Մէկ տարի է արցունքն աչքներիս չի չորանում։ Եռաբլուրն է դարձել մեր տունը։ Օր ու գիշեր բանուկ է հերոսների հանգրուանը։ Այստեղ չկայ գիշեր։ Եւ այստեղ է, որ չկայ մահ։ Ոչ ոք չի կարող մեզ պարտադրել այն զգացմունքը, որ պարտութիւնը յաղթեց։ Այդ պատճառով են մարդիկ գալիս Եռաբլուր։ Որովհետեւ տղաները ընկան յանուն յաղթանակի։ Հէնց այդ պատճառով էլ մարդիկ գալիս են Եռաբլուր։ Յաղթանակի համն առնելու համար։ Եւ թող դա պաթետիկ չհնչի։ Յանուն մեր յաղթանակած տղաների պիտի ապրենք։ Վերածնուենք։ Լցնենք մեր երակները նրանց յաղթանակի ներուժով։ Ոչ մի դէպքում չի ծնկենք թշնամու առաջ։ Նրանք իրենց կեանքը տուեցին։ Եւ մենք չի պէտք է մեր արժանապատուութիւնը տանք։ Յանուն նրանց տուած կեանքի։
Սեպտեմբերի 8-ին ՄԻՊ (Մարդու Իրավունքների Պաշտպան) գրասենեակը ներկայացրեց արտահերթ զեկոյց հայ ռազմագերիների մասին. ահա մի քանի փաստեր, որոնք ՄԻՊ Արման Թաթոյեանը բարձրաձայնեց.
1. Եղել են դէպքեր, երբ մարդկանց շղթայուած են պահել, ձեռնաշղթաներով կապել են ջեռուցիչ մարտկոցներին կամ տաքացուցիչներին ու ենթարկել բռնութեան։
2. Զրկուել են ջրից, սննդից, հիգիենայի պարագաներից ու քնից։ Հայ ռազմագերիներին ջուր ու սնունդ տրամադրել են միայն դաժան ծեծից ու նուաստացումներից յետոյ։
3. Եղել են դէպքեր, երբ սնունդը գցել են յատակին եւ ստիպել են ուտել գետնից, յետոյ վերցրել են սնունդն ու գցել աղբարկղի մէջ։ Տուել են ընդամէնը 10 երկվայրկեան սնուելու համար, իսկ յետոյ անմիջապէս վերցրել այն ու գցել աղբի մէջ։ Թքել են ափսէի մէջ ու ստիպել են ուտել այդ սնունդը։
4. Գերիները զրկուած են եղել նաեւ հիգիենայի միջոցներից՝ օճառ, զուգարանի թուղթ եւ այլն։ Յաճախ ստիպուած են եղել կարիքները հոգալու համար հագուստի մասերը պատռել։
5. Հիւանդներին ու վիրաւորներին չի տրամադրուել բուժօգնութիւն։ Աւելին՝ ատրպէյճանցիները յաճախ ծեծի ենթարկելիս ընտրել են հէնց վիրաւոր հատուածները, որպէսզի վէրքերը՝ հայ ռազմագերիներին աւելի մեծ տառապանքներ պատճառեն։ Օրինակ,՝ եռման ջուր են լցրել գերու վրայ, ինչի հետեւանքով նա այրուածքներ է ստացել, բայց դա չի խանգարել ատրպէյճանցիներին ծեծի ենթարկել նրան։
6. Իսկ երբ բժշկական հետազօտութեան համար տարել են քաղաքացիական հիւանդանոց, անցնողները՝ հիւանդներ, բուժաշխատողներ թքել են ռազմագերու վրայ, ծեծել, ծաղրել ու նուաստացրել։ Դա արուել է յատուկ ծառայողի ներկայութեամբ։
Երբ «Պատիւ ունեմ» դաշինքի անդամ Աննա Մկրտչեանը ներկայացրեց այդ փաստերը ԱԺ-ում, ապա ԱԺ-ի նախագահ Ալեն Սիմոնեանն արձագանգեց. «Ես էլ չհասկացայ անկեղծ ասած ինչի՞ էր պէտք այդ հնարած տեսարանները ԱԺ-ի ամբիոնից հնչեցնել»։ Սա նրա անձնական կարծիքն է եւ նա պարզապէս չի գիտակցում, որ լինելով ԱԺ-ի նախագահ, նա պարտաւոր է ոչ թէ իր անձը ներկայացնել, այլ ամէն իր խօսքով մեր երկրի շահը պաշտպանել, մինչդեռ պաշտպանում է գերիներին խոշտանգող երկրի շահը։ Լաւ կը լինէր, որ ծանօթանար միջազգային իրաւունքի կանոնակարգի հետ, այդ թւում Ժնեւեան կոնվենցիայի, որն ընդունուել է 1949-ին, իսկ Եւրոպական կոնվենցիայի՝ 1987-ին, որոնց հետ պայմանագրեր ունի նաեւ Ատրպէյճանը։
Ըստ իրաւապաշտպան Սիրանոյշ Սահակեանի արգելւում է ռազմագերիներին պահել բանտերում, փակ հաստատութիւններում, նրանց պէտք է տեղափոխեն ճամբարներ.
«Ազատութիւնից կամայականօրէն զրկուել են եւ խիստ մեկուսացուած պայմաններում են պահուել բոլոր գերեվարուած անձինք։ Հնարաւորութիւն չեն ունեցել արտաքին աշխարհի հետ կապը պահել, ինչը մեծացնում է խոշտանգումների հաւանականութիւնը, ինչպէս նաեւ հետքերը թաքցնելու՝ պետութեան հնարաւորութիւնը»։
Իրաւապաշտպան Սիրանոյշ Սահակեանի կարծիքով՝ պէտք է քայլեր ձեռնարկել Ատրպէյճանին քաղաքական պատասխանատուութեան կանչելու ուղղութեամբ։ Հնարաւոր է գործող միջազգային իրաւական ակտերի շրջանակներում հասնել մարդու իրաւունքների խախտումների համար ԵՄ պատժամիջոցների կիրառման։
Միայն թէ երկրի գործող իշխանութիւնը չխոչընդոտի այս հարցում։
Այսօր, Սեպտեմբերի 27-ին հասանք 44 օրեայ պատերազմի տխուր տարելիցին։ Աւելի տխուր էր Սեպտեմբերի 21-ի Հայաստանի Հանրապետութեան 30-ամեակին առթիւ պատրաստուած միջոցառումը, որը նուիրւում էր պատերազմում նահատակուածների յիշատակին։ Սկսենք նրանից, որ տարօրինակ էր միջոցառման լոգոն. պատմաբան Վահան Բադասեանը նկատում է, որ տարեթիւերը աւարտուող (1991-2021) չեն գրուում որեւէ տօնական իրադարձութեան նշանի վրայ՝ յատկապէս երբ հարցը վերաբերւում է անկախութեանը։ Նման բան գրուում է, երբ մի բան ստեղծուել է եւ աւարտուել, ծնուել եւ մահացել։
Նոյնը ակնարկում է քաղաքագիտութեան փրոֆեսոր Վլատիմիր Մարտիրոսեանը.
«...ուշադիր նայէք լոգոյին, որտեղ մաքսիմալ նեյտրալ է պատկերուած 30-ի 0-ն։ Աւելին, թուերով կարծես գրուած է պետութեան սկիզբն ու աւարտը, «ծնուել է 1991-ին եւ կարծես վախճանուել 2021-ին»։ Սակայն քաղաքական փրոփագանդիստական ուղերձը հետեւեալն է։ Ընդգծուած 3-ը մարմնաւորում է 30 տարիների անկախութեան հէնց իրենց իշխանաւորման ժամկէտը, 3-ը իրենց ընտրաթիւն է, 3-ը առանձնայատուկ է ընդգծուած՝ կարեւորելու անկախութեան 30 տարուայ հէնց իրենց իշխանաւորման 3 տարիների իբր իրական անկախ լինելու սիմվոլիզմը»։
Ինչ վերաբերւում է նահատակուածների ծնողների արձագանգին, ապա լսենք ԱԺ-ի պատգամաւոր, որդուն պատերազմում կորցրած Գեղամ Նազարեանի կարծիքը.
«Աշխարհի, այս մոլորակի վրայ ցանկացած քաղաքական ուժ, ցանկացած իշխանութիւն կը հասկանար, որ մեծ աղէտից յետոյ մեծամասշտաբ տօնակատարութեան կազմակերպումը ճիշդ չէ։
Նրանք միտումնաւոր ցաւ պատճառեցին հանրութեան առողջ հատուածին, առաջին հերթին հերոս տղերքի ծնողներին։ Մտածում էք, պատահակա՞ն էր անօդաչուների շօուն։ Պատահական ոչինչ չի լինում։ Անօդաչուների շօուն ցաւն ընդամէնը ուժգնացնելու միջոց էր։ Վերցնել անօդաչուների շօու անել, երբ մեր տղերքի գերակշիռ մասը զոհվել է հէնց այդ անօդաչուների հարուածից, առնուազն ցինիզմ եւ լկտիութիւն է։
Գործող վարչախումբը ոչ միայն չ՚ունէր բարոյական իրաւունք Սեպտեմբերի 21-ին տօնակատարութիւն կազմակերպելու, այլ նաեւ չունի բարոյական իրաւունք երկիրը ղեկավարելու համար։ Հազարաւոր զոհեր, նվաստացում, տարածքային հսկայական կորուստներ, Շուշիի եւ Հադրութի անկում, Սիւնիք եւ Իրան տանող գլխաւոր ճանապարհի յանձնում թշնամուն։ Մի՞թէ սա բաւարար չէ, որ հասկանանք, որ առաջ շարժուելու համար նախ պէտք է փոխենք մեր երկրի դէմքը։
Մի անգամ, մասնաւոր զրոյցներից մէկում Գերմանիայի խորհրդարանի մի պատգամաւորի հարցրի, թէ տեսականօրէն գերմանացիները քանի ամիս յետոյ դուրս կը գային փողոց, եթէ իրենց երկրում կառավարեր հայաստանեան այսօրուայ վարչախումբը։ Նա ժպտաց եւ ասաց՝ ամիսներ պէտք չէին լինի, բողոքի գործողութիւններ պէտք չէին լինի։ Ընդամէնը մէկեւկէս օր յետոյ նրանք կը հասկանային, որ գերմանացիներին չեն կարող ղեկավարել ու կը հեռանային։
Դաժան է, բայց իրականութիւն։ Նեղ անձնական շահերով առաջնորդուելով երաժիշտները նուագեցին, պարեցին, երգեցին։ Մի՞թէ նրանք չէին հասկանում, թէ ինչ են անում։ Մի՞թէ իրենց հարց չէին տալիս, թէ որտեղ է Կաթողիկոսը, որտեղ են ընդդիմադիր պատգամաւորները, որտեղ է մարդու իրաւունքների պաշտպանը, որտեղ է անգամ Երեւանի քաղաքապետը»։