօրէն այսօր, ունենալով ՌԴ-ն եւ Իրանի նման երկրների հետ շահերի համընկնում, մենք որպէս կողպեք յանձնում ենք այդ կողպեքի բանալին Թուրքիային։ Զարմանալի է։ Սիւնիքի համար պայքարի է մտնում Իրանը։ Մեզ համար չէ, իր համար։ Չկայ նախադէպ այս աննորմալութեան։
Քաղաքագիտութեան դոկտոր Արմեն Այվազեանը գրում է.
«Իրանի բանակի ցամաքային ուժերի գլխաւոր հրամանատար, բրիգադային գեներալ Քիւմարս Հեյտարին, նկատի ունենալով 2020 թ. պատերազմից յետոյ ծանր վիճակում յայտնուած Հայաստանը, արել է Ատրպէյճանի դէմ մի շարք կոշտ յայտարարարութիւններ՝ այդ թւում նախազգուշացնելով. «Եթէ մի երկրում (Հայաստանում) հնարաւոր թուլութիւն է նկատւում իր սահմանները պաշտպանելու հարցում, դա դեռ պատճառ չէ, որպէսզի այլ երկրներն այդ սահմանները փոխեն։ Իսլամական Հանրապետութիւնը դա թոյլ չի տայ»։
Որեւէ այլ խոշոր պետութեան բարձրաստիճան զինուորական այսպիսի յստակ ուղերձ չի յղել Ատրպէձճանին ու Թուրքիային առ այն, որպէսզի նրանք հետ կանգնեն Հայաստանի հարաւը գրաւելու իրենց ցեղասպանական մտադրութիւններից։ Ցաւօք սրտի, նմանատիպ նախազգուշացմամբ հանդէս չեն եկել ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Ֆրանսիայի, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ այլ պետութեան զօրավարները։
Առայժմ սահմանափակուենք հետեւեալ եզրակացութեամբ. Իրանն աշխարհի այն եզակի երկրներից է, որոնք զերծ են մնացել կլոպալիստական ուժերի վերահսկողութիւնից։ Ներկայ պայմաններում Իրանի Իսլամական Հանրապետութիւնն ու նրա բանակը Հայաստանի բնական դաշնակիցն են»։
Իսկ իրանագէտ Վարդան Ոսկանեանն ասում է. «Եթէ Իրանը Ատրպէյճանի հետ պատերազմի, ապա պատերազմելու է իր համար, նա չի պատերազմելու մեզ համար։ Մեզ համար պիտի վիրաւորական լինի, որ մեր խնդիրները լուծում են ուրիշները»։
Ճիշդ է, իսկ այդ պահին մեր իշխանութիւնը լուծում է մեր ցեղասպան հարեւանների խնդիրները, պատրաստուելով գնալ նրանց հետ հանդիպման, որպէսզի բաւարարի իրենց պահանջները մեր նկատմամբ։
«Ես պատմութեան մէջ դեռ չեմ կարողացել գտնել եւս մէկ ժողովրդի, որն այդքան ցանկանայ ոչնչացուել»,-խոստովանում է քաղաքագէտ Արա Պօղոսեանը։